Իրավունք Քաղաքական

Նոր քրեական օրենսգիրք, հին սովորույթներ․ ինչո՞ւ է Հայաստանի արդարադատության համակարգը կառչած կալանքից

Թեև դատաիրավական բարեփոխումների շրջանակում Քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ ներդրվել է այլընտրանքային խափանման միջոցների նոր ընդլայնված համակարգ, այդուհանդերձ, քրեական արդարադատությունը շարունակում է ապավինել կալանավորմանը։

«Բանտը կնոջ, առավել ևս երեխաների մոր տեղ չէ»,- կալանքի մասին պատմում է երկու մանկահասակ երեխաների մայր Տաթևիկ Վիրաբյանը։ «Կարծես ֆիլմում լինեի, արթնացա, տեսա՝ մութ սենյակում եմ, արևի լույսն ընկավ փոքրիկ պատուհանից, ինչպես ֆիլմում», – հիշում է նա մենախցում գտնվելու առաջին օրը: Երեք օր անց Տաթևիկը պաշտոնապես կալանավորվեց։

2023 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Նա մեղադրվում է սեպտեմբերի 19-ին բողոքի ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու և համացանցում բռնության և զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու մեջ։

Վիրաբյանը Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը Ֆեյսբուքում գրառում էր կատարել և մասնակցել կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներին։ Արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Տաթևիկի փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով, որպես հիմնավորում՝ կալանքի համար նշվել են հետյալ ռիսկերը՝ փախուստը, վկաների վրա ազդեցությունը և կրկնահանցագործությունը: Դատարանը հիմնավոր է համարել այդ հիմքերից երկուսը` վկաների վրա ազդելու և կրկնահանցագործության ռիսկը, և մերժել է փախուստի վտանգը: Ըստ Բաբայանի՝ Տաթևիկի կալանավորման հիմքերը օբյեկտիվ չեն։

Փաստաբանի պնդմամբ՝ հնարավոր էր դիտարկել այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, վարչական հսկողություն։ «Բազմիցս շեշտել ենք, որ Տաթևիկը խնամում է իր երկու անչափահաս երեխաներին, տարեց մորը, եղբայրը զոհվել է պատերազմում, սակայն դատարանը հաշվի չառավ այս հանգամանքները և կիրառեց երկամսյա կալանք, որն էլ Տաթևիկը անցկացրեց «Աբովյան» ՔԿՀ-ում», – ասաց փաստաբանը։

Բանտի ներսում

«Ամեն անգամ, երբ դուռը բացվում էր, հարցնում էի՝ ինձ բա՞ց են թողնում, բայց պատասխանը միշտ «ոչ» էր,- հիշում է Տաթևիկը, – Գիտեի, որ այդտեղ երկու ամիս մնալու եմ, բայց երբ այդ փակ դուռը բացվում էր, չեք պատկերացնի, թե ինչ հոգեվիճակում էի։ Սկսում ես սիրել անգամ պահակին, քանի որ նա է բացում դուռը, ու դա երջանկացնում է քեզ», – պատմում է Տաթևիկը։

Կալանավորման ընթացքում Տաթևիկի երկու մանկահասակ երեխաներին խնամել է մայրը։ Թեև երեխաների տեսակցությունները թույլատրվում էին, Տաթևիկը նախընտրեց չտեսնել նրանց։ «Ես չէի ուզում, որ երեխաներս տեսնեին ինձ բանտում, այդ պատերի ներսում լինեին թեկուզ մեկ րոպե, կամ հասկանային, թե ինչ է բանտը։ Դրա համար էլ երկու ամիս չտեսա երեխաներիս»,- նշում է նա։ Կալանավայրում գտնվելիս Տաթևիկը նաև առողջական խնդիրներ է ունեցել, այդ թվում՝ հաճախակի ուշագնացություն։

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նպատակը՝ նվազեցնել անհիմն կալանավորումները

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Քրեական դատավարության նոր օրենսգիրքը՝ նախատեսելով նոր այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք մինչ այդ չեն կիրառվել ՀՀ-ում։ Դրանք են՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։ Կառավարությունը նպատակ ուներ այս բարեփոխումներով զսպել անհիմն կալանավորումների տարածվածությունը:

Արդարադատության նախարարության մոտեցումը հետևյալն էր՝ նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանքների թվի կրճատմանը: Նոր օրենսգրքով կալանքը դիտվում է որպես խափանման ծայրահեղ միջոց, որը պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ խափանման որևէ այլ միջոց չի ապահովի մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Չնայած Քրեական դատավարության նոր օրենսգրքի ներդրմանը, կալանքը շարունակում է մնալ խափանման առաջնային միջոց Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, – մտահոգություն են հայտնում փաստաբանները՝ ընդգծելով, որ այն հաճախ կիրառվում է առանց այլընտրանքային միջոցների լիարժեք դիտարկման:

Գլխավոր դատախազությունը կալանքի միջնորդությունների աճը կապում է քրեական գործով մեղադրյալների թվի ավելացման հետ, ինչը պայմանավորված է Քրեական դատավարության նոր օրենսգրքում փոփոխություններով, որոնք իջեցրել են քրեական գործեր հարուցելու շեմը։ Նախորդ օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը կարող էր մեղադրվել միայն այն դեպքում, եթե առկա էր նրա կատարած հանցագործությունը հաստատող բավարար ապացույցների համակցություն։

Ի հակադրություն, գործող օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասը թույլ է տալիս քրեական հետապնդում սկսել վերահսկող դատախազի կողմից՝ հիմնվելով հանցագործության կատարման մասին վկայող կոնկրետ փաստերի վրա, այլ ոչ թե համապարփակ ապացույցներ պահանջելու:

«Նոր օրենսգրքի առավելությունն այն է, որ այն փոխարինում է «ապացույցների բավարար համակցություն» անորոշ և գնահատող ձևակերպումը որոշակի և հստակ փաստերով՝ թույլ տալով մեղադրյալին կանխատեսելիորեն պաշտպանվել հարուցված քրեական հետապնդումից», – պարզաբանում են Գլխավոր դատախազությունից։

Ի հակադրություն դատախազության հիմնավորման՝ փաստաբան Արմինե Ֆանյանը պնդում է՝ կալանքի կիրառումը հաճախ հիմնված է ոչ թե կոնկրետ ապացույցների, այլ չճշտված օպերատիվ տեղեկությունների վրա։ Ըստ նրա՝ դա արտացոլում է քրեական արդարադատության մեջ նվազագույն միջամտության սկզբունքի անտեսումը:

«Կալանքը պետք է լինի վերջին միջոցը, որը կիրառվում է միայն այն դեպքում, երբ այլընտրանքային միջոցները անբավարար են», – բացատրում է Ֆանյանը։ Ըստ նրա՝ թեև նոր Քրեական դատավարության օրենսգիրքը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Վճռաբեկ դատարանի նախադեպերի վրա, սակայն այն չի փոխել դատավորների, դատախազների կամ քննիչների մտածելակերպը:

Կալանքը շարունակում է ընկալվել որպես պատիժ, ոչ թե խափանման միջոց․ փաստաբաններ

Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով՝ միջին և ծանր հանցագործությունների համար քննչական կոմիտեն մշտապես բարձրացնում է կալանքի հարցը։ «Սա նման է քրոնիկ հիվանդության, գրեթե ցանկացած քրեական մեղադրանքի ինքնաբերաբար հաջորդում է կալանքի միջնորդությունը», – պնդում է Բաբայանը։

Մեկ այլ փաստաբան Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ կալանքը շարունակում է ընկալվել որպես պատիժ, այլ ոչ թե որպես խափանման միջոց։

«Դատավորները հաճախ ասում են՝ կներեք, ի՞նչ անեմ, եթե նա նման արարք է կատարել։ Սա ցույց է տալիս, որ նրանք չեն էլ դիտարկում կալանավորման օրինական հիմքերը, փոխարենը կենտրոնանում են բացառապես ենթադրյալ հանցագործության լրջության վրա»,- նշում է Հովհաննիսյանը։

Օրենսդրական դաշտը նախանշում է (Քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդված) խափանման միջոց կիրառելու երեք հիմնական հիմք՝

  • հանցագործության կատարում,
  • փախուստի վտանգ,
  • հետաքննության վրա ազդելու հնարավորություն:

Փաստաբանների խոսքով՝ քննիչները հաճախ նշում են կալանքի բոլոր երեք հիմքերը՝ առանց կոնկրետ ապացույցներ ներկայացնելու: Թեև մեղադրող կողմն է պարտավոր ցույց տալ կալանքի անհրաժեշտությունը, սակայն ապացուցման բեռը, փաստաբանների խոսքով, անարդարացիորեն դրվում է պաշտպանական կողմի վրա։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը բացատրում է, որ դատարանները սովորաբար մերժում են հանցագործության կատարման և փախուստի ռիսկի հիմքերը, քանի որ դրանք պահանջում են հատուկ իրավական չափանիշներ: Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սահմանում է, որ պետք է լինեն կոնկրետ ապացույցներ՝ փախուստի հիմքով կալանավորումը հիմնավորելու համար։ Իսկ ահա վկաների վրա ազդելու հիմքը, փաստաբանի խոսքով, հաճախ է բավարարվում։

