Դըրբըզեք Կրթություն Սոցիալական

Ինտեգրման դժվարությունները. ինչպես է բուլինգն ազդում արցախցի աշակերտների վրա

Հայաստանի կրթական հաստատություններում բուլինգը վերածվել է համակարգային խնդրի՝ վտանգելով երեխաների հոգեկան առողջությունն ու կրթական գործընթացը: Այս երևույթը չի խնայում ոչ մեկին՝ անկախ տարիքից, սեռից կամ ծագումից:

Խոցելի են նաև Արցախից բռնի տեղահանված երեխաները, որոնք ինտեգրման մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին, ենթարկվելով բուլինգի, հայտնվում են կրկնակի դժվար իրավիճակում: Այս իրողությունն ընդգծում է բուլինգի դեմ պայքարի գործող մեխանիզմների անբավարարությունը և նոր, արդյունավետ լուծումների մշակման հրատապ անհրաժեշտությունը:

2023 թվականի բռնի տեղահանումից հետո Արցախից Երևան տեղափոխված 15-ամյա Արմենը (անունը փոխված է) դպրոցում պարբերաբար հոգեբանական ճնշման է ենթարկվել ռազմագիտության ուսուցչի կողմից: 15 տարեկան տղային ուսուցիչը գրեթե ամեն դասաժամի մեղադրել է Արցախը չպաշտպանելու մեջ՝ ասելով, որ եթե նա և իր նմանները կռվեին, Արցախը «չէինք կորցնի»:

Տղայի քույրն «Ամփոփ Մեդիա»-ին պատմել է, որ եղբայրը դպրոցից ընկճված էր վերադառնում, հաճախ չէր ցանկանում դպրոց գնալ, մասնավորապես տվյալ ուսուցչի դասին ներկա գտնվել:

«Ուսուցչի այդ խոսքերը շատ են ազդել եղբորս ու նրա արցախցի համադասարանցիների հոգեբանության վրա: Եղբայրս սկսել է մեղքի զգացումով ապրել, չնայած որ զորակոչվելու տարիքում չէ: Տվյալ ուսուցիչը պարբերաբար նաև հոգեբանական ճնշման ենթարկելով եղբորս ու համադասարանցիներին՝ ասում է՝ լավ սովորեք, թե չէ նախորդ անգամվա պես էլի պարտվելու եք: Ու էսպես շարունակ անընդհատ մեղքի զգացում է առաջացնում՝ կրկնելով, որ եղբայրս է մեղավոր, որ պարտվել ենք կամ, որ հողեր են հանձնվել»,- պատմում է Արմենի քույրը:

Ի՞նչ է բուլինգը, և ո՞վ է «բուլերը»

Իրավիճակը, որին բախվել է արցախցի Արմենը, ընդունված է անվանել հոգեբանական կամ սոցիալական բուլինգ, ինչը ենթադրում է անձի պարբերական վարկաբեկում և ճնշում հանրային միջավայրում:

Բուլինգի կարող է ենթարկվել ցանկացած երեխա՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից:

Այս համատեքստում բացառություն չեն նաև արցախցի աշակերտները:

Չի բացառվում, որ արցախցի երեխաներն ինչ-որ հարցերում տարբերվեն մյուսներից` ունենան այլ խոսելաոճ, մենթալիտետ, մշակութային առանձնահատկություններ, որոնց պատճառով, հնարավոր է, դպրոցում տարբեր խնդիրների առնչվեն։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ 2024 թվականին՝ սեպտեմբերի 10-ի դրությամբ, ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ մարզային ուսումնական հաստատություններում արձանագրվել է երեխաների նկատմամբ բուլինգի 82 դեպք՝ կատարված ինչպես երեխաների միջև, այնպես էլ ուսումնական հաստատությունների աշխատակիցների կողմից: Բուլինգի դեպքեր արձանագրվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների նկատմամբ:

Պաշտպանի գրասենյակից նշում են, որ եղել են դեպքեր, երբ երեխայի նկատմամբ բուլինգ իրականացրած ուսուցիչների նկատմամբ ուսումնական հաստատությունները կիրառել են համապատասխան միջոցներ՝ նկատողություն կամ խիստ նկատողություն, իսկ որոշ դեպքերում՝ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Երեխաների պաշտպանության հարցերով փորձագետ Աիդա Մուրադյանը տարեկան հազարավոր  երեխաների հետ է հանդիպում ու քննարկումներ ունենում բուլինգի թեմայով: Ասում է՝ չկա մի երեխա, որ ասի ինքը բուլինգի մասնակից չի եղել: Լինել բուլինգի մասնակից, նշանակում է՝ լինել երեխա, ում նկատմամբ բուլինգ է իրականացվում, կամ՝ երեխա, ով բուլինգ է իրականացնում, կամ՝ երեխա, ով բուլինգի ականատես է:

«Բուլինգ իրականացնողներն այն երեխաներն են, ովքեր փորձում են աչքի ընկնել որոշակի հատկանիշներով, իրենց պատկերացրած լիդերությունն այդպես են դրսևորում: Ինձ հետ հանդիպումներում երբեմն երեխաներն ասում են, որ բուլինգը նորմալ երևույթ է, ու դա ասում են ոչ միայն այն երեխաները, ովքեր բուլինգի են ենթարկում, այլև նրանք, ում բուլինգի են ենթարկում»,- ասում է Աիդա Մուրադյանը:

Շեշտադրումը բարենպաստ միջավայրի ստեղծումն է

Փորձագետը մի դեպք է առանձնացնում, երբ արցախցի աշակերտը զանգահարել է իրեն և պատմել, որ չի ցանկանում դպրոց հաճախել, քանի որ համադասարանցիները պարբերաբար ծաղրում են իրեն:

Շիրակի մարզում գործող «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ նախագահ Քրիստինա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո՝ արդեն 2021 թվականին, իրենց կազմակերպությունը թեժ գծի ծառայություն էր ստեղծել բուլինգի ենթարկող, ինչպես նաև ենթարկվող երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու համար:

Այդ ժամանակահատվածում Արցախից տեղահանված երեխաները և վերջիններիս ծնողները հիմնականում դիմել են կազմակերպությանը՝ նկարագրելով հոգեբանական բուլինգի դեպքեր. թիրախավորման հիմնական պատճառը բարբառն է եղել:

«2023 թվականի բռնի տեղահանումից հետո արցախցի երեխաների թիրախավորման դեպքերի նվազման միտում ենք նկատում, քանի որ դպրոցներում արդեն առկա է հոգեբանի հաստիք: Բացի դրանից, մեր կազմակերպությունը ՀՀ-ում և հատկապես Շիրակի մարզում բավականին ծրագրեր է իրականացրել, ստեղծել է նաև բուլինգի կանխարգելման ուղեցույց-ձեռնարկ, որը ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորվել է որպես ուսումնական նյութ»,-նշում է Քրիստինա Բաղդասարյանը:

Ըստ նրա, մասնագետներն ու երեխաներն արդեն բավականաչափ ճանաչում են այս երևույթը և առավել զգայուն են դրա հետևանքների նկատմամբ, իսկ մասնագետները զինվել են կանխարգելման անհրաժեշտ գործիքակազմով։

2023 թվականի բռնի տեղահանումից հետո «ԱՅԲ» դպրոց է ընդունվել 1-ից 9-րդ դասարանի 41 տեղահանված արցախցի աշակերտ: Դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Հակոբյանը նշում է, որ երեխաներ են եղել, որ ինտեգրվելու դժվարություն են ունեցել, ինչի պատճառը նաև նրանց ակադեմիական առաջընթացի բացն է եղել։ Երեխաներ են եղել, որ ընթացքում պարզվել է` հատուկ կրթական կարիքներ ունեն և այլն:

Տնօրենի խոսքով, իրենց դպրոցում հետևողական մեթոդ է գործում: Բուլինգի դեպքերը կանխարգելելու համար, տարիքային առանձնահատկություններից ելնելով, պարբերաբար տարբեր թեմաներով քննարկումներ են անցկացնում: Դպրոցում շեշտադրումն անում են ոչ թե բուլինգի, այլ բարենպաստ միջավայր ստեղծելու վրա:

«Որովհետև որքան շեշտադրում ես բուլինգը, այնքան այն ավելի ակնառու է դառնում: Պետք է ստեղծենք միմիանց նկատմամբ հարգալից, բարենպաստ միջավայր, որտեղ ամեն մեկն իրեն հարմարավետ է զգում, և այդ միջավայրը նպաստում է յուրաքանչյուրի անձնային աճին ու թիմային ոգու ամրապնդմանը, այ դա է մեր նպատակը», – ասում է տնօրենը:

Տնօրենը նշում է, որ արցախցի աշակերտների համար տարվա առաջին կիսամյակում հատուկ գործողությունների ծրագիր էր մշակվել նրանց ինտեգրման, խնդիրների հաղթահարման նպատակաով:

«Երկրորդ կիսամյակից արդեն մենք կարիք չենք տեսել կենտրոնանալու և շեշտ դնելու այդ երեխաների վրա՝ արհեստականորեն նրանց խմբից չառանձնացնելու համար», – ասում է տնօրենը:

Բուլինգի դեմ պայքարը` խնդրահարույց

Երեխաների պաշտպանության հարցերով փորձագետ Աիդա Մուրադյանի դիտարկմամբ՝ Հայաստանում բուլինգի դեմ պայքարի լուրջ խնդիր կա: Մասնագետի կարծիքով այն պետք է պետական մակարդակում կարևորվի:

«Բուլինգի դեմ պայքարի փորձն աշխարհում բավականին մեծ է, և Հայաստանում էլ փորձ արվել է: Այս երևույթը հնարավոր է նվազեցնել, կարգավորել, գոնե թե պետք է ունենալ սահմանում և ռազմավարություն դրա դեմ պայքարելու համար, դա կլինի սկզբնակետը դրա դեմ պայքարելու»,- նշում է Աիդա Մուրադյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Ամփոփ Մեդիա»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի օրենսդրությամբ «բուլինգ» եզրույթը սահմանված չէ, հետևաբար դեպքերի նույնականացում, ուղղորդում և համապատասխան վիճակագրություն չի վարվում։

Հայաստանի օրենսդրությամբ «բուլինգ» եզրույթը սահմանված չէ

Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հայտնած տեղեկատվության, «բուլինգ» հասկացությունը ներառվել է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքի նախագծում, որը մշակել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ի դեպ, օրենքի նախագծում «բուլինգ» հասկացությունը սահմանափակ կիրառություն ունի: Այն հանդիպում է երկու հոդվածում՝ մեկում տրվում է երևույթի սահմանումը, իսկ մյուսում նշվում է երեխաների բուլինգի արգելքը:

Նախագիծը նաև ընդգծում է պետության պարտավորությունը՝ ստեղծել մեխանիզմներ բուլինգի կանխարգելման, բացահայտման և տուժած երեխաների պաշտպանության համար: Սակայն այն չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ միջոցներով կամ մեխանիզմներով է բուլինգն արգելվելու:

Դրանք, ըստ ԿԳՄՍՆ-ի, պետք է ստեղծվեն օրենքի ընդունումից հետո: Սակայն նախագծի ընդունման ժամկետն անորոշ է: Այն հանրային քննարկման է դրվել 2023-ի ապրիլին, սակայն դրանից հետո որևէ հստակ տեղեկատվություն չկա դրա ճակատագրի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, բուլինգը կանխելու նպատակով մի շարք ծրագրեր իրականացվում է ԿԳՄՍՆ-ի Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից: Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ՝ կենտրոնը կազմակերպում է դասընթացներ ուսուցիչների և հոգեբանների համար:

Երեխաների հոգեկան առողջությանը աջակցելու նպատակով ստեղծվել է նաև «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» խորագիրը կրող հատուկ ձեռնարկ, որը տրամադրվում է ուսուցիչներին, հոգեբաններին և սոցիալական աշխատողներին: Ձեռնարկը կազմվել է՝ հաշվի առնելով տեղահանված երեխաների և նրանց հետ աշխատող մասնագետների կարիքները:

Կենտրոնից տեղեկացնում են, որ 2024 թվականի սեպտեմբերից հատուկ պատրաստություն անցած ուսուցիչները կաշխատեն 37000 երեխայի հետ՝ օգնելով նրանց դիմակայել դժվարություններին և բարձրացնել իրենց հոգեսոցիալական տոկունությունը:

Հեղինակ՝ Էլեն Մուրադյան
Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Դարբինյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

բուլինգ

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 25/10/2024