Առողջություն Միջազգային

Մեկնե՞լ արդյոք ուղևորության կորոնավիրուսի տարածման պայմաններում. Lonely Planet

Լուսանկարը՝ Getty

Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում մարդկանց ստիպում է մտածել՝ պե՞տք է արդյոք չեղարկել կամ հետաձգել պլանավորած ուղևորությունները: Եթե դուք էլ եք անհանգստացած մոտալուտ ուղևորությամբ, ապա առաջնահերթությունը տվե՛ք ձեր անվտանգությանը և տեղյակ եղե՛ք կորոնավիրուսի վերջին զարգացումներից:

Ահա թե ինչ է առաջարկում իմանալ նախքան ճամփորդությունը համաշխարհային ճանաչում ունեցող Lonely Planet ճամփորդական ուղեցույցը:

Եթե քիչ ժամանակ ունեք, ընթերցեք միայն թավ տառատեսակով [մգեցված] հատվածները։ 

Ի՞նչ է կորոնավիրուսը

Կորոնավիրուսը (COVID-19) օդակաթիլային եղանակով փոխանցվող շնչառական հիվանդություն է: Մարդկանց 80 տոկոսն ապաքինվում է առանց հատուկ բուժման: Չինաստանի ՈԻհան քաղաքում բռնկված վիրուսն արդեն տարածվել է 53 երկրներում [առ փետրվարի 28]:

Վարակման դեպքերի 84 000-ից 78 800-ը գրանցվել է Չինաստանում: Ծեր կամ հիվանդ մարդիկ, այդ թվում բարձր ճնշում, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խոցելի խմբում են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 2800 մարդ: Ըստ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալների՝ ողջ աշխարհում վիրուսից բուժվել է 36 000 մարդ: ՈԻհանում մահացության մակարդակը կազմում է 2-4%, այլ վայրերում՝ 1%: Այս վիճակագրությունը զգալիորեն ավելի ցածր է, քան վերջին երկու կորոնավիրուսային համաճարակներինը: SARS-ը հայտնաբերվել է 2003թ․-ին, որի դեպքում մահացության ցուցանիշը կազմել է 10%, իսկ 2012թ. հայտնաբերվել է MERS-ը՝ մահացության 35% ցուցանիշով: Կորոնավիրուսի տարածման արագությունը զգալիորեն բարձր է, այդ իսկ պատճառով մարդիկ ավելի շատ են վարակվում:

Ո՞ր երկրներից խուսափել

Կորոնավիրուսը տարածվել է վեց մայրցամաքներում: Կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր հավանականությունն ունեն Չինաստանում գտնվող մարդիկ կամ նրանք, ովքեր նոր են այնտեղից վերադարձել: Վարակվելու մեծ հավանականություն ունեն նաև բուժաշխատողները և հիվանդների հետ առնչվողները: Այն մարդիկ, ովքեր 14 օր առաջ են վերադարձել Չինաստանից և վարակի ախտանշաններ չունեն, վարակված չեն և չեն կարող տարածել վիրուսը:

Վարակից խուսափելու համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) խորհուրդ է տալիս չմեկնել Չինաստան, որը համաճարակի էպիկենտրոնն է, և Հարավային Կորեա, որտեղ տուժած տարածքներում տրամադրվող բժշկական օգնությունն այժմ սահմանափակ է:

ՀՎԿԱԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել նաև դեպի Իտալիա, Իրան և Ճապոնիա ճամփորդություններից, քանի որ այնտեղ ևս կա համաճարակի բռնկում: Նշված երկրներ մեկնողներին խորհուրդ է տրվում ստուգել այդ երկրների պաշտոնական տեղեկագրերը: Օրինակ՝ Իտալիայում՝ Միլանի մերձակայքում գտնվող Լոմբարդիայի շրջանի 11 քաղաքներ գտնվում են կարանտինի տակ, իսկ Վենետիկի կառնավալի չեղարկումն ուրախ քաղաքը մռայլ գույներով է պատել: Մինչդեռ այցելությունը մոտակա քաղաքներ, ինչպիսին Ֆլորենցիան է, դեռևս անվտանգ է [առ փետրվարի 27]: Երկրի մեծ մասում բռնկումներ չեն գրանցվել:

Ո՞վքեր պետք է խուսափեն ճանապարհորդելուց

Ծերերը և թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ այս շրջանում պետք է զերծ մնան ճանապարհորդելուց: Ուսումնասիրության համաձայն՝ Չինաստանում 70 000 կորոնավիրուսով վարակվածներից ծանր դեպքեր գրանցվել են ծերերի ու հիվանդ մարդկանց մոտ:
ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ բարձր ճնշում, սիրտ-անոթային խնդիրներ և շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խոցելի խմբում են:

Չնայած չկան փաստացի տվյալներ, բայց կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ են նաև հղի կանայք:

Որտե՞ղ գտնել թարմացված ճամփորդական տեղեկություն կորոնավիրուսի վերաբերյալ

Անկախ այն հանգամանքից, թե որ երկիր ես մեկնում, միշտ էլ խելամիտ է տեղեկությունների ու չեղարկումների համապատասխան կայքերից օգտվելը: ՀՎԿԱԿ-ն իր կայքում պարբերաբար թարմացնում է առողջության հետ կապված ճանապարհորդական խորհրդատվություն: New York Times-ն ունի ինտերակտիվ քարտեզ, որը ներկայացնում է վիրուսի տարածման աշխարհագրությունը: ԱՀԿ-ը տեղեկատվության գանձարան է, որը պարբերաբար թարմացնում է կորոնավիրուսի դեպքերի քանակն ամբողջ աշխարհում և պատասխանում համաճարակի տարածման շրջանում ճանապարհորդությամբ մտահոգ մարդկանց հարցերին:

Արդյո՞ք պետք է չեղարկել ճանապարհորդությունները

Բռնկման հետագիծը փոփոխական է․ սա դժվարեցնում է ապագա ճանապարհորդությունների պլանավորումը:
Նրանք, ովքեր արդեն ուղևորություն են ամրագրել դեպի տուժած երկրներ, կարող են ստուգել չեղարկման հնարավոր տարբերակները: Եթե կան չեղարկման պատուհաններ, որոնք զերծ են տույժերից, ապա նշեք դրանք ձեր օրացույցում և վերանայեք իրավիճակը, երբ հերթը դրան հասնի։

Ամերիկյան United, Delta և American ընկերությունների հետ աշխատող աշխարհի բազմաթիվ ավիաուղիներ դադարեցնում են չվերթները դեպի Չինաստան՝ դրանք հետաձգելով մինչև ապրիլի վերջ: Անպայման ստուգեք ձեր ավիաընկերության վարած քաղաքականությունը՝ կապված թռիչքների չեղարկման և վերաամրագրման հետ: ԱՄՆ JetBlue և Alaska Airlines ավիաընկերությունները հայտարարել են, որ պատրաստ են զրոյացնել չեղարկման տույժերը նոր թռիչքների վերաամրագրման դիմաց այն ուղևորների համար, ովքեր իրենց պլանները փոխում են կորոնավիրուսի պատճառով։

ՀՎԿԱԿ-ը ճանապարհորդներին առաջարկում է վերանայել նավով դեպի Ասիա և հակառակ ուղղությամբ շրջագայությունները: Եթե պլանավորում եք նավագնացություն Նորվեգական նավափոխադրողով, ապա մի՛ անհանգստացեք, ընկերությունը ամառային սեզոնին կամ կչեղարկի կամ էլ կվերափոխի բոլոր նավարկությունները դեպի Ասիա:

Cruise Lines միջազգային ասոցիացիան, որին պատկանում են օվկիանոսի նավերի 90%-ը, ուժեղացրել է ուղևորների ստուգումները և չեղարկել կամ վերափոխել է դեպի Ասիա իրականացվող էքսկուրսիաները:

Եթե դեռ նոր եք ուղևորություն պլանավորում 2020 թ․-ի համար, ապա զինվեք ճանապարհորդական ապահովագրությամբ:

«Չեղարկում ցանկացած պատճառով» ճանապարհորդական ապահովագրությունը երաշխավորում է ուղևորության կանխավճարի 50-75%-ի չափով վերադարձ, եթե չեղարկումը չի փոխհատուցվում՝ ըստ ուղևորի պաշտպանության ստանդարտների:

Այս պահին ցանկացած ուղևորություն կորոնավիրուսով վարակվելու որոշակի վտանգ է պարունակում: Չնայած շատ երկրներ դեռ չեն հայտնել կորոնավիրուսի հայտնաբերման մասին, բայց իրավիճակը կարող է միանգամից փոխվել: Իսկ այնպիսի մարդաշատ վայրեր, ինչպիսիք օդանավակայաններն ու երկաթուղային կայարաններն են, ավելի են մեծացնում ռիսկերը: Մի՛ մոռացեք ձեռքերը պարբերաբար տաք ջրով և օճառով լվանալու մասին:

Հեղինակ՝ Ջոն Գարի [ John Garry, Lonely Planet Writer]

Թարգմանությունը՝ Մարիամ Վարդանյանի

Սղբնաղբյուր՝ Lonely Planet. Should I cancel my travel plans in light of the coronavirus outbreak?

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/03/2020