«Չեմ հիշում՝ քանի անգամ եմ ինձ վնասել», – ասում է Մանեն (անունը փոխված է)։ Արդեն վեց տարի է, ինչ անազատության մեջ է։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) նրա մենակ մնալու, հուզվելու և լռելու պահերը հաճախ վերածվում են ինքնավնասման։ «Նյարդայնանում եմ, ուզում եմ արտահայտվել, բայց չեմ կարող։ Եթե արտահայտվեմ՝ կասեն ագրեսիվ ես, կպատժեն։ Կուտակվում է, կուտակվում, ու վերջում ինքնավնասում եմ կատարում», – պատմում է Մանեն։ Իր գործողությունների հետևանքները գիտակցում է միայն հետո։
Հոգեբանի օգնությունը, նրա խոսքով, սահմանափակվում է մեկ-երկու հարցով՝ «Ինչու՞ արեցիր», «Չպետք է անես»։ Բայց ամենակարևորը՝ չկա վստահություն։ «Երբ դիմեցի հոգեբանին, հաջորդ օրը իմ պատմածը դարձավ ՔԿՀ-ում սուրճի սեղանի թեմա։ Գաղտնիություն չկա», – ասում է Մանեն։
Մանեի պատմությունը, ցավոք, եզակի չէ։
Թվեր, որոնք ահազանգ են, ոչ թե զուտ վիճակագրություն
2025 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնավնասման 188 դեպք՝ 98 անձի կողմից, ինչպես նաև 13 մահվան դեպք, որոնցից 5-ը՝ ինքնասպանություն։ Նախորդ՝ 2024 թվականին, ինքնավնասումների թիվը գերազանցել է 600-ը՝ 205 անձի մասնակցությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ ինքնավնասման պատճառների շարքում երկրորդ տեղում է նյարդային լարվածությունն ու հոգեկան անհավասարակշիռ վիճակը։
Բայց ի՞նչ մեթոդներով է այս ռիսկը կանխվում։
Երբ ռիսկի գնահատման գործիքը չի կանխում վտանգը
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ) վստահեցնում են՝ յուրաքանչյուր նոր ազատազրկված անցնում է ռիսկի գնահատում, սակայն փորձագետները կասկածի տակ են դնում դրա արդյունավետությունը։
Քրեակատարողական ծառայությունից հավաստիացնում են, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող յուրաքանչյուր նոր ազատազրկված անցնում է ինքնասպանության ռիսկի նախնական սքրինինգ։ Բարձր կամ միջին ռիսկ հայտնաբերելու դեպքում կատարվում է խորքային գնահատում։ ՔԿԾ Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի պարզաբանմամբ՝ այս փուլում ներգրավվում են մասնագետներ և արձագանքման մի քանի օղակներ։ «Արդյունքները տրամադրվում են բժշկական ստորաբաժանմանը, որպեսզի փոխանցվի հոգեբույժին։ Եթե արձանագրվում է ինքնասպանության ռիսկ, ձևավորվում է բազմամասնագիտական խումբ, անհրաժեշտության դեպքում հիմնարկը դիմում է բժշկական ՊՈԱԿ-ին՝ հոգեբույժ ներգրավելու համար», – նշում է Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ նման դեպքերում կազմվում է ինքնասպանության ռիսկի կառավարման պլան, որը պահպանվում է հերթապահ մասում, իսկ բոլոր պատասխանատու ստորաբաժանումները ամսական առնվազն մեկ անգամ կազմակերպում են համատեղ քննարկումներ՝ գնահատելով առաջընթացն ու անհրաժեշտության դեպքում վերանայելով կիրառվող մոտեցումները։
Սակայն գործնականում մեխանիզմի արդյունավետությունը շարունակում է հարցեր առաջացնել։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը հիշեցնում է մի դեպք․«Անձը գնահատվել է որպես միջինից բարձր ռիսկայնություն ունեցող, մի քանի անգամ ինքնավնասում է արել, տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց, վերադարձվել է իր ՔԿՀ ու հենց առաջին օրը՝ ինքնասպանություն է գործել։ Այդ դեպքում ինչու՞ չէր գործել գնահատման համակարգը»,- հարցնում է նա։
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանն էլ ընդգծում է՝ փաստացի արձանագրվող ողբերգական դեպքերը վկայում են, որ գործող մեխանիզմը հաճախ պարզապես չի աշխատում։ «Եթե գործիքակազմն այդքան հստակ է, ինչո՞ւ են ինքնավնասման ու ինքնասպանության դեպքերը շարունակվում», – ասում է Գաբրիելյանը ու մեկ այլ ողբերգական դեպք հիշում․«Անձը ութ անգամ ինքն իրեն վնասել է, կտրել է ութ մատը, ի վերջո ինքնասպան է եղել, ո՞ւր էին մասնագետները՝ հոգեբանը, հոգեբույժը։ Ինչո՞ւ նրանք չկարողացան կանխել մահը։ Եթե եղած մեխանիզմները չեն կանխում այսպիսի ակնհայտ վտանգները, ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը», – հարցնում է նա։
