Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիներին ավելացել են վերասոցիալականացման ծրագրերը, իսկ պետական ֆինանսավորումը դրանց իրականացման համար տարեցտարի աճում է։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս ինչպես միջոցառումների թվի, այնպես էլ դրանց մասնակցությունների քանակի էական ավելացում՝ համեմատած նախորդ տարիների հետ։
Նախաձեռնությունները միտված են օգնել դատապարտյալներին վերադառնալ հասարակություն՝ որպես օրինապահ քաղաքացիներ։ Սակայն դրանց բովանդակությունը հաճախ չի համապատասխանում դատապարտյալների իրական կարիքներին ու վարքային առանձնահատկություններին։
«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է վերասոցիալականացման գործընթացը՝ փորձելով պարզել, թե որքանով են գործող ծրագրերը նպաստում դատապարտյալների վերաինտեգրմանը և վարքային փոփոխությանը։
Պարզվում է, որ բալային համակարգը, որը նախատեսված է խթանելու դատապարտյալների մասնակցությունը, հաճախ չի վերածվում վաղաժամկետ ազատման հնարավորության՝ դատախազությունների և դատարանների կողմից մերժումների պատճառով։
Այս ֆոնին վերասոցիալականացման գաղափարը շարունակում է մնալ թղթի վրա գրված բարեփոխում, որի գործնական արդյունքները դեռևս կասկածի տակ են դնում համակարգի արդյունավետությունը։
Աճող թվեր, բայց ոչ վերաինտեգրման արդյունքներ
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման ծրագրերի թիվը վերջին տարիներին աճել է մի քանի անգամ։ Եթե 2019-ին մշակութային ու կրթական միջոցառումներին գրանցվել էր մոտ 2800 մասնակից, ապա 2024-ին այդ թիվն արդեն հասել է 6942-ի։ Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2700-ից ավելի ազատազրկված անձ։ Ծրագրերին մասնակցությունների թիվը գերազանցում է համակարգում գտնվող անձանց ընդհանուր թվաքանակը, քանի որ մեկ անձը տարբեր ժամանակներում մասնակցել է մի քանի միջոցառումների։
Միայն 2025 թվականի առաջին չորս ամիսներին քրեակատարողական հիմնարկներում անցկացվել է 107 տարբերաբնույթ միջոցառում՝ մարզական, կրոնական, մշակութային, որոնց ընդհանուր մասնակցությունների քանակը գերազանցել է 2200-ը։ Թվերը, իհարկե, տպավորիչ են։ Սակայն արդյո՞ք դրանք իսկապես վկայում են իրական վերասոցիալականացման գործընթացի մասին։ Արդյո՞ք մասնակցության թվաքանակի աճը նշանակում է վարքային փոփոխություն, հանցավոր մտածողության վերանայում կամ հանրային արժեքների վերաիմաստավորում։
Ծաղիկ նկարել եմ սովորել, վերասոցիալականացվե՞լ եմ․ դատապարյալ
«Բոլոր վերասոցիալականացման ծրագրերին մասնակցել եմ։ Ծաղիկ նկարել եմ սովորել, բայց վերասոցիալականացվե՞լ եմ», – հարցնում է «Աբովյան» ՔԿՀ-ում արդեն վեց տարի պատիժ կրող կին դատապարտյալը՝ Նարեն։
Մյուսները պատմում են, թե ինչպես են սովորել շախմատ խաղալ կամ կավագործություն, ուլունքագործություն։
Բայց որքանո՞վ են այդ հմտությունները առնչվում վերասոցիալականացման բուն նպատակի՝ վարքային ռիսկերի նվազեցման հետ։
Ծրագրերի քանակը մեծ է, իսկ դրանց արդյունավետությո՞ւնը
ՔԿՀ-ներում այսօր իրականացվում են տասնյակ նախաձեռնություններ՝ սկսած կաշեգործությունից մինչև գրականության ակումբներ։ Դրանք իրականացվում են պետական և հասարակական կառույցների համագործակցությամբ։
Դատապարտյալների, կալանավորված անձանց համար վերականգնողական և կրթական ծրագրեր իրականացնում է ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ծրագրերը ներառում են կահույքագործություն, ծրագրավորում, կար ու ձև, անձնային աճ, խեցեգործություն, զարդակիրառական արվեստ, հաշվապահություն և այլ դասընթացներ։ 2025 թվականին այս ծրագրերին պետական բյուջեից հատկացվել է 72 միլիոն դրամ։
