Իրավունք Կրթություն

Մտորումներ մայրական արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալու մասին

33-ամյա Լիլիթը` Վանաձորից, մասնագիտությամբ իրավաբան է, սակայն մասնագիտությամբ աշխատել է ընդամենը 2 տարի՝ բուհն ավարտելուց հետո և ընտանիք կազմելուց առաջ։ Գործատուն, իմանալով Լիլիթի հղիության մասին, փոխարինող է գտել և նրան ազատել աշխատանքից, թեև դրա իրավունքը չուներ։

ՀՀ Սահմանադրության «Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները» վերտառությամբ 57-րդ հոդվածը սահմանում է․ «Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք»:

«Աշխատելու հնարավորություն այլևս չեմ ունեցել»,- ասում է Լիլիթը,- «Աղջիկս ծնվեց, տեղափոխվեցինք Երևան։ Երեխայիս խնամքով և տան հոգսերով էի զբաղված, քանի որ ամուսինս հերթապահությամբ էր աշխատում»։

Երկրորդ երեխայի ծնվելուց հետո Լիլիթի օրն ավելի հագեցավ՝ աշխատանքի կամ սովորելու մասին ցանկությունը կրկին մղելով երկրորդ պլան։

Այժմ, երբ երեխաները 9 և 6 տարեկան են, ընտանիքի ֆինանսական հոգսերն ավելացել են, Լիլիթը կրկին մտածում է աշխատելու մասին, բայց մտահոգված է, որ տասը տարվա վաղեմության գիտելիքներով իրեն աշխատանքի չեն ընդունի։ Նախ վերապատրաստման կարիք կլինի։

«Հազար բան է փոխվել, ու ես ուսումնասիրելու ժամանակ չեմ ունեցել։ Ուզում էի փաստաբանական դպրոց ընդունվել, բայց վճարը բարձր էր, ու էդպես էլ մնաց երազանք․․․ Հույս չունեմ, որ իմ մասնագիտությամբ կաշխատեմ՝ առանց գիտելիքի թարմացման»։

Աշխատանքի անցնելու համար Լիլիթը գիտակցում է, որ վերապատրաստումն անհրաժեշտություն է, սակայն ասում է, որ ազատ ֆինանասական միջոցներ և ժամանակ չունեն դրան հատկացնելու համար։

Մանկավարժ Եսթեր Գրիգորյանը նույնպես կարևորում է վերապատրաստումը։ Ասում է, որ այսօրվա զարգացող և փոփոխվող աշխարհում շարունակական կրթությունը շատ կարևոր է բոլորի համար։ Սակայն կանանց համար Հայաստանում կան բազմաթիվ խոչընդոտներ, օրինակ՝ տնային պարտադիր գործերը, երեխաների խնամքը, ինչը շատ ժամանակատար է և չվարձատրվող։

Մինչդեռ տղամարդիկ, ըստ Եսթերի, գրեթե անսահման հնարավորություններ ունեն, քանի որ աշխատանքից հետո տնային հոգսերով ծանրաբեռնված չեն, ինչպես նաև ազատ են որոշումներ կայացնելու հարցում։

Եսթերը նշում է՝ տարբերությունն ակհայտ է հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ նա ապրում է և հաճախ դասընթացներ վարում․

«Եթե տղամարդն է որոշում դասընթացի մասնակցել, ազատորեն դա իրականացնում է, իսկ եթե կինը՝ պետք է նախ թույլտվություն ստանա ամուսնուց, հորից կամ եղբորից, իսկ որոշ դեպքերում մեծահասակ կանայք՝ երբեմն նաև իրենց տղաներից»։

Եսթերի խոսքով՝ աշխատանք ունենալու հեռանկարն անգամ համոզիչ չի եղել տղամարդու համար, որ թույլ տա կնոջը գյուղից գնա քաղաք վարսավիրական գործ սովորելու, ինչի հետևանքով դասընթացին միայն մեկ կին է մասնակցել։