Գործիքը չի՞ աշխատում, թե՞ մասնագետները չեն համագործակցում
Նախաքննության գաղտնիությունը պահպանելու համար «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը ձեռնպահ է մնում դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց։ Անդրադառնալով ընդհանուր խնդրին՝ նշում է, որ հաճախ խնդիրը հոգեբանական է, ոչ թե հոգեբուժական։ «Եթե մարդը լրջորեն ճնշված է, միջանձնային խնդիրներ ունի, միայն դեղը չի օգնի։ Պետք է վստահի, խոսի։ Իսկ դրա համար պետք են հոգեբաններ»։
Միջգերատեսչական խզումներ՝ երկու նախարարություն, մեկ խնդիր
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները փաստում են, որ քրեակատարողական համակարգում հոգեբանների և հոգեբույժների միջև արդյունավետ հաղորդակցություն, համագործակցություն չկա։
Խնդրի հիմքում գերատեսչական բաժանումն է։ ՔԿՀ-ներում հոգեբույժները ենթարկվում են Առողջապահության նախարարությանը, իսկ հոգեբանները՝ Արդարադատության նախարարությանը։ Այս բաժանումը խաթարում է թիմային աշխատանքը։ ՔԿԾ Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը, Ցողիկ Ալեքսանյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկներում չկա հստակ մասնագիտական սահման, թե երբ է խնդիրը հոգեբանի տիրույթում, իսկ երբ՝ հոգեբույժի։ «Խնդրահարույց դեպքեր ենք ունենում պայմանավորված արդյունավետ համագործակցության խնդիրներով», – ընդգծում է Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ համագործակցության արդյունավետությունը երբեմն կախված է անձնական փոխհարաբերություններից. «Այն հիմնարկներում, որտեղ մասնագետները լեզու են գտնում, համակարգն աշխատում է, իսկ հակառակ դեպքում՝ առաջանում են լուրջ խնդիրներ»։ Ըստ Ալեքսանյանի՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նախատեսվում է մշակել հստակ ընթացակարգեր, թե ինչպես կարելի է պահպանել բժշկական գաղտնիքը, բայց միաժամանակ փոխանակել կարևոր տեղեկատվություն։
Ռեսուրս չկա. հոգեբանները քիչ են, հոգեբույժները՝ ավելի քիչ
2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2754 անձ։ Նրանց հոգեկան վիճակի գնահատման և աջակցության համար համակարգում գործում է ընդամենը 10 հաստիքային հոգեբան (ևս 2.5 հաստիք լրացվում է պայմանագրային հիմունքներով)։ Այս թիվը ակնհայտորեն անհամապատասխան է ազատազրկվածների ընդհանուր քանակին՝ միջինը մեկ հոգեբան՝ շուրջ 230 անձի հաշվով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ամենաշատ ինքնավնասման դեպքերը գրանցվում են «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։ «Արմավիր» ՔԿՀ-ում 2025-ի ապրիլի 30-ի դրությամբ պահվում է 1075 անձ, աշխատում է ընդամենը 3 հոգեբան, Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվում է 556 անձ, աշխատում է ընդամենը 2 հոգեբան։ Որոշ ՔԿՀ-ներ՝ ինչպես «Գորիսը», «Արթիկը» և «Դատապարտյալների հիվանդանոցը», հոգեբաններ ընդհանրապես չունեն։
Հոգեբույժների առումով պատկերն ավելի մտահոգիչ է։ 2025-ին միայն «Դատապարտյալների հիվանդանոցում» է երկու հոգեբույժ ներգրավված՝ ամբողջ դրույքով։ Մնացած քրեակատարողական հիմնարկներում հոգեբույժների համար նախատեսված է կես դրույք, բոլորը լրացված են։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը նշում է, որ այսպիսի անձնակազմով անհնար է իրականացնել խորքային հոգեբանական աշխատանք։ «Որքան էլ հետևողական լինեն մասնագետները, ֆիզիկապես չեն հասցնի։ Արդյունքում՝ մարդկանց հուզական վիճակները խորանում են, ու ամեն ինչ հաճախ ավարտվում է ինքնավնասմամբ», – նշում է Ղուկասյանը։
