Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ Միայն այս տարվա առաջին հինգ ամիսներին հայաստանցիները կուտակել են 893.4 միլիոն դոլար պարտք՝ իրենց ընդհանուր պարտավորությունը, ըստ Ֆինանսների նախարարության, 2025 թվականի մայիսի վերջի դրությամբ հասցնելով 13 միլիարդ 735.6 միլիոն դոլարի՝ աննախադեպ մեծ թիվ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում։
Եթե հիմք ընդունենք Վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց այս ապրիլի սկզբին Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 մլն 81 հազար էր, ապա յուրաքանչյուր հայաստանցի իր ուսերին այլևս կրում է 4,458 դոլար` անկախ իր տարիքից։
Իրականում, պարտքի թիվն ավելի մեծ է․ քչերն են այն կարծիքին, որ Հայաստանում բնակվում է երեք միլիոնից ավելի մարդ։ Մյուս կողմից, կառավարությունը (առվանզն ըստ «ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (2026 – 2028 թվականներ)») ոչ միայն նպատակ չունի առաջիկա տարիներին կրճատել պետական պարտքը, այլև այն տեսանելի հեռանկարում միայն աճելու է։
Թավշյա հեղափոխությունից ի վեր պետական պարտքը ավելի քան կրկնապատկվել է, իսկ պարտքի կուտակման տեմպը արագացել գրեթե երեք անգամ
Եթե 2017 թվականը Հայաստանը փակեց 6 մլրդ 774.6 մլն դոլար պետական պարտքով, ապա շուրջ 7,5 տարի անց՝ 2025թ․–ի մայիսի վերջին այդ թիվը, ինչպես նշեցինք, մոտենում է 14 միլիարդ դոլարին։ Ստույգ՝ տարբերությունը կազմում է 6 մլրդ 961 մլն դոլար։
Փաստորեն հետհեղափոխական շրջանում՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի պետական պարտքը ավելացել է գրեթե մեկ միլիարդ դոլարով, և եթե համեմատենք նախահեղափոխական 26 տարիների (1991-2017) հետ, որի ժամանակ Հայաստանի տարբեր նախագահներ ու կառավարություններ հաջողացրել էին կուտակել մոտ (կլորացնենք) 7 միլիարդ դոլար պետական պարտք, ապա ստացվում է, որ 2017 թվականից ի վեր պետական պարտքի կուտակման տեմպը արագացել է գրեթե երեք անգամ։
Հայաստանն ավելի բարձր տոկոսներով է պարտք վերցնում
Խնդիրը միայն պետական պարտքի ծավալների աճի մեջ չէ։ Նախորդ տարիների զարգացումների հետևանքով Հայաստանը նկատելիորեն ավելի բարձր տոկոսադրույքով է պարտք վերցնում, քան նախկինում էր։
Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն, եթե 2017 թվականին Հայաստանի կառավարությունն իր ներգրաված վարկային միջոցների դիմաց տարեկան վճարել է միջինը 4.9%, ապա 2025 թվականին այդ թիվը կկազմի 7.4%։ Նույն պատկերն է Հայաստանի կենտրոնական բանկի պարագայում՝ 2017թ․ 1.7% է եղել, իսկ 2025թ․ (հունիսի 10-ի դրությամբ) 3.3%։
Նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ Հայաստանի հարկատուները ամեն տարի ավելի շատ գումար են հատկացնում պետական պարտքի (կառավարության ու կենտրոնական բանկի պարտքերի) մարմանը։ Օրինակ, 2017թ․ կառավարությունն իր պարտքի սպասարկման (տոկոսագումար) և մայր գումարը մարելու համար վճարել է գրեթե 307.5 միլիարդ դրամ կամ 637 մլն դոլար (սպասարկման գումարը կազմել է 122.1 միլիարդ դրամ կամ 252.9 միլիոն դոլար), իսկ 2025թ․` նախատեսված է կառավարության պարտքի մարմանը հատկացնել 1 տրիլիոն 117 միլիարդ դրամ կամ 2 միլիարդ 833 միլիոն դոլար (սպասարկման գումարը կազմելու է 394.1 միլիարդ դրամ կամ 999.6 միլիոն դոլար)։
