2023-ի ընթացքում իմ կենսաթոշակային միջոցներին միայն տոկոսների տեսքով ավելացել է 488 հազար դրամ։ Սա ավելի քան 1 տարի ու երեք ամսվա միջին կենսաթոշակ է, եթե հաշվի առնենք ստաժ + այսօրվա դրույքաչափերը։ Վատ չէ, քանի որ այս ամենն ինձնից որևէ ակտիվ գործողություն չի պահանջել։
Բայց եթե ժամանակին կռահած լինեի և իմ կենսաթոշակային միջոցները տեղափոխեի 2023-ի ամենաեկամտաբեր ֆոնդ, ապա տոկոսային եկամուտները մոտ 80 հազարով ավելի կլինեին (+2,5 ամսվա թոշակ)։ Իսկ մինչև թոշակ ստանալու ժամանակը գար, այդ գումարը կբազմապատկվեր և մի կլոր գումար կդառնար՝ մի քանի զրոյով ավելացնելով իմ միջոցները։
Եվ քանի որ այս տարի պատրաստվում եմ լրացնել նախորդ տարվա բաց թողածս, որոշեցի ուսումնասիրել կենսաթոշակային ֆոնդերի աշխատանքը՝ նախ լրացնելով սեփական գիտելիքներս։ Եվ ահա թե ինչ պարզեցի։
Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերություն կարելի է տեսնել գրաֆիկում։ Այդ ֆոնդերը կառավարում են երկու ընկերություններ։ Նրանցից յուրաքանչյուրն էլ ունի երեքական ֆոնդ՝ տարբեր ռիսկայնությամբ, հետևաբար՝ տարբեր եկամտաբերությամբ։
FIX անունով ֆոնդերը ամենակայունն են համարվում։ Դրանց միջոցները 100%-ով դրվում են ցածր ռիսկային տեղերում՝ ավանդներ և պարտատոմսեր։ Ռիսկը քիչ է, քիչ է նաև եկամուտը կամ կորուստը։
CON անունով ֆոնդերը պահպանողական են համարվում և միջին ռիսկայինն են երեքի թվում։ Դրանց դեպքում միջոցների 75%-ը դրվում է ցածր ռիսկայնությամբ ակտիվներում, մնացածը՝ բարձր ռիսկայնությամբ տեղերում, օրինակ՝ բաժնետոմսերում։
BAL անունով ֆոնդերում էլ ցածր ու բարձր ռիսկային ներդրումները բալանսավորված են՝ 50-50 հավասար տոկոսներով․ կեսը դրվում է ավանդներ-պարտատոմսեր հատվածում, կեսը՝ բաժնետոմսերում և այլ ռիսկային տեղերում։ Այս դեպքում ռիսկը շատ է, նույնքան շատ է նաև գումար աշխատելու և կորցնելու հնարավորություը։
Տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը նշում է, որ ընդունված պրակտիկա է, որ երիտասարդ տարիքում պետք է ընտրել ավելի բարձր ռիսկայնությամբ ֆոնդեր, իսկ մեծ տարիքում՝ փոքր ռիսկայինները։ Բայց Հայաստանի դեպքում, ըստ տնտեսագետի, ֆոնդերը չունեն մեծ տարբերություններ։
«Մեր ֆոնդերի կառավարիչների առաջարկած պրոդուկտները դիզայն են արվել նաև կարգավորիչի սահմանած ուղենիշներով, որովհետև այս ներդրումային համամասնությունները, ըստ էության սահմանված են օրենքով։ Սրանք, ընդհանուր առմամբ, առաջարկում են ցածր ռիսկային պրոդուկտ, որ բոլոր դեպքերում էլ մոտավորապես ապահովում է նույնական եկամտաբերություններ», – նշում է տնտեսագետը։
Չնայած դրան՝ C-Quadrat Ampega ընկերության հաշվետվություններից պարզ է դառնում, որ ֆոնդերի միջև խզվածք կա։ Փաստացի, բաշխումը տեղի է ունեցել տնտեսագետի խոսքերի ճիշտ հակառակ ձևով (َAmundi Acba ընկերության հաշվետվություններում այս տվյալները բացակայում են)։
Տնտեսագետը նշում է, որ սա համակարգի by default իրավիճակի պատճառով է, ու մասնակիցների 99 տոկոսից ավելի ուղղակի չի փոխել իր ֆոնդը, մնացել է պահպանողական (CON) ֆոնդերում, քանի որ նաև մեծ տարբերություն չկա ֆոնդերի եկամտաբերությունների միջև։
Բայց փոփոխություն անելու ճանապարհին որոշակի բյուրոկրատական բարդություն նույնպես կա Հայաստանում։ Փոփոխություն անելու համար երեք տարբերակ կա․
- ունենալ ID քարտ և այն կարդացող սարք։ Բայց այդպիսի սարք ամեն մարդ չունի, իսկ ID քարտերի հետ կապված խնդիրն էլ դեռ վերջնական լուծված չէ,
- ունենալ mID, այսինքն հեռախոսահամարի միջոցով ճանաչման հնարավորություն։ Սա կարելի է անել բջջային օպերատորների միջոցով,
- մոտենալ համակարգին միացած բանկեր կամ Հայփոստ, այնտեղ թղթաբանություն անել։
Մենք որոշել էինք գնալ երրորդ տարբերակով՝ որոշակի ժամանակ ծախսել բանկերի հերթերում, բայց միանալ ավելի բարձր եկամտաբերությամբ ֆոնդերի։ Մեր փորձերը ձախողվեցին բանկերում համապատասխան մասնագետներ չլինելու պատճառով։
