Իրավունք

Ինչո՞ւ է ազատության դուռը ամուր փակված ցմահ դատապարտյալների համար

«Գիտեմ՝ մերժվելու եմ։ Բայց երբ դատավորը վերադառնում է խորհրդակցական սենյակից, մի պահ մտածում եմ՝ գուցե այս անգամ…»։

Միքայել Մարտիրոսյանը 22 տարի է՝ անազատության մեջ է։ Նա ցմահ դատապարտյալ է, վերջին երկու տարում պարբերաբար դիմում է պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն բոլոր դիմումներն ավարտվում են մերժումով։

Թղթի վրա՝ իրավունք կա, իրականում՝ փակուղի

Թեև Հայաստանի օրենսդրությամբ՝ ցմահ դատապարտյալը, կրելով առնվազն 20 տարի պատիժ, կարող է դիմել վաղաժամկետ ազատման, իրականությունը հաճախ փակուղային է։ 2019 թվականից գործում է վերասոցիալականացման գնահատման միավորային համակարգ, որը պետք է նպաստեր ազատման հնարավորության աճին, սակայն գործնականում այն դառնում է խոչընդոտ։

Պաշտոնական տվյալներով՝ վերջին վեց տարում ընդամենը չորս ցմահ դատապարտյալ է ազատվել։ Մյուսների համար գործընթացը նույնն է՝ դիմում, դատական նիստ, մերժում։

Միքայելը պատժի առաջին 16 տարին անցկացրել է խիստ ռեժիմով՝ մեկ ժամ զբոսանք, երեք տեսակցություն՝ տարեկան, արտաքին աշխարհի հետ՝ գրեթե զրո շփում։ «Մինչև 2019-ը ազատությունը պարզապես երազանք էր։ Հետո դարձավ նպատակ։ Հստակեցվեց, թե ինչ պետք է անել՝ դրան հասնելու համար», – ասում է նա։

Միքայելը մասնակցում է վերասոցիալականացման բոլոր ծրագրերին, ստանում է բարձրագույն կրթություն՝ սովորելով հոգեբանություն, աշխատում է քրեակատարողական հիմնարկում և նույնիսկ ուսման վարձը վճարում սեփական աշխատավարձով։ Նրա վարքի և առաջընթացի մասին «Սևան» քրեակատարողական հիմնարկը մշտապես ներկայացրել է դրական զեկույցներ։ Պրոբացիոն ծառայությունը հետևողականորեն ներկայացնում է բացասական զեկույցներ՝ նշելով «չի վերասոցիալականացվել», «կրկնահանցագործության ռիսկը բարձր է»։

«Չկա հստակ չափման մեխանիզմ։ Ինչպե՞ս են որոշում՝ վերասոցիալականացվե՞լ եմ, թե ոչ։ Ամեն անգամ նշվում է, որ կատարածս արարքն առանձնապես ծանր է, ուստի՝ ռիսկը բարձր», – ասում է Միքայելը՝ հավելելով, որ գնահատման սուբյեկտիվությունից բացի, վճռորոշ է նաև տուժողի հետ հաշտեցման բացակայությունը։

«Ամեն մերժում՝ նոր դատավճիռ»

Նույն հիմնարկում է պատիժ կրում նաև Կամո Շալունցը, ով արդեն 30 տարի է՝ ազատազրկված է։ Նրա մահապատժի վճիռը 2003-ին փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Շալունցը սովորել է կահույքագործություն, աշխատում է, տույժերը վաղուց մարված են, վարքը՝ դրական։ Սակայն պայմանական ազատման նրա բոլոր դիմումներն ավարտվում են մերժմամբ։

«Սկսել եմ դիմել 2015 թվականից, այն ժամանակ թույլատրվում էր երեք տարին մեկ, հիմա արդեն վեց ամիսը մեկ եմ դիմում։ Բայց արդյունքը չի փոխվում։ Նիստից նիստ գնում եմ հույսով՝ մտածելով՝ վերջ, այս անգամ կազատվեմ։ Բայց դուրս եմ գալիս նույն ծանրությամբ։ Ընտանիքս ամեն անգամ ինձ հետ նորից է դատապարտվում», – ասում է նա։ Դատական նիստերի մեկնարկը հուսադրող է լինում՝ գովասանքներ վարքի մասին․«Ասում են՝ եթե հասել է ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններին, աշխատում է, սովորում է, տույժ չունի… Բայց երբ դատավորը հարցնում է Պրոբացիոն ծառայության կարծիքը, պատասխանը նույնն է՝ դեռ վերասոցիալականացման խնդիր ունի։ Դատախազն էլ հավելում է՝ արարքն առանձնապես ծանր է։

