Տնտեսություն

Պետական դրամաշնորհներ. Ո՞րն է խնդիրը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) 2018թ. օգոստոսին հարցում է իրականացրել պետական գերատեսչությունների շրջանում՝ պարզելու, թե ՀՀ պետական բյուջեից որքան դրամաշնորհներ ու սուբսիդիաներ են տրամադրվել հասարակական կազմակերպություններին (ՀԿ):

Հարցումն ուղարկվել է ՀՀ բոլոր նախարարություններ, ինչպես նաև վարչապետի և ՀՀ նախագահի գրասենյակներ։ Գերատեսչություններից ստացված պատասխանները լայն քննարկման առիթ դարձան:

Պատասխանների հանրագումարից հանրությունը տեղեկացավ, որ շուրջ 18 ամիսների ընթացքում շուրջ 220 հասարակական կազմակերպություն պետբյուջեից ստացել է շուրջ 2,6 մլրդ ՀՀ դրամ (համարժեք է 5,4 մլն ԱՄՆ դոլարի), որից 980 մլն դրամը հատկացվել է 2018 թ. առաջին կիսամյակում:

Այդ գումարի միայն 85%-ը կամ շուրջ 2,2 մլրդ դրամը հատկացվել է ՀՀ երեք նախարարությունների կողմից: Մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 786մլն, Կրթության և գիտության նախարարությունը՝ 727 մլն և Մշակույթի նախարարությունը՝ 691 մլն դրամ:

Ըստ կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի՝ այս հարցումն իրենց կազմակերպության կողմից պարբերաբար անցկացվող մոնիթորինգի մաս է կազմում, որի միջոցով ԻԱԿ փորձագետները պարզում են, թե ուր են ուղղվում պետական միջոցները։

Հարցումն ընդգրկում է 3 հարց.

  • 2017-2018թթ. ՀՀ պետական գերատեսչությունները ո՞ր ՀԿ-ներին են դրամաշնորհներ հատկացրել,
  • Որքա՞ն գումար են փոխանցել,
  • Ի՞նչ նպատակով։

Դոյդոյանը նշում է, որ իր համար այնքան զարմանալի չէին ստացված պատասխանները, որքան այն, թե ինչպես են պատասխանել հարցմանը: «Նախ, նախարարությունների մեծ մասը հարցման պատասխանն ուղարկեց  օրենքով սահմանված ժամկետից ուշ, իսկ Սփյուռքի նախարարությունը հրաժարվեց տրամադրել ինֆորմացիա, թե ուր են ուղղվել պետական միջոցները, պարզաբանելով, որ այն պարունակում է գաղտնիք։ Նման բան չէր եղել վերջին 7-8 տարիների ընթացքում»,- ասում է ԻԱԿ տնօրենը։

Ուշացումով պատասխանել են անգամ այն նախարարությունները, որոնք, ինչպես ասում է Շուշան Դոյդոյանը, ընդամենը պետք է պատասխանեին, որ ոչ մի ՀԿ-ի դրամաշնորհ չեն տրամադրել։

Ընդհանուր 19 գերատեսչությունները՝ որոշ դեպքերում օրենքով սահմանված ժամկետից ուշ, պատասխանել են հարցմանը։ Նամակներում պարզաբանվել է, որ գումարները փոխանցվել են ՀԿ-ներին տարաբնույթ միջոցառումների և ծրագրերի իրականացման համար։ 

ՀՀ Նախագահի աշխատկազմը 2017թ․ 16,5 մլն դրամ է փոխանցել «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» ՀԿ-ին (խմբ. նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք)։ 2017թ. ՀՀ նախագահի աշխատակազմից ամենախոշոր գումարը` շուրջ 27,8 մլն դրամ, փոխանցվել է «ԿՎՆ ուրախների ու հնարամիտների ակումբ» ՀԿ-ին։ 2018 թ. փոխանցած առավելագույն գումարը՝ 1,7 մլն դրամ, փոխանցվել է «Դարույնք» երիտասարդական ՀԿ-ին:

ՀՀ Կառավարությունից նույն ժամանակահատվածում դրամաշնորհներ ստացած բոլոր ՀԿ-ները հիմնականում զբաղվում են Հայաստանում ազգային փոքրամասնությունների և նրանց մշակույթի պահպանությանն ուղղված նախաձեռնություններով (դրանցից են, օրինակ, «Եզդիների ազգային միություն», «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ-ները և այլն): Ընդ որում, նույն ՀԿ-ները միևնույն կամ մեկ այլ ծրագիր իրականացնելու համար դրամաշնորհ են ստացել և՛ 2017-ին, և՛ 2018-ին։

ՀՀ կառավարության աշխատակազմը 2017թ. 11,8 մլրդ դրամ է փոխանցել «Հարմոնիա» ռուսական մշակույթի ՀԿ-ին, ինչը կազմում է 2017թ. տրամադրված դրամաշնորհների ամբողջ գումարի մոտ 60%-ը: Նույն կազմակերպությունը 11,2 մլրդ դրամ է ստացել նաև 2018թ. առաջին կիսամյակում, ինչը տրամադրված դրամաշնորհների ամբողջ գումարի 56%-ն է կազմում:   

