Հայաստանում 2010-2023 թթ. գիտության որոշ ոլորտներ, մասնավորապես՝ գյուղատնտեսությունը, անասնաբուժությունը, աշխարհագրությունը, դեղագործությունը, հոգեբանությունը, լրագրությունը գրեթե զրոյական կամ նվազագույն պահանջարկ են ունեցել գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների շրջանում։
Մինչ աշխարհում այս ոլորտները դինամիկ զարգանում են, Հայաստանում նրանց նկատմամբ հետաքրքրության և պահանջարկի պակասը խոսում է ինչպես ակադեմիական համակարգի վերազինման, այնպես էլ կրթական և գիտական նորարարական ծրագրերի անհրաժեշտության մասին։
Ինչ վերաբերում է գիտության մյուս ոլորտներին, ապա պետք է նշել, որ ինչպես իգական, այնպես էլ արական սեռի ներկայացուցիչների շրջանում նշված ժամանակահատվածում գիտության թեկնածուի գիտական աստիճան հայցողների թիվը նվազել է ավելի քան երկու անգամ:
Հետաքրքիր է, որ եթե ասպիրանտուրայում սեռային գերակշռությունը հօգուտ տղամարդկանց է, ապա գիտության թեկնածության հավակնորդների շրջանում՝ հօգուտ կանանց (տես գրաֆիկը)։
Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:
Ինչևէ, գիտության թեկնածության հավակնողների թվաքանակի նկատելի նվազում դիտվում է երկու սեռերի դեպքում էլ, ինչը հավանաբար պայմանավորված է ժողովրդագրական գործոնով՝ բուհական կրթության տարբեր աստիճաններում ուսանողների թվի նվազմամբ մի կողմից, ուղեղների արտահոսքով՝ մյուս։
2010թ․-ի համեմատ 2023-ին պետական բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը նվազել է 82%-ով, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունեցել բուհական, ապա հետբուհական կրթությունում ներգրավված սովորողների թվի վրա (տե՛ս գրաֆիկը)։
Վերլուծելով 2010-2023 թթ. գիտության ոլորտներում մասնագիտությունների նկատմամբ նախապատվությունները՝ նկատում ենք,
- Որ չնայած գիտական աստիճան հայցողների բացարձակ թվաքանակի անկմանը, կենսաբանական, տեխնիկական և իրավաբանական ոլորտների նկատմամբ հետաքրքրությունը տոկոսային հարաբերակցությամբ պահպանվել կամ նույնիսկ աճել է:
- Իսկ մանկավարժական, բանասիրական և ֆիզիկամաթեմատիկական ոլորտներում թե՛ բացարձակ թվերը, թե՛ տոկոսային հարաբերակցությունը նվազել են։ (տե՛ս գրաֆիկը):
Սեռային ներկայացվածության տեսանկյունից նշված ժամանակահատվածում կանայք հիմնականում ակտիվ են եղել երեք ոլորտներում՝ մանկավարժության, տնտեսագիտության և բանասիրության։ Ուշագրավ է, սակայն, որ վերջին տարիներին մանկավարժությունը դուրս է մղվել նախընտրելի եռյակից՝ զիջելով կենսաբանությանը (տե՛ս գրաֆիկը)։
Տղամարդկանց պարագայում նշված ժամանակահատվածում ամենապահանջված եռյակը գլխավորող ոլորտներն են՝ տնտեսագիտությունը, տեխնիկական ու իրավաբանական ոլորտները, բացառությամբ որոշ տարիների։
Տեքստը և վիզուալիզացիան՝ Մարիամ Անդրեասյանի, Կարինե Դարբինյանի
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
Կարդացեք նաև
- Ուսանողների սեռային հավասարության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ հօգուտ կանանց
- Որքա՞ն արժե ուսումը Հայաստանի պետական բուհերում
- Ասպիրանտուրա ընդունվածների թիվը ութ տարվա ընթացքում կրկնակի նվազել է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/10/2024