Շալունցը համոզված է՝ որոշիչը տուժողի վերաբերմունքն է։ «Պաշտոնապես գրում են՝ դեռ վերասոցիալականացման խնդիր կա, բայց ակնարկում են՝ լեզու գտիր տուժողի հետ։ Դատարանում ուղիղ չեն ասում, բայց հստակ հասկացնում են՝ եթե ների՝ կազատվես»։

Նա ու կինը փորձել են կապ հաստատել տուժողի ընտանիքի հետ, բայց միակ արձագանքը եղել է՝ անեծք։

Տուժողի կարծիքը՝ վճռական գործոն

Միքայել Մարտիրոսյանը ևս նամակներ է ուղարկել տուժողի ընտանիքին։ Պատասխանը՝ լռություն։ «Իմ ընտանիքին չեմ խնդրել միջամտել։ Չեմ ուզում նրանց ուսերին այդ բեռը դնեմ», – ասում է Մարտիրոսյանը։ Նա ընդունում է իր կատարած արարքի դաժանությունը։ «Ես չեմ դիտարկում, որ դատապարտվել եմ ու վերջ։ Տուժողի հայացքով եմ փորձում նայել։ Ինքս ինձ չեմ ներում։ Ծառ չեմ կտրել, ձու չեմ գողացել։ Ծնողից զրկել եմ մի ընտանիքի, հայր եմ խլել, ամուսին եմ խլել և ակնկալել, որ ինձ կներեն՝ սխալ է։ Այդ բեռն իմ ուսերին ես շարունակում եմ ապրել», – նշում է նա։

Մարտիրոսյանի համոզմամբ՝ պետությունն անհրաժեշտ միջնորդական մեխանիզմներ չի ապահովում, ինչի հետևանքով ցմահ դատապարտյալների հաշտեցումը տուժողների հետ գործնականում անհնար է, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դատապարտյալների վրա։

«Պատիժը չի կարող անսահման լինել»

Փաստաբան Անի Չատինյանը շեշտում է՝ դատական նիստերում վճռորոշ է դառնում տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը, ինչը հակասում է արդարադատության սկզբունքներին։

«Արդարադատությունը իրացվում է դատավճռով, ոչ թե պատժի անվերջ երկարացմամբ։ Հետագա փուլերում գերակա պետք է լինի վերասոցիալականացման նպատակը, իսկ տուժողի կարծիքը կարևոր է, բայց չպետք է լինի միակ որոշիչը», – ասում է նա։ Չատինյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանն անգամ նշել է, որ տուժողի դիրքորոշումը կարող է դիտարկվել, բայց ոչ որպես միակ հիմք։ Նա ընդգծում է՝ նման մոտեցումը հակասում է Եվրոպայի խորհրդի դիրքորոշմանը և խախտում է կրկնակի դատապարտման արգելքը։

Փաստաբանի խոսքով՝ Կամո Շալունցի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ դրական վարքագիծը բավարար չէ։ «Միայն մեկ անգամ է վարչական տույժի ենթարկվել, ՔԿՀ-ն նրան տալիս է դրական զեկույց, իսկ պրոբացիան՝ բացասական։ Ասում են՝ դրական վարքագիծ ունի, բայց․․․ Այդ «բայց»-ը պետք է վերջապես վերանա», – ասում է նա։

Վտանգավոր «բայցը»

Համակարգի դանդաղ աշխատանքը և խոչընդոտները երբեմն ունենում են անդառնալի հետևանքներ։ Անորոշ «բայց»-ը կարող է դառնալ ճակատագրական։ Այդպիսի ողբերգական դեպք է ցմահ դատապարտյալ Ահարոն Սարիբեկյանի պատմությունը։

Փաստաբան Անի Չատինյանը հիշում է՝ Սարիբեկյանը, որը 28 տարի անցկացրել էր անազատության մեջ, վերջին տարիներին մի քանի անգամ դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն մշտապես մերժում էր ստանում։ «Չուներ տույժեր, վարքագիծը՝ դրական, մասնակցում էր կրթական ծրագրերի, բացասական վերաբերմունք ուներ քրեակատարողական ենթամշակույթի նկատմամբ։ Չորսից հինգ անգամ դիմեց ազատման՝ բոլորը մերժվեցին։ Վերջին անգամ նույնիսկ նիստը չհասցրեց կայանալ. ինֆարկտից մահացավ հենց դատական նիստից մեկ օր առաջ», – պատմում է փաստաբանը։ Ահարոն Սարիբեկյանը այդպես էլ չհասցրեց տեսնել բաղձալի ազատությունը։ Նրան նույնիսկ չտրամադրվեց մի քանի ժամ ընտանիքի կողքին լինելու հնարավորություն։