Համեմատության համար նշենք, որ 2025թ․ Հայաստանի պետական բյուջեն կազմելու է 3 տրլն 441.6 մլրդ դրամ կամ ներկայիս փոխարժեքով՝ 8 միլիարդ 729 միլիոն դոլար։ Փաստորեն, Հայաստանի հարկատուների միջոցներից ձևավորվող պետբյուջեում ծախսային ամենամեծ տողն այլևս մեր պետական պարտքի մարումն է։
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին, ապա այստեղ թվերն անհամեմատ համեստ են։ Իր պարտքը մարելու համար 2017թ․ գլխավոր դրամատունը վճարել է 25.9 միլիարդ դրամ կամ 53.8 միլիոն դոլար, 2025թ․՝ 12.8 միլիարդ դրամ կամ 32.6 միլիոն դոլար։
Պարտավճար՝ ժամանակին չօգտագործված վարկային միջոցների դիմաց
Հայաստանի պետական պարտքին առնչվող առկա է ևս մեկ ուշագրավ հանգամանք։ Մեր երկրի պատմության ընթացքում եղել են վարկային պայմանագրեր, որ Հայաստանի կառավարությունները կնքել են, սակայն այդ գումարները ժամանակին չօգտագործելու պատճառով վճարել են պարտավճար (ըստ պաշտոնական գրագրության) կամ տուգանք (ըստ հայաստանյան լրատվամիջոցների ձևակերպումների)։
Դեռ 2009թ․ ստորագրվեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»։ Ի սկզբանե նախատեսվում էր Հայաստանի հյուսիսը հարավին կապող մայրուղու կառուցումն ավարտել 2016թ․։ Շինաշխատանքները, սակայն մեկնարկեցին միայն 2012թ․, ճանապարհի կառուցումը տակավին հեռու է ավարտից։ Առ այսօր չի կառուցվել ճանապարհի անգամ մեկ հինգերորդը։
Կարդացեք նաև․ «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք»՝ բազմափուլ ֆինանսավորում և թափանցիկության խնդիրներ
Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2011թ․ հուլիսի 30-ից («Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – ծրագիր II»-ի համար) և 2014թ․ մայիսի 10-ից («Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – ծրագիր III»-ի համար) հաշվարկված պարտավորության վճարների գծով Հայաստանի կառավարությունը փոխանցել է ավելի քան 1 միլիարդ 310 միլիոն դրամ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 3.3 միլիոն դոլար։
«Հյուսիս-Հարավի» օրինակը եզակի չէ։ 2015թ. Հայաստանի կառավարությունն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը ստորագրեցին Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման համար 75 միլիոն եվրո պարունակող համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում էր 2016թ․ Վեդի գետի վրա կառուցել 20 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով ջրամբար: Շինարարությունը սկսվեց 2017թ․-ին, ավարտվեց այս տարի։ 2016թ․ մայիսի 26-ից հաշվարկված պարտավորության վճարի գծով Հայաստանի կառավարությունը փոխանցել է ավելի քան 571.1 միլիոն դրամ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 1.4 միլիոն դոլար։
Կորոնավիրուս, պատերազմ ու տնտեսական աճ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արձագանքում է, թե հետևյալ երեք գործոններ են գլխավորապես ընկած Հայաստանի պետական պարտքի նման աճի հիմքում՝
- 2020 թվականին բռնկված կորոնավիրուսի համաճարակը, որն էական հարված էր հայաստանյան տնտեսությանն ու հետևաբար՝ պետբյուջեի եկամտային մասին,
- այնուհետև՝ նույն տարում տեղի ունեցած պատերազմը Ադրբեջանի հետ, որն էլ ավելի բարդացրեց իրավիճակը,
- և վերջապես՝ տնտեսական աճը, որի խթանման համար ևս գումար է հարկավոր։