Կենտրոնը նաև իրականացնում է հանրակրթական դասընթացներ. այս տարի ծրագրում ընդգրկվել է 57 ազատազրկված։
«Սովորելը, նոր հմտություններ ձեռք բերելը կարևոր է, բայց հարց է՝ արդյո՞ք դրանք թիրախային են։ Ի՞նչ է տալիս նկարչության կամ ուլունքագործության դասընթացը մի անձի, ում հիմնական վարքային խնդիրը տարիներ շարունակ եղել է բռնի արձագանքը։ Կամ՝ եթե անձը խարդախության համար է դատապարտված, արդյո՞ք խեցեգործությունը կօգնի նրան վերասոցիալականացվել», – նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը։
Նույն կարծիքն է արտահայտում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը։ «Ի՞նչ ծրագրեր են իրականացվում և որքանով են դրանք նպաստում անձի վերասոցիալականացմանը՝ հենց այս երկու հարցերի միջև է համակարգային խզումը։ Հանրակրթական ծրագրերն, օրինակ, լավ են, բայց կրթված հանցագործների պակաս երբեք չի եղել։ Ուրեմն միայն կրթությունը չէ այն գործիքը, որ վերասոցիալականացնում է մարդուն»։
կրթված հանցագործների պակաս երբեք չի եղել
Բալային համակարգ՝ վերասոցիալականացման չափի՞չ, թե պատրանք
Գործող համակարգում դատապարտյալները կարող են հավաքել միավորներ՝ ծրագրերի մասնակցությամբ։ 28-ից ավելի միավոր ունենալու դեպքում ՔԿԾ-ն կարող է կազմել դրական զեկույց՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Սակայն դատախազությունն ու դատարանները հաճախ մերժում են ազատման միջնորդությունները՝ նշելով, թե դատապարտյալը դեռ չի վերասոցիալականացվել։
ՔԿԾ-ի տվյալներով՝ 2024-ին կազմվել է 765 զեկույց, որոնցից միայն 180-ն է եղել դրական։ Դրանց հիման վրա պայմանական վաղաժամկետ ազատվել է ընդամենը 138 դատապարտյալ, որոնցից 97-ն է մասնակցել վերասոցիալականացման ծրագրերի։ Մնացածը նորից մնում են համակարգում, չնայած տեսականորեն անցել են «վերասոցիալականացման ճանապարհը»։
Այս պարադոքսալ վիճակը հաճախ հանգեցնում է հակասական արդյունքների։ Իրավապաշտպանների խոսքերով՝ սա համակարգային հակասություն է. մի կողմից բալեր են տրվում, մյուս կողմից՝ մերժում։ Այս խզումը ոչ միայն նվազեցնում է դատապարտյալի մոտիվացիան, այլև կասկածի տակ է դնում ամբողջ մեխանիզմի արդարացիությունը։ Ստացվում է՝ ծրագրերը կան, մասնակցությունն ապահովված է, բալային համակարգն աշխատում է, բայց վարքային փոփոխությունը չի ապացուցվում։ Դատապարտյալները չեն հասկանում՝ ինչն էր բաց թողնված։
Շատ դատապարտյալներ ու իրավապաշտպաններ մեղադրում են դատախազությանը՝ պատժողական քաղաքականության մեջ։ Դատախազությունից «Ամփոփ Մեդիայի» գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքում են, որ դատապարտյալների հետ իրականացվող ծրագրերը առարկայական չեն։
Դատապարտյալների շահերը ներկայացնող փաստաբան Անի Չատինյանը նշում է, որ դատախազությունը դատարաններում հայտարարում է, թե ֆիլմ դիտելով, գիրք կարդալով կամ մարզամշակութային միջոցառումներին մասնակցելով անձը չի վերասոցիալականացվում։
«Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հենց դա է պետության մշակած վերասոցիալականացման քաղաքականությունն ու գործողությունների ցանկը, և դրանք նույնն են բոլոր դատապարտյալների համար, ապա կամ այդ միջոցառումները պետք է դիտարկվեն որպես բավարար, կամ պետք է ամբողջությամբ վերանայվեն ու փոփոխվեն»,- ասում է փաստաբանը։
