Տնտեսություն

Ներկրված մեքենաները՝ հալչող կապիտալ. +ինտերակտիվ գրաֆիկներ

Մեքենաները Հայաստանում առնվազն չթանկացան ու չեն թանկանում։ Հակառակը` էժանանում են։ Սա այն ահազանգն է, որի մասին գիտեն, բայց որին չեն ուզում հավատալ արտերկրից նախորդ տարի մեքենաներ ներկրած մարդիկ։ Այդ մեքենաների մի մասը հիմա կանգնած են բակերում, փողոցներում՝ լավ օրերի սպասումով։

Մեքենաների բիզնեսով մեծ գումարներ աշխատելու հույսով ահռելի գումարներ ներդրած մարդկանց մի այլ անակնկալ էլ էր սպասվում։ Կորոնավիրուսը սառեցրեց ողջ շուկան՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես։

Այսպիսով, մեքենաները հիմնականում չթանկացան, նույնիսկ էժանանալու միտումներ կան։ Սա կարելի է նկատել ամենատարածված երեք մեքենաների վաճառքի հայտարարություններից։ Այժմ այս մեքենաների համար սեփականատերերը հիմնականում ավելի ցածր գին են սահմանում, քան նախկինում։

Opel Astra մեքենան տաքսու վարորդների շրջանում ամենատարածվածներից է։ Ըստ մեքենաների վաճառքի կայքերից մեկում տեղադրված հայտարարությունների՝ դեկտեմբերին այս մակնիշի մեքենայի միջնարժեքը 3250 դոլար էր։ Հունվարին այն բարձրացավ ընդամենը 50 դոլարով՝ դառնալով 3300 դոլար, փետրվարից սկսած՝  կայուն 3000 դոլար է՝ չհաշված ապրիլի 3100 դոլար միջնարժեքը։

Գույներով ներկայացված են արտադրության տարեթվերը․ դեպի կարմիր՝ ավելի հին արտադրության մեքենաներն են, դեպի կանաչ՝ ավելի նորերը։

Նույն արտադրողի Zafira մեքենաները շատ են օգտագործում զբոսաշրջային փոքր խմբերի զբոսավարները։ Այս մոդելի դեպքում թանկացում կա, բայց տատանումից հետո։ Դեկտեմբերի 4000 դոլար միջնարժեքից հետո, հունվարին այն մինչև 500 դոլար թանկացավ, բայց մի քանի ամիս անց կրկին արժեքը դարձավ 4000։ Այժմ, երբ ներքին տուրիզմը, կարծես, սկսել է շնչել, այս մոդելի մեքենայի գնի միջնարժեքը, հուլիսի տվյալներով, թանկացել էր ընդամենը 200 դոլարով։

Ավելի բարձր գնային կատեգորիայում ամենատարածվածներից մեկը Toyota Camry մեքենան է։ Ի տարբերություն նախորդ երկուսի, այս մեքենան հունվարին էժանացավ՝ դեկտեմբերի 11.100 դոլարից հասնելով 10.650 դոլարի։ Սեփականատերերը ապրիլին նրա համար 11.300 դոլար էին ակնկալում, սակայն հուլիսին այս մեքենայի միջնարժեք գինն ընկավ մինչև 10.300 դոլար։ Ընդ որում՝ վաճառքի հանված մեքենաների թիվը, ընդհանուր առմամբ, չի փոխվել։

Ոսկու Մեքենա բերելու տենդը

Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում է Հայաստանը, ունի մեքենաների ներքին արտադրություն. ՌԴ-ում դեռ խորհրդային շրջանից պահպանվել են ավտոպրոմի հիմնարկները։ Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում ու Բելառուսում հետագայում հիմնադրվել են արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ՝ մեքենաների հավաքման համար։ Սրանով էլ պայմանավորված՝ գործում է ներկրվող մեքենաների բարձր հարկում՝ ներքին արտադրողին օգնելու համար։ Տեղին է նշել, որ նման քաղաքականություն գործում է ոչ միայն ավտոմեքենաների դեպքում։

