Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդական վկայական ստանալու քննության կարգում նոր հնարավորություն է գործարկվել․ այն քաղաքացիները, որոնք առաջին անգամ քննությունը չեն հանձնել հաջողությամբ, այլևս ստիպված չեն լինի սպասել մեկ շաբաթ։
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է արտահերթ վերահանձնում՝ վճարի դիմաց․ սեպտեմբերի 1–ից հնարավոր կլինի քննությանը մասնակցել արդեն հաջորդ օրը՝ վճարելով 45,000 դրամ, կամ երրորդ օրը՝ վճարելով 30,000 դրամ (մինչև սեպտեմբերի 1–ը գործնական քննությունները ձախողած քաղաքացիները չեն կարող օգտվել արտահերթ հանձնման հնարավորությունից)։
ՀՀ ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ նման «էքսպրես» տարբերակներ սահմանվել են նաև այն դեպքերում, երբ թեկնածուն երկրորդ կամ հաջորդ անգամ է ձախողում քննությունը։ Նախկին 30-օրյա սպասման փոխարեն այժմ քաղաքացիները կարող են վերահանձնել քննությունը 7–րդ օրը՝ վճարելով 45,000 դրամ, կամ 14–րդ օրը՝ 30,000 դրամ։
Այս տարվա մայիսին կառավարության հավանությանը արժանացած օրենսդրական փաթեթում նշվում էր, որ փոփոխությունները նախատեսվել են քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ գործընթացն ավելի ճկուն ու հասանելի դարձնելու համար։
Սակայն հարց է առաջանում․ արդյոք այս փոփոխությունները լուծո՞ւմ են համակարգային խնդիրները, թե՞ պետության համար ընդամենը նոր եկամուտների աղբյուր են ստեղծում՝ առաջացնելով նաև սոցիալական արդարության խնդիր նրանց համար, ովքեր ստիպված են ամիսներով սպասել հաջորդ քննության հնարավորությանը։
«Ամփոփ Մեդիայի» թղթակիցը պարզ հաշվարկների և ծառայությունից օգտվողների հետ զրույցների միջոցով փորձել է ստանալ այդ հարցերի պատասխանը։
Մեծ փողեր և մեծ հերթեր՝ նույնիսկ բարեփոխված համակարգում
Հայաստանում վարորդական իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է հանձնել 2 քննություն՝ տեսական և գործնական։ Տեսական քննությունը հաջող հանձնելու դեպքում որոշ ժամանակ անց հրավիրում են գործնական քննության։ Անհաջող հանձնելու դեպքում մեկ տարվա ընթացքում քաղաքացին հնարավորություն ունի ևս երկու անգամ գործնական քննության մասնակցել՝ ամեն անգամ վճարելով դրա դիմաց։
Տեսական քննության արժեքը 3000 դրամ է, գործնականինը՝ 13,000 դրամ։ Հետևաբար անձը, որն այդ տարվա ընթացքում փորձում է քննություն հանձնել, բայց հաջողության չի հասնում, պետբյուջե է վճարում ընդհանուր 42 հազար դրամ։
ՆԳՆ-ի՝ մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ 2025թ․ առաջին հինգ ամիսներին Հայաստանում վարորդական իրավունքի գործնական քննություն է հանձնել 27,699 անձ։ Այսինքն՝ 27,699 անձ հինգ ամիսների ընթացքում միայն գործնական քննություններին մասնակցելու համար պետբյուջե է վճարել 360 մլն․ դրամ կամ ավելի քան 935,000 դոլար։
Նրանցից վկայական ստացել է միայն 11,688-ը կամ քննություն հանձնողների 42%-ը։ Վարորդական իրավունք ստացած անձանցից միայն 2493-ն է դրական արդյունք գրանցել հենց առաջին իսկ քննությանը, մյուսները ստիպված են եղել ամիսներ անց վերահանձնել, հետևաբար՝ կրկին վճարել քննության իրավունք ստանալու համար։
Եվ այսպիսի ահռելի գումարների հետ գործ ունեցող պետական ծառայությունն ունի գործնական քննություն ընդունող ընդամենը 38 աշխատակից Հայաստանի որակավորման քննություն ընդունող 13 ստորաբաժանումներում։
