Տնտեսություն Քաղաքական

Յոթ տարի, ոչ մի դատավճիռ․ «Հյուսիս-հարավի» կոռուպցիոն գործի ձախողված պատմությունը

Լուսանկարում (ձախից աջ)՝ Սեդրակ Առուստամյան, Լյովա Սարգսյան, Գուրգեն Սարգսյան

Արդեն 7 տարի է, ինչ շարունակվում է «Հյուսիս-հարավ» միջանցքի առաջին և երկրորդ տրանշներում շինարարության ընթացքում կատարված միլիարդավոր դրամների չարաշահումների գործով նախաքննությունը։ Խոսքը վերաբերում է ծրագրի 2009-2018 թվականների փուլին։ Ինչպես ճանապարհաշինության ծրագրի պարագայում, այնպես էլ այս քրեական գործի նախաքննության դեպքում`անորոշ է դրա ավարտը։

Մասնագետները բարձրաձայնում են քրեական գործի հնարավոր տապալման մասին։ Նշվում է, որ երկարատև նախաքննության արդյունքում նախաքննությունից առանձնացված և դատարան ուղարկված գործերը դատապարտված են կարճվելու՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Անցած տարիներին նախաքննության տեսանելի «ձեռքբերումներից» էր գործից առանձնացված երկու դրվագների դատաքննության փուլ մտնելը։ Սակայն այդ դատավարություններն էլ մինչ այժմ չեն ավարտվել, և միլիարդավոր դրամների չարաշահումների համար որևէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել։

«Ամփոփ Մեդիան» փորձել է պարզել, թե ինչու է գործը վերջին 7 տարիների ընթացքում մնացել անշարժ, և ինչ հնարավոր ռիսկեր է ստեղծում դրա շարունակական ձգձգումը։

Տարիներ ձգվող «աննախադեպ» նախաքննությունը

Գլխավոր դատախազությունը 2018-ի սեպտեմբերին հայտնեց Հայաստանի համար խոշորագույն այս նախագծի ծրագրում առերևույթ չարաշահումների հիմքով հարուցված քրեական գործի մասին։ Ըստ իրավապահների՝ 2009-ից 2018 թվականներին՝ ճանապարհի կառուցման ընթացքում, ծրագրում ներգրավված պաշտոնյաների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 23,5 միլիարդ դրամի կամ շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս։ Ընդ որում՝ սա ներկայացվել էր որպես նախնական վնասի չափ։ Իրավապահ մարմինները հետագայում չեն հստակեցրել՝ որքան է կազմել «Հյուսիս-հարավի» չարաշահումների իրական ծավալը։

Պետությանը պատճառվել է 23,5 միլիարդ դրամի կամ շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս։ «Հյուսիս-հարավի» գործի ծավալները համարվում է աննախադեպ։

Քրեական գործի նախաքննությունն իրականացնող Քննչական կոմիտեն «Հյուսիս-հարավի» գործի ծավալները համարում է աննախադեպ։ Նախաքննության ընթացքում հարյուրավոր անձինք են հարցաքննվել, տասնյակների, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Գործով անցնող 14 մեղադրյալ հետախուզվում է, որոնց թվում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը։

2018-ին հարուցված քրեական գործի շրջանակում ուսումնասիրվում են 2016 թվականին շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան–Աշտարակ և Երևան–Արտաշատ, ինչպես նաև Տրանշ 2-ի՝ Աշտարակ–Թալին հատվածներում թույլ տրված չարաշահումները։ Թե հատկապես որ դրվագներն են կազմում գործի առարկան, Քննչական կոմիտեն չի մանրամասնում։

Դեռ 7 տարի առաջ՝ 2018-ին, Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2009–2018 թթ․–ին ճանապարհաշինության աշխատանքներով ներգրավված պաշտոնյաները ծրագրի պայմանագրերում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ։ Իրավապահների պնդմամբ՝ պաշտոնյաները հիմնավորում չներկայացնելով և առանց վնասները փոխհատուցելու՝ համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների պայմանագրերով սահմանվել են վճարներ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը՝ երբեմն հասնելով կրկնակիի։ Բացի այդ, մատուցված ծառայություններում ներառվել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ։ Իրավապահները հայտնել էին նաև, որ Երևան–Աշտարակ և Երևան–Արտաշատ ճանապարհները շահագործման էին հանձնվել բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններով․ շինարարության ընթացքում խախտվել են շինանյութերի՝ մասնավորապես ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչները։