«Քննիչները պնդում են, որ իրենց հետաքննությունը դեռ նախնական փուլում է, ապացույցներ են հավաքվում, և վկաները դեռ պետք է հարցաքննվեն՝ ենթադրելով, որ ազատության մեջ գտնվող կասկածյալը կարող է ազդել այդ վկաների վրա: Օրինակ, զանգվածային անկարգությունների գործերով վկաների թվում կարող են լինել ոստիկաններ կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին Արամ Հովհաննիսյանն է (Ոստիկանապետ, ՆԳ փոխնախարար-հեղ․), ինչպե՞ս կարող է շարքային քաղաքացին ազդել նրանց վրա», – հարցնում է փաստաբանը՝ ընդգծելով, որ նույնիսկ առանց հիմնավոր ապացույցների դատարանները հաճախ ընդունում են այն փաստարկը, որ կասկածյալը կարող է ազդել վկաների վրա։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նույնպես մտահոգություն է հայտնում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պրակտիկայի առնչությամբ․ «Կան դեպքեր, երբ քննիչները խոստովանում են, որ միջնորդություն են ներկայացրել կալանքի մերժման ակնկալիքով, սակայն դատարանը բավարարել է այն»,- ասում է Սիմոնյանը։ Նա նկատում է, որ շատ դատավորներ կարծես ավելի հակված են բավարարելու նախաքննական մարմնի պահանջները, քան գնահատելու, թե արդյոք կասկածյալը կարող է խոչընդոտել քննությանը: Այս պրակտիկան, զգուշացնում է Սիմոնյանը, հանգեցնում է առանց պատշաճ հիմնավորման անձանց կալանավորելու շարունակականությանը։ Նա ընդգծում է, որ իր պաշտպանյալի կալանքը վերջերս երկարացվել է, սակայն պատճառը մնում է անհասկանալի։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը (խմբ․ սույն նյութի համար պրն․ Գրիգորյանի հետ հարցազրույցն արվել է, երբ նա դեռ ԲԴԽ անդամ էր։ Իսկ 2024թ․ հոկտեմբերի 23-ին  ԱԺ-ում գաղտնի ընտրության արդյունքում ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր) հրաժարվեց անդրադառնալ անհիմն կալանքների մասին փաստաբանների պնդումներին՝ վկայակոչելով դատական անկախությունը։ Նա ընդգծեց, որ դատարանները որոշումներ կայացնելուց առաջ ուշադիր ուսումնասիրում են միջնորդություններն ու ապացույցները։

«Եթե դատարանը սխալ է թույլ տվել, փաստաբանները կարող են բողոքներ ներկայացնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողով կամ Արդարադատության նախարարություն՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»,- ասաց Գրիգորյանը։ ԲԴԽ անդամն ընդունեց, որ թեև որոշ դատական որոշումներ կարող են հիմնովին արդար լինել, դրանք հաճախ չունեն պատշաճ պատճառաբանություն և հիմնավորում: Նա նշեց, որ Դատական դեպարտամենտը ներկայումս չի վերլուծում այդ ասպեկտները՝ փոխարենը առաջնահերթություն է տալիս գործերի քննության ողջամիտ ժամկետներին։

Ավելի շատ հանցագործությունը հանգեցնում է ավելի շատ կալանքի․ ՔԿ և ԲԴԽ պարզաբանումը

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում քննիչները 149673 քրեական գործերից ներկայացրել են կալանքի 1188 միջնորդություն, որը կազմում է բոլոր գործերի 0,8%-ը։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում կալանավորման միջնորդությունների թիվը հասել է 1605-ի՝ տվյալ ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեում քննված 171․706 քրեական վարույթների պայմաններում։ Սա կազմել է ընդհանուր գործերի 0,9%-ը։

«Այսինքն՝ չնայած քրեական վարույթների 14,7 տոկոս աճին, կալանավորման միջնորդությունները աճել են ընդամենը 0,1 տոկոսային կետով, այս աճը պայմանավորված է հանրապետությունում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի որոշակի աճով, ինչի պայմաններում օրինաչափորեն խափանման միջոց կալանքի միջնորդություններ ավելի շատ են ներկայացվում», – պարզաբանում են Քննչական կոմիտեից։ ՔԿ-ն պնդում է, որ ընդհանուր համապատկերից կտրված, զուտ բացարձակ թվերի դիտարկումը չի կարող արտացոլել խափանման միջոցների իրական պրակտիկան և միտումները։

ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանը ևս նույն հիմնավորումն է բերում։ Ըստ նրա՝ թեև բացարձակ թվերը ցույց են տալիս մեղադրյալների և կալանավորման միջնորդությունների և դրանց բավարարման աճ, այդ միջնորդությունների տոկոսային հարաբերակցությունը գործերի ընդհանուր թվի նկատմամբ դիտարկելիս ի հայտ է գալիս կալանքի՝ որպես ընտրված խափանման միջոցի բացահայտ նվազում (տե՛ս գրաֆիկը)։

«Չնայած տարիների ընթացքում բացարձակ թվերի աճին, այդ ցուցանիշների տոկոսը տարեցտարի նվազում է։ Այս միտումը, իմ կարծիքով, ուղղակիորեն կապված է Քրեական դատավարության նոր օրենսգրքով կատարված փոփոխությունների հետ, ինչը հանգեցրել է օրենսգրքով նախատեսված երկու քննչական մարմինների ավելի արդյունավետ աշխատանքին»,- պարզաբանում է Հայկ Գրիգորյանը։ Կալանավորումների քանակը նա ևս պայմանավորում է նաև հանցավորության աճով։

