Իրավունք Սոցիալական

Ի՞նչ է ընտանիքամետ աշխատավայրը․ երբ գործատուները փոխում են մոտեցումները

Նարինե Ղազարյանը (անունը փոխված է նրա խնդրանքով) այսօր տնային տնտեսուհի է։ Մինչ առաջնեկի ծնունդը նա մի քանի տարի աշխատել է մայրաքաղաքի մասնավոր ատամնաբուժական կլինիկաներից մեկում՝ որպես բուժքույր։ Աշխատավայրում համարվում էր պահանջված աշխատող և հղիության ընթացքում շարունակել է աշխատել առանց դադարի։

«Մեր տնօրենը վստահեցնում էր, որ խնդիր չկա, երեխան կծնվի, դեկրետ կգնամ, հետո կվերադառնամ աշխատանքի։ Բայց երբ արդեն ֆիզարձակուրդում էի, հաշվապահը զանգեց ու փոխանցեց ղեկավարության առաջարկը՝ կամ պիտի դիմում գրեմ ու ազատվեմ կամ ամսական վճարեմ, որ իրենք իմ փոխարեն պետությանը դեկրետային վճարները փոխանցեն։ Այլ ելք չունեի ու դիմումս գրեցի», — պատմում է Նարինեն։

Ելք կար, սակայն 27-ամյա Նարինեն չդիմեց իրավաբանական խորհրդատվության՝ համարելով, որ դա իրենից կխլի այն ժամանակը, որն անհրաժեշտ էր նորածին առաջնեկի խնամքը կազմակերպելու համար։ Մինչդեռ դիմելու դեպքում Նարինեն կիմանար, որ գործատուն նման պահանջ առաջադրելով՝ խախտել է աշխատանքային օրենսգիրքը և կարող է ենթարկվել պետության կողմից սահմանված տուգանքների։ Այսպիսի մեկուսացումը Նարինեի մոտ ձևավորել էր համոզմունք, որ նույնիսկ տարիների արդյունավետ աշխատանքային փորձը հետաքրքիր չէ գործատուներին, քանի որ խնամքի տակ փոքր երեխա ունի։

Նման պատմությունները Հայաստանում եզակի չեն։ Աշխատող-գործատու հարաբերություններում, հատկապես կանանց դեպքում, օրենքով սահմանված իրավունքները հաճախ մնում են թղթի վրա։ Շատերի համար աշխատանքի շուկան շարունակում է գործել մի տրամաբանությամբ, ըստ որի՝ ընտանիք ունենալը դիտարկվում է որպես ռիսկ, ոչ թե կյանքի բնական փուլ։

Այս համատեքստում վերջերս ավելի հաճախ է շրջանառվում «ընտանիքամետ գործատու» գաղափարը։ Այն վերաբերում է այնպիսի աշխատանքային միջավայրին, որտեղ աշխատողը կարող է համատեղել աշխատանքը և ընտանիքի խնամքը՝ առանց մշտական սթրեսի, մեղավորության զգացման կամ աշխատանքը կորցնելու ռիսկի։ Խոսքը միայն փոքր երեխաներ ունեցող աշխատող մայրերի մասին չէ։ Ընտանիքամետ մոտեցումը հաշվի է առնում նաև խնամքի կարիք ունեցող ընտանիքի այլ անդամներին՝ հիվանդ, տարեց կամ հաշմանդամություն ունեցող։

Ընտանիքամետ գործատու լինելը ենթադրում է մի շարք բաղադրիչների համադրություն՝

  • ճկուն աշխատանքային պայմաններ՝ կրճատված ժամեր, հեռավար աշխատանք, արդյունքահեն վարձատրություն,
  • վճարվող արձակուրդներ՝ մայրության, հայրության, երեխայի խնամքի,
  • աջակցություն երեխայի խնամքի հարցերում՝ մանկապարտեզի կամ դայակի վճարի մասնակի փոխհատուցում, կրծքով կերակրման պայմանների ապահովում,
  • բարեկեցության քաղաքականություն՝ առողջության ապահովագրություն, սպորտային ծրագրեր,
  • կարիերայի զարգացում՝ վերապատրաստումներ, մենթորություն։

Սա չի նշանակում, որ աշխատանքն ու ընտանիքը երբևէ կարող են լիովին բալանսավորվել։ Բայց հնարավոր է ստեղծել պայմաններ, որ բալանսի խախտումը մարդու համար չդառնա կյանքից հիասթափվելու պատճառ։