Արխիվային նյութ, 2019թ․

7 տարվա ընթացքում գործից միայն երկու դրվագ է ուղարկվել դատարան

«Հյուսիս-հարավի» քրեական գործից անցած 7 տարվա ընթացքում միայն երկու դրվագ է ուղարկվել դատարան։ Դրանցից առաջինը վերաբերում է 2008–2010 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանին ու գործարար Գագիկ Ծառուկյանի մտերիմը համարվող, «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին։ Մյուս քրեական գործով առանցքային մեղադրյալ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանը։

Առաջինով վարույթի շրջանակում միացվել է 13 քրեական գործ՝ կաշառք ստանալու, հովանավորչության, հարկերից խուսափելու և փողերի լվացման դրվագներով։

Ներկայումս դատարանի առաջ կանգնած է 7 ամբաստանյալ, այդ թվում՝ Գուրգեն Սարգսյանն ու Սեդրակ Առուստամյանը։ Նրանք մեղադրվում են կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ 58-ամյա Սեդրակ Առուստամյանը, որը նաև այլ քրեական գործերով է անցնում, մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ Գուրգեն Սարգսյանը, Սեդրակ Առուստամյանը և գործարար Սուրեն Ավագյանը, չմատուցած ծառայությունների դիմաց վարձատրվել են «Հյուսիս-հարավի» կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի հայաստանյան մասնաճյուղից՝ խուսափելով շուրջ 2 միլիարդ 700 միլիոն դրամի հարկերից։ Իրավապահների պնդմամբ՝ չարաշահումներն իրականացվել են չինական ընկերության համաձայնությամբ։

Սեդրակ Առուստամյանը, ըստ իրավապահների, քրեական գործի հարուցումից հետո՝ 2020 թվականին, որպես վնասի վերականգնման ապահովման միջոց, մեկ միլիարդ դրամ է փոխանցել Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Գործով անցնում են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի ներկայացուցիչները։ Նրանց անունները, սակայն, չեն նշվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի նյութերում, ինչը, իրավաբանների մեկնաբանությամբ, կարող է նշանակել, որ նրանք ևս ընդգրկված են հետախուզվողների ցանկում։

Արխիվային լուսանկար

Դատարանում գտնվող երկրորդ քրեական գործով, որը կրկին առնչվում է կոռուպցիոն չարաշահումներին, Լյովա Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Լյովա Սարգսյանը, ով այդ շրջանում հատուկ հանձնարարություններով դեսպան էր, իր ազդեցությունն օգտագործել է «Հյուսիս-հարավ» ծրագրում՝ ենթակապալառուների ընտրության գործընթացում։ 2014 թվականին նա, միջնորդի միջոցով, ծրագրի լուսավորման համակարգի տեղադրման աշխատանքների համար ընտրված կազմակերպություններից մեկի տնօրինից պահանջել է շահույթի 50 տոկոսը՝ ավելի քան 140 հազար ԱՄՆ դոլար (շուրջ 59 մլն 710 հազար դրամ)։ Գործի նյութերում նշվում է, որ փողերի լվացումը կազմակերպվել է «Պոլի-Տրանսպորտ» ենթակապալառու ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հետախուզման մեջ են գտնվում նաև «Պոլի-Տրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանները։

Այս գործով դատարանի առաջ կանգնած է միայն երկու ամբաստանյալ՝ գործարարներ Սերգեյ Ավետիսյանն ու Անթուն Անդրե Քուրթյանը։

Փաստորեն, անցած յոթ տարիների ընթացքում՝ ոչ նախաքննությունն, ոչ էլ դատաքննությունը շոշափելի արդյունք չեն տվել։ «Հյուսիս-հարավի» ծրագրի նման խոշոր կոռուպցիոն չարաշահումների համար մինչ օրս ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, իսկ մի շարք մեղադրյալներ, Հայաստանից հեռանալով, այժմ հետախուզման մեջ են։

