Երեք երեխաների մայր Մառլենան արդեն ավելի քան 1,2 մլն դրամ է ծախսել մանկական տակդիր գնելու համար։ Հաշվարկը պարզ մաթեմատիկական է։
Ամեն երեխայի համար տակդիր կրելու տարիքում միջինում օգտագործվում է շուրջ 3000 տակդիր։ Մառլենայի երկու երեխաներն արդեն դուրս են եկել այդ տարիքից, իսկ փոքրը՝ դեռ 1,5 տարեկան է։
Մեկ տակդիրի արժեքը 120-170 դրամ է։
Երիտասարդ կինն ասում է, որ ընտանիքի տատիկը՝ տեսնելով՝ ինչպես են թոռանը մեկ րոպեում տակդիր հագցնում, հիշում է, թե ինչպես էր ինքը երեխա մեծացնում, երեխաների մի քանի ձեռք շոր ամեն օր ձեռքով (լվացքի մեքենաները դեռ կենցաղ չէին մտել) լվանում, չորացնում, արդուկում, որպեսզի նորից օգտագործի։
«Տատին մեկ-մեկ ասում է՝ մենք էլ էինք երեխա պահում, դուք էլ», – ժպտալով ասում է Մառլենան և ավելացնում, – «իհարկե, հիմա ծնողների կյանքն էականորեն հեշտացել է, բայց այդ հարմարավետության համար պետք է կարողանաս ամեն օր վճարել»։
Երկու փոքր երեխաների դեպքում միայն տակդիրների օրական վճարը կարող է հասնել 1000 դրամի։
Այսօր Հայաստանում այդ հարմարավետության համար հազարավոր ընտանիքներ ամեն օր են վճարում։ Դա է փաստում նաև վիճակագրությունը։
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից «Ամփոփ Մեդիային» տրամադրված տվյալների՝ նախորդ տարի՝ 2021թ․-ին, Հայաստան է ներմուծվել շուրջ 2 985 տոննա մանկական խանձարուրներ և տակդիրներ։ Մեկ տակդիրի քաշը մոտ 17 գրամ է։
Հետևաբար, մեկ տարում երկիր է մտել ավելի քան 175 588 000 հատ տակդիր։
Պատկերից ակնհայտ երևում է, որ 2020թ.-ին ներմուծված տակդիրների քանակը, ի տարբերություն 2019թ․-ի, շուրջ 85%-ով ավելացել է։ ՊԵԿ-ը պարզաբանում չի ներկայացրել պատճառների մասին, սակայն 2021թ․-ին ներմուծման ցուցանիշները 2020-ի համեմատ գրեթե պահպանվել են, այն դեպքում, երբ մինչև երեք տարեկան երեխաների թիվը ՀՀ-ում նվազման միտում ունի։
Այս տարվա միայն առաջին 7 ամսում ներմուծված տակդիրների քանակն արդեն հատել է 88 000 000-ի սահմանը։ Մանկական տակդիրների տեղական արտադրություն կարծես թե չկա։
Պաշտոնական վիճակագրությունը բավարար է հասկանալու համար, որ տակդիրների շուկան մեծ շրջանառություն ունի։ Եվ 2020թ․-ին ներմուծված տակդիրների կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել դրանց որոշակի քանակի ստվերից օրինական դաշտ տեղափոխմամբ։
Պաշտոնական վիճակագրությունը չի ներառում նաև անհատ վաճառականների կողմից՝ փոքր ծավալով ցամաքային սահմաններով իրականացված տակդիրների ներմուծումն ու վաճառքը։
ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն, նախորդ տարվա ընթացքում տակդիր ներմուծած հինգ խոշոր կազմակերպություններն են՝ «Էսդիէմ» ՍՊԸ, «Բրենդս Ֆաքթրի» ՍՊԸ, «Սլավ Գրուպ» ՓԲԸ, «Առգե բիզնես» ՍՊԸ և «Մանա գրուպ» ՍՊԸ-ն։ Այս տարվա առաջին յոթ ամիսների ցուցանիշների համաձայն, ներմուծողների խոշոր հնգյակն առայժմ հետևյալ ընկերություններից է բաղկացած՝ «Լիբօ Գրուպ» ՍՊԸ, «Ներսես Քեհեյան» Ա/Ձ, «Ֆել-ֆուդ»ՍՊԸ, «Սլավ Գրուպ» ՓԲԸ և «Առգե բիզնես» ՍՊԸ։
Ծնողների խնդիրը լուծվում է, խնդիր է առաջանում բնության համար
Ծնողների հարմարավետությունը թանկ է նստում էկոլոգիայի վրա, քանի որ օգտագործված տակդիրների համար չկան հատուկ թափոնամաններ դրանք հետագա վերամշակման ենթարկելու համար։ Խոսքը տարեկան տասնյակ միլիոնավոր օգտագործված տակդիրների մասին է։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը նշում է, որ օգտագործված տակդիրը, բնությունում հայտվելով, հարվածում է բնության միանգամից 3 բաղադրիչի՝ օդին, հողին և ջրին։
Ալպետյանն ասում է, որ առաջին հերթին օգտագործված տակդիրի օրգանական մասը վերածվում է մեթան գազի, ինչը ամենավտանգավոր ջերմոցային գազերից է։