Իմ այցելած բանկում նախ ասացին, որ չեմ կարող փոխել ֆոնդը, ապա երբ պնդեցի, որ կարող եմ փոխել, ասացին, որ իրենք դրանով չեն զբաղվում։ Կնոջս ֆոնդն ուրիշ է, բանկը՝ նույնպես։ Նրա այցելած բանկում էլ հայտնել էին, որ դրանով զբաղվող մասնագետը ծննդաբերության արձակուրդում է․․․
Միևնույն ժամանակ, ֆոնդի հաճախակի փոփոխությունը նույնպես որևէ առավելություն չի տալիս։ Ավելին, ամեն տարի այդ եկամտաբերությունը փոխվում է։ Օրինակ 2022 թվականին բոլոր ֆոնդերում նվազում է եղել։ 2023-ին աճը երկնիշ է եղել։ 2022-ին ֆոնդերի նվազումը տնտեսագետ Սուրեն Պարսյանը տարբեր պատճառներով է բացատրում․
- Դրամի արժևորում դոլարի նկատմամբ․ սրա պատճառով արտարժույթով գնված պարտատոմսերի՝ դրամով արտահայտված գները նվազեցին, և ֆոնդերի գումարները դրամական արտահայտությամբ նվազեցին,
- Դրամի ինֆլյացիա․ քանի որ ֆոնդերի մի մասը ներդրված էր ՀՀ պետական պարտատոմսերում, դրանց եկամտաբերությունը մոտ 10 տոկոս էր, բայց դրա մի մասը զոհ էր գնացել դրամի ինֆլյացիային։
Տնտեսագետը նշում է, որ այս գործոններն այնքան ուժեղ էին, որ նույնիսկ տնտեսական բարձր աճի ու աշխատավարձերի աճի ֆոնին, միևնույն է, եղավ ֆոնդերի գումարների նվազում։
«Իրավիճակը փոխվեց 2023 թվականին։ Կառավարիչները որոշակի գործիքներ փորձեցին ներդնել, մասնավորապես հեջավորում կատարեցին։ Այսինքն դոլարի փոխարժեքով պայմանավորված ակտիվների կորուստները նվազեցին։ Բայց դա էլ որոշակի լրացուցիչ ծախս էր, եկամտաբերությունը որոշակի նվազեց», – նշում է Պարսյանը։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին խնդիրներ առաջացրած գործոնները վերացան, և 2023-ին վերականգնում նկատվեց։ Դա եղավ նաև այն բանի հաշվին, որ ինֆլյացիայի ցածր մակարդակի պայմաններում պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճեց։ Իսկ այդ պարտատոմսերը զգալի կշիռ ունեն ֆոնդերի ներդրումներում։
Պատճառն այն է, որ կարգավորումները պահանջում են, որ կենսաթոշակային ֆոնդերի առնվազն 60 տոկոսը ներդրում արվի Հայաստանում՝ հայկական դրամով։ Մնացած 40 տոկոսը կարող է ներդրվել այլ երկրներում։ Հայաստանում ֆոնդերի կառավարիչների մոտ առաջնային արտարժույթներն են դոլարն ու եվրոն։ Մյուսները շատ ավելի քիչ կշիռ ունեն։
Տնտեսագետը նշում է, որ քաղաքականությունն ի սկզբան էր ուղղված նրան, որ խրախուսվի ֆոնդերի կողմից Հայաստանում ներդրումների իրականացումը։
«Բայց Հայաստանում ներդնելու տեղ չկա», – միաժամանակ նշում է փորձագետը։
Խոսքն այն մասին է, որ Հայաստանում արժեթղթեր ու բաժնեթղթեր չկան, և Հայաստանում արված ներդրումները գնում են պետական պարտատոմսերի և բանկերում ավանդների ուղղությամբ։ Իսկ դա տնտեսության մուլտիպլիկատիվ էֆեկտ չի տալիս, միայն բանկերն ու պետական պարտատոմսերն են աշխատում։
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը այս առնչությամբ ուշադրություն է հրավիրում, որ եթե մարդիկ ազգային արժույթի՝ դրամի արժեզրկման հիմքեր են տեսնում, կարող են իրենց ֆոնդը փոխել ու գնալ ավելի ռիսկային՝ բալանսավորված (BAL) ֆոնդեր, քանի որ դրանք ավելի շատ ներդրումներ կատարում են արտարժույթով, հիմնականում՝ ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում։ Տնտեսագետի խոսքով՝ հետաքրքրվածները կարող են հետևել ֆոնդերի եկամտաբերություններում ու փոփոխություններ անել։
«Եվ ֆինանսական գրագիտության աճի հետ թերևս մենք էլ մի օր զարգացած երկրների՝ Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի նման կկարողանանք թույլ տալ, որ անհատներն ինքնուրույն ձևավորեն իրենց կենսաթոշակային խնայողությունների պորտֆելը», – նշում է Կարապետյանը։
Դա նշանակում է, որ ամեն մարդ կկարողանա ընտրել ոչ թե նշված վեց ֆոնդերից, այլ ինքնուրույն որոշել՝ ուզում է ՀՀ պետական պարտատոմսերում ներդնել իր կենսաթոշակային խնայողությունները, թե Apple-ի ու NVidia-ի պես ընկերություններում։ Մինչ այդ, ըստ տնտեսագետի, անհրաժեշտ է, որ ամեն մարդ իմանա իր ֆոնդի մասին ու պարբերաբար ստուգի դրա եկամտաբերությունը։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 21/06/2024