Ծեծկռտուք հայերի և ղազախների մասնակցությամբ
Նոր տարվա առաջին աշխատանքային շաբաթը մեկնարկեց Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով։ Տեղի ռեստորաններից մեկում հայերի և ղազախների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մեկ մարդ մահացել էր, երեքը՝ վիրավորվել: Սպանության մեջ մեղադրվող ութ անձանցից երեքը հայեր էին: Միջադեպից հետո Կարագանդայում տեղի բնակչությունը կազմակերպում էր բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվում էին հակահայկական կոչերով։ Սակայն, Ղազախստանի ղեկավարությունը պաշտոնապես բացառում էր այն վարկածը, որ միջադեպը տեղի է ունեցել ազգային հողի վրա։ Հունվարի 7-ին միջադեպի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները։ Նրանք անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա տեղի ունեցած դեպքին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը։
«Քառյակ մեդիա»-ն երեք մեդիայի սեփականատեր
Հունվարի 8-ին ԱԺ նախկին պատգամավորներ, ՀՀԿ անդամներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հանդես գալով համատեղ հայտարարությամբ, տեղեկացրել են, որ հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերություն, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն և «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն («Լավ Ռադիո»)։ Այս երեք մեդիա ընկերությունները կմիավորվեն «Թերթ.am» բրենդի ներքո, որի գործադիր ղեկավար է նշանակվել Արամ Անտինյանը` «Թերթ.am» լրատվական կայքի նախկին ղեկավարը: Նույն օրը Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը նաև հայտարարել են, որ դադարեցրել են իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը
Հունվարի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է 2018թ. դեկտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ձևավորված նոր կազմը: «Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց: 16-ը ԵՊՀ ներկայացուցիչներ են, մյուս 16-ը նշանակվում են նախարարության ու կառավարության կողմից»,- նշել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվում է խորհրդի անդամներից։ Ի տարբերություն հոգաբարձուների խորհրդի նախորդ կազմի՝ նոր կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաների (երկրի նախագահ, նախարարներ, պատգամավորներ, դատավորներ) ներգրավվածությունն անհամեմատ նվազել է: Նոր խորհրդի կազմում ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն է, ևս մի քանի պաշտոնյա, ինչպես նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ կընտրվի խորհրդի անդամներից։
Ռոբերտ Քոչարյանի գործը կքննի մեկ այլ դատավոր
Հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, որը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինքնաբացարկ հայտնեց։ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել 2018թ. հուլիսին տաս տարի առաջ` 2008թ-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար:
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող կողմը, հիմնավորելով, որ նույն դատավորը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Մարտի մեկի գործով մեկ այլ քննության ժամանակ՝ մեղադրյալի հետ ժամանակին մտերիմ հարաբերությունների մեջ եղած լինելու պատճառով: Քոչարյանի գործով նոր քննությունը կսկսվի նոր դատավորի նշանակումից հետո։ Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն են ներկայացրել։
Նորընտիր պատգամավորները մանդատներ ստացան
ԱԺ 132 նորընտիր պատգամավորները հունվարի 10-ին ստացան իրենց մանդատները։ Այս տարի մանդատները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխարեն հանձնեցին ՀՀ ընտրողները։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18։ Յոթերորդ գումարման ԱԺ-ի աշխատանքները մեկնարկեցին հունվարի 14-ին։
Օպերայի շրջակայքի սրճարանները կվերածվեն կանաչ տարածքների
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է հասարակությանը, որ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակա տարածքում առաջիկայում կվերականգնվեն կանաչ տարածքները։ Ըստ նրա՝ Ազատության հրապարակին հարող հատվածում տարածք վարձակալած տնտեսվարողները արդեն ստացել են սրճարաններն ապամոնտաժելու ծանուցում: Կարապետյանը նշել է նաև, որ քաղաքապետարանի և տնտեսվարողների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ քաղաքապետարանը իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ:
Ամփոփ մեդիա
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/01/2019