Ինչո՞ւ է սա խնդիր Հայաստանում

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին կանանց 59%-ը չի ունեցել վճարվող զբաղվածություն։ 15-74 տարեկան կանանց 51%-ը կամ 623 հազար կին չի ունեցել աշխատանք և չի փնտրել՝ հիմնականում զբաղված լինելով տնային տնտեսությամբ (45%):

Մյուս առանցքային խնդիրը նախադպրոցական հաստատությունների հասանելիությունն է։ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 0-3 տարեկան երեխաների միայն 5.3%-ն է ընդգրկված նախադպրոցական կրթության մեջ, 3-5 տարեկանների դեպքում այդ ցուցանիշը 71% է կազմում։

Սա նշանակում է, որ մինչև երեք տարեկան երեխաների շուրջ 95%-ը մանկապարտեզ չի հաճախում։ Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի զեկույցում արձանագրված են բազմաթիվ դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ոչ բավարար քանակի պատճառով ծնողները չեն կարողացել աշխատել՝ երեխայի խնամքն ու դաստիարակությունն ինքնուրույն կազմակերպելու անհրաժեշտության պատճառով։ Այլ դեպքերում ծնողները աշխատել են, սակայն ստացված աշխատավարձի մեծ մասը կամ ամբողջը ստիպված են եղել ուղղել նախադպրոցական ուսումնական հաստատության վճարին։

Այս իրավիճակում ընտանիքամետ գործատուի դերը դառնում է ոչ թե «բարի կամքի», այլ գործնական անհրաժեշտության հարց։

«Ընտանիքամետ աշխատավայրի» գաղափարի տարածումը Հայաստանում

Հայաստանում ընտանիքամետ գործատուի գաղափարի տարածմամբ զբաղվում է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը, որը Ֆրիդրիխ Էբերտ գերմանական հիմնադրամի հետ համագործակցությամբ «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի շրջանակում ստեղծել է «Ընտանիքամետ գործատու» առցանց հարթակը։

Այստեղ կազմակեպությունը հավաքագրում է ընտանիքամետ քաղաքականություններին վերաբերող նյութեր, տեղադրված է ուղեցույց՝ ինչպես դառնալ ընտանիքամետ գործատու, ինչպես նաև հայտեր են ընդունվում համանուն տարբերանշան ստանալու համար։

Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը միայն իրազեկումը չէ։

««Կետ 33»-ի հետ մենք փորձել ենք հանրային խոսույթ բերել այնպիսի թեմաներ, որոնք հաճախ մնում են լուսանցքում կամ ընկալվում են որպես տաբու։ «Ընտանիքամետ աշխատավայր» նախաձեռնության դեպքում ևս։ Բայց մեզ համար կարևոր էր ոչ միայն խոսել խնդրի մասին, այլ նաև առաջարկել գործիքակազմ և համագործակցելով ոլորտի դերակատարների հետ, տարբեր ծրագրերի միջոցով ուղեկցել գործընթացը՝ հնարավոր դարձնելով մշակութային փոփոխությունը», – ընդգծում է նա։

Ծրագրի ղեկավար, «Կետ 33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանը ուսումնասիրելով Չեխիայի, Հունգարիայի և այլ երկրների փորձը ընտանիքամետ քաղաքականությունների, մասնավորապես ընտանիքամետ աշխատավայրերի վերաբերյալ, եկել է այն եզրակացության, որ դրանց ներդրման գործում պետությունը հաճախ համագործակցում է քաղհասարակության հետ՝ միաժամանակ նախաձեռնելով տարբեր արտոնություններ, սուբիսիդավորման մոդելներ ընտանիքամետ աշխատանքային պայմաններ ունեցող կազմակերպությունների համար։

Աստղիկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում ընտանիքամետ գործատուի գաղափարը պետական մակարդակով աստիճանաբար սկսում է ընդունվել։

«Պետության հետ արդեն երկխոսության մեջ ենք․ հենց այսօր ստացել ենք հրավեր՝ ավելի մանրամասն քննարկելու հնարավոր քայլերը՝ հաշվի առնելով մեր ուսումնասիրությունները տարբեր երկրների փորձի վերաբերյալ», — «Ամփոփ Մեդիային» ասում է Կարապետյանը։

Աստղիկ Կարապետյանը ներկայացնում է «Ընտանիքամետ աշխատավայրի» կարևոր բաղադրիչները

2025 թ․-ի դեկտեմբերին Երևանում տեղի ունեցած «Հանուն ընտանիքամետ աշխատավայրի» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը մասնկացում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։

