Մարտի 3-ին երկրագնդի մի շարք հատվածներում հնարավոր է ականատեսը դառնալ բնության տպավորիչ երևույթներից մեկի՝ Լուսնի ամբողջական խավարման։ Թեև այս անգամ այն Հայաստանի տարածքից տեսանելի չի լինի, երևույթը գիտական և ճանաչողական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Ինչպե՞ս է տեղի ունենում Լուսնի խավարումը
Երբ Երկիր մոլորակը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև՝ իր հսկայական ստվերը գցելով Լուսնի մակերևույթին, տեղի է ունենում Լուսնի խավարում։ Այս դասավորությունը հնարավոր է միայն լիալուսնի փուլում:
Ինչո՞ւ է Լուսինը դառնում կարմիր
Լիակատար խավարման ժամանակ Լուսինը ստանում է մուգ կարմիր կամ նարնջագույն երանգ, ինչի պատճառով այն հաճախ անվանում են «Արյունոտ Լուսին»։ Սա տեղի է ունենում, քանի որ մեր մոլորակի մթնոլորտը ֆիլտրում է արևի լույսը՝ թույլ տալով միայն կարմիր սպեկտրի ճառագայթներին հասնել Լուսնին։
Կարելի է ասել՝ այդ պահին աշխարհի բոլոր արշալույսներն ու մայրամուտները միաժամանակ պրոյեկտվում են Լուսնի վրա:
Որտե՞ղ և ե՞րբ է երևալու խավարումը
Խավարման ամբողջական փուլը տեսանելի կլինի հետևյալ տարածաշրջաններում՝
- Արևելյան Ասիա և Ավստրալիա (երեկոյան ժամերին),
- Խաղաղ օվկիանոսի շրջաններ (գիշերվա ընթացքում),
- Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա (վաղ առավոտյան),
- Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածներ (վաղ առավոտյան):
Կենտրոնական Ասիայում և Հարավային Ամերիկայի մեծ մասում խավարումը կլինի մասնակի։ Աֆրիկայում և Եվրոպայում (ներառյալ Հայաստանում) խավարումը տեսանելի չի լինի:
Ժամանակը՝ ըստ Հայաստանի (UTC+4)
Քանի որ խավարումը տեղի կունենա Հայաստանի ժամանակով 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ այսինքն ցերեկը, և Լուսինը հորիզոնից ներքև կգտնվի, այդ իսկ պատճառով խավարումը Հայաստանից տեսանելի չի լինի:
Ի՞նչ այլ երևույթներ կարելի է տեսնել երկնքում
Խավարման գիշերը Լուսինը կգտնվի «Առյուծի» համաստեղությունում։ Ու քանի որ Երկիր մոլորակը կստվերի Լուսնի պայծառությունը, մյուս աստղերն ու համաստեղությունները սովորականից ավելի պարզ կերևան։
Աստղասերներին խորհուրդ է տրվում հետևել երկնքին նաև մարտի 8-ին։ Այդ օրը տեղի կունենա Վեներայի և Սատուրնի «միացումը»։ Երկրից այս երկու մոլորակները երկնքում շատ մոտ կերևան միմյանց:
Թեև երկնային այս երևույթը մեր տարածաշրջանից տեսանելի չի լինի, սակայն սպասվող պարզ երկինքն ու լիալուսնի մոգական լույսը լավ առիթ են՝ պարզապես կտրվելու առօրյա հոգսերից և վայելելու գիշերային լուսատուի հանդարտությունը նաև Հայաստանում։
Պատրաստեց Ամփոփ Մեդիան NASA-ի տեղեկատվության հիման վրա
Պատկերները՝ NASA, Space.com
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 02/03/2026