Չատինյանի գնահատմամբ՝ այսօր գոյություն ունեցող համակարգում խնդիրն այն է, որ պետությունն ինքն էլ չի վստահում իր կողմից իրականացվող վերասոցիալականացման ծրագրերին։ Արդյունքում, նույնիսկ երբ դատապարտյալը մասնակցում է բոլոր առաջարկվող միջոցառումներին և ունի դրական վարքագիծ ու զեկույց, պետությունը շարունակում է կասկած հայտնել վերասոցիալականացման փաստի վերաբերյալ։
Անհատական պլանի բացակայությունը՝ համակարգային ձախողման պատճառ

«Պետք է համաձայնվել դատախազության թեզի հետ՝ ծրագրերը պետք է համապատասխանեն ազատազրկված անձանց անհատական պահանջներին։ Անհրաժեշտ է նախ ունենալ վերասոցիալականացման պլան, որի հիման վրա պետք է ձևավորվեն համապատասխան ծրագրեր», – ընդգծում է Արտակ Կիրակոսյանը։
Նա օրինակ է բերում՝ ենթադրենք մանկապիղծը ՔԿՀ-ում իդեալական վարք է դրսևորում, քանի որ քրեածին պայմաններ չկան։ Այդ անձը մասնակցում է բոլոր դասընթացներին, պահպանում է կարգապահություն և ըստ համակարգի՝ համարվում է «իդեալական»։ Բայց արդյո՞ք սա վերասոցիալականացում է։
«Մենք չպետք է միայն դրսևորվող վարքի հիման վրա գնահատենք։ Պետք է դիտարկվի՝ ի՞նչն է անձի հանցավոր վարքի հիմնական շարժիչ ուժը, և այդտեղից սկսվի աշխատանքը», – ասում է Կիրակոսյանը։ Ըստ նրա՝ թեև ձևականորեն կազմվում են անհատական պլաններ, սակայն դրանք գործնականում չեն կապվում վերասոցիալականացման իրական ծրագրերի հետ։
Նարե Հովհաննիսյանը ևս շեշտում է՝ իրական վերասոցիալականացման համար պետք է ռիսկերի ախտորոշում և թիրախային միջամտություն։ «Միջոցառումները չեն ուղղվում դատապարտյալի կոնկրետ վարքային կարիքներին։ Եղել են դեպքեր, երբ սպանության համար դատապարտված անձը սպառնացել է դասընթացավարին՝ ասելով՝ չեմ նայի, որ աղջիկ ես․․․։ Սա վկայում է, որ մասնակցությունը ինքնին վերասոցիալականացման ցուցիչ չէ։ Եթե անձն ագրեսիվ է ու նրան ուղարկում են կավագործություն սովորելու, դա խնդիրը չի լուծում»:
Վերասոցիալականացման ճանապարհին. քանակից դեպի որակ
Փորձագետները նշում են՝ իրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է անցում կատարել քանակական ցուցիչներից որակական գնահատման համակարգի։ «Քանակը չի որոշում արդյունքը։ Ավելի լավ է իրականացվի թիրախային մեկ ծրագիր՝ ուղղված կոնկրետ խնդրի, քան 10 ընդհանուր միջոցառում։ Խնդիրը հենց այստեղ է՝ մենք խնդիրն ինքնին լավ չենք ձևակերպել», –նշում է Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ վերասոցիալականացումը պետք է իրականացվի նաև սոցիալական, հոգեբանական և իրավական բաժինների համատեղ ուժերով՝ ՔԿՀ-ների ներսում։

ՔԿԾ Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանն ընդգծում է՝ վերասոցիալականացումը երկարատև ու բարդ գործընթաց է, որը չի կարող կատարվել կարճաժամկետ ծրագրերով։ «Բռնի վարքի փոփոխությունը պահանջում է լուրջ հոգեբանական միջամտություններ, քանի որ այդ վարքագծի հիմքում հաճախ ծանր հոգեբանական խնդիրներ են դրված», – նշում է նա։
Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս գնահատել դատապարտյալների ռիսկերն ու կարիքները։ Այդ տվյալների հիման վրա վերասոցիալականացման հանձնաժողովը կազմում է անհատական ծրագիր, որը կարող է ներառել հաղորդակցման հմտությունների դասընթացներ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն՝ անհատական կամ խմբային ձևաչափով։
Սակայն փորձագետները մտահոգություն են հայտնում ոլորտի ներքին վիճակի վերաբերյալ։ Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ՝ վերասոցիալականացման գործընթացում առանցքային դեր ունեցող բաժինները, որոնք պետք է լինեն համակարգի «ամենակայացած և ակտիվ ուժը», այսօր փաստացի «ամենաթույլ օղակներն են»։ «Այդ բաժիններում շատ քիչ հաստիքներ են գործում, իսկ եղածներն էլ հաճախ թափուր են մնում։ Նրանց սոցիալական երաշխիքներն ու աշխատանքային պայմանները զգալիորեն ցածր են մնացած ծառայողների համեմատ, ինչն էլ լրացուցիչ խնդիրներ է ստեղծում», – նշում է նա։