«Սա այլևս պատիժ չէ, այլ անմարդկային վերաբերմունք։ Ցմահ դատապարտյալը պետք է հնարավորություն ունենա կյանքի վերջն անցկացնել ընտանիքի կողքին։ Իսկ երբ այդ իրավունքը խլվում է անարդարացի որոշումների արդյունքում, ապա դա արդեն միջազգային կոնվենցիաների խախտում է։

Տաբուից դեպի սահմանափակ կիրառվող համակարգ

Փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ մինչև 2018-ը պայմանական վաղաժամկետ ազատումը գրեթե տաբու էր։ Նույնիսկ 20 տարուց ավելի պատիժ կրած դատապարտյալների դիմումները մերժվում էին՝ առանց քննարկման։ «Այժմ համակարգը գործում է, բայց շարունակում է մնալ սահմանափակ և հաճախ կամայական։ Մերժումները երբեմն արվում են առանց իրավական հիմնավորման, անգամ երբ դատապարտյալը ներգրավված է կրթական ու վերասոցիալականացման ծրագրերում», – ասում է Մեջլումյանը։

Նրա խոսքով՝ գնահատման համակարգը հաճախ անտեսում է այն հանգամանքը, որ դատապարտյալները տարիներ շարունակ գտնվել են մեկուսացված վիճակում և զրկված են եղել զարգացման հնարավորություններից՝ հիմնականում համակարգային սահմանափակումների, այլ ոչ թե անձնական վարքագծի պատճառով։ «Նրանք հիշեցնում են նույնիսկ 1990-ականների խախտումներ՝ մոռանալով, որ պրոբացիայի համակարգը գործարկվել է միայն 2016-ին։ Ինչպե՞ս կարելի է մեղադրել մարդու, որը պարզապես չէր կարող համապատասխանել մի համակարգի, որն այդ ժամանակ գոյություն չուներ», – նշում է Մեջլումյանը։

Բացի այդ, որոշումները երբեմն հիմնվում են տարիներ առաջվա խախտումների վրա՝ անտեսելով ներկա դրական վարքը։ «Կան դեպքեր, երբ մարդը տարիներով ստանում է դրական զեկույցներ, բայց վերջում հիշեցնում են հին տույժ։ Սա հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը», – ընդգծում է Մեջլումյանը։

Դատախազությունը՝ որպես մեղադրող, ոչ թե վերահսկող մարմին

Ցմահ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը հաճախ վերածվում է հին դատավճռի վերանայման՝ շեղվելով իր իրական նպատակից։ Ցմահ դատապարտյալների շահերը ներկայացնող փաստաբաններն ընդգծում են, որ դատախազներն իրենց ելույթներում հաճախ շեշտադրում են նախկին մեղադրանքները՝ անտեսելով, որ այս փուլում քննարկվում է ոչ թե հանցագործությունը, այլ՝ անձի փոխված լինելը։

«Դատախազները կենտրոնանում են անցյալի հանցագործության վրա, ինչը դատարանի մոտ ստեղծում է կանխավարկած՝ իբր վերականգնումը հնարավոր չէ։ Սա հակասում է քրեական դատավարության հիմնական սկզբունքներից մեկին՝ կրկնակի պատժի արգելքին»,- ասում է փաստաբան Անի Չատինյանը։

Թեև օրենսդրությամբ դատախազի գործառույթը դատական նիստի օրինական ընթացքի վերահսկումն է, փաստաբանները նշում են, որ դատախազները հաճախ շարունակում են հանդես գալ որպես մեղադրող՝ ազդեցություն ունենալով դատարանի վրա։

Պայմանական ազատման մեխանիզմը խարխլված է. ՄԻՊ-ը ևս ահազանգում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող պարբերական այցերի ընթացքում ևս դատապարտյալները, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածները, բարձրացնում են պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ։

«Ցմահ դատապարտյալները բազմիցս նշել են, որ դատարանների կողմից վաղաժամկետ ազատման հարցում վճռորոշ է դառնում տուժողի կամ նրա իրավահաջորդների դիրքորոշումը։ Օրենքով տուժողի դիրքորոշումը կարևոր հանգամանք է, բայց ոչ՝ որոշիչ։ Այս համատեքստում Պաշտպանը ևս կարևորել է հաշտարարության ինստիտուտի լիարժեք կիրառումը, որպեսզի հնարավոր լինի նպաստել դատապարտյալի և տուժողի միջև երկխոսությանը, փոխհատուցման կամ հաշտեցման հասնելուն», – ընդգծում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը։

