Իրավունք Քաղաքական

Դատարկ աթոռներ, լռեցված ձայներ. Գենդերային հավասարության պայքարը ՏԻՄ-երում

Հայաստանի Արարատի մարզում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Արարատ համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու հրավեր է ստացել մանկավարժ, համայնքի ակտիվ անդամ Աննա Ասատրյանը։

Նա նաև Զանգակատուն համայնքում զբաղվում է ձեռնարկատիրությամբ, գյուղի բնակիչներին օգնում է մթերման հարցերում։ 42-ամյա Աննան հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որը կենտրոնացած է կրթական և գենդերային հավասարության ծրագրերի վրա՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ կանանց և երիտասարդներին ներգրավվել հասարակական կյանքում:

Հանրային գործունեության մեջ մեծ փորձ ունենալով և իր համայնքում հետագա ներդրում ունենալու ցանկությամբ՝ Աննան ընդունել է հրավերը: «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ նա ընտրվել է։ Սակայն ընտրություններից հետո նրան զանգահարել է իր կուսակցության ընտրացուցակի առաջին համարի ներկայացուցիչը և հորդորել հրաժարվել իր մանդատից։ «Ասաց, որ կուսակցությունից երկու ներկայացուցիչ պետք է ընդգրկվի ավագանու կազմում․ «ավելի նպատակահարմար» կլինի, եթե ինձ հաջորդող երրորդ համարի տղամարդը զբաղեցնի ավագանու երկրորդ տեղը․ նրա ներկայությունն ավելի «արդյունավետ» կլինի։ Ի պատասխան հարցրեցի՝ ցուցակում ընդգրկված մյուս կանանց ևս խնդրե՞լ եք ինքնաբացարկ հայտնել, պատասխանեցին՝ «Այո, միայն դուք եք մնացել»:

Չնայած բոլոր հորդորներին՝ Աննան հրաժարվել է ինքնաբացարկ հայտնել՝ պնդելով, որ իր իրավունքն է մնալ ավագանու կազմում։

Չկարողանալով Աննային համոզել՝ կուսակցության ներկայացուցիչը փոխել է մարտավարությունը՝ սկսելով սպառնալ նրան՝ քննարկելով նրա անձնական կյանքը և ակնարկելով, որ եթե ինքնաբացարկ չհայտնի, կարատավորեն նրա հեղինակությունը։ «Ասում էր՝ գիտես չգիտենք՝ ում կինն ես եղել, ինչի համար ես ամուսնալուծվել։ Գիտե՞ս քո անձի մասին ինչեր կտարածեմ, խայտառակ կանեմ, եթե ինքնաբացարկ չհայտնես»։

Հույս ունենալով, որ կուսակցության ղեկավարությունը կմիջամտի և կառաջարկի աջակցություն, Ասատրյանը մեկնել է կուսակցության Երևանի գրասենյակ՝ հայտնելու իր վրա կիրառվող հոգեբանական ճնշումների մասին։ Ի հիասթափություն նրան՝ կուսակցության պաշտոնյաները հայտնել են, որ իրենք արդեն տեղյակ են իրավիճակին ու ևս կարծում են, որ ավելի ճիշտ կլինի, եթե Աննան ինքնաբացարկ հայտնի։

Հասկանալով, որ կուսակցության ղեկավարությունը չի աջակցում իրեն և մտահոգված լինելով իր անձնական կյանքի և հեղինակության վրա ազդեցությամբ՝ Ասատրյանը, ի վերջո, նախընտրել է հրաժարվել, չնայած իր կարծիքով անարդար վերաբերմունքին: Իր այս որոշման համար նա այժմ զղջում է։ «Ես պետք է դուրս գայի կուսակցությունից ու պայքարեի իմ մանդատի համար։ «Այն ժամանակ ես անհանգստանում էի ընտանիքիս՝ եղբորս, հորս, տղայիս համար, և չէի ուզում ավելորդ բամբասանքներով նրանց անհանգստություն պատճառել», – ասաց նա։