Այս պահին ՀՀ ՔԿՀ-ներում պահվում է ավելի քան 2700 ազատազրկված անձ, մինչդեռ գործում է ընդամենը 10 հաստիքային հոգեբան (ևս 2.5 հաստիք լրացվում է պայմանագրային հիմունքներով)։
Ո՞վ է պատասխանատու վերասոցիալականացման իրական պատվերի համար
Վերասոցիալականացման ծրագրերը պետական ֆինանսավորմամբ իրականացնող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը դատապարտյալների կարիքները գնահատում է հարցաթերթիկների միջոցով, որոնց հիման վրա ձևավորվում են ծրագրեր, որոնք ներկայացվում են նախարարությանը։

Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ վերասոցիալականացման ծրագրերի նպատակն է ստեղծել պայմաններ, որոնք կօգնեն դատապարտյալներին ներգրավվել օգտակար գործունեության մեջ և պահպանել կապը հասարակության հետ։
«Այսպիսով խթանվում է նրանց ինքնագիտակցությունը՝ հասկանալու, որ, չնայած ազատությունից զրկված լինելուն, նրանք շարունակում են լինել հասարակության լիարժեք անդամներ։ Թեպետ նրանք գործել են իրավախախտում, որի համար կրում են պատիժ, կարևոր է, որ գիտակցեն՝ չեն զրկվել հանրության մաս լինելու իրավունքից»,- ասում է Սիմոնյանը։
Սակայն փորձագետները նկատում են՝ համակարգում գործնական շփոթ կա։ Արտակ Կիրակոսյանը նշում է, որ հստակ սահմանված չէ՝ ով պետք է լինի վերասոցիալականացման գործընթացի պատվիրատուն։
«Քրեակատարողական ծառայությունն է, որ պետք է հստակ ասի՝ ունենք այսպիսի կոնտինգենտ, այսպիսի կարիքներ, և պատվիրի ծրագիր։ Սակայն այսօր հակառակն է՝ ՊՈԱԿ-ը ներկայացնում է պատրաստի ծրագիր և խնդրում է մասնակիցներ։ Այդ մոտեցմամբ վերասոցիալականացում հնարավոր չէ», – ընդգծում է Կիրակոսյանը։
Համընդհանուր և թիրախային մոտեցումը՝ միջազգային փորձի պահանջ
Միջազգային փորձը վկայում է, որ վերասոցիալականացման ծրագրերը պետք է լինեն երկու տեսակի՝ ընդհանուր (ունիվերսալ) և հատուկ (թիրախային)։ Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը նշում է, որ լավագույն միջազգային մոդելների համաձայն՝ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ներգրավված լինի ոչ միայն ունիվերսալ ծրագրերում, օրինակ՝ հաղորդակցման հմտությունների զարգացում, սթրեսի կառավարում, այլև ստանա անհատականացված միջամտություններ՝ իր վարքային առանձնահատկություններին համապատասխան։
«Օրինակ՝ բռնարար վարք դրսևորած անձը պետք է ընդգրկվի կոնֆլիկտների լուծման կամ ագրեսիայի կառավարման ծրագրերում, իսկ թմրամիջոցներից կախվածություն ունեցողը՝ կախվածության հաղթահարման միջամտություններում»,- նշում է փորձագետը։
Սակայն Հայաստանում նման թիրախային ծրագրերը գրեթե բացակայում են։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանն ընդունում է՝ խնդիրը լայնածավալ է. «Նեղ մասնագիտական ծրագրեր գրեթե չենք իրականացնում։ Դրանք պահանջում են ոչ միայն բովանդակային փաթեթներ, այլև վերապատրաստված մասնագետներ, հոգեբույժներ, ուսուցիչներ։ Այս պահին դեռ չունենք այդ ռեսուրսները»։
Քրեակատարողական ծառայության վերասոցիալականացման բաժնի ներկայացուցիչ Ցողիկ Ալեքսանյանն ընդգծում է՝ ներկայում փորձում են զարգացնել մի շարք թիրախային միջամտություններ՝ կախվածություններից ազատում, ագրեսիայի վերահսկում, բռնի վարքի նվազեցում։