«Իսկ տակդիրի պլաստիկային հատվածը մնում է աղբավայրում, տարիների ընթացքում արևի լույսի տակ վերածվում է միկրոպլաստիկի։ Այսինքն, ինչպես բոլոր պլաստիկները, քայքայվում է, սակայն չի տարալուծվում»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում բացատրում է Ալպետյանը։
Ըստ մասնագետի, միկրոպլաստիկը մտնում է հողի մեջ, աղտոտում այն և, բնականաբար, փոխանցվում ստորերկրյա ջրերին, այնտեղից էլ մտնում սննդային շղթա։
Մեկ երեխայի համար տարեկան սպառվող տակդիրների քանակն արտադրելու համար օգտագործվում է ավելի քան 136 կգ փայտանյութ, 31 լիտր նավթ և 5788 լիտր քլոր:
Տակդիրն ունի մի քանի շերտ, այն տարբեր բաղադրիչների համադրություն է։ Օրինակ՝ վերին շերտը, որն անմիջականորեն շփվում է երեխայի մաշկի հետ, հիմնականում բաղկացած է պոլիպրոպիլեն կոչվող նյութից։
Բաշխիչ, ներծծող, և պաշտպանիչ շերտերը հաջորդում են իրար։ Այստեղ կարելի է գտնել բամբակ, ծառի խեժից ստացված մանրաթելեր, փափկացնող, անուշահոտություն ապահովող, հեղուկը ներծծող նյութեր, բայց նաև պլաստիկի շերտ։
Օգտագործումը
Հաճախ խորհուրդ է տրվում նորածինների համար ընտրել ավելի մատչելի տակդիրներ, քանի որ դրանք հաճախ փոխելու անհրաժեշտություն է լինում: Մանկաբույժները նշում են, որ նորածնի նուրբ մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Իսկ ավելի մեծ երեխաների համար կարելի է գնել ավելի հուսալի տակդիրներ, որոնք պատրաստված են հեղուկը լավ ներծծող նյութերով։
Տակդիրը խնդիրներ կարող է առաջացնել տարբեր պատճառներով։ Օրինակ՝ սխալ ընտրված չափը կարող է վնասել երեխայի մաշկը։ Եթե երեխայի ոտքերի կամ գոտկատեղի հատվածում կարմիր հետքեր են երևում, ապա, հավանաբար, ընտրված է փոքր տակդիր։
Սակայն խնդիրները կարող են պայմանավորված լինել հենց տակդիրի բաղադրությամբ։ Երեխայի մաշկի վրա արտահայտվող կարմրությունը, ցանը, ալերգիկ այլ ռեակցիաները նկատելով՝ ծնողը, լավագույն դեպքում, կփոխի օգտագործվող ապրանքանիշը։
Ուշադիր չլինելու դեպքում երեխան կարող է մաշկային լուրջ հիվանդություններ ձեռք բերել։
Տակդիր գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաթեթավորմանը, պիտանելիության ժամկետին։ Պատռված, կտրվածքներ կամ բծեր ունեցող տակդիրները չի կարելի օգտագործել։ Կարևոր են նաև պահպանման պայմանները․ տակդիրը չի սիրում խոնավության տատանումներ․ անհրաժեշտ է դրանք պահել չոր և զով տեղում, բացառել, օրինակ, լոգարանում, խոհանոցում կամ պատշգամբում պահելը։
Խորհուրդ է տրվում, տարիքից ելնելով, տակդիրը փոխել միջինում 4 ժամը մեկ։
Պետության պատասխանատվությունը
Հայաստանում տակդիրը ներառված չէ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ամրագրված վտանգավոր թափոնների ցանկում, սակայն նրա բաղադրության մեջ առկա նյութերը ներառված են։
Ստացվում է, որ թափոնների վտանգավորության մասին ցանկը «հուշում է», սակայն չի պարտադրում։
Բնապահպանական համայնքում էլ տակդիրը՝ որպես վտանգավոր թափոն դիտարկած հասարակական գործիչներն ու փորձագետները շատ չեն։ Այս թեմայով մի քանի բնապահպանների հետ խոսելու «Ամփոփ Մեդիայի» փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ թեև հարցը բարձրաձայնելիս բոլորն ընդունում էին, որ վտանգավոր թափոնի հետ գործ ունենք, սակայն նշում էին նաև, որ դրա վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն, հետազոտություն չեն իրականացրել։
Հարություն Ալպեյանի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է այս թափոնի կառավարումը գրեթե անհնար։ Առաջին հերթին խնդիրն այն է, որ այն «առաջանում է» տնային տնտեսություններում։ Այստեղից դուրս եկող թափոնը պետությունը չի կարող վերահսկել ու կառավարել։
