45-ամյա Արմինեն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկարամյա բնակիչներից է։ Իր կյանքի ընթացքում 6 անգամ դատապարտվել է՝ բացառապես բնակարանային գողությունների համար, առաջին անգամ՝ 17 տարեկանում։ Անազատության մեջ ընդհանուր առմամբ անց է կացրել 22 տարի։
«Այդ ժամանակ չէի աշխատում, չէի էլ մտածում, որ կարող եմ աշխատել։ Հեշտ ճանապարհ էի գտել։ Չէի մտածում, որ սովորություն կդառնա»,- ասում է Արմինեն՝ իր հանցանքը գրեթե կախվածություն որակելով։ Տարիների ընթացքում դա վերածվել է կենսակերպի։
Ներկայիս՝ վեցերորդ դատվածությամբ, անազատության մեջ պետք է մնա 5 տարի, 5 ամիս և 28 օր, որից 15 ամիսն արդեն անցել է։ Նրա պատմությունը՝ հանցանք, պատիժ, ազատ արձակվելիս տրված «այլևս երբեք» խոստում ու նորից վերադարձ բանտ։ Նույն շղթան՝ շուրջ երկու տասնամյակ։
Դասերը կան, արդյունքը՝ հարցականի տակ
Հայաստանը վերջին տարիներին հայտարարում է պատժողականից՝ վերականգնողական արդարադատության անցման մասին։ Նոր մոդելի նպատակն է ոչ միայն ազատազրկումը, այլև դատապարտյալի սոցիալական, կրթական և մասնագիտական վերականգնումը։ Այս փոփոխությունն ամրագրված է ինչպես քրեական, այնպես էլ քրեակատարողական օրենսգրքերում՝ որպես պատժի հիմնական նպատակներից մեկը։
Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող վերասոցիալականացման ծրագրերն առկա են՝ ցուցակներով, լուսանկարներով։ Դատապարտյալների վկայականներ կան, հաշվետվություններ՝ նույնպես։ Բայց Արմինեի պատմությունը հարց է առաջացնում․ արդյո՞ք ներկայիս վերասոցիալականացման ծրագրերը իսկապես աշխատում են։ Մասնակցությունն ու վկայականները բավարա՞ր են, թե՞ համակարգը պետք է թիրախային միջամտություններով արձագանքի դատապարտյալների իրական վարքային խնդիրներին։
Նույն Արմինեն նշում է, որ բանտում աշխատում է, սակայն վերասոցիալականացման ծրագրերին չի մասնակցում։ «Դասը ի՞նչ է փոխելու։ Եթե ասեղնագործության դասի գնացի, դուրս գալուց հետո ասեղնագործությա՞մբ եմ ապրելու։ Ինձ համար դա լուծում չէ։ Եթե մարդը ինքն իրեն չի ուզում փոխել, ոչ մի դաս չի օգնի։ Շատ ծանոթներ ունեմ, բոլոր ծրագրերին մասնակցել են, բայց նորից վերադարձել են [հեղինակ․ ՔՀԿ]», – ասում է նա։
Թիվ են գրում, բայց փոխվու՞մ է մարդը

«Իսկ արդյոք դատապարտյալի հետ բացատրական աշխատանք տարվում է՝ ի՞նչ է վերասոցիալականացման ծրագիրը, ի՞նչ նպատակ ունի, և ինչու է կարևոր մասնակցությունը», – հարցադրում է անում Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ վերասոցիալականացման ներկա ծրագրերը հաճախ իրականացվում են ոչ թիրախային ձևով։ «Ով համաձայնվում է մասնակցել, նրան պարզապես ընդգրկում են, առանց տարբերակելու, թե կոնկրետ ինչ դասընթաց է անհրաժեշտ տվյալ անձին։ Թիվ են գրում, ասում են՝ վերասոցիալականացնում ենք։ Բայց եթե անձը բանտից ազատվում է ու կրկին վերադառնում, նշանակում է՝ նրան իրականում չեն վերասոցիալականացրել», – նշում է նա։
Նա նշում է, որ ծրագրերը հիմնականում ունեն մեխանիկական բնույթ։ Օրինակ՝ գողության համար դատապարտված անձը մասնակցում է պայուսակագործության դասընթացի, սակայն դասերի ընթացքում ուլունք է գողանում։ Վերջում վկայական է ստանում։ «Այս դեպքում վարքագիծը փոխվե՞լ է։ Իհարկե՝ ոչ», – նշում է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ համակարգում չի իրականացվում վարքագծի իրական ախտորոշում և այդ վարքի փոփոխման հասցեական միջամտություն։
«Մարդիկ կան, որ բանտում իրենց ավելի լիարժեք են զգում, քան դրսում»․ հոգեբան