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված 16 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել 6-ը, որոնցից 5-ը կանայք են։ Արդյունքում ցուցակում այժմ ընդգրկված է 10 տղամարդ թեկնածու, որոնցից միայն երկուսն են ընտրվել: Հետևաբար, ավագանիում կուսակցությունից կին ներկայացուցիչ չկա։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի համամասնական ընտրություններին Արարատ համայնքում մասնակցել է հինգ քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է երկու մանդատ. «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որն ստացել է 9 մանդատ, այդ թվում՝ մեկ կին. «Կայունություն» կուսակցությունը, որն ստացել է երկու մանդատ, այդ թվում՝ մեկ կին, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 4 մանդատով, այդ թվում՝ երկու կին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ստացել է 10 մանդատ, այդ թվում՝ երեքը կին։ Արարատ համայնքի ավագանիում ընդհանուր առմամբ ընտրվել է 7 կին։

Գենդերային ապատեղեկատվության ու բամբասանքի ուժը. ինչպես են կանայք մեկուսանում հանրային դաշտում

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, ով ուսումնասիրել է կանանց պասիվ քաղաքական մասնակցության խնդիրները Հայաստանի մարզերում, բացատրում է, որ Աննա Ասատրյանի դեպքը եզակի չէ։ Նա ընդգծում է մի անհանգստացնող օրինաչափություն, որտեղ տղամարդիկ օգտագործում են կանանց անձնական կյանքը՝ շանտաժի միջոցով քաղաքական վերահսկողություն իրականացնելու համար:

«Անձնական տվյալներն օգտագործվում են կանանց վրա ճնշում գործադրելու համար, երբեմն նույնիսկ պնդելով, որ տղամարդու հետ ցանկացած շփում ենթադրում է հարաբերություններ»,- ասում է Հովհաննիսյանը։ Գենդերային ապատեղեկատվության այս մարտավարությունը հատկապես լավ է աշխատում այն ​​համայնքներում, որտեղ ասեկոսեները արագորեն տարածվում են, հաճախ փակ առցանց խմբերի միջոցով: Իրավապաշտպանը նշում է, որ երբ կեղծ տեղեկություններ են տարածվում կնոջ անձնական հարաբերությունների մասին, այն դառնում է նրա որոշումները վերահսկելու հզոր գործիք՝ թույլ չտալով նրան լիարժեք մասնակցել հանրային ու քաղաքական գործընթացներին։ Նա նշում է, որ շատ կանայք նահանջում են՝ վախենալով վնասել իրենց և ընտանիքի հեղինակությունը:

«Հետազոտության ընթացքում գյուղերից մեկում մի կին խոստովանեց, որ ինքը պատրաստ է պայքարել իր դեմ ներկայացված ապատեղեկատվության ու ճնշումների դեմ, բայց միևնույն է, եղբայրը գլուխը կախ էր շրջելու գյուղում․ իրենց ընտանիքը խայտառակվելու էր։ Այս տեսակի մանիպուլյացիաները, որոնք հաճախ հիմնված են ապատեղեկատվության վրա` թիրախավորելով անձի սեռը, ոչ միայն վնասում են առանձին կանանց, այլև վնասում են նրանց ընտանիքներին և հեղինակությանը», – նշում է Զառա Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է, որ կանայք, հատկապես չամուսնացածները կամ ամուսնալուծվածները, հաճախ ենթարկվում են իրենց անձնական կյանքի ինտենսիվ հսկողության:

«Կնոջը սկսում են սպառնալ, որ գյուղում խայտառակ կանեն։ Մանիպուլյացիաները, բամբասանքները, անձնական կյանքի տվյալները շահարկելը, ապատեղեկատվությունը թիվ մեկ գործիքն ու առաջնային մարտավարությունն է, որով փորձում են կնոջը հետ պահել հանրային գործունեությունից, նրան ճնշել որպես հասարակության ակտիվ անդամ։ Այս գործողությունները նպատակ ունեն վարկաբեկել և մեկուսացնել կանանց», – բացատրում է Հովհաննիսյանը։

Նա նաև ընդգծում է, որ յուրաքանչյուր համայնք սոցիալական ցանցում ունի իր փակ խումբը, որտեղ համայնքի ներկայացուցիչները կիսվում են համայնքի խնդիրներով ու մտահոգություններով։ Հենց այդ խմբերում է տարածվում թիրախավորված կնոջ մասին ապատեղեկատվությունը, ու կինն ամբողջովին մենակ է մնում հանրային պարսավանքի դեմ։ Այս միջավայրը դառնում է կանանց համար ամենախոցելի տարածքներից մեկը՝ ծառայելով որպես արդյունավետ գործիք հասարակության մեջ նրանց մասնակցությունը սահմանափակելու համար։

