Իրավունք

Տարկետումն ու սեռային բաշխվածությունը բուհերում

Լուսանկարը` Ֆոտոլուրի

2017թ. նոյեմբերի 15-ին ԱԺ պատգամավորների կողմից 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքը, որով սահմանափակվում է ուսումնառության (գիտական աստիճան ունենալու) հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից (զորակոչից) տարկետում ստանալու իրավունքը:

Սույն օրենքի նախագծի հանրայնացման պահից սկսած տասնյակ ուսանողներ դեմ արտահայվեցին նման փոփոխության առաջարկին՝ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների՝ դասադուլի, բողոքի երթերի միջոցով: Իսկ երիտասարդներից մի քանիսը ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ իրականացրին: Թեպետ տվյալ նախաձեռնության ակտիվ անդամների հետ հանդիպեցին կառավարության անդամները` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ, սակայն ուսանողների բարձրացրած հիմնական առաջարկն ընդունելի չդարձավ կառավարության կողմից: Օրենքն ընդունվեց ԱԺ պատգամավորների մեծամասնության կողմից:

Իրավիճակ

Հայաստանի պետական բուհերում ներկայումս իրականացվող կրթությունը ներառում է բակալավրիատի 4-ամյա, մագիստրատուրայի 2-ամյա և ասպիրանտուրայի 3-ամյա կուրս:

Նոր օրենքով` զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում կտրամադրվի միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բուհերում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքի քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Այս դեպքում տարկետումը կտրվի մինչև ուսումնառության ավարտը, սակայն այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։ 

Առայժմ հստակեցված չէ օրենքի որոշ մանրամասներ, սակայն նշվում է, որ դրանք կսահմանվեն կառավարության ենթաօրենսդրական ակտերով` հավանաբար 2018թ. ընթացքում:

Այս պահին հայտնի է, որ ասպիրանտուրայում ներկայումս սովորող և արդեն տարկետում ստացած անձանց համար այդ իրավունքը կպահպանվի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:

Օրենքին դեմ ատահայտվողներն այն կարծիքին են, որ նոր օրենքի կիրառումն ակնհայտորեն կազդի այսօր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների սեռային բաշխվածության վրա` մասնավորապես ասպիրանտուրայում, ինչը կբերի գիտնականների վերարտադրության ընդհատման:

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է սեռային բաշխվածությունը բուհական կրթության տարբեր աստիճաններում ` հինգ տարվա կտրվածքով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում կրթության առաջին երկու աստիճաններում` բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների շրջանում, իգական սեռը գրեթե միշտ գերազանցում է արականին:

Այժմ սեռային բաշխվածության խախտվածությունն ակնհայտ նկատելի է մագիստրատուրայում, որտեղ աղջիկների քանակը գրեթե կրկնակի ավել է տղաների քանակից: Չի բացառվում, որ բակալավրիատում սովորելու ընթացքում 2 տարով ծառայության մեկնած և վերադարձած տղաներից շատ քչերին է հետաքրքրում բակալավրիատն ավարտելով ուսումը շարունակել մագիստրատուրայում:

Այնուամենայնիվ, պատկերը կտրուկ փոխվում է ասպիրանտուրայում սովորող ուսանողների շրջանում. տղաները չնչին տարբերությամբ գերազանցում են աղջիկներին թե ընդունվելիս, թե ավարտելիս: Թեպետ, վերջին տարիներին նկատվում է, որ ասպիրանտուրա ընդունվող աղջիկների քանակն աստիճանաբար աճում է:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Միլենա Խաչիկյանը

Մենթոր` Կարինե Դարբինյան

Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 27/12/2017