«Իմ աշխատանքը հիմնականում ուղղված է նրան, որ անձը ընդունի իր մեղքը, գիտակցի սխալը և փորձի այն չկրկնել։ Սակայն ամենաբարդն այն է, որ շատերը պարզապես չեն զգում իրենց մեղավոր», – ասում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգեբան Շուշան Մաթևոսյանը։ Արդեն երկար տարիներ աշխատելով հիմնարկում՝ նա դեռևս հստակ պատասխան չունի՝ ինչու են շատ դատապարտյալներ կրկին վերադառնում բանտ։

«Դեպքերն ու մարդիկ շատ տարբեր են։ Բայց մի բան հստակ է՝ հիմնական խնդիրը իրավագիտակցության բացակայությունն է։ Շատերը չեն կարողանում հանրության մեջ գտնել իրենց տեղը։ Կան մարդիկ, ովքեր բանտում իրենց ավելի լիարժեք են զգում, քան ազատության մեջ։ Այստեղ ունեն կարգավիճակ, դեր, աշխատանք։ Այստեղ գտնում են այն ապահովությունն ու հանգստությունը, որը դրսում չեն ունենում։ Իսկ երբ դուրս են գալիս, չեն կարողանում ինտեգրվել և կրկին վերադառնում են։ Այս տեղը դառնում է նրանց հարմարավետության գոտին, որտեղ ունեն նվազագույն կեցության պայմաններ, զբաղվածություն, դեր, թեկուզ հանձնուք բաժանելու տեսքով։ Դրսում այդ ամենը չեն գտնում, և արդյունքում վերադառնում են», – ասում է նա։
«Վերասոցիալականացման ծրագրերի խնդիրն է նաև հոգեբանական և սոցիալական աշխատանքը», – նշում է Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այսօր որևէ գործող ծրագիր ուղղված չէ դատապարտյալի վարքի փոփոխությանը։
«Հիմնարկները շատ հաճախ չեն իրականացնում խորքային հոգեբանական աշխատանք, չեն տանում բացատրական գործընթաց՝ մտածելակերպը փոխելու, ինքնաճանաչումը խթանելու ուղղությամբ։ Մարդը պարզապես չի անցնում այնպիսի ներքին ուղի, որի արդյունքում կգիտակցի՝ ինչ է արել և ինչի հետևանքն է կրում», – ընդգծում է Հովհաննիսյանը։ Իսկ դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են անհատականացված, թիրախային ծրագրեր, որոնք ներառում են ոչ միայն մասնագիտական կրթություն, այլև խորքային հոգեբանական աջակցություն ու վերափոխման ուղի։
«Ծրագրերը պետք է լինեն ոչ թե հանուն թվի, այլ հանուն արդյունքի։ Դրանք պետք է օգնեն փոխել արժեքային համակարգը, ձևավորել պատասխանատվության զգացում և նվազեցնել ապագայում կրմնահանցագործության ռիսկը», – ամփոփում է նա։
ՔԿՀ-ն նախատեսում է վերանայել վերասոցիալականացման մոտեցումները
Քրեակատարողական հիմնարկների համակարգում ներկայումս գործում է ավելի ընդհանրական գնահատման մեթոդաբանություն, սակայն առաջիկայում նախատեսվում է խորացնել անհատական մոտեցումները։ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանի խոսքով՝ համակարգը ձգտում է զարգացնել հատկապես խմբային աշխատանքները, ներառյալ հաղորդակցման հմտությունների դասընթացները, որոնք կվարի սոցիալական աշխատողը։
«Եթե կարիքների գնահատման ընթացքում պարզվի, որ դատապարտյալը ունի անձնային առանձնահատկությունների, արժեհամակարգի կամ աշխարհայացքի փոփոխության անհրաժեշտություն, ապա նա կընդգրկվի համապատասխան ծրագրերում», – նշում է Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ վերասոցիալականացման գործընթացի բարդությունն այն է, որ այն պետք է հաշվի առնի նաև հանցագործության բնույթը։
«Մեր հեռահար նպատակը մեխանիզմ ստեղծելն է, որի միջոցով նմանատիպ հանցագործություն կատարած անձինք կստանան նպատակային աջակցություն՝ ելնելով իրենց վարքի հիմնական գործոններից», – ընդգծում է նա։
Ալեքսանյանը նշում է, որ վերասոցիալականացման մոտեցումը դեռ նոր է Հայաստանի համար։ Այժմ աշխատանք է տարվում վերասոցիալականացման հանձնաժողովների կարողությունների զարգացման ուղղությամբ։ Զուգահեռ մշակվում են ծրագրային ձևաչափեր՝ հասկանալու, թե ինչպես կառուցել վերասոցիալականացման գործընթացը՝ հաշվի առնելով առաջնային և որոշիչ գործոնները։
