Սոցիալական

Ռադիո «Արևիկ»․ արդեն սիրված մանկապատանեկան և ընտանեկան ռադիոկայանը

Հայաստանի միակ մանկապատանեկան ռադիոկայանն արդեն մեկ տարուց ավելի ոգևորում և ուրախացնում է երեխաներին իր մանկապատանեկան հաղորդումներով։ Սակայն այն  իր հաղորդումների շուրջ միավորում է նաև ընտանիքի տարբեր տարիքի անդամներին։

2019 թ․ օգոստոսի 26–ից հայկական լրատվադաշտում նոր անուն ավելացավ՝ օնլայն ռադիո «Արևիկ», իսկ այս տարվա հունվարից արդեն «Արևիկը» տեղավորվեց FM 97.3 ալիքում։

Մինչև 17 տարեկան երեխաների մասին ու համար նախատեսված ռադիոն միաժամանակ ներառում է ավելի լայն շրջանակ։

«Մեր ռադիոն ամենևին միայն մանկապատանեկան չէ, այն ռադիո է ընտանիքի համար։ Եթե մի տեղ կա երեխա, ապա կան նաև ընտանիքի մյուս անդամները, տատիկ–պապիկները, որոնք էլ ամենահաճախն են երեխային բերում ռադիոյի մոտ»,– ասում է ռադիո «Արևիկ»-ի ղեկավար Կարինե Գևորգյանը, ով Հանրային ռադիոընկերության մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիրն է։

Գևորգյանն ասում է, որ ռադիո «Արևիկը» եզակիներից է, որ շրջանցում է քաղաքականացված միջավայրն ու փորձում ստեղծել իր սեփականը՝ մաքուրը, պարզը, անհրաժեշտը։

«Քաղաքականացված հասարակությունը կարծես մոռացել է իր ամենակարևոր գործը՝ երեխաներին կրթել, դաստիարակել, հասարակության համար ճիշտ քաղաքացիներ ձևավորել։ Մենք մի հեռակա նպատակ ունենք՝ հիշեցնել ծնողներին, որ բոլոր կառավարությունները գալիս ու գնում են, բայց ծնողի գործը միշտ նույնն է, ինքը պիտի դաստիարակի իր երեխային, զբաղվի իր երեխայով»։

Շարունակությունը կարդացեք՝ զուգահեռ միանալով ռադիո «Արևիկի» ուղիղ եթերին

Ամեն ինչ սկսվեց այսպես

Հանրային ռադիոյում մանկապատանեկան հաղորդումները նորություն չեն․ դրանցով զբաղվող խմբագրությունն այնտեղ ամենահներից մեկն է։ Կարինե Գևորգյանը տասնամյակներ շարունակ ռադիոունկնդրին մանուկների մասին ու մանուկների համար հաղորդումներ էր հասցնում ու դեռ բազմաթիվ գաղափարներ ուներ։

«Պատկերացնում էինք, որ մի քանի եթերաժամ մեզ կտրամադրեն լրացուցիչ նախագծերն իրագործելու համար, բայց որ կլիներ մի ամբողջ ռադիոկայան ունենալու առաջարկ՝ չէի սպասում»։

Թեմաների, թիրախային լսարանի, նրանց զբաղվածության, ռադիո լսելու հավանական ժամերի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ վերլուծություններ անելուց հետո որոշվեց կարգախոսը՝ «Սովորում ենք սովորել»։

«Տարիներ շարունակ եղել է մտայնություն, թե ռադիոն կրթելու համար չէ, իսկ իրականում այն նույնիսկ հումորային հաղորդմամբ է կրթում։ Նայած՝ դու ինչ հումոր ես առաջարկում քո ունկնդրին, ինչ լեզվով ու ինչ ինտելեկտով ես դա անում»։

Լեզուն ու բովանդակությունը՝  երեխայի համար առաջնային

Կարինե Գևորգյանը վստահ է՝ ընտանիքի, երեխայի համար աշխատող ռադիոկայանը չի կարող իրեն թույլ տալ ցանկացած հաղորդում առանց խորը ուսումնասիրության եթեր բերելու «շռայլությունը»։ Կարծում է, որ այս գործը շատ ընդհանրություններ ունի մանկավարժության հետ․

«Ռադիո լսող երեխան միանշանակ շահում է՝ ստանալով բազմաբնույթ տեղեկություններ։ Սա լրացուցիչ գիտելիքի պաշար է․ լսողը հաստատ իր մեջ մի բան պահում է»։