«Չնայած դատապարտյալները ՔԿՀ համակարգում չեն դասակարգվում ըստ հանցանքի, գործում է անհատական մոտեցման մոդել։ Եթե, օրինակ, դատապարտյալը ունի բռնի վարքի խնդիր, ապա նա կընդգրկվի համապատասխան միջամտության ծրագրում», – պարզաբանում է նա։
Սակայն այս ամբողջ գործընթացում հիմնական մարտահրավերը մնում է մեկ հարց՝ ծրագրերը որքանո՞վ են արդյունավետ։
Հաշվետվություններում կան թվեր, բայց ոչ վերաինտեգրման չափումներ
Արտակ Կիրակոսյանի խոսքով՝ համակարգում առկա հաշվետվողականության ձևը չի արտացոլում ոչ իրականացված աշխատանքի որակը, ոչ էլ դրա ազդեցությունը։ «Այսօրվա հաշվետվություններում պարզապես նշվում է՝ այսքան միջոցառում է եղել, այսքան՝ մասնակցություն։ Բայց այդ թվերը ոչ մեկին պետք չեն։ Պետք է հասկանալ՝ ինչ խնդիր է լուծվել, ում մոտ, ինչ մեթոդով», – ասում է նա։
Կիրակոսյանի համոզմամբ՝ հաշվետվողականությունը պետք է անհատականացված լինի՝ հիմնված կոնկրետ կարիքների, ռիսկերով խմբերի և կիրառված միջամտությունների արդյունավետության վրա։
Ըստ փորձագետի՝ համակարգում գերակշռում է քանակական մտածողությունը, ինչը խոչընդոտում է իրական արդյունքի հասնելուն։ «Օգտակար զբաղվածությունը կարելի է դիտարկել որպես գործիք, բայց եթե չունենք որակական գնահատում, անհատական հաշվետվություն և թիրախային մոտեցում, միշտ նույն խնդրին ենք բախվելու՝ պարզ չէ, թե ով ինչ է անում և ինչի համար», — նշում է նա։
Փաստաբան Անի Չատինյանն էլ ընդգծում է, որ դատապարտյալները չունեն ընտրության հնարավորություն։
«Անձը մասնակցում է այն միջոցառումներին, որոնք առաջարկում է պետությունը։ Եվ երբ այդ միջոցառումները հաստատվել են պետական մակարդակով, դրանց մասնակցությունն արդեն պետք է դիտարկվի որպես վերասոցիալականացման գործընթացի մի մաս։ Ու այս պարագայում դատապարտյալներն ունեն օրինական ակնկալիք՝ պայմանական վաղաժամկետ ազատման, և այդ ակնկալիքը պետք է հստակ երաշխավորված լինի օրենքով և կիրառվող պրակտիկայով»:
Փաստաբանը շեշտում է՝ եթե այդ ծրագրերը չեն դիտարկվում որպես բավարար և համակարգը դրանց չի վերաբերվում լուրջ, ապա դրանք ընկալվում են ոչ թե որպես իրական աջակցություն դատապարտյալներին, այլ պարզապես ձևական պահանջ՝ ուղղված միջազգային կառույցների առաջ հաշվետու լինելու նպատակին։ Ըստ Չատինյանի՝ խնդիրը խորքային է, քանի որ համակարգի ներսում՝ այդ թվում՝ դատարաններում, հաճախ բացակայում է ոչ միայն վստահությունը, այլ նաև հավատը այդ ծրագրերի արդյունավետության նկատմամբ։
«Դատական պրակտիկան հստակ ցույց է տալիս, որ անգամ վերասոցիալականացման ծրագրերին ակտիվ մասնակցությունը չի դիտարկվում որպես բավարար հիմք՝ անձին վերասոցիալականացված ճանաչելու համար։ Այս պայմաններում հարց է առաջանում՝ իսկ ո՞ր ծրագրին մասնակցելն է համարվում բավարար։ Եթե չկան հստակ չափորոշիչներ, ապա ողջ գործընթացը վերածվում է ձևականության, ինչը կարող է լրջորեն խաթարել ինչպես արդարադատության համակարգի արդյունավետությունը, այնպես էլ դատապարտյալների՝ օրինական ակնկալիքներն ու վերաինտեգրվելու հնարավորությունը», – եզրափակում է նա։
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Տեսանյութը՝ հեղինակի
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
Կարդացեք նաև
- Լռության ճիչը. ինչու՞ են մարդիկ բանտերում վնասում իրենց՝ հաճախ նաև մահվան ելքով
- Ինչո՞ւ է ազատության դուռը ամուր փակված ցմահ դատապարտյալների համար
- Նոր քրեական օրենսգիրք, հին սովորույթներ․ ինչո՞ւ է Հայաստանի արդարադատության համակարգը կառչած կալանքից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/06/2025