Իր ողջույնի խոսքում, կարևորելով «Ընտանիքամետ աշխատավայրի» գաղափարի տարածումը՝  փոխնախարար Քոչարյանը նշեց, որ դրա արդյունքում համակարգային փոփոխություններ տեղի կունենան։

«Օրենսդրությամբ մեր հիմնական նպատակը աշխատողի իրավունքների պաշտպանությունն է, սակայն այսօր նույնքան կարևոր է նաև գործատուի հեղինակության հարցը։ Եվ եթե հարցերին մոտենանք երկկողմանի՝ հաշվի առնելով թե՛ աշխատողի իրավունքները, թե՛ գործատուի պատասխանատվությունն ու հեղինակությունը, կստանանք կրկնակի արդյունք»,- ասաց պաշտոնյան։

Ի՞նչ է տալիս ընտանիքամետ մոտեցումը պետությանը, գործատուին և աշխատողին

Պետության համար ընտանիքամետ աշխատավայրերը նպաստում են աշխատաշուկայում մարդկային ռեսուրսների ընդլայնմանը, կանանց ներգրավվածության աճին, գենդերային հավասարության նորմերի ամրապնդմանը և անգամ՝ ծնելիության վրա դրական ազդեցությանը։

Աշխատողի համար սա նշանակում է սթրեսի նվազում, «աշխատանք կամ ընտանիք» դիլեմայի վերացում և ավելի կայուն ընտանեկան միջավայր։

Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ սա շահավետ է նաև բիզնեսի համար։ Մեծ Բրիտանիայում գործատուների 82%-ը համաձայն է, որ ճկուն աշխատանքային պայմանները կենսական նշանակություն ունեն տաղանդավոր կադրերին պահելու առումով։ ԱՄՆ-ում կրծքով կերակրումը խրախուսող գործատուների մոտ կադրային կայունությունը հասնում է 83-94%-ի։

Ինչո՞ւ է կարևոր այսպիսի մտածելակերպի փոփոխությունը

«Ընտանիքամետ գործատու» գաղափարը Հայաստանում դեռ նոր է, բայց ակնհայտ է, որ այն արդեն դուրս է գալիս տեսական քննարկումների շրջանակից։ Սա հարց է այն մասին, թե գործատուն ինչ արժեքներով է առաջնորդվում աշխատակիցներին ընդունելիս՝ ֆիքսված ժամերով ներկայությո՞ւն, թե՞ աշխատանքի արդյունք, վերահսկո՞ւմ, թե՞ վստահություն, աշխատողի «զոհաբերո՞ւմ», թե՞ երկարաժամկետ կայունություն։

Երբ կողմերը չեն ունենում այսպիսի ընտրության հնարավորություն, հետևանքները հաճախ նույնն են լինում, ինչ Նարինեի դեպքում։

«Կետ 33»-ի նախաձեռնությունը փորձում է հնարավոր դարձնել այդ ընտրությունը՝ ոչ թե պարտադրանքով, այլ օրինակներով, գործիքներով և հանրային քննարկումների միջոցով։

Նախաձեռնությանը միացել են նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, Երեխաների պաշտպանության ցանցը և այլ կազմակերպություններ։

Դեկտեմբերին տեղի ունեցած ամփոփիչ միջոցառման ընթացքում հանձնվեցին նաև առաջին «Ընտանիքամետ գործատու» տարբերանշանը և վկայականները։ «Կետ 33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանի խոսքով՝ տարբերանշան և վկայական ստացած գործատուներն ամբողջ տարվա ընթացքում կմնան կազմակերպության ուշադրության կենտրոնում՝ դրական իմաստով։

«Ընտանիքամետ գործատու» տարբերանշանը հանձնվեց Մանկական զարգացման հիմնադրամին։ Նկարում (ձախից աջ)՝ մրցանակակիր հիմնադրամի նախագահ Լուսինե Սիմոնյանը, Լիանա Բադալյանը (ՖԷՀ) և Աստղիկ Կարապետյանը։

«Մենք դատավորներ չենք։ Գործատուներին դիտարկում ենք որպես գործընկերներ, որոնց մեկ տարի շարունակ աջակցելու ենք տեղեկատվական և խորհրդատվական մակարդակում։ Տարբերանշանը տրվում է մեկ տարով՝ որպես հասարակական գնահատական, որի համար մենք նույնպես որոշակի պատասխանատվություն ենք կրում», — «Ամփոփ Մեդիային» ասում է Կարապետյանը։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Լուսանկաները տրամադրել է «ԿԵՏ 33» ՀԿ-ն
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 13/01/2026