Դատապարտյալները նաև պնդում են, որ դատախազության համակարգում իրենց նկատմամբ կիրառվում է առանձնացված մոտեցում։

«Ըստ դատապարտյալների՝  նույնիսկ դրական վարքագծի և զեկույցների պարագայում դատախազները հետևողականորեն առարկում են վաղաժամկետ ազատման միջնորդությունների դեմ։ Դատարանները հաճախ կաշկանդվում են դատախազության ներկայացուցիչների դիրքորոշումներից», – նշում է Մարտիրոսյանը։

ՄԻԵԴ-ի չափանիշներն ու կոնվենցիոն խախտումները

Փաստաբան Զարուհի Մեջլումյանը հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերը, որոնց համաձայն՝ եթե ցմահ դատապարտյալը չունի իրատեսական հնարավորություն երբևէ ազատ արձակվելու, դա համարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք։

«Եվրոպայի խորհրդի հանձնարարականը հստակ ասում է՝ օրինապահ վարք ցուցաբերող ցմահ դատապարտյալները պետք է ունենան ազատության վերադարձի հնարավորություն։ Իսկ եթե պետությունը պնդում է, որ վերասոցիալականացումը չի հաջողվել՝ ապացուցման բեռը դրվում է պետության վրա», – նշում է Մեջլումյանը։

Նրա խոսքով՝ երբ տարիներով դրական զեկույցներ ստացած անձը մերժվում է մեկ անգամ արված, վաղուց անցյալ դարձած խախտման հիմքով, դա հակասում է արդարադատության տրամաբանությանը։

Պրոբացիայի ծառայությունը հակադարձում է. «Մեր զեկույցները միակողմանի չեն»

Պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի վերաբերյալ քննադատություններին արձագանքել է ՀՀ Պրոբացիայի ծառայությունը։ Վերասոցիալականացման և վրականագնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը պնդում է՝ եզրակացությունները հիմնված են համադրված վերլուծության վրա։

«Մեր զեկույցները ոչ թե բալային համակարգով են կազմվում, այլ՝ համադրված մոտեցմամբ։ Քննարկվում են մի շարք բաղադրիչներ՝ վարքագիծ, վերասոցիալականացման նշաններ, ռիսկերի վերլուծություն, քաղաքացիական հայցերի կատարման կարգավիճակ և, իհարկե, տուժողի կարծիքը։ Բայց որևէ մեկ գործոն ինքնուրույն երբեք վճռորոշ չէ», – ասում է նա։

Մուղդուսյանի խոսքով՝ ծառայությունն աշխատում է նաև որպես միջնորդ դատապարտյալի և տուժողի միջև․ կազմակերպում են նամակագրություն, փորձեր են անում հանդիպում նախաձեռնել։ «Որոշ դեպքերում, նույնիսկ եթե տուժողը մերժում է հաշտեցումը, բայց դատապարտյալը բոլոր ջանքերն է գործադրել, մենք ֆիքսում ենք դա և կարող ենք տալ դրական եզրակացություն», – ընդգծում է նա։

Վերասոցիալականացում՝ առանց հստակ չափման գործիքի

Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչը ևս կարևորում է նաև վերասոցիալականացման գնահատման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը։ «Մեզ հաճախ ասում են՝ ի՞նչ է նշանակում՝ չես վերասոցիալականացվել։ Սա պետք է դառնա չափելի միավոր։ Մենք արդեն հիմա զեկույցներում ներառում ենք վերլուծական հատվածներ՝ նշելով, թե դատապարտյալը ինչ ուղղությամբ պետք է աշխատի, որպեսզի հաջորդ զեկույցը լինի դրական», – ասում է Մուղդուսյանը։

Դատախազության դիրքորոշումը. «Մենք առաջնորդվում ենք օրենքով, ոչ թե կարծրատիպերով»

ՀՀ դատախազությունն այս հարցով նախընտրեց պատասխանել գրավոր՝ հրաժարվելով բանավոր մեկնաբանություններից։ Ինչպես փոխանցում են կառույցից, դատախազների կողմից դատապարտյալների վերաբերյալ ներկայացվող դիրքորոշումները ձևավորվում են բացառապես օրենքով սահմանված չափանիշների հիման վրա։ Դատախազությունը հակադարձում է Մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների այն պնդումներին, թե պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում շարունակում է գործել որպես մեղադրող կողմ՝ հիմնականում կենտրոնանալով դատապարտյալի անցյալի վրա։

