Միջազգային

Ինչպե՞ս է Թրամփի ընտանիքը մեկ տարում $1.4 մլրդ վաստակել կրիպտոարժույթի շուկայում. Bloomberg-ի հետաքննությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից մեկ տարի անց նրա ընտանիքի ֆինանսական կարողություններում էական փոփոխություններ են նկատվում։ Ըստ Bloomberg-ի, Թրամփի ընտանիքը կրիպտո նախագծերի շնորհիվ վաստակել է շուրջ 1,4 մլրդ դոլար, ինչը կազմում է նրանց ընդհանուր կապիտալի մոտ 20%-ը։

Շահույթի առյուծի բաժինն ապահովել են World Liberty Financial (WLFI) նախագիծը և նախագահի անվանական TRUMP մեմքոինը։

Ընտանիքը եկամուտներ է ստանում նաև․

  • WLFI թոքենների վաճառքից և սթեյբլքոինների թողարկումից,
  • American Bitcoin մայնինգային ընկերության բաժնետոմսերից, որի համահիմնադիրների թվում են Թրամփի երկու որդիները։
Դոնալդ Թրամփի ընտանիքը

Թեև Թրամփի ընտանիքը տիրապետում է շուրջ 3,8 մլրդ դոլար արժողությամբ WLFI թոքենների փաթեթի, Bloomberg-ը դա չի ներառել նրանց ընդհանուր կարողության մեջ։ Պատճառն այն է, որ դրանք գտնվում են «վեսթինգի» մեջ (սառեցված են) և առայժմ ենթակա չեն վաճառքի։


Ի՞նչ է Vesting-ը (Վեստինգ)

Սա մի գործընթաց է, երբ մարդուն կամ ընկերությանը հատկացված ակտիվները (թոքենները կամ բաժնետոմսերը) անմիջապես հասանելի չեն դառնում տնօրինման համար: Դրանք «սառեցված» են լինում և հասանելի են դառնում աստիճանաբար՝ որոշակի ժամանակ անց կամ որոշակի պայմաններ կատարելուց հետո:


Չնայած կրիպտո հաջողություններին, ընտանիքի ընդհանուր կարողությունը մնացել է գրեթե նույնը՝ 6,8 միլիարդ դոլար։ Սա բացատրվում է Truth Social սոցցանցի սեփականատեր Trump Media-ի բաժնետոմսերի շեշտակի՝ ավելի քան 63% անկմամբ։

Իրավիճակը փրկելու համար ընկերությունը հայտարարել է սեփական թոքենների թողարկման մասին։ Մինչև փետրվարի 2-ը բաժնետոմսեր ունեցողները կստանան թոքեններ, որոնք հնարավոր չի լինի վաճառել, բայց հնարավոր կլինի փոխանակել տարբեր արտոնությունների հետ ընկերության էկոհամակարգում։

Trump Media ընկերությունը շուրջ 2 միլիարդ դոլար է ներդրել բիթքոինի և նրա հետ կապված արժեթղթերի մեջ։

Ի դեպ, Դավոսում ունեցած իր ելույթում նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պետք է դառնա «մոլորակի կրիպտո-մայրաքաղաքը»՝ թվային տնտեսության ղեկը պահելով իր ձեռքում։

Ամփոփ Մեդիա
Պատկերները՝ Cryptoslate.com կայքից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/01/2026