Օրինակ, ի տարբերություն տակդիրների, բժշկական թափոնը կառավարվող թափոն է։ Բժշկական հաստատությունները հաշվելի են, գործում է օրենսդրական պահանջ․ լիազորված կառույցը հավաքում, չեզոքացնում կամ վերամշակում է վտանգավոր թափոնները, և դրանք պարզապես չեն հասնում աղբավայր։
Հաջորդ խնդիրը համապատասխան ենթակառուցվածքի բացակայությունն է։ Նույնիսկ եթե ծնողը որոշի ավելի զգույշ վարվել տակդիրի թափոնի հետ, նա չի կարող գտնել դրա համար նախատեսված թափոնաման։
Եվ եթե լավատես լինենք ու պատկերացնենք, որ տեսակավորման և առանձին աղբավայր տանելու հնարավորություն կա, ապա կբախվենք ավելի լուրջ խնդրի՝ ինչպե՞ս չեզոքացնել կամ վերամշակել այս թափոնը։
Միջազգային փորձը
Մեծ Բրիտանիայում և Կանադայում հիգիենայի թափոնները վերածում են շինանյութի, հիմնականում՝ տանիքի սալիկների: Կանադական Knowaste վերամշակող ընկերության կարգախոսն է՝ «Գնեք տակդիրներ՝ հանուն գլխավերևում տանիք ունենալու»։
Իսկ Մեքսիկայում տակդիրների ներքին շերտն օգտագործում են սունկ աճեցնելու համար։ Հումքը ախտահանում են հատուկ գոլորշու միջոցով, որը ոչնչացնում է ցանկացած պաթոգեն: Դրանից հետո նյութը փաթեթավորվում է պարկերի մեջ, որտեղ սնկի միցելիումը տեղադրվում և թողնվում է որոշակի ջերմաստիճան և խոնավություն ունեցող հատուկ միջավայրում: Վերամշակված թափոնների վրա աճեցված սնկերը բացարձակապես չեն տարբերվում սովորականից։
Գերմանիայում օգտագործված տակդիրները վերածում են բարձրորակ էլեկտրականության և ջերմության: Մարդիկ տակդիրները դեն են նետում հատուկ սև տարաներով, որից հետո դրանք կիզվում են։
Շոտլանդիայում ևս կառուցվել է Knowaste օգտագործված տակդիրների վերամշակման գործարան, որը ստացված նյութից պատրաստում է այգեգործական գործիքներ և տարբեր շինանյութեր։
Հայաստանում վերամշակման որևէ գործընթաց չկա։ Թափոնների կառավարման փորձագետն ասում է՝ տեսականորեն այն հնարավոր է կիզել ու օրգանական հատվածից էներգիա ստանալ։ Սակայն հուսալ, որ նման բան հնարավոր է մոտ ապագայում, չարդարացված լավատեսություն է։
Հարություն Ալպեյանն ասում է, որ անգամ ինքը, այս վտանգների մասին իմանալով, երբ երեխա ունենա, չի կարող հրաժարվել տակդիրներից, քանի որ Հայաստանում այլընտրանքը մեկն է՝ վերադառնալ մի քանի սերունդ առաջ՝ տատիկների ու նրանց մայրերի սովորույթին։ Մյուս երկրներն էլ ընտրության լայն հնարավորություն չունեն։ Առաջարկվում է օգտագործել բազմակի օգտագործման տակդիրներ։ Դրանք ունեն ներծծող ներդիր, որ կրկին օգտագործելուց հետո պետք է լվանալ ու նորից կիրառել։
Հ․Գ․ «Ամփոփ Մեդիայի» ֆեյսբուքյան էջում հետևողներին առաջարկվել էր լուծել հետևյալ խնդիրը․
Ճիշտ պատասխան․ յուրաքանչյուր երեխայի համար օգտագործվել է օրական 3.3 տակդիր։
Բանաձև․ 2985 տ = 2985000000 գրամի, որը հարկավոր է բաժանել մեկ տակդիրի քաշի վրա՝ 17գ, որպեսզի ստանանք ներմուծված տակդիրների մոտավոր քանակը՝ 175 588 235 հատ տակդիր։ Այս թիվն էլ պետք է բաժանել 145 500-ի (մինչև 3 տարեկան երեխաների թիվը) և ստանալ մեկ երեխային բաժին ընկած տակդիրների քանակը մեկ տարվա համար՝ 1206.7 տակդիր։ Սա էլ բաժանելով 365 օրերի վրա՝ ստանում ենք օրական սպառած տակդիրների միջին քանակը՝ 3.3։
Հ․Գ․2 Տվյալ խնդիրը լուծելիս ոչ մի մաթեմատիկոս չի տուժել։ Բանասերների ստացած վնասվածքների մասին տեղեկություն չունենք։)
Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
Վիզուալիզացիան՝ Ամփոփ Մեդիայի
Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ampop.am կայքի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/10/2022