24-ամյա Արաքս Գարեգինյանը, մեկ տարի աշխատելով Շիրակի մարզի Կարմրավան համայնքի հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, վերջերս որոշեց դուրս գալ կրթական համակարգից: Պայմանները գրավիչ չէին: Նա աշխատանքի էր գնում հարևան համայնքից` Աշոցքից` ամեն օր անցնելով 13 կմ: Համայնքից համայնք տեղաշարժվելը բավական բարդ էր երիտասարդ ուսուցչուհու համար, քանի որ չկար մշտական տրանսպորտ, ինչի պատճառով էլ նա հրաժարվեց այս աշխատանքից:
«Աշխատավարձի խնդիր կա. ես աշխատում էի ժամավճարով, դպրոցն իմ տանից հեռու էր: Երթուղայինը համայնքի կողքով է անցնում, իսկ դպրոց հասնելու համար ստիպված պիտի որոշ ճանապարհ էլ քայլեի` ցրտին, շոգին, քամուն ու անձրևին: Դրանից բացի, դպրոցում էլ սովորում է 34 երեխա։ Մտավախություն ունեի, որ մի քանի տարի անց այն կփակվի», – ասում է Արաքսը։
Երիտասարդ ուսուցչուհին, ունենալով կենսաբանի մասնագիտություն, դպրոցում դասավանդել է միանգամից երեք առարկա` կենսաբանություն, քիմիա և բնագիտություն: Մյուս երկու առարկաները դասավանդելու համար Արաքսը մասնակցել է Կրթության և գիտության նախարարության կողմից իրականացված վերապատրաստման դասընթացներին։
«Մասնագիտությամբ կենսաբան եմ, բայց շատ լավ տիրապետում եմ և՛ քիմիա, և՛ բնագիտություն առարկաներին։ Չեմ կարծում, որ իմ աշխատանքը կատարելիս որևէ տեղ թերացել եմ»,- ասում է Արաքսը։
Արաքսը միակը չէ, որ դպրոցում միաժամանակ մի քանի առարկա է դասավանդել. այսպես է դպրոցը փորձում լրացնել կադրերի պակասը: Դպրոցն ունի 11 մանկավարժ, որոնք աշխատում են ընդամենը 34 աշակերտի հետ: Քանի որ աշակերտների թիվը քիչ է, նույն առարկան երկու տարբեր դասարանների համար ուսուցանվում է մեկ դասաժամի ընթացքում։
Իրավիճակ
Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թվի անբավարարությունը կրթական ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն է: Անհրաժեշտ մասնագետ չունենալու պատճառով մի շարք դպրոցներում որոշ առարկաներ չեն դասավանդվում, կամ աշակերտները տվյալ առարկաներից ոչ լիարժեք գիտելիք են ստանում:
Հայաստանում ուսուցիչների պակաս կա քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, պատմություն, ֆրանսերեն, անգլերեն, տեխնոլոգիա, շախմատ և ֆիզկուլտուրա առարկաների համար։
2016-2017 ուսումնական տարում այս առարկաները դասավանդող մասնագետի կարիք են ունեցել Հայաստանի 30-ից ավելի գյուղական համայնքներ: Վերոնշյալ առարկաները սովորելու հնարավորությունից զրկված են եղել Արագածոտնի մարզի 6, Գեղարքունիքի մարզի 11, Լոռու մարզի 3, Շիրակի մարզի 6, ինչպես նաև Սյունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզերի մեկական դպրոցների աշակերտներ։
Միաժամանակ մեկից ավելի առարկաներ, օրինակ՝ քիմիա և կենսաբանություն, չեն դասավանդվել Արագածոտնի մարզի Շամիրամ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Ջիլ համայնքների միջնակարգ դպրոցներում։
Համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) տրամադրած տվյալների, 2017-2018 ուստարում 457 դպրոցներում ուսուցիչների 1245 թափուր տեղ է եղել:
Արաքսը կադրերի պակասը դպրոցներում բացատրում է համայնքների հեռավորությամբ և դպրոցում աշակերտների քանակով, ինչով էլ պայմանավորված է աշխատավարձի չափը։ Ասում է, որ իր աշխատած դպրոցում ևս հնարավոր է դադարեցվի կամ թերի իրականացվի որոշ առարկաների դասավանդումը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գյուղական համայնքների դպրոցներում թափուր տեղերը պայմանավորում է նաև բնակչության փոքր թվի ու այդ համայնքում մասնագետների պակասով․
«Գյուղական փոքր համայնքներից տարեկան հազիվ 1-2 դիմորդ է լինում, այն էլ՝ այլ մասնագիտությունների գծով։ Այս պարագայում խնդրի լուծման երկու տարբերակներից մեկն այն է, որ պետության կողմից լրացուցիչ արտոնություններ տրվի այն մարդկանց, ովքեր այլ վայրերից կմեկնեն գյուղական համայնքեր դասավանդելու»,- կարծում է Խաչատրյանը: Ըստ նրա, պետությունը նրանց պետք է ապահովի բարձր աշխատավարձով և բնակարանով:
Ի դեպ, Հայաստանում արդեն իսկ կյանքի է կոչվել նմանատիպ նախաձեռնություն, սակայն ոչ թե պետության ջանքերով, այլ Teach for All միջազգային ցանցում ընդգրկված՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շնորհիվ:
Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են Teach For All միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի կիսել լավագույն փորձը և գիտելիքները: Ամեն տարի «Դասավանդիր Հայաստան» ծրագրի երկու տասնյակ մասնակից-մանկավարժներ համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո ուղևորվում են Հայաստանի տարբեր համայքներ, որտեղ դասավանդում են երկու տարի: Սակայն ծրագիրը մանկավարժների պակասի խնդիրը լուծում է մասամբ։
Մանկավարժի գործ կա, դիմող չկա
2017-2018 թթ․ ուսուցիչների թափուր աշխատանք գրանցվել է 457 դպրոցներում, որոնցից միայն 51-ը՝ Երևանում։ Մայրաքաղաքի դպրոցներում մասնագետների պակաս զգացվել է հիմնականում հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից։
Որոշ առարկաների ուսուցիչների պակաս զգացվել է նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքներում։ Գյումրիում 5, իսկ Վանաձորում 8 դպրոց ունեցել է ուսուցչի թափուր տեղ։
Կադրային պակասի բացը մեծամասամբ լրացվել է մանկավարժների՝ միաժամանակ մի քանի առարկաներ դասավանդելու շնորհիվ։ Կրթության և գիտության նախարարությունից հավաստիացնում են, որ ուսուցիչները վերապատրաստվելուց հետո են մեկից ավելի առարկաներ դասավանդել։ 2017-2018 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 12763 ուսուցիչ դասավանդել է 2 և ավելի առարկա: Ստացվում է, որ ընդհանուր 38270 ուսուցիչներից յուրաքանչյուր 3-րդն իր հիմնական առարկայից բացի դասավանդել է մեկ կամ մեկից ավելի այլ առարկաներ:
Մեծ քաղաքներից հետո մասնագետների պակասն առավել քան նկատելի է փոքր քաղաքներում ու գյուղական համայնքներում։ Օրինակ, Ալավերդի քաղաքի Չարենցի անվան միջնակարգ դպրոցում ուսուցչի 8 թափուր տեղ է եղել 8 առարկայի համար, իսկ Ծաղկաշատ համայնքում` 10 թափուր տեղ 9 առարկայի համար։
Պատճառները
Մանկավարժ չաշխատելու պատճառներն են` ցածր աշխատավարձը, աշակերտների և կադրերի պակասը, դասապրոցեսի՝ շատ հաճախ համակցված անցկացումը։ Այս մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել հայաստանյան դպրոցների մեծ մասում տիրող իրավիճակը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Ամփոփի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ միջնակարգ կրթության ծրագրով դասավանդող ուսուցչի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է 152,117 դրամ: Մեկ դրույքաչափով աշխատող ուսուցչի ծանրաբեռնվածությունը կազմում է 22 ժամ։
Հայաստանյան իրողությունը հաշվի առնելով` թվում է, թե աշխատավարձը պատճառ չի կարող լինել կադրերի պակասի համար, բայց նույնիսկ երկու և ավելի առարկա դասավանդելու դեպքում շատ քչերին է հասու ամբողջական դրույքաչափը, շատերն էլ աշխատում են ժամավճարով։ Բացի դա, աշխատավարձից պահվում է նաև շուրջ 25% եկամտահարկ: Իսկ հեռավոր համայնքների ուսուցիչների համար լրացուցիչ հոգս է նաև ճանապահածախսն ու տրանսպորտի բացակայությունը:
Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ խնդրի լուծման մեկ այլ` հնարավոր տարբերակ է օնլայն դասընթացների կազմակերպումը, ինչն ավելի մատչելի կարող է լինել, քան տասնյակ ուսուցիչների մարզեր գործուղելն ու նրանց անհրաժեշտ պայմաններով ապահովելը: Այս դեպքում ուսուցչի կողմից առարկան կներկայացվի առցանց եղանակով, այնուհետև, կրկին առցանց, կվերահսկվի աշակերտներին հանձնարարված առաջադրանքների կատարումը:
Օպտիմալացումը հանգեցնում է նաև գործազրկության
Կրթական ոլորտում խնդիրներ է առաջացնում նաև դպրոցների օպտիմալացումը, այլ կերպ ասած` դպրոցների փակվելը։ Ըստ ԿԳՆ ամփոփ տեղեկատվության, 2016-2017 ուսումնական տարում հանրապետությունում գործել է հանրակրթական ծրագրեր իրականացնող 1432 հաստատություն, իսկ 2017-2018՝ 1421։ Այսինքն, 11 դպրոց դադարել է գործել:
2017-2018 ուստարում դադարել է գործել 9 պետական դպրոց։ Դպրոցներ են փակվել Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզերում և Երևանում։
2017թ. օգոստոսի 24-ին կառավարության հերթական նիստում որոշումներ ընդունվեցին մի շարք դպրոցների (6-ը` Երևանում, 9-ը՝ մարզերում)՝ միացման ձևով վերակազմակերպման մասին: Այնուհետև որոշումներ եղան վերակազմակերպելու Վանաձորի թիվ 26 դպրոցը: Իսկ Արագածոտնի մարզի Մեծաձորի դպրոցը, որտեղ երկու աշակերտ կար, լուծարվեց։ Ի հակասություն մինչ այդ հրապարակային ելույթներում հռչակված սկզբունքների՝ վերակազմակերպված դպրոցների շարքում կային գյուղական բնակավայրերում գործող դպրոցներ:
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանի ներկայացմամբ, օպտիմալացման հետևանքով բազմաթիվ մանկավարժներ անաշխատանք են մնացել, մի մասն էլ տեղափոխվել են այլ ոլորտներ։ Վերակազմակերպման ժամանակ իրավահաջորդ ճանաչված դպրոցը մյուս դպրոցի մանկավարժների մի մասին իրենց մոտ աշխատելու առաջարկ է արել․
«Բայց փակվող դպրոցների գրեթե բոլոր տնօրեններն ազատվել են աշխատանքից, մանկավարժների մի մասը կենսաթոշակային տարիքի հասնելու պատճառով այլևս չեն աշխատել։ Աշխատանքի տեղավորման աջակցություն եղել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, մարզպետարանների համապատասխան բաժինների կողմից, բայց համակարգային մոտեցում չի եղել: Ում կարողացել, օգնել են»,- ասում է Մեջլումյանը, ում ղեկավարած կառույցն ուսումնասիրել է դպրոցների օպտիմալացման ծրագիրը:
Ինստիտուտի կողմից ուսումնասիրված վեց դպրոցներից երեքում, դպրոցների վերակազմակերպման արդյունքում, իրավահաջորդ դպրոցի շենքային և գույքային պայմաններն ավելի վատն են, քան՝ փաստացի փակված դպրոցի համանման պայմանները: Դպրոցների վերակազմակերպման բոլոր դեպքերում միջինը 2 անգամ աճել է սովորողների տեղաշարժի համար անհրաժեշտ ժամանակը: Ուսուցիչները, որոնց աշխատավայրը փոխվել է, նույնպես ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատանքի գնալու և վերադառնալու վրա:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ գյուղերում աշակերտների տրանսպորտային տեղաշարժի ապահովումը բարդ է՝ հանրային տրանսպորտի անհարմար և անկանխատեսելի չվացուցակի, անապահով ընտանիքների համար առաջացող լրացուցիչ ծախսերի և այլ պատճառներով: Հետազոտված մարզային համայնքներում դպրոցների օպտիմալացման հետևանքով մի քանի ընտանիքներ արդեն իսկ տեղափոխվել են այլ համայնքներ, որոշ ընտանիքներ՝ այլ երկրներ:
Հետազոտության մեջ միայն մեկ դրական կետ է նշվում, որ դպրոցների վերակազմակերպման արդյունքում աշակերտների թվաքանակն աճում է, ինչը խթանում է աշակերտների միջև մրցակցության ձևավորմանը, նոր սոցիալական կապերի հաստատմանը, համայնքային կյանքին բնորոշ «փակ» մշակույթի «բացմանը»։
Ավետիք Մեջլումյանը դպրոցներում կադրերի պակասը պայմանավորում է ոչ միայն ցածր աշխատավարձով, այլ աշխատանքի ծավալով․ «Մանկավարժներն անհարկի տեխնիկական աշխատանք են կատարում՝ էլեկտրոնային տվյալներ լրացնում, ամեն երեխայի համար անհատական ուսումնական պլան կազմում։ Այս խնդիրը մասամբ կարող է լուծվել հանրակրթական դպրոցներում ուսուցչի օգնականի հաստիքի ավելացմամբ, ով միաժամանակ օգնում է մի քանի ուսուցչի։ Այս հաստիքի ավելացումը կամ տեխնիկական աշխատանքների ծավալի կրճատումը կարող է թեթևացնել մանկավարժների ծանրաբեռնվածությունը»,- գտնում է նա։
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- Կեղծ կրթություն հայրենյաց
- Ներառական կրթությունը Հայաստանի դպրոցներում
- Երևանի արվեստի դպրոցների նոր վարձաչափն ու սահմանափակ արտոնությունները
Ամփոփեց Քրիստինե Տեր-Մաթևոսյանը
Ինֆոգրաֆիկաները` Գայանե Մելիքյանի
Տեսանյութը` Գարիկ Արամյանի
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 05/10/2018