Միասնական շուկայի այս պայմաններից բացառություն էր սահմանված Հայաստանի և Ղրղզստանի համար։ Այս երկու երկրները Միությանն անդամակցել էին ավելի ուշ և կազմակերպության հիմնադիր անդամների հետ համաձայնություն էր ձեռք բերվել արտոնյալ ժամկետի մասին, որի ընթացքում ՀՀ քաղաքացիները կարող էին ոչ թե ԵԱՏՄ, այլ ՀՀ կողմից սահմանված ավելի ցածր դրույքաչափով մաքսազերծել մեքենաները։ Ժամկետը մեկ անգամ երկարաձգվելուց հետո ավարտվում էր 2020-ի առաջին օրը։

Բացատրություն․ Հայաստանի ներքին օրենսդրությունը, մինչև 2014 թ-ին ԵԱՏՄ-ին միանալը, նախատեսում էր մեքենաների ներմուծման մաքսատուրք՝ 10%-ի չափով։ Մինչդեռ ԵԱՏՄ միասնական դրույքաչափերն անհամեմատ բարձր էին՝ որոշ մեքենաների դեպքում մի քանի անգամ։ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին 2014 թ․-ի պայմանագրով՝ նախատեսվեցին անցումային ժամանակահատվածներ, որոնց ընթացքում Հայաստանը մաքսատուրքերը հաշվարկելու էր ներքին դրույքաչափերով։ Ավտոմեքենաների դեպքում [հեղ․ տես 8703 ապրանքային խմբերը՝ Հավելված 4-ում] Հայաստանը ստացավ 5 տարի՝ մինչև 2019-ի ավարտը, անցումային ժամանակահատված, ինչը Հայաստանի համար ներկայացվում էր որպես արտոնություն։

Արտոնյալ ժամանակահատվածի վերջին՝ 2019-ի ամռանից, ոլորտի պատասխանատուները սկսեցին շտապեցնել ավտոներկրողներին, որ վերջիններս հասցնեն իրենց մեքենաները մինչև Ամանոր բերել։ Բանն այն է, որ, օրինակ, ԱՄՆ-ից պատվիրված մեքենայի՝ Հայաստան հասնելը սովորաբար ընդունված է հաշվարկել մինչև 3 ամիս։ Իսկ ի՞նչ, եթե դրանք ուշանային…

Այս իրավիճակով պայմանավորված հնարավոր խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ն արդեն սեպտեմբերին զգուշացնում էր, որ հունվարի 1-ից դրույքաչափերը փոխվելու են։ Բայց հայաստանցիներն իրենց անձնական օգտագործման համար չէ, որ այդքան մեքենա էին ներկրում։

Շատերի բիզնես մոդելը հետևյալն էր՝ վարկով գնել արտասահմանյան մեքենա, բերել Հայաստան, քանի դեռ մաքսատուրքերը չեն թանկացել, հետո վաճառել։

Հայաստան բերելուց հետո կար երկու տարբերակ.

  • Հայաստան բերվող մեքենաները կարելի էր մաքսատուրքերի բարձրացումից հետո թանկով վաճառել հենց Հայաստանում, քանի որ արտասահմանյան մեքենաներն ավելի բարձր հեղինակություն և պահանջարկ ունեն, քան նույն դասի ռուսականները,
  • Հայաստան բերելով՝ միանգամից վաճառել ԵԱՏՄ երկրների գնորդներին, հատկապես՝ Ղազախստանի քաղաքացիներին։ Նրանք չունեին նույն արտոնությունը, ուստի ՀՀ-ում մաքսազերծված մեքենան ավելի էժան կգնեին։

