ԱՄՆ սահմանադրութունն ընդամենը երեք պահանջ է սահմանում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան, առնվազն 14 տարի բնակված լինի ԱՄՆ-ում և ծնունդով այդ երկրից լինի: Մինչդեռ բնավ նախագահ դառնալը հեշտ չէ: Ամերիկացիները երկրի ղեկավարի ընտրության ամենից երկար, թանկարժեք և, թերևս, ամենաբարդ համակարգն ունեն աշխարհում: Եվ նույնիսկ բոլոր հնարավոր բանավեճերից, նախընտրական հավաքներից, նախնական ընտրություններից ու թեկնածուների առաջադրման կուսակցական համագումարներից հետո ամենաշատ ձայներ ստացող անձը կրկին կարող է պարտվել, ինչպես տեղի ունեցավ այս տարի: Սա մի համակարգ է, որը շփոթության մեջ է դնում ինչպես ԱՄՆ-ում բնակվող այլազգի քաղաքացիներին, այնպես էլ շատ ամերիկացիների:
Իրավիճակ
Հանրապետական Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվեց նոյեմբերի 8-ին, հաղթելով այնպիսի «չկողմնորոշված» նահանգներում, ինչպիսիք Հյուսիսային Կարոլինան, Օհայոն և Ֆլորիդան են, չնայած ըստ նախնական արդյունքների՝ նոյեմբերի 8-ի ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն առավելագույն թվով ձայներ էր ստացել: Պատճառն այն է, որ նախագահն ընտրվում է Ընտրիչների կոլեգիա կոչվող ոչ սովորական մեխանիզմով, որը ստեղծվել է երկրի հիմնադիր հայրերի կողմից` որպես փոխզիջում ուղիղ համաժողովրդական քվեարկության կողմնակիցների և բոլոր նրանց միջև, ովքեր ուզում էին, որ օրենսդիր մարմինն ընտրի նախագահին: Յուրաքանչյուր նահանգի հատկացվում է Ընտրիչների կոլեգիայի այնքան ձայն, որքան Կոնգրեսում այդ նահանգի ունեցած անդամների թիվն է. սա մի բանաձև է, որը մեծացնում է փոքր նահանգների կարևորությունը:
19-րդ դարի սկզբին այն նահանգները, որոնք ձգտում էին առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը, որդեգրեցին «ամեն ինչ հաղթողին» մոտեցումը, ըստ որի բոլոր ընտրաձայները շնորհվում են այն թեկնածուին, ով ընտրությունների օրը տվյալ նահանգում ստանում է ձայների մեծամասնությունը (բացառություն են Մեյն և Նեբրասկա նահանգները): Շատ նահանգներում, ներառյալ հավատարիմ դեմոկրատական Կալիֆորնիայում և հանրապետական Տեխասում, ընտրաձայները կարելի է կանխատեսելի համարել: Այսպիսով, քվեարկությունը սովորաբար կախված է այն բանից, թե «չկողմնորոշված» նահանգները ում կտան իրենց նախապատվությունը՝ դեմոկրատների՞ն, թե՞ հանրապետականներին:
Պատմական ակնարկ
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ տեղի են ունենում 1789թ. ի վեր, երբ ուժի մեջ մտավ Սահմանադրությունը: Ընտրապայքարն անց է կացվում յուրաքանչյուր 4 տարին մեկ` նոյեմբեր ամսին, երեքշաբթի օրը: 1860թ. ի վեր՝ Աբրահամ Լինկոլնի նախագահ ընտրվելուց հետո, բոլոր նախագահներն անդամակցել են Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությանը: Ցանկացած այլ կուսակցության թեկնածու դժվարությամբ է որևէ հաջողության հասնում նոյեմբերին տեղի ունեցող համընդհանուր ընտրություններում, և մինչ այժմ գրանցած ամենաբարձր արդյունքը 1972թ. նախկին հանրապետական նախագահ Թեոդոր Ռուզվելտի հավաքած 27.4% ձայներն են, ով հետագայում համալրեց Առաջադիմական կուսակցության (Bull Moose party) շարքերը: Այն երկու թեկնածուները, որոնք ընտրություններին ներկայացնում են հիմնական կուսակցությունները, հաղթահարում են նահանգային մակարդակով անց կացվող բազմաթիվ նախընտրական