Քաղաքական

Հոկտեմբերի 12-19. ՍԴ-ն մերժել է ԱԺ նախաձեռնությունը

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա` ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ 

16 էջանոց որոշումը ՍԴ կայքում հրապարակվել է հոկտեմբերի 17-ին։ 

Նրանում մասնավորապես նշվում է, որ ԱԺ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, և Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Մայրաքաղաքը նշեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2801-ամյակը

Հոկտեմբերի 19-ին «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունն անցկացվեց միաժամանակ Երևանի 12 վարչական շրջաններում։ Ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի՝ բոլոր 12 շրջաններում հավասարապես նույն տեխնիկական հագեցվածությամբ միջոցառումներ են կազմակերպվել, և մեկ պաշտոնական միջոցառում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մեղադրանք՝ «Հայելի» ակումբի վրա հարձակում իրականացրածներին 

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Հայելի» ակումբի վրա հարձակում կատարած 4 երիտասարդի։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։

Մեղադրյալները հոկտեմբերի 5-ին ձվերով հարվածել էին ակումբի մուտքի պատին, փակցրել պաստառներ և ուղիղ հեռարձակմամբ հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը:

Ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը մեկնաբանելով կատարվածը, նշել էր, որ հարձակումը կազմակերպվել է իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ: 

Սննդային թունավորում՝ Արտաշատի դպրոցներից մեկում 

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ նույն օրը Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցում սննդային թունավորման դեպքի առթիվ։ Տուժել է 24 անձ։ 

Դեպքից երեք օր անց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է։ Դրա համար հիմք են ծառայել ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները։

Մասնավորապես՝  դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք։ Բացի այդ, սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը խախտված են, ինչը չի բացառում աղտոտումը։ Չկա տաք ջրամատակարարում, իսկ գույքը՝ հնամաշ է:

Հավելյալ ֆինանսավորում՝ բժշկական մի շարք ծառայությունների համար

Հոկտեմբերի 17-ին կառավարության նիստում ընդունվեց որոշում, որի արդյունքում կկատարվեն վերաբաշխումներ առողջապահության բյուջետային տողերում: Մի շարք ծառայությունների համար կհատկացվի հավելյալ ֆինանսավորում։ 

Հայաստանից Եվրոպա՝ ավելի մատչելի չվերթներով

Հայաստանի ավիացիոն շուկա է մուտք գործում Եվրոպական ամենամեծ՝ «Ryanair» իռլանդական բյուջետային ավիաընկերությունը։ Առաջին չվերթը կիրականացվի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ։ Իսկ արդեն մարտի վերջից կգործեն Երևան-Բեռլին, Գյումրի-Մեմինգեն (Գերմանիա) ուղղությունները։ 

Լրատվամիջոցներում նշվում է, որ ավիաընկերության կայքում արդեն հասանելի են Երևանից դեպի Միլան, Հռոմ, Բեռլին և հետադարձ ուղղություններով չվերթների ավիատոմսերն ու արժեքները։ Օրինակ Երևանից Միլան հնարավոր է մեկնել 28 եվրոյով, իսկ Երևանից Բեռլին չվերթի համար վճարել ընդամենը 40 եվրո։ Սակայն, որոշ քաղաքացիներ, նույն կայքի միջոցով իրենց նախընտրած ժամկետների համար տոմսեր էին որոնել և ստացել տասնապատիկ անգամ ավելի թանկ արժեքով արդյունքներ, ինչի մասին գրել էին ֆեյսբուքյան իրենց էջերում։

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ

Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը 144 ձայնով ընտրվել է Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։

Ներկայացված երկրների թվում են եղել նաև Լեհաստանն ու Մոլդովան, որոնք համապատասխանաբար հավաքել են 124 և 103 ձայն։ 

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/10/2019