Ավտոներկրումների բուռն շրջանում այս բիզնեսով զբաղվող «Ավտոներկրող-10» ընկերությունն այնքան էր աճել, որ 2019-ի վերջին եռամսյակում Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում 10-րդն էր։ Իսկ 2020-ի առաջին քառորդում դարձավ ամենախոշոր անկում գրանցող բիզնեսներից մեկն ու իջավ 885-րդ հորիզոնական՝ հարկերի և այլ վճարների 99,08% անկումով։

Կորոնավիրուսն ու կարկուտի ծեծած տեղը

Կենտրոնական բանկի ամփոփ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2017 թ-ի կեսերից ավտոմեքենա գնելու վարկերի՝ մարման ենթակա գումարը սկսել է կտրուկ աճել։ Սա կողմնակի ցուցիչ է, որը վկայում է այդ շրջանում մեքենա գնելու համար վերցված վարկերի մեծ ծավալների մասին։

Նախատեսվածի պես՝ գույքահարկը բարձրացավ ու մեքենայի ներկրումը թանկացավ։ Բայց ներկրողներից շատերը մնացին վարկերի տակ։ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ այդ մարդկանց սպասելիքները չարդարացան, քանի որ հետագայում նաև խոչընդոտներ ստեղծվեցին Հայաստանից մեքենաները ԵԱՏՄ տանելու ուղղությամբ։

«ՌԴ-ն արգելք դրեց, «բոյկոտեց» ՀՀ-ից արտահանվող մեքենաները և վերջ», – «Ամփոփ Մեդիային» ասաց Հովհաննիսյանը։

2019թ․ Հայաստան է ներկրվել 189 000 մեքենա, որը երեք անգամ ավել էր 2018թ․ և 5 անգամ ավել 2017թ․ ներմուծված մեքենաների քանակից։

Մաքսատուրքի թանկացումից հետո կյանք կա՞

2020-ին ներկրված մեքենաների թիվը, ինչպես և սպասվում էր, կտրուկ նվազել է։ Հունվարին ներկրված 3700 մեքենաների մեծ մասն «ուշացածներն» են։ Իսկ արդեն փետրվարին ընդամենը 186 մեքենա է մաքսազերծվել։

Ենթադրվում է, որ այս տարվա 2-րդ կիսամյակը շատ չի տարբերվի 1-ից, եթե չասենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ցուցանիշներն ավելի կարող են նվազել։

Ավտովարորդների շահերը ներկայացնող կազմակերպության ղեկավարի կարծիքով՝ հիմա Հայաստանում մնացած ավելցուկային մեքենաներն արտահանելն անհնար է, պետք է սպասել 2023 թ-ին։ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն՝ արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև 2019 թ-ի վերջ, Հայաստան ներկրված մեքենաները մինչև այդ պահը համարվելու են օտարերկրյա գույք։

ԵԱՏՄ տարածքում այդ մեքենաների վերավաճառքի դեպքում մաքսատուրքի վերահաշվարկ է արվելու, ինչը ձեռնտու չի լինի գնորդներին։ Իսկ 2023 թ-ից այդ մեքենաներին կշնորհվի ԵԱՏՄ ներքին գույքի կարգավիճակ, ու դրանք հնարավոր կլինի վաճառել և՛ գնորդի, և՛ վաճառողի համար ձեռնտու գնով։

Բայց Հովհաննիսյանը մեկ այլ կանխատեսում ունի. «Խոսակցություն կա, որ 2023 թվականից հետո էլ էկոլոգիական 4-րդ ստանդարտ են պահանջելու, այսինքն, մեքենայի աղտոտման 4-րդ կատեգորիա պետք է լինի։ Եթե դա էլ առաջ քաշեցին 2023 թվականին, ուրեմն մեքենաները վերջնականապես կմնան Հայաստանում», – ասաց Հովհաննիսյանը։

Նյութի և գրաֆիկների հեղինակ՝ Գարիկ Հարությունյան  

Պատասխանատու խմբագիր՝ Լիլիթ Գալստյան

#COVID19 #crisis

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/08/2020