Գենդերային հարցերով փորձագետ Անի Կոջոյանն ասում է, որ գենդերային ապատեղեկատվությունը և անձնական տվյալների շահարկումը՝ չստուգված և կեղծ տեղեկատվության տարածմանը զուգընթաց, հզոր և վտանգավոր գործիքներ են հատկապես առաջին անգամ քաղաքական և հասարակական դաշտ մտնող կանանց համար։ Նա ընդգծում է այս մարտավարության խորը ազդեցությունը՝ նշելով, որ թեև անմիջական հետևանքը հաճախ կնոջ՝ չառաջադրվելու որոշումն է, երկարաժամկետ հոգեբանական վնասը հիմնականում մնում է չչափված:

«Տեսանելի ազդեցությունն այն է, որ կինը որոշում է չմտնել քաղաքականություն, բայց այն, ինչ չի երևում, նրա հոգեկան առողջության վրա կրած վնասն է կամ իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ աջակցություն չստանալը։ Կանայք, որոնց հետ ես խոսեցի, այնքան էլ մտահոգ չէին հանրային, քաղաքական գործունեությամբ չզբաղվելու համար, նրանք կենտրոնացած էին իրենց հոգեկան բարեկեցության և իրենց ընտանիքների առողջության վրա»:

Հայաստանի գենդերային քվոտայի իրականությունը. կանայք դուրս են մնացել՝ չնայած իրավական պահանջներին

Հայաստանում քաղաքացիական հասարակության համար առաջնահերթություն է եղել քաղաքականության մեջ կանանց մասնակցության խթանումը: 2016 թվականին Ընտրական օրենսգիրքը վերանայվեց՝ քաղաքական կուսակցություններից պահանջելով 30 տոկոս կանանց ներառել իրենց ընտրական ցուցակներում, որոնք առաջին անգամ կիրառվեցին 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում։

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %-ը»:
ՏԻՄ համամասնական ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան թեև նպաստել է ավագանիների կազմում կանանց տոկոսային ներկայացվածության բարձրացմանը, սակայն մի շարք դեպքեր արձանագրվեցին, երբ քաղաքական ուժերի ընտրացուցակներում քվոտայի պահանջը պահպանվում է, և ընտրացուցակներում ոչ պակաս, քան 30 % կին թեկնածու է ընդգրկվում, սակայն ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու կամ խմբակցության կազմում կանայք չեն ընդգրկվում: Գենդերային քվոտան նպատակ ուներ խթանել կանանց քաղաքական մասնակցությունը, սակայն գործնականում շատ կուսակցություններ կանանց ներառեցին իրենց ցուցակներում զուտ իրավական պահանջները բավարարելու համար՝ առանց նրանց ընտրելու իրական մտադրության: Արդյունքում, ընտրություններից հետո կանայք փաստացի դուրս մնացին, իսկ ավագանիում նախապատվությունը տրվեց տղամարդկանց:

Ուշագրավ է Ճամբարակի օրինակը, 2022 թվականին ավագանու ցուցակում ընդգրկված 12 կանայք հանեցին իրենց թեկնածությունը։ 21 հոգանոց ավագանիում մնացին միայն երկու կին։

Իսկ երբ ընտրացուցակներում ընդգրկված կանայք բոլորն են ինքնաբացարկ հայտնում ու մանդատից հրաժարվում, ավագանին համալրվում է միայն տղամարդ թեկնածուներով: Օրինակ, այդպիսի համայնքներից է Ապարանը։

Ապարանի ավագանիում միայն տղամարդիկ են

 

2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Ապարան համայնքում կին չի ընտրվել ավագանու անդամ՝ չնայած երկու խոշոր քաղաքական ուժերին՝ Կարեն Եղիազարյան դաշինքին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որոնց ընտրացուցակներում կան կանայք։ Սակայն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո կանայք ինքնաբացարկ են հայտնել։

«Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի կողմից, որում ընդգրկված են «Արդար Հայաստան» և «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունները, առաջադրված 64 թեկնածուներից ընտրվել են 14-ը, որոնք բոլորն էլ տղամարդիկ են։ 31 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, այդ թվում՝ 19 կին։ Երկու անձ, այդ թվում՝ մեկը կին, հետ է վերցրել փաստաթղթերը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից ընտրվել են 7-ը, բոլորն էլ տղամարդիկ։ Ինքնաբացարկ է հայտնել 32 թեկնածու, որոնցից 16-ը կանայք են։

Արդյունքում Ապարանի ավագանին այժմ ամբողջովին տղամարդկանցից է կազմված։ Ինքնաբացարկ տված կանայք հրաժարվեցին մեկնաբանություններից, իսկ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը հերքեց ճնշումների մասին պնդումները՝ նշելով, որ կանայք պարզապես նախընտրել են չմնալ ավագանիում։ «Չէին ուզում մնալ, ես էլ չհարցրի՝ ինչու։ Կանայք տեղյակ են եղել օրենսդրական պահանջներին և սրտանց մասնակցել են ընտրություններին, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում խնդիրներ չառաջանան», – պարզաբանեց Եղիազարյանը։

Ապարան համայնքի տղամարդկանցից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ ավագանիում կանանց ներկայացվածությանը դեմ չեն։ Սակայն կանանց կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել, ըստ այդմ էլ չեն ընդգրկվել թեկնածուների ցուցակում։ Այս տղամարդկանց մեծ մասը մեզանից տեղեկացավ, որ կանայք առաջադրված լինելով հանդերձ, ընտրություններից հետո զանգվածաբար ինքնաբացարկ են հայտնել։

Ավագանու նիստին ներկա տղամարդկանցից շատերն ընդգծեցին, որ թույլ չեն տա ընտանիքի անդամներին՝ դստերը, կնոջը կամ քրոջը լինել ավագանու կազմում։ «Եթե աղջիկներն ընդգրկվեն ավագանիում, հետո չեն ամուսնանա, սկսելու են փողոցի հարցերը լուծել», – ասաց մի տղամարդ։ Մյուսն էլ հավելեց․ «Ապարանցիներն ավանդապաշտ են, մեր սովորույթները թելադրում են, որ կանայք պետք է զբաղվեն ընտանեկան հարցերով և խոհարարությամբ»:

Օրենսդրությունից դեպի իրականություն

Հայաստանի ընտրական գործընթացները մշտադիտարկող կազմակերպությունների դիտարկումները բացահայտում են իրավական պահանջների և փաստացի ներկայացվածության միջև զգալի տարբերություն։Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով ուսումնասիրություն է անցկացրել տեղական ինքնակառավարման վերաբերյալ, պարզել է, որ 64 համայնքներից 12-ը, որտեղ ավագանիներն ընտրվում են համամասնական ընտրակարգով, 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ չեն ապահովել կանանց ներկայացված պահանջվող 25%-ը։

Իրավիճակը մտահոգիչ է նաև Թալին, Ճամբարակ և Սևան համայնքներում։ Այստեղ քաղաքական ուժերը թեև լիովին չեն բացառել կին թեկնածուներին, սակայն կանայք զբաղեցնում են քիչ տեղեր։

Թեև Հայաստանի «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխություններով գենդերային քվոտան բարձրացվեց մինչև 30 տոկոս՝ թույլ տալով կանանց ավելի շատ ընդգրկել նախընտրական ցուցակներում, փորձագետները պնդում են, որ օրենքի պահանջները հաճախ պահպանվում են միայն ֆորմալ առումով: Քաղաքական կուսակցությունները հակված են առաջնահերթություն տալ կանանց ներկայացվածությանը հիմնականում իրավական պարտավորությունների կատարման համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Վարդինե Գրիգորյանն առանցքային մարտահրավերներից մեկը քաղաքական կուսակցություններում հստակ գենդերային քաղաքականության բացակայությունն է համարում։ Ըստ նրա՝ թեև կանայք ընդգրկվում են ընտրական ցուցակներում, այդ ընդգրկումը հաճախ ավելի շատ օրենսդրական պահանջները կատարելու նպատակով է, քան որոշումներ կայացնող դերերում կանանց իրական լիազորություններ տալու համար:

««Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ մի քաղաքական ուժի կատակով ասացի․ «Եթե ձեր թեկնածուների ցուցակները խաշի սեղանի շուրջ չկազմեք, ավելի հավանական է, որ կանայք ներկայացված լինեն»։ Ի զարմանս ինձ, նա պատասխանեց՝ բա ինչ անենք․․․»։ Գրիգորյանը պնդում է, որ երբ ցուցակի յուրաքանչյուր երրորդ թեկնածուն կին է, դա ազդարարում է, որ կանանց ներկայացվածությունը հիմնականում ձևական է։

Ըստ Գրիգորյանի՝ Ապարանի օրինակը ցույց է տալիս առանցքային խնդիր. թեև իրավական շրջանակները կարող են հիմք դնել գենդերային հավասարության քաղաքականությանը, իրական մարտահրավերը խորապես արմատացած ավանդական նորմերի հաղթահարումն է, որոնք շարունակում են թելադրել կանանց դերը հասարակության մեջ։ Ըստ նրա՝ քանի դեռ այս մշակութային ավանդույթները չեն փոխվել, քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությունը կմնա սահմանափակ, նույնիսկ եթե առկա են իրավական մեխանիզմներ՝ աջակցելու նրանց ներառմանը: «Ցավալի է, որ Ապարանի ավագանու նիստի ընթացքում դահլիճում թե ավագանու կազմի, թե ներկա բնակիչների շրջանում բոլորը տղամարդիկ են։ Սա ընդգծում է սեփականության ընկալման ավելի լայն խնդիրը, որը դիտվում է որպես տղամարդկանց տիրույթ»:

Ե՛վ իրավական դաշտում, և՛ դրա գործնական կիրառման մարտահրավերները լուծելու համար 2024 թվականի վերջին փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում: Վարդինե Գրիգորյանն ընդգծում է, որ այս փոփոխությունները նաև պատասխանատվություն են սահմանում անձին ինքնաբացարկի դրդելու, պարտադրելու համար։«Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ երբ նման պարտադրանք է լինում, տուժողը պետք է բարձրաձայնի, բացի տուժողից ոչ ոք չի կարող պնդել, որ իրեն ստիպել են ինքնաբացարկ հայտնել։ բացատրում է Գրիգորյանը։ Նա նշում է, որ քաղաքական ուժերը հաճախ փորձում են նման պարտադրանքը ներկայացնել որպես անհատի կողմից կայացված կամավոր որոշում՝ ընդգծելով, որ այն չպետք է մեկնաբանվի որպես սպառնալիք կամ ճնշում:

Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 8-րդ կետի փոփոխությամբ ներդրվել է ավագանիում գենդերային հավասարակշռության ապահովման մեխանիզմ, որը պահանջում է խմբակցություններից մեկ սեռի ցանկացած հեռացող անդամի փոխարինել նույն սեռի թեկնածուով:Եթե ​​նման թեկնածու չկա, խմբակցությունը չի կարող նրանց փոխարինել հակառակ սեռի ներկայացուցիչներով։ Բարսեղյանն ընդգծում է, որ մեկ սեռի բացառումը կառավարումից վնասում է հասարակությանը, համայնքին, պետությանը. «Զարգացած երկրներում այն մարզերում, որտեղ ավանդաբար նման մասնակցություն չի ապահովվել, ներդրվում են հատուկ իրավական կարգավորումներ՝ երաշխավորելու, որ բոլոր սեռերը կարող են առանց խոչընդոտների մասնակցել որոշումների կայացմանը»: Նա այնուհետև շեշտում է, որ այս օրենքները կոչված են ստեղծելու ավելի ներառական և արդար կառավարման համակարգեր։

Սոցիալական նորմերի հաղթահարման կարևորությունը

Զառա Հովհաննիսյանը պնդում է, որ քանի դեռ ներկուսակցական կառույցներն ավելի ժողովրդավարական և պակաս հայրիշխանական չեն դարձել, կանանց ձայնը ճնշված կմնա։ Տարածաշրջանային քաղաքական գործընթացներում գենդերային հավասարության հասնելը պահանջում է ավելին, քան իրավական փոփոխություններ. այն պահանջում է հասարակական վերաբերմունքի փոփոխություն, գենդերային կարծրատիպերի վերացում և իրական քաղաքական տարածքների ստեղծում կանանց համար:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի

Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն «Ամփոփ Մեդիա»-ի խմբագրության տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/02/2025