Թվում է, թե Հայաստանում մարդկանց մտածելակերպը փոխվել է, առաջադեմ է դարձել նաև գյուղաբնակ կանանց պարագայում, բայց Եսթերը հակառակն է պնդում՝ ասելով, որ անգամ տանը գիրք կարդալը կարող է խնդրահարույց լինել կանանց դեպքում․

Եթե կինը ճաշը չի պատրաստել և գիրք է կարդում, դա կարող է վեճի թեմա դառնալ։

«Եթե տղամարդը գիրք կարդա, ոչ ոք չի ասի, թե դրա ժամանակը գտար, իսկ եթե կինը ճաշը չի պատրաստել և գիրք է կարդում, դա կարող է վեճի թեմա դառնալ։ Ասում են՝ բոլոր գործերդ արել ես, հիմա էլ գիրք ես կարդո՞ւմ», – ասում է Եսթերը և շարունակում, «կինը նաև որոշում կայացնելիս է կաշկանդված և եթե ուզում է 30 տարեկանում երկրորդ կրթություն ստանալ՝ համալսարան գնալ, կարող է երբեք չարտահայտել իր ցանկությունը՝ վախենալով, որ այն չի քաջալերվելու, իսկ ինքը քարկոծվելու և դատապարտվելու է»։

Կինը նաև որոշում կայացնելիս է կաշկանդված

Եսթերն ասում է՝ իրավիճակն էլ ավելի բարդ կարող է լինել, եթե մինչև ամուսնանալն աղջիկը չի սովորել և չի աշխատել։ Նման դեպքում ասում են․ «մենք համեստ, խելոք հարս էինք տարել, որ մեր տան գործերն անի։ Հիմա հանկարծ որոշել է գնա սովորի, բա տան գործերն ո՞վ անի»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարևորում է շարունակական կրթությունը բոլորի համար, քանի որ ամեն բան շատ արագ է փոխվում, և մասնագետները ստիպված են ոչ միան սովորել, այլ նաև ապասովորել՝ այսինքն սովորած շատ բաներից հրաժարվել։

Ըստ նրա, կանանց համար շարունակական կրթությունն ավելի կարևոր է, քանի որ այսօրվա աշխատաշուկայում կանանց դերը կտրուկ մեծացել է։

«Մենք հիմնականում շեշտում ենք, որ ուսուցիչների, պոլիկլինիկայի բժշկների մեծ մասը կանայք են, բայց կանայք այսօր բավական մեծ դեր ունեն նաև մենեջմենթում, ՏՏ ոլորտում, հանրային կապերում։ Սա է պատճառը, որ կանանց շարունակական կրթություն չապահովելը տնտեսության համար լուրջ հարված կարող է լինել»։


Փորձագետը մատնանշում է նաև այն օբյեկտիվ և սուբյեկտիվ ռիսկերը, որոնց պատճառով կանայք զրկվում են շարունակական կրթություն ստանալու հնարավորությունից, օրինակ՝ հղիությունն ու երեխայի խնամքով զբաղվելը նրանց որոշակի ժամանակով դուրս է մղում աշխատաշուկայից․

«Պետք է պայմաններ ստեղծեն գործատուները, որովհետև, պատկերացրեք, եթե կինը այսօր 2-3 տարի կտրվի աշխատաշուկայից, բաց թողածը վերականգնելը շատ դժվար է լինելու։ Բայց մեզ սա պետք է, քանի որ, հակառակ դեպքում, շատերը կարող են գերադասել աշխատել, կարիերա ստեղծել և երեխա չունենալ, ինչը շատ ավելի վտանգավոր կարող է լինել պետության համար»։

Շատերը կարող են գերադասել աշխատել, կարիերա ստեղծել և երեխա չունենալ, ինչը շատ ավելի վտանգավոր կարող է լինել պետության համար

