Ռազմադաշտում կորուստներ ունենալու և պարտության մատնվելու արմատները խորն են և սկիզբ են առնում 1994 թվականի մայիսի 12-ից՝ առաջին արցախյան պատերազմում կրակի դադարեցումից հետո, երբ հայկական կողմը հաղթող էր։ Սակայն հաղթանակի օրվանից մինչ մեր օրեր թույլ տրված մի շարք սխալները, բացթողումներն ու հանրության շրջանում տարածված միֆերը տարիների ընթացքում ձևավորեցին մի իրավիճակ, որի արդյունքում հասարակությունը հեռացավ իրականությունից։
Անդրադառնամ դրանցից մի քանիսին:
Յուրաքանչյուր ազգի և ժողովրդի թե՛ դեպի հաղթություն, և թե՛ դեպի պարտություն ուղղորդում է տվյալ ազգի կամ ժողովրդի էլիտան՝ քաղաքական, մշակութային, գիտական, անգամ բիզնես էլիտան:
Դաստիարակել, կրթել, զարգացնել
Էլիտայի կարևորագույն գործառույթներից մեկն էլ վերջինիս դաստիարակող, հասարակությանը կրթող և զարգացնող գործառույթն է:
Այսպես թե այնպես, ժողովուրդը գիտակցաբար կամ անգիտակցաբար ձգտում է նմանվել էլիտայի ներկայացուցիչներին՝ իր վարքուբարքով, կենցաղով, աշխարհայացքով և այլնով: Հայաստանի հասարակության միջին վիճակագրական ներկայացուցիչը երազում է ոչ թե լավ կրթության, այլ զեխության, ոչ թե ուսուցող և աշխարհայացք զարգացնող շրջագայության, այլ ճոխ սեղանների, ոչ թե պետության հզորացման, այլ ազդեցիկ պաշտոնի մասին: Կարիք չկա մեկնաբանել թե ինչու:
Բնականաբար, այդպիսին չէ մեր ամբողջ էլիտան, սակայն հենց խնդիրն էլ դրանում է, որ բարձր արժեհամակարգ կրող և նյութական մղումներից զերծ էլիտայի ներկայացուցիչները ինչ-ինչ պատճառներից ելնելով լուրջ հայտ չեն ներկայացրել առաջնորդելու, կրթելու ու դաստիարակելու հասարակությանը:
Հաջորդ կարևոր բացթողումը հետսովետական 30 տարիների ընթացքում Հայաստան պետությունն առանց որոշարկված և կուռ գաղափարախոսական համակարգի թողնելն էր:
Պետություն՝ առանց գաղափարախոսության
Սրանում ևս առկա է ընտրախավի մեղքը: Այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվել է տարբեր ուսումնասիրողների և մտավորականների կողմից: Ակնհայտ է, որ առանց գաղափարախոսության հասարակությունը անտեսլական, ոչ մի տեղ շարժվող հասարակություն է վերջինիս հավաքական իմաստով՝ որպես ժողովուրդ, որպես ազգ՝ ինչպիսին մենք համարում ենք մեզ:
Հարևան երկրում տարիներ շարունակ ժողովրդին որպես գաղափարախոսություն մատակարարվել է իրենց երկրի «ամբողջականության», «օկուպացված հայրենիքի ազատագրման» գաղափարը, և սա ահռելի ազդեցություն է գործել ադրբեջանական հասարակության վրա՝ գեներացնելով թե հայատյացություն, թե «բռնազավթված» Ղարաբաղի «ազատագրման» մեծ մղում:
Մինչդեռ Հայաստանի հասարակությունը տարիներ շարունակ մի շարք միֆերով է սնվել, ինչը հիմք է ապահովել ինքնախաբեությամբ զբաղվելու և կոմֆորտ գոտում հայտնվելու համար:
«Դրանք ոչխար են»
Դրանցից առնվազն երկուսն ահռելի «ավերածություններ» են գործել հայ հանրության աշխարհայացքի վրա, և հետևանքներն ավելի քան ողբերգական են (այնուհանդերձ՝ ոչ անդառնալի): Դրանցից առաջինն ու, իմ համոզմամբ, ամենավտանգավորը հակառակորդին թերագնահատելն էր հաղթանակից ի վեր՝ համեմատելով նրան ոչխարի հետ, համարելով նրան հավերժ պարտված, նորաստեղծ, բայց ինքնաոչնչացվող ազգի տեսակ։
Այս միֆը կարելի է ասել պետական մակարդակով միշտ տարածում է ունեցել բոլոր ժամանակներում՝ ներառյալ մասնագետների և պրոիշխանական լրատվամիջոցների կողմից՝ ներկայացնելով, թե ինչպես է նավթի մեծ պաշար ունեցող Ադրբեջանի քաղաքացին տառապում աղքատության ճիրաններում, ու «որքան լավ ենք մենք ապրում» նրա համեմատ։ Ըստ այդմ էլ, եզրակացություն էր թելադրվում, որ նա չի կարող կռվել հանուն Արցախի, և նմանատիպ այլ անհիմն թեզեր: 44-օրյա պատերազմի ընթացքում այդ միֆն առաջինը հոդս ցնդեց:
Ընդհանրապես, ցանկացած թշնամու թերագնահատելը, ինչպիսին էլ այն լինի, հղի է վտանգներով. դա կարող է թուլացնել, և սովորաբար միշտ էլ թուլացնում է հասարակության զգոնությունը, բացասաբար է ազդում բանակի մարտունակության և արագ արձագանքման կարողության վրա:
Այս ամենը փաստվեց այս պատերազմի ժամանակ, երբ առաջին իսկ օրերին բանակը կրեց ահռելի մարդկային ու տեխնիկական կորուստներ:
#Հաղթելուենք
«Թմրեցնող» միֆ էր նաև #հաղթելու ենք թեզը: Այո, արցախյան առաջին պատերազմում հայկական կողմը համոզիչ ռազմական հաղթանակ էր տարել ադրբեջանական կողմի նկատմամբ։ Բայց պատերազմից հետո եղա՞ն արդյոք այնպիսի վերլուծություններ հաղթանակի իրական պատճառների ու պայմանների մասին, որոնց հիման վրա կծրագրվեր երկրի հետագա անվտանգությունն ու պաշտպանությունը:
Իսկ այն, որ կային մեր կամքից անկախ պատճառներ ու պայմաններ, որոնք հանգեցրեցին մեր ռազմական հաղթանակին, անվիճելի է (միայն Ադրբեջանի ներքաղաքական անկայունությունը բավական է ասվածը հիմնավորելու համար):
Առանձին ուսումնասիրողներ, անշուշտ, հսկայական և որակյալ աշխատանք կատարեցին ոլորտում, սակայն համապատասխան գերատեսչությունների կողմից այդ հետազոտությունների ու ուսումնասիրությունների արդյունքները չհամակարգվեցին և հավուր պատշաճի չգործնականացվեցին, իսկ հանրությունը շարունակեց կերակրվել «մենք հաղթել ենք» միֆով՝ գեներացնելով դրա բոլոր բացասական հետևանքները: Կարո՞ղ էինք այս համատեսքտում մեր ձեռքբերումները հաղթանակ համարել:
Հեղինակ՝ Տիգրան Չանդոյան
Տիգրանը մասնագիտությամբ քաղաքագետ է, ներկայումս Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։
Կարդացեք նաև
#տեսակետ #դասերպատերազմից
Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/12/2020