Վերջին մոտ 20 տարիներին Հայաստանում մահերը 11%-ով ավելացել է։ Կան տարածված հիվանդություններ, որոնց բաժին է հասնում մահերի կեսից ավելին:
Որո՞նք են այդ հիվանությունները, աճու՞մ են թե՞ նվազում, ո՞րն է ընդհանուր մահերի մեջ դրանց բաշխվածությունը. «Ամփոփ Մեդիա»-ի թղթակիցը փոձել է պարզել։
Հայաստանում մահվան ամենատարածված պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց բաժին է հասնում ընդհանուր մահերի կեսից ավելին։ Օրինակ՝ 2022թ․ մահացել է ընդհանուր շուրջ 26 700 մարդ, որի 53,4%-ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունից։
2022թ.-ի մահերի մոտ 20%-ը նորագոյացությունների պատճառով էր՝ մեծամասամբ չարորակ, 8,8%-ը՝ շնչառական օրգանների, 4,3% -ը՝ մարսողական օրգանների հիվանդության պատճառով:
Վնասվածքներից և թունավորումներից մահացությունները կազմել են 4,7% , ներզատական համակարգի հիվանդություններից՝ 1,5%:
Ներզատական համակարգի հիվանդությունները էնդոկրին համակարգի հիվանդություններն են՝ պայմանավորված են հորմոններ արտադրող գեղձերի (օրինակ՝ վահանաձև գեղձի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների) խանգարումներով։ Այդ հիվանդությունները հիմնականում ազդում են նյութափոխանակության, աճի, զարգացման և ընդհանուր առողջության վրա։
2010-2022թթ․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերն ավելացել են 4,2%-ով։
Այս հիվանդությունները ներառում են սրտի իշեմիկ հիվանդությունը, այդ թվում՝ սրտամկանի սուր ինֆարկտն ու ուղեղի անոթային հիվանդությունը։
Արյան շրջանառության մահացությունների կեսից ավելին բաժին է հասնում հենց սրտի իշեմիկ հիվանդությանը։ Օրինակ, 2022թ․ արյան շրջանառության համակարգի հիվանդությունից մահացել է 14242 մարդ, որի 50%-ը՝ սրտի իշեմիկ հիվանդությունից։ Նույն ժամանակահատվածում ուղեղի անոթային հիվանդությունից մահացությունները կազմել են 14,7%:
Նորագոյացությունից մահացություններում գերակշռում են չարորակ նորագոյացությունները։ Թեև 2010-2022թթ. դրանք նվազել են 6,8 %-ով, իսկ չարորակ նորագոյացությունները՝ 7,5%-ով, սակայն դրանցով պայմանավորված մահերի դինամիկան կայուն է. տարեկան միջինը մահանում է մոտ 5500 մարդ։
Շնչառական օրգանների հիվանդության պատճառով նույն ժամանակահատվածում մահացություններն ավելացել են 43%-ով։
Մարսողական օրգանների հիվանդություներից մահերը նվազել են 29,9%-ով. Օրինակ, 2022թ.ին այս հիվանդություններից մահացել է 1138 մարդ, մինչդեռ 2010-ին թիվն ավելի մեծ էր՝ 1623 մարդ։
Ներզատական համակարգի հիվանդությունների մեջ գերակշռում են շաքարային դիաբետից մահացությունները. մահերի 96,6%-ը բաժին է հասնում հենց շաքարային դիաբետով պայմանավորված մահերին։ 2010-2022թթ.-ին նվազել են 72,4%-ով, այդ թվում նվազել են, շաքարային դիաբետով պայմանավորված մահացությունները՝ 73,4%-ով:
Վնասվածքներից և թունավորումներից մահերը 2010-2022թթ. էականորեն չեն փոխվել. ավելացել են 0,7%-ով։
Հեղինակ՝ Լուսինե Շադյան
Մենթոր՝ Տաթև Խաչատրյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 14/08/2024