Արխիվային լուսանկար [15.11.2024թ․]․ Եվրոպական ներդրումային բանկ Գլոբալը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրում ՀՀ–ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար։ Համաձայնագրի հաստատման նամակները ստորագրում են ԵՆԲ–ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2017 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը (համախառն ներքին արդյունք/ՀՆԱ) աճել էր շուրջ երկու անգամ՝ 5 տրիլիոն 564․4 միլիարդ դրամից հասնելով 10 տրիլիոն 193․4 միլիարդ դրամի։
Եթե վերածենք ԱՄՆ դոլարի, ապա աճն ավելի տպավորիչ է, որովհետև եթե 2017 թվականին ամերիկյան մեկ արժույթի միջին փոխարժեքը 482.72 դրամ էր (ըստ Վիճակագրական կոմիտեի), ապա 2024 թվականին՝ 392.73 դրամ։ 2022 թվականից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից ի վեր՝ հասկանալի ու հայտնի պատճառներով, հայկական արժույթը սկսեց քաշ հավաքել, և եթե Հայաստանի տնտեսական աճը չափենք դոլարով, ապա կստանանք ավելի քան երկու անգամ աճ՝ 125.1% (ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 11 միլիարդ 527 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ 2024 թվականը փակել ենք 25 միլիարդ 955 միլիոն դոլարով)։
Սակայն նկատում ենք, որ հայաստանյան տնտեսական աճը զգալիորեն ակտիվացել է ուկրաինական պատերազմից ի վեր, երբ արևմտյան երկրներ-Ռուսաստան առևտրաշրջանառության որոշակի մասը սկսեց իրականացվել Հայաստանով, և մեր երկիրն ուղղակի դարձավ միջնորդ հսկայածավալ այդ հոսքերում՝ գումար ու տնտեսական աճ վաստակելով։
Այսպես, եթե մի կողմ թողնենք 2020 թվականին Հայաստանի 7.2%-ոց տնտեսական անկումը, որի պատճառները կորոնավիրուսն ու 44-օրյա պատերազմն էին, ապա 2018թ․, 2019թ․ և 2021թ․ Հայաստանի տարեկան տնտեսական աճի միջին թիվը կազմել է 6.2%, այնինչ 2022թ․, 2023թ․ և 2024թ․, երբ ուկրաինական պատերազմն ընթացքի մեջ էր, այդ թիվը 8.9% էր կամ 43.5%-ով ավելի՝ նշված 6.2%-ի հետ համեմատած։
Հայաստանի կառավարությունն ինքը չի թաքցնում, որ նախորդ տարիներին հայաստանյան տնտեսական բարձր աճի վրա առաջնային դրական ազդեցություն է թողել հենց ուկրաինական ճգնաժամը։
«2021-2024 թվականներին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8.2% իրական աճ՝ կրելով 2022 թվականի փետրվարի վերջերից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ՀՀ տեղափոխման, ՀՀ-ից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման, պետական բյուջեից կապիտալ ծախսերի և բնակարանաշինության բարձր աճերի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի վերջերից Լեռնային Ղարաբաղից ՀՀ բռնի տեղահանված անձանց տնտեսական ազդեցությունները»,- կարդում ենք «ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (2026 – 2028 թվականներ)»։
Հետևաբար՝ բաց հարց է, թե, իրականում, որքանով է նպաստել պետական պարտքի նման կուտակումը տնտեսական աճին։
Ի դեպ, նույն ծրագրի կանխատեսմամբ՝ գալիք տարիներին աճն ավելի համեստ է լինելու․ «2025 թվականի համար սպասվում է շուրջ 5.1% տնտեսական աճ, իսկ միջնաժամկետում (2026-2030թթ.)՝ միջինում 5․3% աճ»։
Աչք է զարնում մեկ այլ օրինաչափություն։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները իրենց գործունեության առաջին երեք տարիներին բավականին զուսպ էին պետական պարտքի ավելացման առումով և տարեկան կուտակել են միջինը 397.9 միլիոն դոլար (երեք տարվա ընթացքում՝ 2018թ․, 2019թ․ ու 2020թ․, Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիրադ 193.9 միլիոն դոլարով՝ 2017թ․ վերջի համեմատ), ապա 2021թ․-ից ի վեր, երբ անցյալում էին կորոնավիրուսն ու պատերազմը, պետական պարտքի կուտակման տեմպերը արագացել են ավելի քան երեք անգամ, և 2021թ․, 2022թ․, 2023թ․ ու 2024թ․ Հայաստանի պարտքը տարեկան միջինը աճել է 1 միլիարդ 218.4 միլիոն դոլարով՝ 2020թ․ վերջի համեմատ ավելանալով 4 միլիարդ 873.7 միլիոն դոլարով։