ՔԿԾ Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, սակայն, խուսափում է հոգեբանների թվի ու ինքնավնասումների հաճախականության միջև ուղիղ պատճառահետևանքային կապ տեսնելուց։ Նրա կարծիքով՝ ինքնավնասումների աճն ամբողջ քրեակատարողական համակարգի առաջ ծառացած խնդիր է։
Ըստ Ալեքսանյանի՝ ՔԿՀ-ներում հոգեբան կարող է աշխատել միայն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող անձը, ինչը զգալիորեն սահմանափակում է հավանական թեկնածուների շրջանակը։ Նա ընդգծում է նաև, որ հոգեբանների մեծ մասը կանայք են, որոնք հաճախ խուսափում են աշխատել քրեակատարողական միջավայրում՝ պայմանավորված տարածված կարծրատիպերով և անվտանգային մտահոգություններով։
Վիճակագրության հետևում՝ մարդկային պատմություններ
Արմենը (անունը փոխված է) երեք տարի է՝ կալանավորված է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է 2022-ին։ «Արմավիր» ՔԿՀ-ում նրան տեղավորել են երկարատև ազատազրկվածների խցում։ Խնդրել է՝ իրեն չտեղավորել ընդհանուր խցում, սակայն խնդրանքը մերժվել է։ «Մեղադրանքիդ հոդվածն է որոշում՝ որտեղ ես նստելու, ինչ իրավունքներ ունես։ Դա վարքային ու հոգեբանական առումով վտանգավոր միջավայր է ստեղծում։ Այդ ճնշումը խեղդում է», – ասում է Արմենը։ Ի նշան բողոքի՝ նա հացադուլ է հայտարարել, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Հասնելով հուսալքության կետի, փորձել է ինքնասպան լինել։ ՔԿՀ աշխատակիցներին հաջողվել է կանխել դեպքը։ «Եթե հոգեբանի հետ աշխատանքը չլիներ, չգիտեմ՝ հիմա կլինեի՞», – ասում է Արմենը։
Մասնագետի աջակցությունը՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար
Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի համոզմամբ՝ թեև հոգեբաններն ու հոգեբույժներն առանցքային դեր են խաղում նման դեպքերի կանխարգելման գործում, իրականում ամբողջ պատասխանատվությունը միայն նրանց վրա դնելը սխալ է։ «Մեկ հոգեբանի ճշգրիտ աշխատանքը կարող է չեղարկվել մեկ այլ աշխատակցի անզգույշ կամ կոպիտ վերաբերմունքով», – ասում է Գասպարյանը։
Նա հիշեցնում է ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվելու նվազագույն չափանիշները (Նելսոն Մանդելայի կանոնները) և Եվրոպական բանտային կանոնները, որոնք պարտադրում են, որ քրեակատարողական հիմնարկի ամբողջ անձնակազմն է պարտավոր է պաշտպանել ազատազրկվածների արժանապատվությունն ու հոգեկան առողջությունը։ «ՔԿՀ պետն ունի նույնքան պատասխանատվություն, որքան մասնագետը, որովհետև նա է վերահսկում ամբողջ համակարգը», – նշում է Գասպարյանը՝ հավելելով, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որտեղ յուրաքանչյուր օղակ՝ սկսած հերթապահ աշխատակցից, անվտանգության աշխատակցից մինչև ղեկավար կազմ, գիտակցի իր դերը։
ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մնում են չբացահայտված
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից վկայում են՝ տարիներ շարունակ դիմում են պատկան մարմիններին՝ Գլխավոր դատախազություն, Առողջապահության նախարարություն, սակայն որևէ գործում, նրանց գնահատմամբ, պատշաճ քննություն չի իրականացվել։ «Մենք չունենք դեպք, որով կարող ենք ասել՝ գործը քննվել է, եզրակացություն կա, հետևանք կա», – ասում է ՄԻՊ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը։
Քննչական կոմիտեն հաստատում է՝ ՔԿՀ-ներում արձանագրված բոլոր ինքնասպանությունների դեպքերով հարուցվել են քրեական վարույթներ, սակայն դրանք բոլորն էլ գտնվում են ընթացքի մեջ՝ առանց մեղադրյալի կամ դատավճռի։
