Մարիաննա Հայրապետյանը մեկ տարեկան էր, երբ մաշկի վրա հանկարծակի հայտնված ցանը ծնողներին ստիպեց անհապաղ դիմել բժշկի։
Ցանի պատճառը բժիշկներին պարզել դեռ չէր հաջողվել, երբ ցանավորման տեղակայումը սկսեց փոփոխվել՝ վզից ու մեջքից տեղափոխվելով դեպի վերջույթներ ու այտեր։
Մարիաննայի մոր կասկածները, որ պատճառը ցիտրուսային մրգերի չարաշահումն է, հաստատել են նաև հետազոտության արդյունքները՝ սննդային ալերգիա՝ պայմանավորված ցիտրուսի օգտագործմամբ։
Մինչև 12-13 տարեկան Մարիաննայի մաշկի վրա՝ հիմնականում վերջույթներին, ժամանակ առ ժամանակ ցանավորում է նկատվել։
«2016-ի ամառն էր․ հիշում եմ՝ բավականին շոգ էր։ Կարմիր բշտիկներ սկսեցին նկատվել մաշկի վրա՝ հիմնականում ձեռքերին։ Հենց եղանակը մի քիչ փոխվում էր, թուլանում էր ցանավորումը ու այդպես մի քանի տարի։ Բարեբախտաբար, երկու տարի է՝ էլ ցան չի նկատվում, կարծես անցել է»,- ասում է մայրը և հավելում՝ տարբեր բժիշկների է դիմել, բայց հստակ ախտորոշում այդպես էլ չի տրվել, միայն ժամանակ առ ժամանակ հակաալերգիկ դեղամիջոցներ են նշանակել։
Չնայած նրան, որ ալերգիաները շատ արագ ձևափոխվում ու տարածվում են, այդուհանդերձ, բժիշկ-ալերգոլոգ Սոնա Հարությունյանի պնդմամբ, մոլեկուլային ալերգոդիագնոստիկայի մեթոդը թույլ է տալիս պարզել պատճառային ալերգենի մեջ առկա ալերգենային մոլեկուլը և սպեցիֆիկ իմունոթերապիա իրականացնել։
Ալերգոլոգն ասում է, որ մեր երկրում, ի թիվս այլ նորարար ախտորոշիչ մեթոդների, կիրառվում է թե՛ հետազոտական վերոնշյալ մեթոդը, թե՛ սպեցիֆիկ իմունոթերապիան։
Սպեցիֆիկ իմունոթերապիան ալերգիկ ռինիտների դեպքում կիրառվող բուժման արդյունավետ մեթոդ է, որը նաև նվազեցնում է ալերգիայի կրկնման հավանականությունը: Ալերգիկ ռինիտը շատ տարածված հիվանդություն է, որին բնորոշ են ծառերի ծաղկման շրջանում ի հայտ եկող քթահոսությունը, փռշտոցը, արցունքահոսությունը»,- «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է ալերգոլոգը։
Այդ մեթոդի արդյունավետությունը, ինչպես պարզվում է, մեծապես կախված է նրանից՝ ճի՞շտ է որոշվել պատճառային ալերգենը, թե՞ ոչ։
Սեզոնային ալերգիկ ռինիտի պատճառ կարող են լինել տարբեր ծառերի, ծաղիկների ծաղկափոշին, որոշ սնկերի սպորները և այլն։ Հայաստանում ալերգիկ ռինիտի տարածվածությունը մեծ է, քանի որ առկա են նպաստող կլիմայական պայմաններ՝ առատ բուսականություն և տևական ծաղկման շրջան:
Բազմաթիվ մարդկանց մոտ սեզոնային ալերգիայի պատճառ կարող է դառնալ սիզախոտը։ Դա ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում համարվում է ամենատարածված ալերգեններից մեկը։
«Ախտորոշման մեթոդների կատարելագործումը ոչ միայն թույլ է տալիս հասկանալ, որ օրինակ՝ սիզախոտից կամ ցորենից է ալերգիան, այլև հնարավորություն է ընձեռում պարզել, թե սիզախոտի կամ ցորենի որ մոլեկուլն է ալերգիայի պատճառը»,-ասում է ալերգոլոգ Իրիցյանը։
Նույն ալերգիան տարբեր դրսևորումներ կարող է ունենալ․ պրոցեսը հարափոփոխ է
Հաճախակի են դարձել ալերգիաների ձևափոխված դրսրևորումները։ Վերջին շրջանում, ալերգոլոգ Սոնա Հարությունյանի խոսքով, ավելի շատ են պոլիսենսիբիլիզացված պացիենտները, այսինքն՝ երբ մի հիվանդը զգայուն է մի քանի ալերգենների հանդեպ: Վիճակագրությունը հուշում է, որ մեր օրերում մոնոսենսիբիլիզացված են մեծամասամբ մինչև 2-3 տարեկան երեխաները:
2000-ականներին ԱՄՆ-ում հայտնաբերված Lone star tick կոչվող տզի խայթոցից հետո նկատվող ալերգիան վերջին մի քանի տարիներին սկսել է հանդիպել նաև Հայաստանում։ Դրան բնորոշ գանգատներով պացիենտները հիմնականում անտառաշատ հատվածներում՝ մասնավորապես Սյունիքի և Տավուշի մարզերում ապրող մարդիկ են։
Բժիշկ-ալերգոլոգ Սևան Իրիցյանը, ում պրակտիկայում հանդիպել են նման խնդրով պացիենտներ, շեշտում է՝ տիզը բազմիցս կարող է կծած լինել մարդուն, և որևէ ռեակցիա առաջացած չլինի, բայց ինչ-որ պահի՝ կարմիր մսի օգտագործումից կարճ ժամանակ անց, մարդու մոտ ալերգիա նկատվի։
«Ի տարբերություն անտառներում մեծ տարածվածություն ունեցող տզերի՝ մեր բջջի պատի կառուցվածքի մեջ բացակայում է ալֆա գալակտոզ կոչվող շաքարը։ Երբ տիզը կծում է, նրա օրգանիզմում եղած բջիջները՝ այդ թվում այդ շաքարը, շրջանցելով մարսողական համակարգը, միանգամից անցնում են մեր արյան մեջ։ Դրանից հետո մարդու օրգանիզմը շատ զգայուն է դառնում ալֆա գալակտոզի նկատմամբ, ու կարմիր միս ընդունելիս, որը ևս պարունակում է ալֆա գալակտոզ, հակազդեցություն է առաջանում»-ասում է ալերգոլոգ Իրիցյանը։
Ի տարբերություն այս տեսակի, սեզոնային, սննդային ու մնացյալ տեսակի ալերգիաների աշխարհագրությունը բավականին լայն է։ Մասնագետները, այդուհադերձ, խուճապի մատնվելու կարիք չեն տեսնում։ Ալերգիաների որոշ տեսակներ, օրինակ, 7-10 տարեկանում առանց որևէ միջամտության կարող են անհետանալ։
Ալերգիան ոչ միշտ, բայց երբեմն կարող է ծնողից փոխանցվել երեխային
Հաճախ հանդիպող և տարածված ալերգիկ հիվանդությունները՝ ինչպես օրինակ ալերգիկ ռինիտը, բրոնխիալ ասթման, սովորաբար ժառանգական նախատրամադրվածություն ունեն։
«Երբ հիվանդը գալիս է այդպիսի պաթոլոգիայով, շատ դեպքերում պարզվում է, որ ընտանիքում նույն կամ նմանատիպ պաթոլոգիայով այլ հիվանդներ էլ կան»,-նշում է ալերգոլոգ Հարությունյանը։
Կա նաև տեսակետ, որ վաղ մանկական տարիքում հակաբիոտիկների չարաշահումը մեծացնում է ալերգիաների հավանականությունը։
Ադյուհանդերձ, «ալերգիան բուժում չունի թեզը», ինչպես վստահեցնում է Սոնա Հարությունյանը, վաղուց հնացել է։ Տարատեսակ ալերգիաների բուժման ուղղությամբ հսկայական ձեռքբերումների է հասել համաշխարհային առողջապահությունը․ Հայաստանն էլ հետ չի մնում այդ տեմպից՝ հետզհետե բոլոր փուլերը դարձնելով հասանելի։
Սևան Իրիցյանը նկատում է՝ Հայաստանում չկան ալերգոլոգիայով զբաղվող գիտահետազոտական կենտրոններ, որոնք ի թիվս այլ խնդիրների՝ կուսումնասիրեն ալերգոլոգիայի պատճառները։ Գիտության մեջ արված ներդրումը արդյունք է տալիս 10, 20 գուցե ավելի շատ տարիներ անց, բայց այն հսկայական ինդուստրիա կարող է բերել երկիր։
«Ինստիտուտների նպատակը մասնագետների, թիմերի մշտապես պատրաստ լինելն է։ Երբ կորոնավիրուսային վարակը բռնկվեց, նոր հասկացանք, որ չունենք մասնագետներ։ Նույն խնդիրը լինելու է ալերգոլոգիայում։ Իմունոլոգիական շատ հետազոտություններ կան, որոնք Հայաստանում չեն կատարվում, ուղարկվում են արտերկիր։ Դա և՛ թանկ է, և՛ ժամանակատար։ Բայց ամենավտանգավորն այն է, որ հեզտհետե այդ ուղղությունները թուլանում են, մասնագետներն էլ՝ գնալով պակասում»,- ասում է Իրիցյանը։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/11/2022