Փաստաբան Արսեն Բաբայանը կասկածի տակ է դնում կալանքի՝ հանցավորության աճի լույսի ներքո լայնածավալ կիրառելու հիմնավորումը։ Բաբայանը պնդում է, որ հանցավորության աճը կարող է հանգեցնել ընդհանուր խափանման միջոցների ավելացմանը։ «Արդյոք աճել են այն հանցագործությունները, որոնցում մեղադրյալները անպայմանորեն այնպիսի ռիսկեր են դրսևորում, որ պետք է կալանավորվեն։ Նման հետազոտություն, վստահ եմ, ոչ դատախազությունը, ոչ Քննչական կոմիտեն չունեն, հետևաբար դա ստանդարտ չհիմնավորված պատասխան է։ Այո, կարող է աճել հանցագործությունների քանակը, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ անպայման պետք է կալանք կիրառվի։ Ո՞վ ասաց, որ ավելի շատ հանցագործություն նշանակում է ավելի շատ կալանավորում»։

Ի պաշտպանություն իր գործողությունների՝ Քննչական կոմիտեն ընդգծում է կալանքի միջնորդությունների նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը։

Ըստ կոմիտեի՝ կալանավորման միջնորդությունները շատ դեպքերում անցնում են դատական մի քանի ատյաններով։ «Այն հանգամանքը, որ դրանց մեծ մասը բավարարվում է՝ 83,3%-ը՝ 2023 թվականի առաջին կիսամյակում և 78,2%-ը՝ 2024 թվականի առաջին կիսամյակում, իսկ դրանց դեմ ներկայացված բողոքների չնչին մասն են միայն բավարարվում վերադաս դատարանների կողմից, վկայում է այդ միջնորդությունների բավարար մակարդակով հիմնավորվածության մասին»,- պարզաբանում է Քննչական կոմիտեն։

ԲԴԽ այն ժամանակ անդամ Հայկ Գրիգորյանն էլ նշում է․

Մինչ Քննչական կոմիտեն պնդում է, որ իր պրակտիկան բավականաչափ արդարացված է դատական վերահսկողությամբ, փաստաբանները մտահոգություն են հայտնում այս վերահսկողության արդարության և թափանցիկության վերաբերյալ:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը քննադատում է Քրեական դատավարության նոր օրենսգրքով կատարված վերջին փոփոխություններով կալանքի բողոքների վերանայման գրավոր ընթացակարգերի անցումը: «Նախկինում բողոքները լսվում էին բանավոր, ինչը պաշտպանական կողմին թույլ էր տալիս անմիջականորեն շփվել դատարանի հետ, հնարավորություն ունենալ ավելի մանրամասն փաստարկներ, բացատրություններ ներկայացնել։

Դատարանն էլ հնարավորություն ուներ հարցեր տալու, ինչը հաճախ բերում էր նրան, որ ավելի շատ բողոքներ էին բավարարվում»,- պարզաբանեց Սիմոնյանը: Ըստ նրա՝ գրավոր վարույթների դեպքում պաշտպանական կողմն ավելի քիչ հնարավորություն ունի ամբողջությամբ ներկայացնելու իր փաստարկները կամ վիճարկելու նախաքննական մարմնի հիմնավորումները, ինչը հանգեցնում է բողոքների մերժման ավելի բարձր մակարդակի:

Կալանավորումը շարունակում է դիտվել որպես ցուցմունք կորզելու գործիք. իրավապաշտպաններ

Իրավապաշտպանները ևս պնդում են՝ կալանքը հաճախ օգտագործվում է ճնշում գործադրելու համար, որպեսզի մարդիկ ընդունեն մեղքը կամ ցուցմունք տան: Գործնականում սա վերածում է պատժիչ միջոցի։ «Կալանքը հաճախ օգտագործվում է ապացույցներ հավաքելու և գործի նյութեր նախապատրաստելու, անձից տեղեկատվություն կորզելու համար, որը կարող է դժվար լինել ստանալ, եթե անձը կալանքի տակ չլինի: Կան դեպքեր, երբ դատախազները բացահայտորեն դա ընդունել են ձայնագրվող դատական նիստերում․ դատախազն ուղիղ ասել է՝ դե, գիտեք, «փակել ենք», որ խոսի», – նշում է «Իրավունքի կենտրոն» ՀԿ փորձագետ Տաթևիկ Ղարիբյանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանն էլ հիշում է Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցը՝ նշելով, որ այս միջադեպին քաղաքական գնահատական չի տրվել։ (2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործերը: Վանեցյանը Սասուն Խաչատրյանին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին․ «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա՞ անունը… Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ… Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»)։

Արտակ Կկիրակոսյանի կարծիքով՝ մեղադրող կողմը ծառայում է իշխանություններին։ «Նման դեպքերում պետք է քաջություն ունենալ՝ ոչ ասելու դատախազությանը, նաև բավարար վստահություն՝ որ այդ «ոչ»-ը հետագայում խնդիրներ չի առաջացնի»,- հավելեց նա։

Դատական համակարգը դատախազությանն ընդդիմանալու կամք չունի․ իրավապաշտպան

Փաստաբաններն ընդգծում են` Հայաստանի իրավական համակարգում քննիչները հաճախ վերաբերվում են յուրաքանչյուր մեղադրյալի այնպես, կարծես նրանք արդեն ապացուցված հանցագործներ են՝ հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ բոլոր մեղադրյալները պետք է կալանքի տակ լինեն:

Ըստ փաստաբանների՝ այստեղ է, որ դատարանի դերը դառնում է վճռորոշ։ Դատարանը պետք է կարողանա փոխզսպման մեխանիզմ լինել։ Դատարանն է այն երաշխիքը, որ պետք է ապահովի անձի իրավունքների անշեղորեն պահպանումը, բայց դատարան-Քննչական կոմիտե-դատախազություն սերտ փոխազդեցությունը չի կարողանում հասնել այդ հավասարակշռությանը։

Գործնականում կալանքի միջնորդությունները Քննչական կոմիտեից տեղափոխվում են դատախազություն, որտեղ դրանք հաստատվում են, այնուհետև դատարան, որը հաճախ վավերացնում է մյուս երկու մարմինների կայացրած որոշումները։

Իրավապաշտպաններն էլ ընդգծում են՝ մեղադրանքը ներկայացնում են դատախազությունը և քննիչները, և դատավորի պարտականությունն է հակակշռել այդ գործողությունները։ «Թեև դատական համակարգն այլևս նախկինի պես սերտորեն կապված չէ դատախազության հետ, այդուհանդերձ, այն դեռևս չունի դատախազությանն ընդդիմանալու կամք: Հայաստանում դատարանները մնում են թույլ, շատ դատավորներ դեռ չեն ցանկանում դիմակայել մեղադրող կողմին», – նշում է Արտակ Կիրակոսյանը:

Դատավորները գործում են վախի մթնոլորտում․ փաստաբաններ

Հայաստանում կալանքի համատարած կիրառումը մտահոգություն է առաջացրել դատական անկախության վերաբերյալ: Փաստաբաններն ահազանգում են. դատավորները գործում են վախի մթնոլորտում: Փաստաբան Ֆանյանը նշում է, որ Արդարադատության նախարարությունը հաճախակի է կարգապահական վարույթ հարուցում անկախ և սկզբունքային որոշումներ կայացնող դատավորների նկատմամբ։ Արդարադատության նախարարը չպետք է ունենա նման վարույթ հարուցելու իրավասություն»,- պնդում է Ֆանյանը՝ նշելով, որ այս լիազորությունը նպաստել է դատավորների շրջանում զգուշավորության մշակույթին, որն էլ ավելի է սրվել ԲԴԽ-ի ազդեցությամբ։

Ֆանյանը բացատրում է, ԲԴԽ-ն պատժում է այն դատավորներին, ովքեր մերժում են խափանման միջոց կալանքի միջնորդությունները՝ նրանց մոտ ստեղծելով ծայրահեղ զգուշավորության մթնոլորտ։ «Այս զգուշավոր վարքագիծը հանգեցնում է դատարանի որոշումների, որոնք հաճախ չունեն բավարար պատճառաբանություն: Հնարավոր չէ արդարացված և պատճառաբանված դատական ակտ կայացնել, երբ կալանավորումն իրականացվում է ապօրինի։ Եթե անձը կալանավորվում է առանց պատշաճ հիմքերի, ապա դատարանի որոշումը չի կարող համարժեք հիմնավորվել, ինչը հանգեցնում է բազմաթիվ դատական ակտերի, որոնք չունեն պատշաճ հիմնավորում»,- պարզաբանում է Ֆանյանը։

Այս համատեքստում վճռորոշ է դառնում դատական իշխանության անկախությունը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն ընդգծում է դատական անկախությունն ապահովելու Բարձրագույն դատական խորհրդի պատասխանատվությունը։ «Նույն ԲԴԽ-ի կողմից ընտրվում են նաև դատավորներ, ովքեր ունեցել են քաղաքական գործունեություն, կուսակցական պատկանելություն, ինչը արդարադատության անկախության, որակի վերաբերյալ խորը մտահոգության տեղ է տալիս։ Նրանք կարող են արդար դատական ակտեր կայացնել, սակայն չգիտենք, թե կոնկրետ, և հատկապես՝ քաղաքականապես զգայուն գործերով նրանց փոխկապակցվածությունն այս կամ այն ուժի հետ ինչ ազդեցություն և հետևանք կարող է ունենալ, այդ թվում՝ կալանավորման վերաբերյալ դատական ակտ կայացնելու վրա»։

Փաստաբանները պնդում են, որ ԲԴԽ-ն, որը սահմանադրորեն լիազորված է պաշտպանել դատական իշխանության անկախությունը, աստիճանաբար դառնում է միջնորդ կառավարության և արդարադատության համակարգի միջև:

Ոչ ոք չի բացատրում՝ ինչո՞ւ են կալանքի թվերն աճում․ պատգամավոր

Իշխանական պատգամավորները ևս մտահոգություն են հայտնում կալանքի թվերի աճի առնչությամբ։ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նկատեց, որ կալանքի միջնորդությունները և դրանց բավարարման չափերը բարձրացել են․ «2023-ին եղել է 2040 միջնորդությւոն, բավարարվել է 1559-ը, որը կազմում է 76 տոկոսը։ 2024 թվականի առաջին կիսամյակում եղել է 1195 կալանքի միջնորդություն, ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել է 1066-ը, միջնորդությունների 89 տոկոսը»։