Ինչու է նախաքննությունը դոփում տեղում

Մինչ «Հյուսիս-հարավի» քրեական գործը փաստացի փակուղում է, և որևէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել խոշոր չարաշահումների համար, իշխանությունները պարբերաբար «պարծենում» են կոռուպցիոն այլ գործերով պետությանը վերադարձված գումարների և գույքի ծավալներով։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսին հայտարարությամբ տեղեկացրել էր, որ միայն 2023 և 2024 թվականներին պետությանը վերադարձվել է շուրջ 247,7 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ «2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառմամբ»։ Մինչ այդ էլ՝ 2018-2022 թթ․–ին, վերադարձվել էր մոտ 290 միլիոն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ, ըստ գլխավոր դատախազի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով բռնագանձման ենթակա է շուրջ 1.5 միլիարդ դոլարի գույք կամ դրամական միջոց։

Ինչո՞ւ, այս ֆոնին, «Հյուսիս-հարավ» միջանցքի գործով տեսանելի տեղաշարժ չկա։ Ինչո՞ւ են նախաքննությունն ու դատաքննությունը տարիներ շարունակ ձգձգվում։

«Մեծածավալ ու բազմադրվագ գործ է», — պատճառաբանում է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Բենիամին Հարությունյանը։ Նրա խոսքով՝ գործով դեռ կա 14 հետախուզվող անձ։ Սակայն Հարությունյանը չի հստակեցնում՝ ովքեր են այդ անձինք։

«Մեծածավալ քննությունն արդեն կատարված է։ Քրեական վարույթով առգրավված են մեծածավալ փատաթղթեր», – ասում է այս գործի քննչական խմբի ղեկավար Հարությունյանը։

Արաքս Մելքոնյան, ԻՊԱՍ ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոռուպցիոն գործերով քննության ձգձգումները պայմանավորված են այդ թվում դատավորների ծանրաբեռնվածությամբ։

«Հակակոռուպցիոն դատարանի գործերի քննության ողջամիտ ժամկետների վրա ազդում է դատավորների աճող ծանրաբեռնվածությունը, այդ թվում՝ մանր կոռուպցիոն հանցագործություններով»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում  ասում է կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը։

ԻՊԱՍ–ի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ բավականին մեծ թիվ են կազմում մանր կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող գործերը, այդ թվում՝ օրինակ, 20,000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու կամ ստանալու դրվագներով հանցագործությունները, որոնք քննվում են դատարանի կողմից։

Իրավապաշտպանի խոսքով՝ դատարաններում անգամ բավարար թվով նիստերի դաhլիճներ չկան, որ դատավորները կարողանան պարբերաբար մոտ ժամկետներում նիստեր նշանակել։ Հենց այդ պատճառով նաև, ըստ Մելքոնյանի, արձանագրվում են նիստերի հետաձգումներ։

«Ինչը, բնականաբար, ազդում է գործերի տևողության և արդարադատության արդյունավետության վրա։ Ավելին, թեև ի սկզբանե նախատեսված էր, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը նստավայրեր կունենա նաև մարզերում, ստեղծումից կարճ ժամանակ անց այն գործում է բացառապես Երևան քաղաքում», – ասում է Մելքոնյանը։

Մելքոնյանի հետ համաձայն է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, սակայն, ըստ նրա, նույն «Հյուսիս-հարավի» գործով քննության ձգձգումը կարող է նաև ոչ օբյեկտիվ պատճառներ ունենալ։  Հոկտանյանը չի բացառում, որ գործը քննող քննիչները կարող են գործարքի գնացած լինել նույն մեղադրյալներից որոշների հետ։

Վարուժան Հոկտանյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

«Կարող են լինել գործարքներ, որովհետև մենք այնպիսի երկրում չենք ապրում, որ ունենանք իսկապես բարեվարք, սկզբունքային քննիչներ, դատախազներ, որոնք չեն գնա ինչ-որ գործարքների մեղադրյալների կամ կասկածյալների հետ»,– ասում է հակակոռուպցիոն փորձագետը։