Որոշ հասարակական կազմակերպություններ դրամաշնորհներ են ստացել մի քանի անգամ, ինչպես «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան»»  ՀԿ-ն, որին առանձին դրամաշնորհներ է տրամադրվել «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի կազմակերպման համար` մասնավորապես բացման արարողության, արտասահմանցի հյուրերի ընդունման և այլ ծախսերի նպատակով։

Մշակույթի նախարարությունից 2017թ. ընդհանուր 51,3 մլն դրամ է փոխանցվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ 2018 թ․՝ 50,8 մլն դրամ (խմբ. նախարարներ Հասմիկ Պողոսյանի և Արմեն Ամիրյանի պաշտոնավարման օրոք): Նույն ժամանակահատվածում մոտ 20 մլն դրամ էլ հատկացվել է «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարի թվով 56 հաղորդում պատրաստելու համար։ 

Ըստ ԻԱԿ ղեկավարի` դրամաշնորհների և սուբսիդիաների տրամադրման գործընթացը պետք է լինի բաց և հասանելի բոլորին, այսինքն` բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող են իրականացնել նախատեսվող ծրագրերը, պետք է հնարավորություն ունենան մասնակցելու մրցույթին, որի արդյունքում էլ կընտրվի առավել համապատասխան թեկնածուն։ «Այս դեպքում մրցակցության առկայությունը կնպաստի նաև ծրագրերի իրականացման որակի բարձրացմանը, այնինչ մի շարք ՀԿ-ներ մի քանի տարի շարունակ դրամական միջոցներ են ստանում նույն ծրագիրն իրականացնելու համար», – ասում է Դոյդոյանը։

Կրթության և գիտության նախարարությունը 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակում (խմբնախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման օրոք) դրամաշնորհներ և սուբսիդիաներ է տրամադրել չորս հասարակական կազմակերպությունների։ Առավելագույն գումարը  փոխանցվել է «Աշխատանքային ռեզերվներ» ՀԿ-ին. 2017թ.-ին` 255 մլն դրամ, իսկ 2018 թվականին նախատեսվում է փոխանցել 262 մլն: Օգոստոս ամսվա դրությամբ փոխանցվել է շուրջ 152 մլն դրամ։ Տվյալ ՀԿ-ի իրականացրած ծրագրի նպատակն է արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը։

2017 թ.-ին ԿԳՆ-ն 90 մլն դրամ է փոխանցել  նաև «Նոր սերդնի դպրոց» ՀԿ-ին` «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի իրականացման աջակցության համար: Նախարարության պատասխանի մեջ նշված է, որ նույնքան գումար է նախատեսվում փոխանցել նաև 2018-ին, որից 51մլն արդեն փոխանցվել է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակում (խմբ. նախարար Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման օրոք) դրամաշնորհներ և սուբսիդիաներ է տրամադրել թվով 7 ՀԿ-ի։ Երկու տարիների ընթացքում նախարարությունը 436 միլիոն դրամ սուբսիդիա է տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝  171 աշխատողի աշխատավարձի փոխհատուցման (նվազագույն աշխատավարձի չափով) և բարեգործական ճաշարաններ այցելող 1692 շահառուի մեկանգամյա սննդի գումարի մասնակի փոխհատուցման համար։ Շուրջ 90 մլն դրամ էլ փոխանցվել է «Առավոտ» ՀԿ-ին  ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում կենսաբանական ընտանիքներ տեղափոխված կամ կանխարգելված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակություն ցույց տալու համար։  

Սփյուռքի նախարարությունից նշված ժամանակահատվածում (խմբ. նախարար Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման օրոք) ՀԿ-ներին փոխանցվել է 27,7 մլն դրամ։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել հավելյալ ինֆորմացիա` պարզաբանելով, որ այն պարունակում է պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տարբեր ՀԿ-ների է փոխանցել 75,6 մլն դրամ, որից 4 մլն-ը՝ «Ծիածան» սոցիալական ՀԿ-ին։ 2017թ․ այս ՀԿ-ի իրականացրած ծրագրի նպատակը սոցիալական խնդիրներին վերաբերող համաշխարհային նմուշների ցուցադրություն կազմակերպելն էր, իսկ 2018-ին՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց համագործակցության համար հարթակ ստեղծելը։  (խմբ. նախարար Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնավարման օրոք):

Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ 2018թ.  դրամաշնորհներ չի տրամադրել, իսկ  2017թ. ամենաշատ գումարը՝ 16,8 մլն դրամ, հատկացրել է «Հայկական աստղագիտական ընկերություն» ՀԿ-ին «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» թեմայով միջազգային խորհրդաժողով կազմակերպելու նպատակով։  (խմբ. նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման օրոք):

Պաշտպանության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Արդարադատության, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները պատասխանել են, որ նշված ժամանակահատվածում դրամաշնորհներ և սուբսիդիաներ չեն տրամադրել ոչ մի կազմակերպության։

ԻԱԿ-ի կողմից ուղարկված բոլոր ՏԱ հարցումները և դրանց պատասխանները կարող եք գտնել www.givemeinfo.am կայքում՝ «Ընտրել գերատեսչությունը» բաժնում:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Անի Ավետիսյանը , Ինֆորմացիայի ազատության կենտրոն 

Պատասխանատու խմբագիր Աստղիկ Գևորգյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 17/09/2018