Նա հեգնանքով նկատեց, որ այս տեմպերով շուտով կարող է անհարկի թվալ միջնորդությունները դատարան ներկայացնելը, քանի որ քննիչի և դատախազի որոշումները փաստացի դառնում են վերջնական։ Ի պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) այն ժամանակ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց․ «Կալանավորումը ցուցմունք կորզելու միջոց չէ, կալանավորումը պատժի միջոց չէ, և այո սահմանադրությամբ կալանավորման համար հստակ նպատակներ կան, և այո դատարանը չպետք է լինի որևէ դեպքում քննիչի և դատախազի դակող գործիք, կամ գործընկեր, որը կալանավորումների թիվն ավելացնի»։

Քաղաքական գործերով կալանքի միջնորդությունները մակագրվում են ընտրյալ դատավորների․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով, թեև իրավական կարգավորումները պահանջում են, որ դատական գործերը մակագրվեն էլեկտրոնային եղանակով, մինչդատական ընթացակարգերի փոփոխությունները, ներառյալ խափանման միջոցի կիրառումը և կալանավորումը, թույլ են տալիս այդ որոշումները կայացնել դատարանի նախագահի կողմից: «Քաղաքական գործերով կալանքի միջնորդությունները սովորաբար մակագրվում են ընտրյալ դատավորների՝ Կարեն Ֆարխոյան, Մանվել Շահվերդյան և Արտյուշ Գաբրիելյան: Այս դատավորները քաջատեղյակ են, որ եթե Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել, եթե անգամ հիմքերը բավարար չեն, միևնույն է, իրենք պետք է բավարարեն»։ Ի հակադրություն, նա նշում է, որ մյուս դատավորներն ավելի հակված են այլընտրանքային միջոցներ կիրառել, եթե կալանքի հիմքերը բավարար չեն։

Ի պատասխան այն պնդումներին, որ կալանքը որպես գործիք օգտագործվում է քաղաքականապես զգայուն գործերում, ԲԴԽ այն ժամանակ անդամ Հայկ Գրիգորյանը նկատեց. «Երբ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձինք կատարում են քրեական օրենսգրքով արգելված գործողություններ, ինչո՞ւ է դա անմիջապես պիտակվում որպես քաղաքական հետապնդում։ Հասկանում եմ, որ կարող են փորձեր լինել ազդելու դատավորների վրա, հասարակական կարծիք ձևավորել, բայց դրանք հաճախ դուրս են գալիս մասնագիտական իրավական մեկնաբանություններից։ Ես կտրականապես դեմ եմ այն շարունակական խոսույթին, որ քաղաքականապես ակտիվ անձանց նկատմամբ ցանկացած իրավական գործողություն ինքնաբերաբար համարվում է քաղաքական հետապնդում, երբ նրանք խախտել են քրեական օրենսգիրքը»:

Մինչդեռ իրավապաշտպանները պնդում են, որ քրեական գործեր են հարուցվում, և մարդիկ կալանավորվում են միայն այն բանից հետո, երբ նրանք սկսում են զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Նրանք հարցադրում են անում, թե ինչու մինչ այդ նման հարցեր չեն առաջանում։

ՄԻԵԴ-ի խիստ քննադատությունը կալանքի վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանում կալանքի հիմնավորումը բնորոշել է որպես համակարգային խնդիր՝ ընդգծելով կալանքի բազմաթիվ որոշումների հիմքում ընկած ստանդարտացված և անբավարար հիմնավորումը։ Դատարանը գտել է, որ Հայաստանի դատարանները հաճախ չեն ներկայացնում համապատասխան հիմնավորումներ նախնական կալանքի կամ դրա երկարաձգման համար՝ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։

Դիանա Քարազյան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն ընդգծում է, որ 5-րդ հոդվածի խախտումները զիջում են միայն արդար դատաքննության իրավունքին։ ՄԻԵԴ-ը փաստաթղթավորել է 69 վճիռ՝ կապված արդար դատավարության խախտումների հետ, և շուրջ 65 վճիռ՝ կապված 5-րդ հոդվածի հետ, այդ թվում՝ 26-ը՝ կալանավորման, 10-ը՝ բողոքարկման և 5-ը՝ փոխհատուցման վերաբերյալ: Չնայած սրան՝ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն դեպքերի մեծ մասը համարում է փակված՝ վկայակոչելով խախտումները վերացնելու պետական քայլերը:

Քարազյանը նշում է, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը դիտվել է որպես էական քայլ Կոնվենցիայի պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, Քարազյանը զգուշավոր լավատես է, քանի որ դեռ վաղ է գնահատել օրենսգրքի ազդեցությունը՝ առանց ՄԻԵԴ-ի բողոքների վերաբերյալ նոր տվյալների: ՄԻԵԴ-ի վճիռները հիմնականում վերաբերում են 2016-2017 թվականների խնդիրներին, դրանից հետո նոր տեղեկություն չկա։