Հոկտանյանը չի բացառում նաև քննիչների ոչ բարձր որակավորումը։ «Այսինքն՝ սա իսկապես լրջագույն գործ է, և չի բացառվում, որ քննիչներն ուղղակի կամ պրոֆեսիոնալիզմի խնդիր ունեն, կամ խնդիր ունենք ծանրաբեռնվածության հետ, որովհետև գիտենք, որ սա միակ գործը չէ, որով քննիչները զբաղվում են»։

Մասնագետները նկատում են, որ գործերի քննության ձգձվող  ժամկետների պատճառով հնարավոր է որոշ հանցագործությունների վաղեմության ժամկետներն անցնեն ու քրեական վարույթները կարճվեն՝ առանց որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու, անգամ եթե հաստատվի մեղադրանքը։

«Միակ բանը, որ, այսպես ասած, հստակ է, չափազանց ձգձգված այս պրոցեսը կարող է այնքան ձգձգվել, որ վաղեմության ժամկետների հարցեր առաջանան»։

Օրինակ, առանձապես խոշոր չափերի փողերի լվացման հանցանքի դեպքում վաղեմության ժամկետն ուժի մեջ է մտնում հանցանքը կատարելուց 15 տարի անց․ սա՝ համաձայն նախորդ քր․ օրենսգրքի, որով էլ մեղադրվում են «Հյուսիս-հարավի» գործով անցնողները։ Ստացվում է՝ եթե մեղադրյալները հանցանքը կատարել են 2009-ին, ապա անգամ այս տարի մեղադրանքի հաստատման դեպքում, քաղաքացին որևէ պատասխանատվության չի ենթարկվի։

Դատարան ուղարկված  գործերից մի մասը, պարզվում է, հենց դատաքննության սկզբում արդեն վաղեմության ժամկետով «փակվելու» եզրին են։

ԻՊԱՍ–ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քիչ չեն այնպիսի քրեական վարույթները, որոնք հարուցվել են կամ փոխանցվել են դատարան արդեն իսկ վաղեմության ժամկետին մոտ։ Ըստ Մելքոնյանի, դատարանը մեղադրյալի համապատասխան միջնորդության հիման վրա, քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշում է կայացնում։

Իրավապաշտպանն ասում է՝ նախաքննության արդյունավետությանն ու դրա ժամկետները գնահատելու համար կարևոր է հասկանալ քրեական վարույթի ծավալը և ներգրավված անձանց թիվը, ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակը, ապացույցների հասանելիությունը։

Մինչ դեռ, ըստ իրավապաշտպանի, հաճախ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը ընտրովի է, և կիրառվում են երկակի չափանիշներ։

«Հյուսիս-հարավի» գործով քննչական խմբի ղեկավար Հարությունյանը հրաժարվում է արձագանքել իր թիմի հասցեին հնչող քննադատությանը՝ պնդելով, թե նախաքննական մարմինը առհասարակ քննադատություններին արձագանքելու ցանկություն չունի։

«Քանի որ քրեական վարույթն իրականացնող մարմինը կատարում է քրեադատավարական օրենսդրությամբ իր վրա դրված լիազորությունները, հետևապես որևէ բողոք կամ քննադատություն մեկնաբանելը տեղին չեմ համարում», –ասում է Հարությունյանը։

Նախագծի վրա աշխատել են Մարիա Խաչատրյանը, Վան Սիմոնը, Կարինե Դարբինյանը, Սուրեն Դեհերյանը

This article was made possible with the support of CIPE as part of the project ‘Responding to the Threat of Corrosive Capital in Armenia: Expanding the capabilities of Armenian media and civil society as watchdogs for illicit/corrosive financial flow and capital flow risks,’ funded by UK International Development from the UK government. The views and opinions expressed in any investigations or media products developed as part of this project are solely those of the authors and do not necessarily reflect the views of the Center for International Private Enterprise (CIPE) or the Foreign, Commonwealth & Development Office (FCDO)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/06/2025