Ամփոփ Մեդիան ուսումնասիրել է Հայաստանի պետական բուհերի ուսման վարձերը 2024-2025 ուստարում ՀՀ պետական 5 բուհերում՝
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ),
- Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ),
- Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (ԲՊՀ),
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ),
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Պոլիտեխնիկ)։
Այս ուսումնական տարում ԲՊՀ-ում սովորում է 1295 ուսանող։ Այստեղ ամենաբարձր վարձը՝ 600,000 դրամ, սահմանված է «Հաշվողական լեզվաբանություն» բաժնի համար։ 2024-2025 ուստարվա համար այս բաժնում 8 տեղ հատկացված է վճարովի ուսման համար։ Նույն բուհում ամենացածր վարձը՝ տարեկան 450,000 դրամ, սահմանված է «Լրագրություն» և «Մասնագիտական մանկավարժություն» բաժիններում, որտեղ վճարովի տեղերի քանակը համապատասխանաբար 24 և 151 է։
ՀՊՄՀ-ն, որտեղ այս ուստարվա համար սահմանված էր 1266 վճարովի տեղ, ունի 36 բաժին։ Ամենից բարձր վարձերը «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Պարարվեստ» բաժիններինն են՝ 600,000 դրամ, իսկ «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժիններից յուրաքանչյուրի ուսման վարձը 380,000 դրամ է, ինչը ուսման ամենացածր վարձն է 5 բուհերում սահմանաված վարձերի շարքում։
ՀՊՏՀ-ում սահմանված էր 1134 վճարովի տեղ։ Այս բուհում վճարովի հիմունքներով ամենաշատը՝ 192 ուսանող, սովորում է «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնում։ «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» և «Կառավարում» բաժիններում վճարովի հիմունքներով սովորում է 189-ական ուսանող, իսկ «Շուկայագիտությունում» 143 ուսանող, որոնցից յուրաքանչյուրի տարեկան վարձը 600,000 դրամ է։
Ամենից քիչ թվով վճարովի տեղ հատկացված է Պոլիտեխնիկի «Քիմիական տեխնոլոգիա» բաժնում։ Այստեղ վճարովի հիմունքնորվ սովորում է 5 ուսանող, իսկ ուսման վճարը կազմում է 594,000 դրամ։ Ամենաբարձր վարձը՝ 852,000 դրամ սահմանաված է «Տվյալագիտություն» և «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» բաժիններում ուսման համար, իսկ «Տեղեկատվական անվտանգություն» բաժնի ուսման վարձը՝ 801, 000 դրամ է։
ԵՊՀ-ն «Ամփոփ Մեդիայի» կողմից ընտրված 5 համալսարաններից ամենաշատ՝ 54 բաժին ունեցող բուհ-ն է և դրանցում հատկացված է 1918 վճարովի տեղ։ Այստեղ ուսման վարձավճարները տատանվում են 500,000 – 1,000,000 դրամի սահմանում։
1 մլն դրամ է «Իրավագիտություն» բաժնում սովորելը, որն ունի 138 վճարովի տեղ։ 550,000 դրամ ուսման վարձով «Երկրաբանություն» բաժնում սովորելու համար նախատեսվել է 6 վճարովի տեղ։ Իսկ «Քիմիա» և «Սննդի անվտանգություն» բաժինները 8-ական ուսանողի վճարովի տեղ են սահմանել՝ 550,000 դրամ ուսման վարձով։ Ամենաշատ թվով՝ 156 ուսանողի վճարովի տեղ ունի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինը։ Այստեղ ուսման վարձը՝ 900,000 դրամ է։
Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/10/2024