«Դատախազությունը երբեք չի առաջնորդվում կարծրատիպերով։ Մեր դիրքորոշումները հիմնված են բացառապես օրենսդրությամբ սահմանված դրույթների և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վրա։ Մենք չենք հետապնդում նախկին հանցագործության վրա կենտրոնանալու նպատակ, այլ գնահատում ենք՝ արդյոք պատիժը նպաստել է դատապարտյալի ուղղմանը և վերասոցիալականացմանը», – նշում են ՀՀ դատախազությունից։

Ըստ ՀՀ դատախազության՝ դատախազները պայմանական վաղաժամկետ ազատման գործերում վերլուծում են դատապարտյալի վարքագծի ամբողջական պատկերը։ Մասնավորապես՝ դիտարկվում են տույժերի և խրախուսումների պատմությունը, կրթական ծրագրերում ներգրավվածությունը, աշխատելու պատրաստակամությունը, հանցանքի հետևանքների փոխհատուցման քայլերը, ինչպես նաև ռեցիդիվի (կրկնահանցագործության) ռիսկի վերլուծությունը։

«Հաշվի ենք առնում նաև տուժողի դիրքորոշումը, հատկապես այն դեպքերում, որոնք առնչվում են կյանքի կամ առողջության դեմ ուղղված ծանր հանցագործություններին։ Սակայն այդ կարծիքը վճռորոշ չէ։ Վերջնական որոշումը կայացնում է դատարանը՝ վերլուծելով բոլոր կողմերի ներկայացրած փաստարկները», – նշում են Դատախազությունից։

Դատախազությունը համակարծիք է այն տեսակետին, որ վերասոցիալականացման մակարդակի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել հստակ և ստուգելի չափորոշիչների հիման վրա, ինչը կնպաստի իրավական գործընթացի թափանցիկությանն ու կանխատեսելիությանը։

«Այս ուղղությամբ արդեն իրականացվել են ուսումնասիրություններ։ Արդյունքներով հիմք ընդունելով՝ մենք առաջարկություններ ենք ներկայացրել Արդարադատության նախարարությանը՝ վերասոցիալականացման չափման մեխանիզմների կատարելագործման և ոլորտային ռազմավարության բարեփոխման նպատակով», – հայտնում են գերատեսչությունից։

Փոփոխություններ սպասվում են․ Արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում և «Քրեակատարողական օրենսգիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը։ Նախագծի ընդունման դեպքում դատարանը պարտավոր կլինի հստակ հիմնավորել պայմանական վաղաժամկետ ազատման մերժման որոշման հիմքերը։

«Դատարանը պետք է նշի, թե Քրեական օրենսգրքի կոնկրետ ո՞ր դրույթին է հղում կատարում, ինչպես նաև մատնանշի այն ուղղությունները, որոնցում դատապարտյալը պետք է աշխատանք տանի, որպեսզի հաջորդ դիմումը դիտարկվի արդյունավետ», – նշեց Տաթևիկ Հայրապետյանը, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետը։

Հաշտեցման ինստիտուտի վերանայում՝ նոր օրենքի նախագծով

Ինչ վերաբերում է դատապարտյալի և տուժողի իրավահաջորդի միջև հաշտեցման մեխանիզմին, ապա նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ շրջանառվում է «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը նախատեսում է հաշտարարության ինստիտուտի բովանդակային վերանայում՝ այն դարձնելով ավելի գործնական և արդյունավետ։

«Նախարարությունը համագործակցում է Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ՝ հաշտեցման ինստիտուտը գործունակ և արդյունավետ գործիքի վերածելու նպատակով։ Այս փոփոխությունները միտված են դատապարտյալի և տուժողի (կամ նրա իրավահաջորդի) միջև իրական երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունը ընդլայնելուն», – հավելեց Հայրապետյանը։

«Պետությունը պետք է հավատա իր գործիքներին»․ փաստաբան

Փաստաբան Անի Չատինյանի կարծիքով՝ պետությունը պետք է իրապես հավատա իր իսկ ներդրած գործիքներին։ Քանի դեռ վերասոցիալականացման համակարգը կառուցված չէ չափելի և վստահելի չափորոշիչների վրա, իսկ տուժողի դիրքորոշումը որոշման միակ կշռաքարն է, ցմահ դատապարտյալների ազատության դուռը շարունակում է մնալ փակ։

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Տեսանյութերը՝ հեղինակի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/06/2025