«Էքսպրես» տարբերակով ծառայության ավելացումը նույնպես պատճառ չէ առաջիկայում նոր ստորաբաժանումներ և հաստիքներ ավելացնելու համար։ «Ամփոփ Մեդիայի» հարցին, թե ավելացե՞լ է արդյոք հաստիքների թիվը արտահերթ կարգով քաղաքացիներին սպասարկելու փոփոխությանն ընդառաջ, ՆԳՆ-ից պատասխանեցին, որ՝ ոչ։
Հետևաբար կատարված նոր փոփոխությունները կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել` առանց այդ էլ ծանրաբեռնված ստորաբաժանումների համար և պարզ չէ, թե ինչպես է անձնակազմը կարողանալու իրականացնել արագ սպասարկում։
Սուբյեկտիվ գնահատական գործնական քննության ընթացքում
Հսկայական հերթերից զատ, որոնց պատճառով մարդիկ ստիպված են ամիսներով սպասել քննությանը, գործնական քննության անցկացումը շատերը գնահատում են անարդար և ոչ արդյունավետ։ Քննություններին մասնակցածները նշում են, որ տրվող հրահանգները քիչ առնչություն ունեն իրական երթևեկության հետ, իսկ ոստիկանների գնահատականները երբեմն սուբյեկտիվ են։ Քննություն հանձնողը չունի որևէ մեխանիզմ՝ ապացուցելու իր արդարացիությունը։
Այս տարվա ապրիլին առաջին փորձից վարորդական իրավունք ստացած Արտակ Գաբոյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում պատմում է, որ համակարգը հաճախ ավելի շատ ստուգում է ոչ թե վարորդական հմտությունները, այլ քննություն անցնելու հնարքների իմացությունը։
«Հաճախ վարորդական իրավունք ստանում են մարդիկ, որոնք իրականում լավ չեն վարում, բայց տիրապետում են կոնկրետ քննությունն անցնելու հնարքներին։ Իսկ այդ քննությունը քիչ առնչություն ունի իրական երթևեկության հետ»,- ասում է Գաբոյանը։
Գաբոյանի խոսքով՝ քննության ընթացքում, օրինակ, հետադարձ կայանումը պարտադիր պահանջվում է կատարել մեկ մոտեցմամբ, սակայն իրական երթևեկության ժամանակ քիչ չեն վարորդները, որոնք հետադարձ կայանման ընթացքում մի քանի անգամ հետ ու առաջ են անում։ Այս հրահանգից թեթև շեղումը հիմք է դառնում, որ շատերին կտրեն քննությունից։
Փոխարենը՝ համակարգը չի ստուգում ապագա վարորդի վարքագիծը անսպասելի իրավիճակներում, ինչպիսիք են խցանումները կամ վտանգավոր մանևրները։
Փոփոխություններ առանց ներդրումների
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում փոփոխություններ սկսեցին 2020-ին․ ավելացավ գիտելիքների ստուգման թեստերի հարցարշարը, 10 հարցի փոխարեն սահմանվեց 20 հարց, քննության տևողությունը դարձավ 30 րոպե։ Գործնական քննությունն էլ հատուկ տարածքից որոշվեց կազմեկերպել իրական երթևեկության պայմաններում։
Արտակ Գաբոյանը, մատնանշելով առկա ենթակառուցվածքային խնդիրները, իրական երթևեկության պայմաններում քննության կազմակերպումը համարում է ոչ արդյունավետ։ Ըստ նրա՝ Երևանից դուրս քննական կենտրոններում մեքենաներ չեն տրամադրվում, և մարդիկ ստիպված են քննություն հանձնել սեփական մեքենաներով։ Չնայած օրենքով ոստիկանության ստորաբաժանումը պարտավոր է ապահովել մեքենա, դրանք կամ բավարար չեն, կամ վատ տեխնիկական վիճակում են։
Գաբոյանը նշում է նաև վճարումների անհավասար մոտեցումը․ գործնական քննության համար սահմանված է 13,000 դրամ վճար՝ ներառյալ մեքենայի մաշվածքի 10,000 դրամը։
«Ամենաաբսուրդն այն է, որ այս գումարը պետք է վճարես նույնիսկ այն դեպքում, երբ քո սեփական մեքենայով ես քննության գնում»,– ասում է նա։
Կային նաև խոսակցություններ այն մասին, որ մարզերում առաջին փորձից վարորդական վկայականի տրամադրման դեպքերն ավելի շատ են, քան Երևանում, ինչը, ըստ որոշ մասնագետների, խոսում է կոռուպցիոն ռիսկերի մասին։ «Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է, թե որ ստորաբաժանումներում են առավել շատ առաջին փորձից վարորդական վկայական ստացողները։