Անշուշտ, 2020թ․-ի առնվազն հաջորդ տարում չէր կարող նշանակություն չունենալ տնտեսության ու պետբյուջեի եկամուտների նկատմամբ կորոնովիրուսի բացասական ազդեցությունը, ուստի պետական պարտքի ավելացումն, ըստ ամենայնի, անխուսափելի էր։ Ինչ վերաբերում է հետագային՝ 2022թ․, 2023թ․ և 2024թ․, գուցե, իր դերն է ունեցել Ադբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը հնարավորինս պահպանելու կառավարության նպատակը։
Արդյո՞ք տնտեսական աճը որակյալ է և կուտակվող պարտքը ծառայում է նպատակին
Տնտեսությանն անդրադառնալիս Հայաստանի իշխանությունները շարունակում են ընդգծել թվային աճը, ինչը, անշուշտ, կարևոր է, սակայն ՀՆԱ-ի որակական զարգացման համար սակավ տեղեկություն է տալիս։ Այնինչ, տնտեսական որակական զարգացումն է ի զորու փոխել Հայաստանի կարողությունները, հեռանկարները՝ ռեսուրսներ ապահովելով երկրի զարգացման, անվտանգության ապահովման համար, նաև մարել կուտակվող պետական պարտքը։
Համեմատաբար վերջերս խոսելով Հայաստանի տնտեսության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց իր գոհունակությունը։
«2024 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված կառավարության 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, 2021-2024 թվականների արդյունքներով կազմելով միջինում 8,15%: 2023 թվականի արդյունքներով՝ Հայաստանում արձանագրվել էր 8,3%, 2022 թվականին՝ 12,6%, 2021 թվականին` 5,8% տնտեսական աճ»,- փետրվարի վերջին հայտարարել էր Փաշինյանը։
Տնտեսագետները, սակայն, մտահոգ են՝ որքա՞ն արդյունավետ են ծախսվում հատկապես Հայաստանի փոխառած վարկային ռեսուրսները (պետական պարտքը)՝ նոր որակի տնտեսություն կառուցելու համար։
«Առհասարակ պետպարտքը բացասական երևույթ չէ, եթե այն ուղղվում է տնտեսության մեջ որակական կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը։ Ցավոք, պետք է արձանագրել, որ նախորդ տարիների ընթացքում մոտ յոթ միլիարդ դոլարի չափով պետպարտքի ավելացումը մեր տնտեսության մեջ դրական փոփոխություններ չի առաջացրել։ Այդ միջոցները գլխավորապես ուղղվել են ընթացիկ ծրագրերի ֆինանսավորմանը, ոչ թե տնտեսությունում հիմնարար, կառուցվածքային փոփոխությունների տանող ծրագրերին։ Եվ սա չի նպաստել, որ ապագայի համար այնպիսի հիմք ստեղծենք, որը թույլ կտա ապագայում ավելի շատ հարկ հավաքել»,- մեզ հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը եզրակացրեց, թե «պետական պարտք է կուտակվել, սակայն տնտեսությունը որակական առումով չի փոխվել, և ապագայում ունենալու ենք խնդիր այս պետպարտքի սպասարկման առումով, երբ այն տնտեսական աճը, որն այսօր կա և որի հիմքում գլխավորապես արտաքին գործոնն է [վերարտահանում Ռուսաստան], կդադարի լինել, և մենք կկանգնենք փաստի առջև»։
Հատկապես նախորդ տարիներին Հայաստանի իշխանությունները նաև հաճախ են խոսում երկրի արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի մասին, որը պետք է ամրապնդի Հայաստանի ավտանգությունը։ Ձեռքբերումներն այս ուղղությամբ կարող են վկայել հայաստանյան տնտեսությունում որակական տեղաշարժերի մասին, որովհետև դիվերսիֆիկացիայի պարագայում նշանակում է ընդլայնվել ոչ ավանդական շուկաներում կամ ընդհանրապես՝ մուտք գործել նոր շուկաներ։ Այլ կերպ ասած, Հայաստանի արտաքին առևտրի թվերը կարող են անուղղակի կերպով որոշակիորեն օգնել հասկանալ, թե որակական ինչ տեղաշարժեր են կատարվում երկրի տնտեսությունում։