ՔԿ ներկայացուցիչ Գագիկ Մարկոսյանի խոսքով՝ նոր քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում նախաքննության ժամկետներ, ինչի հետևանքով նախկինում կասեցված գործերն այժմ վերաբացվել են, իսկ նորերը կշարունակվեն անժամկետ՝ մինչև հանցանքի բացահայտումը կամ դրա բացակայության հաստատումը։ «Քննությունը ներառում է բժշկական փաստաթղթերի վերլուծություն, դեղորայքի կիրառման օրինականության ստուգում, ինչպես նաև ՔԿՀ աշխատակիցների, բժիշկների, հոգեբանների հարցաքննություն», – նշում է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը։
Ծառայողական քննությունը բացակայում է
Մինչ քննությունները ձգձգվում են տարիներով, քրեակատարողական ծառայությունն էլ չի նախաձեռնում ծառայողական քննություններ՝ պարզելու, թե արդյոք աշխատակիցների անփույթ վերաբերմունքը նպաստել է ողբերգությանը։ Ծառայությունից պարզաբանում են՝ նման քննություն չեն անցկացնում, քանի որ դեպքի նյութերը փոխանցվում են վարույթ իրականացնող մարմնին։ Սակայն միջազգային չափանիշները և մասնագետները իրավիճակը տեսնում են բոլորովին այլ կերպ։
Համակարգային պատասխանատվություն՝ համաձայն միջազգային չափանիշների
Համակարգային մոտեցումը, ներքին հաշվետվողականությունը և ինստիտուցիոնալ վերահսկողությունը միջազգային չափանիշներով սահմանված հիմնական սկզբունքներն են՝ ապահովելու ազատազրկվածների հետ վարվեցողության կանոնների պահպանման և անվտանգ միջավայրի ապահովման համար։

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը ընդգծում է՝ ինքնասպանության կանխարգելումը միայն հոգեբանական (հետևաբար, լոկ հոգեբան մասնագետի) խնդիր չէ։ Այն անվտանգային և ինստիտուցիոնալ խնդիր է, որը պահանջում է համակարգային մոտեցում։ «Եթե ՔԿՀ-ում ինքնասպանություն է լինում, դա ողջ համակարգի ձախողումն է», -ընդգծում է Գասպարյանը։
ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները (հայտնի է որպես Նելսոն Մանդելայի կանոններ) և Եվրոպական բանտային կանոնները սահմանում են, որ ՔԿՀ-ի բոլոր աշխատակիցները՝ ոչ միայն բժշկական կամ հոգեբանական անձնակազմը, պարտավոր են ապահովել ազատազրկված անձանց անվտանգությունն ու ապահովությունը (security and safety)։
Ըստ Գասպարյանի՝ միջազգային փորձը կարևորում է հետազոտություններն ու ծառայողական (ներքին) քննությունները՝ նման ողբերգական դեպքերի պատճառները բացահայտելու և դրանք կանխարգելելու նպատակով։ Երբ գրանցվում է ինքնասպանության կամ ինքնավնասման դեպք, իրավապահ մարմինների կողմից կատարվող քննությանը զուգահեռ քրեակատարողական հիմնարկը պարտավոր է իրականացնել ծառայողական հետաքննություն։
Նման ուսումնասիրությունները, ըստ միջազգային չափանիշների, պետք է ընդգրկեն ողջ գործընթացը՝ սկսած ազատազրկման պահից մինչև ազատ արձակումը։ Դրանց նպատակը ոչ միայն ընթացակարգային խախտումների բացահայտումն է, այլև այն հարցի պատասխան գտնելը, թե արդյոք աշխատակիցների անփութությունը կամ վարքագծային խախտումները նպաստել են նման դեպքերին։ «Ողջ շղթան պետք է ուսումնասիրվի՝ սկսած այն պահից, երբ անձը տեղափոխվում է ՔԿՀ, մինչև խցի խուզարկություններն ու այն, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում հերթապահ աշխատակիցը», – ընդգծում է Գասպարյանը։ «Նույնիսկ եթե հոգեբանը պատշաճ աջակցություն է ցուցաբերում, մեկ այլ աշխատակցի անբարեհաճ վերաբերմունքը կարող է հաշված վայրկյաններում չեզոքացնել կատարված այդ աշխատանքը»։
Գասպարյանը շեշտում է, որ ՔԿՀ-ի պետն ունի նույնքան պատասխանատվություն, որքան հոգեբանը, քանի որ նա է հաստատում ռիսկի գնահատման պլանները և պատասխանատու է հիմնարկում կատարվող գործընթացների համար։
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Տեսանյութերը՝ հեղինակի
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
Կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 13/06/2025