Սերոբ Խաչատյանը կարծում է, որ կանայք ավելի ուսումնատենչ են, ձգտող ու հաստատակամ, նրանց լեզվամտածողությունն ավելի զարգացած է, և մեր օրերում կանայք ավելի շահեկան դիրքում են, քանի որ կա համացանց ու արհեստական բանականություն։

Ըստ փորձագետի, ինքնակրթվելու հնարավորությունն անհամեմատ փոխվել է։ Կանայք կարող են հեշտությամբ լրացնել բաց թողածը, բայց գործատուներն էլ պիտի վերանայեն իրենց մոտեցումները, չխուսափեն երիտասարդ կանանց աշխատանքի ընդունելուց այն մտահոգությամբ, որ կարճ ժամանակ անց կարող է ամուսնանան և երեխաներ ունենան։

Մանկավարժական գիտությունների թեկնածու Միշա Թադևոսյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ ժամանակակից աշխարհի տենդենցներն այնքան արագ են փոխվում, որ պետք է մեխանիզմներ մտածել, որպեսզի անգամ մայրական արձակուրդում գտնվելով՝ կինը հնարավորություն ունենա կապը պահել աշխատաշուկայի հետ, նաև չաշխատող մայրերը պետք է հնարավորություն ունենան ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն ստանալ՝ օրինակ մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, ծնողավարության ոլորտներում։

«Բայց դրանք հիմնականում վճարովի են և հանրային հասանելիություն չունեն։ Հազվադեպ ծրագրերի եմ ծանոթ, որոնք թիրախավորում են հենց կանանց կրթությունը կամ հնարավորությունների ստեղծումը, իսկ եթե պատկերացնենք, որ այդ կանայք խոշոր քաղաքների բնակիչներ չեն, ապա տոտալ անհասանելիության մասին պետք է խոսենք», – համոզված է Թադևոսյանը։

Ըստ նրա, կինը, երբ հայտնվում է անհավասար պայմաններում, օրինակ, մայրական արձակուրդի շրջանում է, այնպիսի սահմանափակումներ է ստանում, որ հետո եռակի-քառակի անգամ մեծ ջանք պետք է գործադրի, որպեսզի կարողանա հաղթահարել։ Այդ ճանապարհին նա շատ աջակիցներ չունի։

Մինչդեռ հանուն գենդերային հավասարության և կանանց իրավունքների խթանման ընդունված Պեկինի հռչակագրում կառավարություններին հանձնարարական է տրվում [Տե՛ս պատկերը]։

Մասնագետն ընդգծում է՝ այս պայմաններում առաջ է գալիս հուսալքությունն, ու առաջանում է մոտիվացիայի անկում, և անգամ այն կանայք, որոնք շատ ակտիվ են եղել մինչ մայրական արձակուրդը, շատ դժվար են վերականգնվում․

Պետությունը չունի հստակ քաղաքականություն մեծահասակ կանանց համար կրթական հնարավորությունների ստեղծման կամ ընդլայնման, իսկ կանայք, որպես կանոն, չունեն հնարավորություն շարունակական կրթություն ստանալու թե՛ ռեսուրսների, թե՛ համապատասխան մարմիններին հասանելիության պակասի պատճառով։

«Հետազոտությունները փաստում են, որ մայրական արձակուրդից վերադարձող կանայք, ովքեր դիմում են աշխատանքի, ավելի հազվադեպ են հրավիրվում, քանի որ կանխակալ վերաբերմունք կա՝ եթե մայրական արձակուրդում է գտնվել, ապա այն հմտություններն ու գիտելիքները, որ ուներ, մոռացվել են, հնացել են»։

Մասնագետները համոզված են, որ պետք է հնարավորինս շատ ներդրումներ անել, որպեսզի կանայք այդ խնդրի առջև միայնակ չմնան։

Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Վիզուալ նյութերը՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ Swnsdigital
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

բուլինգ

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/01/2025