Օրինակ, Ռուսաստանը համարվում է Հայաստանի ավանդական շուկա՝ նախևառաջ վերամշակող արդյունաբերության համար (ի դեպ, տնտեսության հատկապես այս ճյուղն է կոչված ապահովել որակական աճը)։ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2017 թվականին հայաստանյան ողջ արտաքին առևտրում Ռուսաստանի չափաբաժինը 26.7% էր, իսկ, օրինակ, Եվրամիությանը՝ 24.3%։ 2021 թվականին, երբ ուկրաինական պատերազմը դեռ չէր սկսվել, չկար նաև դեպի Ռուսաստան վերարտահանումը, ռուսական չափաբաժինը հասել էր 31.4%-ի կամ 4.7 տոկոսային կետով ավելի։ Եվրամիության չափաբաժինը նվազել էր՝ կազմելով 18.9%։ Այս տարի թվերն ավելի տպավորիչ են (իհարկե, գործ ունենք վերարտահանման հետ)․ 2025թ․ առաջին չորս ամիսների Հայաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի չափաբաժինը կազմել է 35.1%, Եվրամիությանը՝ 11.6%։
Ի՞նչ սպասել
Տեսանելի հեռանկարում կառավարությունը մտադիր է ավելացնել իր պարտքը, որը պետական պարտքի մեծ մասն է (ավելի քան 96%-ը)։ Ըստ Հայաստանի կառավարության պարտքի կառավարման 2025-2027 թվականների ռազմավարության՝ 2026թ․ գործադիրը մտադիր է պարտք վերցնել 757.3 միլիարդ դրամ (ավելի քան 1.9 միլիարդ դոլար), իսկ 2027թ․ ևս 655.5 միլիարդ դրամ (ավելի քան 1.6 միլիարդ դոլար)։
Սակայն սա էլ ամբողջը չէ։ Համաձայն «ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (2026 – 2028 թվականներ)»՝ թեև միջնաժամկետ հատվածում կառավարության պարտքը գնահատվում է «կայուն և կառավարելի», և եթե 2020թ․ կառավարության պարտքը հասել էր երկրի ՀՆԱ 63.5%-ի, իսկ անցած տարի նվազել էր 48%-ի, սակայն որոշակի ռիսկերի իրականացման պարագայում պետական պարտքը կարող է կտրուկ աճել։
Երեք ռիսկերն են՝ տնտեսական աճի դանդաղումը, որը կարող է վրա հասնել «ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում առաջացած դրական շոկի աստիճանական շրջադարձի [դեպքում]», հայկական դրամի արժեզրկումը և բյուջեի պակասուրդի մակարդակի պահպանումը։
«3 սցենարների համակցման, այսինքն՝ բոլոր ռիսկերի նյութականացման դեպքում պարտքի բեռը արդեն 2026թ․-ին գերազանցում է հարկաբյուջետային կանոնի 60% շեմից և շարունակաբար աճում՝ 2030թ․-ին հասնելով 70%-ի։ Այս սցենարում ընդհանուր առմամբ, պարտքի հետագիծը անկայուն է, որը ՀՀ կառավարության համար հղի է հեղինակության ռիսկերով և ֆինանսական շուկաների ռիսկի ընկալումների էական վատթարացմամբ, որի դեպքում պարտքի կայունությունը բարձր խոցելի կարող է դառնալ»,- նշված է փաստաթղթում։
Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Գծապատկերները՝ Կարինե Դարբինյանի
Հիմնական նկարը պատրաստվել է արհեստական բանականության գործիքով
Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը (հեղինակները)։
Կարդացեք նաև
- Ճանապարհ՝ առանց վերջնակետի․ «Հյուսիս-հարավ», որ ձգվում է տարիներ
- «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք»՝ բազմափուլ ֆինանսավորում և թափանցիկության խնդիրներ
- Յոթ տարի, ոչ մի դատավճիռ․ «Հյուսիս-հարավի» կոռուպցիոն գործի ձախողված պատմությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 12/07/2025