Իրավունք Սոցիալական

Հայաստանում մամուլի ազատությունը բավարար է, բայց մեդիան մնում է բևեռացված

Հայաստանում առկա է բազմակարծիք միջավայր, սակայն մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված։ Այսպիսի գնահատական է տվել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակված զեկույցում։

Կազմակերպությունը Հայաստանում մամուլի ազատության վիճակը գնահատել է բավարար, սակայն ընդգծել է, որ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի։ Դա պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական դիրքով։

Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 11 կետով։ Ըստ «Լրագրողներ առանց սահմանների»-ի, Հայաստանի հարևան բոլոր երկրները նույն ժամանակահատվածում վատթարացրել են իրենց դիրքերը։

Նշված զեկույցի հրապարակումից երկու օր առաջ Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) ներկայացրել էր սեփական հետազոտության արդյունքները։ Ըստ այդմ, Հայաստանում շարունակվում է լրատվամիջոցների և լրագրողների դեմ դատական հայցերի ակտիվ ներկայացումը։ 2024 թվականին գրանցվել է 43 հայց, իսկ 2022-2024 թթ․ ընդհանուր առմամբ՝ 109 հայց։

ԽԱՊԿ-ն ընդգծում է, որ դատական հայցերի շարունակական հոսքը կարող է արտացոլել հասարակության իրավագիտակցության բարձրացումը և զրպարտության ու վիրավորանքի նկատմամբ անհանդուրժողականությունը։ «Այս միտումը կարող է պայմանավորված լինել նաև իրավական դաշտի բարեփոխումներով, մեդիայի դերի մեծացմամբ և հասարակական կոնֆլիկտների սրմամբ, ինչը խթանում է դատական կարգով իրավունքների պաշտպանության պահանջը»,- նշում է ԽԱՊԿ-ը։

2022-2024 թթ․ զրպարտության և վիրավորանքի հիմքով ներկայացված 109 հայցերից վարույթ է ընդունվել 98-ը։ Հետազոտությունը հայցվորներին առանձնացնում է ըստ 9 կատեգորիաների։ Ամենաշատ հայցերը ներկայացվել են պաշտոնյաների և իշխող ուժի ներկայացուցիչների կողմից (40 հայց), որին հաջորդել են գործարարները (26 հայց) և ֆիզիկական անձինք (13 հայց)։ Հատկանշական է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից ներկայացված հայցերն անհամեմատ քիչ են՝ ընդամենը 2-ը։

«Նման հայցերը կարող են օգտագործվել քննադատող մամուլը լռեցնելու նպատակով։ Դատական գործերը հաճախ բարդ են և ժամանակատար, ինչը լրատվամիջոցներին ստիպում է զգալի ֆինանսական ու ժամանակային ռեսուրսներ ծախսել։ Սա կարող է հանգեցնել նրան, որ լրագրողներն ու խմբագրությունները խուսափեն որոշ թեմաներ լուսաբանելուց՝ դատական հետապնդումներից զերծ մնալու համար»,- նշվում է ԽԱՊԿ-ի հետազոտությունում։

Վերջին երեք տարիների վիճակագրությունը ցույց է տալիս հայցերի թվի 34,4% աճ, սակայն 2019-2021 թթ․համեմատ 2022-2024 թթ․ հայցերի ընդհանուր թիվը նվազել է 39,4%-ով։ Ընդհանուր առմամբ, 2018 թ․-ից սկսած՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 302 դատական հայց։

Ամփոփեցին Մարիա Խաչատրյանն ու Սուրեն Դեհերյանը

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/05/2025