Վերջին 10 տարում Հայաստանում մանկական մահացությունների թիվը նվազել է 47%-ով։ Եթե 2012 թ.-ին մինչև մեկ տարեկանների շրջանում մահացել է 458 երեխա, ապա տասը տարի անց՝ 2022-ին, այդ թիվը եղել է 243:
Որպեսզի պատկերն ավելի ճշգրիտ ներկայացվի, կարևոր է նաև ուսումնասիրել 1000 ծնվածների հաշվով մահվան դեպքերի քանակը։
Ըստ այդմ, 2022 թվականին ամեն 1000 ծնված երեխաներից 7-ը (0,67%) մահացել են մինչև կյանքի առաջին տարին բոլորելը։ Սակայն այդ ցուցանիշը տարբեր բնակավայրերում (համայնքներում) ավելի բարձր է միջին-հայաստանյան ցուցանիշից։
Այսպիսի բացվածքով ամենաթարմ տվյալները 2021 թվականի են և ներկայացված են «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգրքում։
Համաձայն տարեգրքում արտացոլված տվյալների, ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Սիսիանում (24,8 մահվան դեպք՝ ծնված 1000 երեխայի հաշվարկով) և Ապարանում (20,1 մահվան դեպք), իսկ ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են Երևանում, Գյումրիում, Իջևանում և Սևանում։ Բոլոր համայնքների ցուցանիշները ներկայացված են քարտեզում։
Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը բացատրում է, որ առաջին հերթին ցուցանիշը նվազել է բժշկական ծառայությունների զարգացման շնորհիվ։
Իսկ բնակավայրերի միջև այս տարբերությունները բժիշկը կապում է մասնավորապես մարզերում առանձին մասնագետների բացակայության խնդրի հետ։
Այսինքն՝ կան դեպքեր, երբ մարզերի բնակավայրերում բացակայում են մանկական բաժինների կոնկրետ մասնագետներ, և բնակիչները ստիպված են լինում երեխաներին տեղափոխել Երևան՝ մասնագիտացված օգնության համար։
ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը բնակավայրերի միջև այս տարբերությունների վերաբերյալ նշում է, որ բնակավայրերը բավական փոքր են, և վիճակագրական ճիշտ պատկեր չեն արտահայտում։ Այնուամենայնիվ, Փաշայանը հաստատում է, որ այստեղ կարող են դեր ունենալ և՛ առողջապահական ծառայությունները, և՛ մասնագիտական բաշխվածությունը։
«Երևանում 3-րդ մակարդակի մանկական ծառայություններ են գործում, թեև բոլոր ջանքերը գործադրվում են, որ այս ծառայությունները հասանելի լինեն նաև մարզերի բնակիչների համար։ Մենք ունենք սանիտարական ավիացիայի ծառայություն, որը գործում է և՛ նորածինների, և՛ մինչև 18 տարեկանների համար։ Ու եթե ի սկզբանե համարվում է, որ նորածնի մոտ ռիսկային գործոն կա, նրան դեռ մոր որովայնում պետք է տեղափոխել Երևան, որպեսզի հասանելի լինեն բոլոր նեղ մասնագիտական ծառայությունները», – բացատրում է Փաշայանը։
Նրա խոսքով, սակայն, լինում են դեպքեր, որ նորածինը, որ պետք է ծնվեր Երևանում, ծնվում է մարզում՝ որոշակի խնդիրներով։ Այդ դեպքում նույնպես նրանց սանիտարական ավիացիայի միջոցով տեղափոխում են Երևան, և դրա շնորհիվ, շեշտում է մասնագետը, շատ կյանքեր են փրկվում։
Հայաստանում մանկական մահացության տվյալները հասանելի են 1970-ականներից, և նվազում կարելի է տեսնել հենց 1970-ականներից սկսած։
Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը բացատրում է, որ մանկամահացության ցուցանիշների անկումը մեծապես կապված է նաև կրթական մակարդակի հետ․ որքան ավելի կրթված են մարդիկ, այնքան ավելի շուտ են արձագանքում խնդիրներին, դիմում բժշկի և փրկում երեխաներին։ Միևնույն ժամանակ Տեր-Մինասյանը նշում է, որ ընդհանուր առմամբ ընդլայնվել է նաև առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ և՛ ֆինանսական, և՛ հեռավորության տեսանկյունից։