«Երբ ունենանք անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և ուժեղացված կարիքների գնահատման մեխանիզմ, կկարողանանք տեսնել կապերը՝ նմանատիպ հանցագործություն կատարած անձանց միջև։ Այդ վերլուծության հիմքով էլ կձևավորենք համապատասխան ծրագրեր, և գործընթացը կդառնա ավելի համակարգված ու նպատակային», – եզրափակում է Ալեքսանյանը։
143 հանցագործություն՝ նախկինում դատված անձանց կողմից
ՀՀ Ներքին գործերի նախարարության տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում նախկինում դատված անձանց կողմից կատարվել է 143 հանցագործություն։ Սա կազմում է 0.35%՝ 40232 գրանցված հանցագործությունների։
Պրոբացիայի շահառուների շրջանում կրկնահանցագործության աճ է նկատվում
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է ուսումնասիրություն, որը վերհանել է վերասոցիալականացման ծրագրերի արդյունավետությանն ուղիղ խոչընդոտող մի շարք համակարգային բացեր։ Ուսումնասիրության կենտրոնում Պրոբացիայի շահառուների շրջանում կրկնահանցագործության աճող միտումն է։ Ըստ պալատի՝ իրականացված միջոցառումների զգալի մասը եղել են մշակութային և կրոնական բնույթի։ Չնայած դրանց կրթական արժեքին, այս ծրագրերը չեն արձագանքել շահառուների գործնական կարիքներին, ինչի հետևանքով վերաինտեգրման ազդեցությունը սահմանափակ է եղել։
Բացի այդ, Պրոբացիայի ծառայությունը չունի մեթոդաբանություն, որով կարելի է չափել իրականացված միջոցառումների արդյունավետությունը։ Արդյունքում՝ չկա հստակ պատկերացում՝ արդյոք այդ միջամտությունները նպաստում են շահառուների վերաինտեգրմանը և կրկնահանցագործության կանխարգելմանը։
2023 թվականի վերջի դրությամբ Պրոբացիայի շահառուների թիվը կազմել է 4252։ Նրանցից միայն մեկ երրորդի դեպքում է իրականացվել ռիսկերի գնահատում։ Մնացած շահառուները մնացել են առանց անհատականացված միջամտության, ինչը, մասնագետների գնահատմամբ, վտանգում է վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը։
Հաշվեքննիչ պալատի առաջարկությունները
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ՝ ծառայության աշխատանքի բարելավման նպատակով։ Դրանց առանցքում են՝
- ռիսկերի գնահատման համատարած իրականացում
- անհատականացված միջամտությունների զարգացում
- գնահատման մեխանիզմների ներդրում
- ոլորտային աջակցող ծառայությունների (կրթություն, առողջապահություն, աշխատաշուկայի ինտեգրում) համակցում
Պրոբացիայի համակարգի հիմնական առաքելությունն է ապահովել հասարակության անվտանգությունն ու կանխարգելել կրկնահանցագործությունները՝ պատժից հետո քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված քայլերի միջոցով։
Կրկնահանցագործությունների աճը՝ ոչ թիրախային մոտեցումների հետևանք

«2023 թվականին կրկնահանցագործությունների աճը պայմանավորված էր նրանով, որ մենք չունեինք թիրախային միջամտություններ։ Եթե անձը վերասոցիալականացման կարիք ունի՝ օրինակ՝ կախվածության հաղթահարման, սակայն նման ծրագիր գոյություն չունի, ապա չենք կարող նրան ուղղորդել։ Այդ պարագայում նա վերադառնում է նախկին վարքագծին և կրկին հանցանք է կատարում», – նշում է ՀՀ Պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վրականագնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը։
Նրա խոսքով՝ ծառայությունը սկսել է ներդնել նոր մեխանիզմներ՝ համակարգային խնդիրները լուծելու և կրկնահանցագործությունը կանխելու նպատակով։ 2024 թվականից Պրոբացիայի ծառայությունը սկսել է նոր գործիքների և ծրագրերի ներմուծում, որոնք ուղղված են շահառուների վերաինտեգրմանը։