Պատկերից նկատվում է, որ 2025-ի առաջին հինգ ամիսներին առաջին փորձից վարորդական վկայական առավել շատ ստացել են Տավուշի հաշվառման-քննական ստորաբաժանումում՝ շուրջ 990 անձ, մինչդեռ Երևանում, օրինակ, նույն ժամանակահատվածում վարորդական վկայական ստացել է 612 անձ։ Նույնն է եղել նաև 2024-ին։ Տավուշի ստորաբաժանումում առաջին փորձից վկայական ստացել է 965, իսկ Երևանում՝ 119-ով պակաս՝ 846 անձ։
Ինչո՞ւ է վարորդական վկայականի պահանջարկն այսքան մեծ
Վարորդական վկայականի նկատմամբ մեծ պահանջարկի հիմնական պատճառը ոչ միայն հարմարավետությունն է կամ ազատ տեղաշարժվելու ցանկությունը, այլև Երևանում տասնամյակներով չզարգացած հանրային տրանսպորտի համակարգը։ Վերջին 30 տարիների ընթացում քաղաքային իշխանությունների կատարած ներդրումները չեն նպաստել մարդկանց՝ տարբեր ուղղություններով հարմարավետ և մատչելի տեղաշարժին, ինչի հետևանքով ընտանիքի գրեթե բոլոր անդամները ձգտել և ձգտում են սեփական մեքենա ունենալ։
ՆԳ նախարարության տվյալներով՝ 2024-ին Հայաստանում գրանցվել է ավելի քան 920,000 տրանսպորտային միջոց, ինչը 31,000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և շուրջ 125,000-ով ավելի՝ 2019-ի համեմատ։
Մեքենաների թվի աճը բերում է լուրջ հետևանքների․ անձնական ծախսերի ավելացում, ճանապարհների խցանումներ, աղմուկ և օդի աղտոտում։ Մինչդեռ լավ կազմակերպված հանրային տրանսպորտը կարող էր ապահովել նույն հարմարավետությունը՝ շատ ավելի էժան և էկոլոգիապես առողջ տարբերակով։
Վերջին հինգ տարում աճել է թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների մասնակիցների թիվը։ 2020-ին գործնական քննություն հանձնել է 30,924 անձ, մինչդեռ 2024-ին՝ արդեն 39,321։ Նույն տարիներին տեսական քննություն հանձնել է 35,680 և 49,553 անձ՝ գրանցելով մոտ 39% աճ։ 2025-ի միայն առաջին հինգ ամիսներին գործնական քննությանը մասնակցել է 27,699 մարդ։ Այս տեմպի պահպանման դեպքում մասնակցությունը կարող է գերազանցել 2024-ի ցուցանիշը։
Վարորդական իրավունքից զրկվողների թիվը նվազում է
Չնայած օրենսդրական խստացումներին և ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին՝ վերջին տարիներին վարորդական իրավունքից զրկվածների թիվը նվազման միտում ունի։ Եթե 2022-ին այդ ցուցանիշը հասել էր 602-ի, ապա 2023-ին կազմել է 426, 2024-ին՝ 411, իսկ 2025-ի առաջին հինգ ամիսներին՝ 147։
Ամփոփում
Հայաստանում վարորդական վկայական ստանալը շարունակում է մնալ բարդ գործընթաց՝ երկար հերթերով, քննությունների կազմակերպման թերություններով և վճարների շուրջ դժգոհություններով։ Քաղաքացիները հաճախ ստիպված են ամիսներով սպասել իրենց հերթին և մի քանի անգամ մասնակցել քննությունների, թեև վճարունակների համար հերթը շրջանցող «նոր պատուհան» է բացվել։
Հանրային տրանսպորտի սահմանափակ հնարավորությունների պատճառով շատերն ընտրում են սեփական մեքենա վարելու հնարավորությունը, ինչը ոչ միայն ավելացնում է քաղաքային խցանումները, այլև մեծացնում շրջակա միջավայրի աղտոտումը՝ կյանքը մայրաքաղաքում դարձնելով ավելի բարդ ու ծախսատար։
Հեղինակ՝ Օֆելյա Սիմոնյան
Գծապատկերները՝ հեղինակի
Հիմնական նկարը պատրաստվել է արհեստական բանականության գործիքով
Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը (հեղինակները)։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 13/09/2025