Ռադիո «Արևիկի» ձայները հիմնականում երեխաներինն են, ու չնայած դրանք ռադիոընդունիչով լսելու հնարավորություն ունեն միայն Երևանաբնակներն ու երբեմն՝ հարակից քաղաքներում բնակվողները, համահայաստանյան ներգրավվածությունն ապահովված է։ Այս մասին տիկին Գևորգյանը պատմում է իր ամենասիրելի հաղորդման մասին խոսելիս։

«Որպեսզի մենք այս «քաղաքային խտրականությունից» դուրս գանք, որոշեցինք ներգրավել նաև մարզերի երեխաներին։ «Նկարում ենք մեկ Հայաստան» հաղորդման շրջանակներում հենց իրենք պատմում են իրենց բնակավայրի մասին»։

«Առավոտյան բլբլիկներ», «Արևիկ-բարևիկ», «Պստիկաշեն», «Սովորում ենք բնությունից», «Փոքրիկ հեքիաթասացներ», «Հոպլյա՛, հեքիաթ» և մի շարք այլ հաղորդումների հեռարձակման հիմնական պայմանները, ըստ ղեկավարի, սովորեցնելն ու ճիշտ լեզվով դա անելն է։

«Սկզբում մտածում էինք՝ ի՞նչ լեզվով խոսենք իրենց հետ, որ գրավիչ ու լսելի լինենք։ Հասկացանք, որ դա հենց սովորական մարդկային խոսքն է՝ առանց սեթևեթանքների։ Երեխաների հետ պետք է խոսել ինչպես մեծերի հետ։ Իրենք շատ լավ հասկանում են մեծերի լեզուն, եթե այդ լեզուն հստակ է, մաքուր, պարզ, բայց ոչ պարզունակ»։

Փոքրերի մասին՝ մեծերի համար

Ռադիո «Արևիկի» եթերում մեծերի ձայներ ևս կարելի է լսել։ Նրանք ահազանգելու նպատակ ունեն՝ կարմիր, մեծ տառերով գրված «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ», «ԶԳՈՒՇԱՑԵՔ» բառերի նման։ Կարինե Գևորգյանը պատմում է այդպիսի մի երկու հաղորդման մասին․ Առաջինը՝ կարգախոսին համապատասխան․ «Սովորում ենք սովորել»․

«Այս հարթակը մենք ստեղծեցինք, որպեսզի ուսուցիչները գան ու հայտնեն կրթական խնդիրների մասին իրենց կարծիքները, առաջարկները։ Այստեղ առհասարակ լրագրողական միջամտություն չկա, միայն ուսուցչի խոսքն է։ Հանրայինը հանրությանն է պատկանում, մենք էլ հանրությանն ենք հրավիրում, ասում ենք՝ եկեք, ժողովուրդ, ոչ ոք ձեզ չի արգելում, ոչ ոք ձեր խոսքը չի խմբագրում, չի մկրատում, խոսեք, բայց մեր ուսուցիչներն այս հարցում առանձնապես ակտիվ չեն»։

«Հայրիկի դասեր» հաղորդումն էլ անկաշկանդ զրույց է Քրիստ Մանարյանի կողմից։ Փորձառու հայրիկը ներկայացնում է՝ ինչ են սովորաբար բաց թողնում հայր դառնալու և որպես հայր կայացման ճանապարհին, ինչ դեր ունի հայրիկի խոսքը, խստությունը երեխայի կյանքում, ներգրավվածության մակարդակը նրա զարգացման գործում։

«Կարծում եք՝ պատահակա՞ն է «Հայրիկի դասեր» հաղորդումը։ Մենք ունենք գերքաղաքականացված հայրիկներ, որ բորբոքվում, գոռգոռում, հայհոյում են երեխեքի ներկայությամբ, օրինակ՝ քաղաքական լուրեր կարդալիս։ Նրանք հաճախ են մոռանում՝ ինչ պետք է անել մարդ կերտելու ճանապարհին»։

Հիմանկանում հենց սա հիշեցնելու, այս գործում օգնելու համար է Հայաստանի ռադիո «Արևիկը»։

«Մենք ռադիոն ենք, որ ասենք՝ ժողովուրդ, ուշքի եկեք, մեր կողքը սերունդ է մեծանում, նկատեք իրենց»։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/09/2020