Ռիսկերի գնահատումը՝ վերասոցիալականացման առանցքում
2024 թվականից վերասոցիալականացման աշխատանքների հիմքում դրվել է շահառուի ռիսկերի և կարիքների գնահատումը։ 2025-ի հունվարից սկսած գործարկվել է վերանայված և ճշգրտված տարբերակ՝ թույլ տալով ավելի հստակ գնահատել յուրաքանչյուր շահառուի կարիքները։
Մինչ այդ, ծառայությունը առանձին բյուջե չի ունեցել վերասոցիալականացման ծրագրերի համար, իսկ միջոցառումները կազմակերպվել են հիմնականում ծառայության ներքին ռեսուրսների և գործընկեր կազմակերպությունների միջոցով։ Այս սահմանափակումները խոչընդոտել են կայուն արդյունքների ապահովմանը և դարձել են նոր ռազմավարական պլանավորման հիմք։
Թիրախային ծրագրեր՝ բռնի վարքի և կախվածությունների դեմ
2024 թվականից Պրոբացիայի ծառայությունն առաջին անգամ Հայաստանում գործարկել է բռնի վարքի նվազեցման ծրագիրը, որը հիմնված է կոգնիտիվ-վարքային թերապիայի մեթոդաբանության վրա։ Այն մշակվել է ծառայության ներսում՝ վերապատրաստված մասնագետների կողմից, և ուղղված է շահառուների ագրեսիվ վարքի հասցեական կառավարմանը, ոչ թե ընդհանրական խմբային աշխատանքի։
2025 թվականին նախատեսվում է ավարտել նաև կախվածությունների հաղթահարման պիլոտային ծրագիրը, որը նախատեսված է թմրամիջոցների օգտագործման խնդիր ունեցող շահառուների հետ աշխատելու համար։ Այս ծրագիրն էլ մշակվել է տեղում և իրականացվում է մասնագիտական աջակցությամբ։
Սիրարփի Մուղդուսյանը նշում է, որ կարիքների գնահատման արդյունքում պարզվել է՝ կրկնահանցագործությունների հիմնական հիմքերը կապված են հենց կախվածությունների և բռնի վարքի հետ։ «Մեր թիրախային ծրագրերն ուղղված են այդ խնդիրների հաղթահարմանը։ Մեր ծրագրային պլանավորումն նպատակ ունի կանխել առավել հաճախ հանդիպող հանցանքները։ Պրոբացիայի շրջանակում կրկնահանցագործություն է համարվում շահառուի կողմից հանցանքի կատարումը՝ վերահսկողության ընթացքում», – ասում է նա։
Նախկինում իրականացված միջոցառումները՝ մշակութային այցելությունները, թանգարանային ծրագրերը և այլն, Սիրարփի Մուղդուսյանի խոսքով՝ կարևոր են, բայց չեն կարող փոխարինել խորքային, նպատակային աշխատանքին։
Ներկայում գործարկվում է նաև վերականգնողական ընդհանուր ծրագիր, որը հիմնականում նախատեսված է գողություն կատարած անձանց համար։ Այն կենտրոնանում է մտածողության և վարքագծի փոփոխության վրա, իսկ շահառուների զգալի մասն այդ հանցատեսակի համար դատապարտված անձինք են։ Ըստ Մուղդուսյանի՝ նախկին միջոցառումները պահպանվում են, սակայն կրկնահանցագործության իրական նվազեցումը պահանջում է թիրախային, խորը մշակված ծրագրեր։
Մինչ թիրախային ծրագրերը մշակման կամ փորձնական փուլում են, համակարգն առայժմ ամբողջապես չի կարող պատասխանել գլխավոր հարցին՝ արդյո՞ք մարդը փոխվում է, թե՞ պարզապես հերթական ծրագրից անցում կատարում հաջորդին։ Այս ընթացքում Արմինեն շարունակում է սպասել իր հերթական ազատությանը՝ 50 տարեկանում։ Ասում է, որ բանտ էլ չի վերադառնա։ Կկարողանա՞, դժվար է կանխատեսել միայն իր պատասխանի վրա հիմնվելով, սակայն նա որոշել է փոխվել․․․ ինքնուրույն։
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Տեսանյութերը՝ հեղինակի
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
Կարդացեք նաև
- Նոր քրեական օրենսգիրք, հին սովորույթներ․ ինչո՞ւ է Հայաստանի արդարադատության համակարգը կառչած կալանքից
- Ինչո՞ւ է ազատության դուռը ամուր փակված ցմահ դատապարտյալների համար
- Լռության ճիչը. ինչու՞ են մարդիկ բանտերում վնասում իրենց՝ հաճախ նաև մահվան ելքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/05/2025