Քաղաքական

Փետրվարի 25-մարտի 1. ձերբակալություններ՝ ՊՎԾ-ում, հային 20 տարվա ազատազրկում՝ Ադրբեջանում

ինչպես նաև ծանուցումներ՝ քաղաքապետարանից, վարչապետը Իրանում, մարտիմեկյան հարգանքի երթ

Ձերբակալվել են ՊՎԾ աշխատակիցներ

Փետրվարի 26-ին մամուլում տեղեկություն էր տարածվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) չորս աշխատակիցների ձերբակալության մասին։ Նույն օրը երեկոյան ՊՎԾ-ը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտնելով, որ ձերբակալվել է ոչ թե չորս, այլ երկու աշխատակից: Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, սակայն չեն ընդունում մեղադրանքը: 

Ազգային անվտանգության ծառայության համաձայն՝ ՊՎԾ աշխատակիցներն ապօրինաբար միջամտել են մի շարք բժշկական կենտրոնների համար անհրաժեշտ բժշկական սարքերի գնման գործընթացին, որպեսզի մրցույթը հաղթի իրենց նախընտրած ընկերությունը: Ավելի վաղ բժշկական կենտրոններին դիալիզի սարքեր մատակարարող ընկերություններից մեկը բարձրաձայնել էր ՊՎԾ աշխատակիցների կողմից գնումների գործընթացին միջամտելու մասին, ինչն էլ պատճառ էր դարձել, որ Առողջապահության նախարարությունից այդ հարցով դիմեն ԱԱԾ-ին:

Քաղաքապետարանի ծանուցման հետքերով

Երևանի քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել Բուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող այն ընկերություններին, որոնք այդ տարածքները անհատույց օգտագործման իրավունքով ստացել են քաղաքապետարանից: Ծանուցման մեջ նշվում է, որ այդ ընկերությունները պետք է տարածքն ազատեն 35 օրվա ընթացքում:

Ծանուցումը ստացած ընկերությունների թվում են նաև մի շարք լրատվամիջոցներ՝ «Հրապարակ» օրաթերթը, «Հայելի» ակումբը, «ԱՌԿԱ» և «Նյութ» լրատվական գործակալությունները, «Անդին» գրական հանդեսը և այլն։ Վերջինների ղեկավարները պնդում են, որ ըստ ծանուցման իրենցից պահանջվում են 5-օրյա ժամկետում ազատել զբաղեցրած տարածքները: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ծանուցումն անօրինական է համարել, քանի որ, նրա խոսքով, դեռևս նախորդ ավագանին որոշում է կայացրել այդ տարածքները անհատույց հանձնել նշված լրատվամիջոցներին, և ծանուցումը շրջանցում է ավագանու որոշումը:  

Քաղաքապետի խոսնակը պարզաբանել է, որ այս գործընթացը մեկնարկել է հասկանալու համար, թե ինչ չափորոշիչներով են քաղաքային նախկին իշխանությունները նույն հասցեում որոշ կազմակերպությունների, օրինակ՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը տարածքը վարձակալության տվել, իսկ որոշներին՝ անհատույց օգտագործման։ Քաղաքապետարանի տված պարզաբանմանը զուգահեռ մի շարք լրագրողական կազմակերպություններ լրատվամիջոցների ղեկավարներին կոչ են արել սեփական առաջարկությունները ներկայացնել  քաղաքապետարանին։

Վարչապետը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Հայկական պատվիրակությանը դիմավորել են Իրանի  թագավորական «Սաադաբադ» պալատում, ինչից հետո մեկնարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև բանակցություները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է էներգետիկ միջանցք ծառայել իրանական գազը երրորդ երկիր հասցնելու համար։ Ռոհանին էլ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել մեծացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալը և նշել է, որ Իրանը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներին։

Ամփոփելով Իրան-Հայաստան բանակցությունների արդյունքները՝ երկու ղեկավարները կարևորել են տնտեսական համագործացության խորացմանն ուղղված ծրագրերը հատկապես ՏՏ, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում։ Նույն օրը վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ։ Այցի շրջանակներում վարչապետը հանդիպել է նաև Իրանում հայ համայնքի ներկայացուցիչներին:

Ռեկտորի հրաժարականի հարցը հանվել է օրակարգից

Նախորդ շաբաթ Ոստիկանության կողմից հրապարակված Երևանի պետական համալսարանում չարաշահումների մասին փաստերը հիմք դարձան, որպեսզի այս շաբաթ ակտիվանան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի շուրջ քննարկումները:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին, սակայն, չքննարկվեց ռեկտորի հրաժարականի հարցը, քանի որ դրան կողմ քվեարկեց հոգաբարձուների խորհրդի 12, դեմ՝ 15 անդամ։ Նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտորը հայտարարեց, որ ինքնակամ հրաժարական չի տա։  Դա նշանակում է, որ Արամ Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել մինչ հաջորդ ընտրությունները: Վերջին ընտրությունը եղել է 2015թ-ին: Հոգաբարձուների խորհրդի նիստն ընթացել է մի շարք արտառոց դեպքերով:

ՀՀ քաղաքացին Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Ադրբեջանի Գյանջա քաղաքի (Գանձակ) դատարանը ՀՀ  Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Կարեն Ղազարյանը անցած տարի ամռանը չպարզված հանգամանքներում հայտնվել էր Ադրբեջանի տարածքում և գերեվարվել: Առողջական խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանին Ադրբեջանը ներկայացրել էր որպես դիվերսանտ՝ այն դեպքում, երբ վերջինս ընդհանրապես չի ծառայել Հայաստանի բանակում։ Դատարանը որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով Ղազախի շուկայի սեփականատիրոջ ցուցմունքը, ըստ որի՝ իբր, Ղազարյանը շուկայում հարձակում էր նախապատրաստում։

Դատապարտելով ադրբեջանական դատարանի այդ որոշումը՝ ՀՀ ԱԳՆ իր հայտարարության մեջ նշում է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի հումանիտար միջազգային իրավունքների խախտմամբ կայացված դատավճիռը չեղարկվի և անհիմն դատապարտված Կարեն Ղազարյանն ազատ արձակվի։

2008թ. մարտիմեկյան դեպքերից 11 տարի անց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ուղերձ է հղել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությանը։ Այդ օրվա դեպքերը համարելով տարիների ընթացքում կուտակված ապօրինությունների, ամենաթողության, ընտրակեղծիքների ու քաղաքական սպանությունների արդյունք՝ վարչապետը կարևորել է տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալը։ Ներողություն խնդրելով մարտիմեկյան զոհերից ու քաղաքական հետապնդումների ենթարկված ՀՀ քաղաքացիներից՝ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանում այսուհետ նման երևույթներ չեն լինելու։

2008թ. մարտի 1-ի դեպքերը դատապարտել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները։ Երեկոյան՝ ժամը 18։30-ին Երևանի Ազատության հրապարակից քաղաքացիները երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/03/2019