Ըստ ՄԻԵԴ վճիռների՝ ներպետական դատարաններն իրենց որոշումներում պարզապես ներառում են օրենքի համապատասխան դրույթները և բավարարում կալանքի միջնորդությունը առանց փաստերի մանրակրկիտ գնահատման։

Մեկ այլ խնդիր կալանավորման տևողությունն է։ Կալանավորումը երկարացնելու համար ապացույցների շեմը պետք է զգալիորեն ավելի բարձր լինի՝ պահանջելով, որ պետությունը հիմնավորի շարունակական կալանքը։

Կալանավորման հետ կապված շատ գործեր ավարտվում են հաշտության կնքմամբ։ ՄԻԵԴ-ը հաճախ առաջարկում է նման կարգավորումներ, հատկապես նմանատիպ բողոքների հետ կապված գործերով: Դատարանը նաև առաջարկում է փոխհատուցման գումար, որը սովորաբար չի գերազանցում 4000 եվրոն մեկ հաշտության համար: Ըստ Քարազյանի՝ հաշտեցման կարևոր կողմն այն է, որ դրանք պաշտոնապես խախտում չեն արձանագրում:

Փոխարենը պետությունը համաձայնում է վճարել սահմանված գումար՝ բողոքը հետ վերցնելու դիմաց։ «Այս մոտեցումը ձեռնտու է դիմումատուի համար, քանի որ այն սովորաբար ավելի արագ լուծում է տալիս՝ համեմատած վերջնական վճռի մի քանի տարի սպասելու հետ՝ թույլ տալով նրանց ավելի կարճ ժամկետում փոխհատուցում ստանալ պետությունից»:

ՄԻԵԴ-ը և Կոնվենցիան սահմանում են, որ կալանքը պետք է լինի վերջին ու ծայրահեղ միջոցը և օգտագործվի միայն այն դեպքում, երբ այլ միջոցները չեն կարող ապահովել վարույթի պատշաճ ընթացքը: Կալանավորումն արդարացված է միայն այն դեպքում, եթե առկա են հիմնավոր կասկածներ և բավարար հիմքեր։ Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը պետք է ջանասիրաբար գործի, օպերատիվ կերպով կատարի անհրաժեշտ հետաքննությունը։ Եթե հետաքննությունն ակտիվորեն առաջ չի գնում, կալանքի շարունակման հիմնավորումը դառնում է կասկածելի։

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական որոշումը կալանքի վերաբերյալ

Սեպտեմբերի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել «Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որով արձանագրել է՝ Հայաստանի ներպետական դատարանները չեն ունեցել համապատասխան և բավարար պատճառներ Միքայելյանին կալանքի տակ պահելու համար և փոխհատուցում է սահմանել 2․000 եվրո։ Միքայելյանը կալանավորվել էր 2016 թվականին «Սասնա ծռերի» զինված ապստամբությունից հետո բողոքի ակցիաներին մասնակցելու համար։

Միքայելյանի շահերը պաշտպանող փաստաբան Անի Չատինյանը վիճարկում էր նրա կալանքը թե՛ հայաստանյան դատարաններում, թե՛ ՄԻԵԴ-ում։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ դատարանները նախքան կալանքը կիրառելը, պետք է գնահատեն այլընտրանքային միջոցները, իսկ կալանքն ընտրելու դեպքում պետք է հիմնավորեն, թե ինչու են ընտրել հենց ամենածանր խափանման միջոցը։ Չատինյանը նշեց, որ Հայաստանում կալանքը հաճախ պատժիչ կերպով կիրառվում է հատկապես խաղաղ ցույցերի ժամանակ։ Դատարանն այս որոշմամբ արձանագրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Չատինյանն ընդգծեց, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, քննչական մարմինները պետք է կիրառեն ՄԻԵԴ որոշումները՝ որպես առաջնորդող սկզբունքներ։ Սակայն, ըստ նրա, Հայաստանի դատարանները հաճախ այդ սկզբունքները տարբեր կերպ են մեկնաբանում: «Օրինակ, մինչ ՄԻԵԴ վճիռները շեշտում են, որ կալանքը պետք է լինի վերջին միջոցը և օգտագործվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, Հայաստանի դատարանները հաճախ անտեսում են այլընտրանքային միջոցները, հատկապես արտահանձնման գործերում, որտեղ կալանքը հաճախ նշանակվում է առանց անհատական հանգամանքները հաշվի առնելու՝ բացահայտելով դատական համակարգի ավելի խորը համակարգային խնդիր:

Եթե քննչական, դատական մարմինները չունեն անկախություն, ոչ մի լավ մշակված օրենսգիրք բավարար չէ

Արաքս Մելքոնյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ընդգծում է, որ կալանավորումը Հայաստանում վաղուց խնդրահարույց գործիք է, որը հաճախ օգտագործվում է մեղադրյալների վրա ազդելու կամ պատժելու համար։