Փաշայանը նույնպես որպես մանկամահացության ցուցանիշների անկմանը նպաստած գործոն նշում է առողջապահական որոշակի ծառայությունների բարելավումը, օրինակ, Շիրակի մարզում։
«2011-ին Շիրակի մարզում մանկամահացության ցուցանիշը եղել է 23.3 (խմբ․ 1000 նորածնի հաշվով), իսկ 2021-ին՝ 5.9։ Այսինքն մենք այստեղ ունենք մեծ պրոգրես։ Իսկ Շիրակի մարզը մեր ամենաաղքատ մարզերից մեկն էր, և միշտ ունեինք խնդիր մանկական մահացության բարձր ցուցանիշների հետ, սակայն պրոգրեսը ակնհայտ է», – նշում է Փաշայանը։
Այսպիսի դրական փոփոխությունը Փաշայանը կապում է, մասնավորապես, Շիրակում գործող Ավստրիական մանկական հիվանդանոցի աշխատանքի հետ, քանի որ այն ունի և՛ նորածնային, և՛ մանկական ռեանիմացիայի ծառայություններ։
Նա բացատրում է, որ այս և նմանատիպ դրական տեղաշարժերի արդյունքում նվազում են ոչ միայն վաղ տարիքում մահացությունները, այլև մեռելածնության դեպքերը։ Համեմատության համար Փաշայանը մատնանշում է, որ 2011 թվականին եղել է մեռելածնության 850 դեպք (19.2 դեպք 1000 նորածնի հաշվով), իսկ 2022 թվականին՝ 435 դեպք (11.8 դեպք 1000 նորածնի հաշվով)։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ մանկամահացության ցուցանիշների նվազմանը զուգահեռ աճում է արատով ծնվող երեխաների թիվը։ Այս հարցին «Ամփոփ Մեդիան» անդրադարձել է նախկինում, հոդվածը` հղումով։
2022 թվականին հրապարակված տեղեկագրում նշվում է, որ մինչև մեկ տարեկանը լրանալը մահացած երեխաների մեջ տղաները 1,5 անգամ շատ են աղջիկներից։ Նույնպիսի իրավիճակ է նաև 0-4 տարեկանում մահացության դեպքերում։
Բայց այդ անհամամասնությունը այս տարիքում հիմնականում պայմանավորված է մահվան պատճառներից մեկով՝ «պերինատալ շրջանում առաջացող առանձին վիճակներով»։ Սրանից տղաների մահացության դեպքերը ավելի շատ են եղել 2021 թվականին։
Առողջապահության նախարարությունից Նունե Փաշայանը նշում է, որ մանկամահացության դեպքերի նվազեցում հնարավոր է, բայց բացարձակ զրոյի հասցնել գործնականում հնարավոր չէ․ դա են ցույց տալիս առաջատար երկրների ցուցանիշները։ Պատճառն այն է, որ մանկական մահացության վրա ազդող գործոնները շատ են, ընդ որում՝ ավելի շատ սոցիալ-տնտեսական ու կրթական, քան առողջապահական։
Միջազգային աղբյուրները նույնպես ցույց են տալիս, որ մանկական մահացության ցուցանիշները մեծապես կապված են երկրի ընդհանուր բարեկեցության, առողջապահության համակարգի զարգացման, մարդկանց եկամուտների և այլ ցուցանիշների հետ։
Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի տվյալները համադրող Gapminder կայքի այս գրաֆիկը ցույց է տալիս աշխարհի երկրներում մանկական (0-5 տարեկան հասակում) մահացության ցուցանիշների նվազումը՝ եկամուտների ավելացմանը զուգահեռ։
Ինչպես և սպասելի էր, առաջատարները եվրոպական երկրներն են ու առհասարակ՝ Արևմուտքը։
Հայաստանը եվրոպական հետնապահների ցանկում է։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը Հայաստանը դիտարկում է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում, որտեղ Հայաստանը 19-րդ տեղում է այդ ցուցանիշով համեմատելի է Չինաստանի հետ, այն դեպքում, երբ Չինաստանի առողջապահական ծախսերը շատ ավելի բարձր են։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գրաֆիկները՝ հեղինակի
Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/04/2023