կուսակցական հավաքներ (գաղտնի քվեարկություններ) և նախնական ընտրություններ (ձեռքերը պարզելու միջոցով՝ բաց քվեարկություն), որոնք անց են կացվում փետրվարից մինչև հունիս: Այնուհետև յուրաքանչյուր նահանգ ընտրում է պատվիրակներ դեմոկրատների և հանրապետակաների համագումարներին մասնակցելու համար, որտեղ նրանք, սովորաբար, ընտրողների ձայները փոխակերպում են իրենց կուսակցության նոյեմբերյան թեկնածուի օգտին ֆորմալ հավանության: Դեմոկրատներն ունեն նաև այսպես կոչված «հատուկ պատվիրակներ» (superdelegates)՝ օրենսդիրներ, կառավարիչներ, նախկին նախագահներ և պետական կուսակցական պաշտոնյաներ, ովքեր ազատ են աջակցելու ցանկացած թեկնածուի, անկախ այն բանից, թե ինչպես են նրանց համար քվեարկել նահանգները: Վերջին տասնամյակներին, համագումարները ծառայել են որպես հեռուստատեսության համար ստեղծված բեմականացումներ՝ գովաբանելու դե ֆակտո թեկնածուին և ԱՄՆ փոխնախագահի պաշտոնին հավակնող թեկնածուին:
Փաստարկ
Նախկինում «ամեն ինչ հաղթողին» համակարգը Ընտրիչների կոլեգիային ստիպել է ընտրել նախագահների, ովքեր չեն ստացել քվեների մեծամասնությունը 1876թ., 1888թ. և 2000թ.-ին, երբ հանրապետական Ջորջ Բուշը հաղթեց դեմոկրատ Ալ Գորին մի քանի շաբաթ տևած վերահաշվարկի արդյունքում։ Յուրաքանչյուր նման ընտրությունից հետո առաջանում է քվեաթերթիկների ընդհանուր հաշվարկը հստակեցնելու մղում, բայց շատ նահանգներ, հատկապես փոքրերը, փոփոխություն կատարելու ցանկություն չունեն` պատճառաբանելով որ կկորցնեն իրենց ազդեցությունը։ Քանի որ նախնական ընտրությունները նահանգներում ամենաորոշիչն են, քննադատներն ասում են, որ գործընթացը ձեռնտու է ավանդաբար առաջինը քվեարկող գյուղական Այովա և Նյու Հեմփշիր նահանգների ընտրողներին։ Ինչը նշանակում է, որ անդրադարձը քաղաքային խնդիրներին ավելի սահմանափակ է լինում։ Սրա կողմնակիցներն ասում են, որ փոքր նահանգները և գյուղատնտեսական տարածքները, հակառակ դեպքում, կանտեսվեն։ Ընդունված կարծիք կա, որ փողը չափազանց մեծ դեր է խաղում քարոզարշավների ժամանակ։ Յուրաքանչյուր կուսակցություն ծախսում է ավելի քան մեկ միլիարդ դոլար մինչ ընտրությունների օրը, որի հիմնական մասը՝ գովազդի վրա։ Այսպիսով, այս տևական գործընթացի հաղթողները տեղական հեռուստակայաններն էին, որոնք հավաքում էին գովազդից ստացվող դոլարները, և քաղաքական մոլեռանդները, որոնց դուր էր գալիս հետևել, թե ինչպես է ավարտվելու այս պատմությունը։
Աղբյուր՝ Դաշնային ընտրական հանձնաժողով
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- Ըստ Էրոուի թեորեմի, որի շնորհիվ 1972 թ-ին Քեննեթ Էրոուն ստացավ Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում, կատարյալ ընտրական համակարգ գոյություն չունի:
- «Փյու հետազոտական կենտրոնի» զեկույցը. «Նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման կուսակցական համագումարները, և այն պատճառները, թե ինչու են կուսակցությունները փորձում խուսափել դրանցից»:
- Նահանգային օրենսդիր մարմինների ազգային համաժողովը վաղաժամկետ ընտրությունների դեպքում կանոններ է սահմանում յուրաքանչյուր նահանգի համար:
- Բլումբերգյան QuickTake-ը քարոզարշավների ֆինանսավորման մասին հոդվածում բացատրում է, թե ինչպես են հավաքագրվում և սպառվում գումարները:
Հեղինակ՝ Gregory Giroux
Աղբյուր` Բլումբերգ
Հրապարակվել է` 23/11/2016