Նա կասկածի տակ է դնում կալանքի օրինականությունն ու հիմնավորվածությունը, հատկապես քաղաքականապես զգայուն գործերում, ինչպիսիք են Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների, հատկապես կրծքով կերակրող մոր ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորումները:

Մելքոնյանը պնդում է, որ քրեական արդարադատության համակարգում դեռևս լրջագույն բարեփոփումների անհրաժեշտություն կա՝ ի ապահովումն արդյունավետ քննության, պատշաճ օպերատիվ հետախուզության իրականացման՝ խուսափելու ռեպրեսիվ մեթոդներից և անձանց իրավունքների խախտումներից քրեական վարույթների շրջանակներում, այդ թվում՝ անձի ազատության իրավունքի խախտումներից։

«Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը քրեական արդարադատության ողջ համակարգի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Որքա՞ն անկախ են քննիչները որոշումներ կայացնելիս և քննություն իրականացնելիս։ Երբ հանրությունը օբյեկտիվորեն կասկածի տակ է դնում կալանավորումների պատճառները և հիմնավորվածությունը, դա ազդանշան է, որ արդարադատության համակարգի բարեփոխումը չի հասել իր առաջնային նպատակին՝ բարձրացնելու հանրային վստահությունը»։

Իրավապաշտպաններն ընդգծում են համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպիսիք են քննչական և օպերատիվ հետախուզական մարմինների կարողությունների բարելավումը՝ ապացույցների պատշաճ հավաքագրման առումով:

Նրանք շեշտում են, որ նույնիսկ ամենալավ մշակված օրենսգրքերը չեն կարող արդարություն ապահովել առանց դատական և քննչական մարմինների իրական անկախության։ «Դատական անկախությունը պետք է պաշտպանված լինի միջամտությունից՝ հնարավորություն տալով դատավորներին օբյեկտիվորեն կիրառել օրենքը: Քննիչները պետք է է հստակ և համոզիչ հիմնավորումներ ներկայացնեն անձանց կալանավորելու համար, իսկ դատարանները չպետք է պարզապես հաստատեն չհիմնավորված որոշումները», – նշում է Արաքս Մելքոնյանը։

Նա ընդգծում է, որ դատական անկախության ապահովումը չափազանց կարևոր է անձնական ազատության իրավունքի պաշտպանության համար։ Հակառակ դեպքում դատաիրավական ու մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունները կամ կալանավորման բարձր չափանիշների խոստումները չեն աշխատի, ինչը անհնարին կդարձնի կալանքի պրակտիկայի իրական բարեփոխումը:

Նինա Կարապետյանց

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը դատական վեթինգը համեմատում է բուժօգնության հետ՝ պնդելով, որ երկուսն էլ անհրաժեշտ են առողջացման համար։ Նա ընդգծում է դատական ինստիտուտի հզորացման անհրաժեշտությունը:

Ըստ իրավապաշտպանի՝ նոր օրենսգիրքը սահմանում է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք, սակայն դրա կիրառումը բախվում է մարտահրավերների՝ սարքավորումների և ինտերնետ հասանելիության բացակայության պատճառով:

«Պրոբացիոն ծառայության զարգացման մեջ ներդրումներ կատարելը և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելն ավելի արդյունավետ կլինի, քան նոր ՔԿՀ կառուցելը։ Քննչական մարմինների համար անհրաժեշտ ռեսուրսները նույնպես կարևոր են։ Օրինակ, եթե քննիչները պահանջում են փորձագիտական եզրակացություններ, անհրաժեշտ ֆինանսավորումը պետք է հասանելի լինի, և փորձագիտական կենտրոնները պետք է ունենան բավարար ռեսուրսներ և հմուտ մասնագետներ արդյունավետ հետաքննության համար»։

Կարապետյանցը նաև նշում է, որ որոշ դեպքերում քննիչները կալանքը հիմնավորում են՝ ելնելով վկաներին պաշտպանելու անհրաժեշտությունից, մինչդեռ վկաների պաշտպանությունը պետք է ապահովվի օրինական միջոցներով, ոչ թե կասկածյալներին կալանավորելով: Իրավապաշտպանն ընդգծում է դատավորների և քննիչների պաշտպանությունը ուժեղացնելու կարևորությունը՝ արտաքին ճնշումները կանխելու, պրոֆեսիոնալիզմը բարելավելու և դատական որոշումների որակը բարձրացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցում ևս անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկային։ Ստացած ահազանգերի հիման վրա պաշտպանը եզրակացրել է անձանց նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը կիրառվում է և դրա ժամկետը պարբերաբար երկարաձգվում է հիմնավոր կասկածի կամ հիմքերի անբավարարության կամ իսպառ բացակայության պայմաններում։ Միևնույն ժամանակ, Պաշտպանը շեշտում է օրենքի ամբողջական կիրառման համակարգված մոտեցման անհրաժեշտությունը՝ կալանքը կիրառելով միայն որպես վերջին միջոց։

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ Imagine AI
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն «Ամփոփ Մեդիա»-ի խմբագրության տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/12/2024