Իրավունք

Մեթոդաբանական բախում. ինչպե՞ս են հանկարծամահերը խեղաթյուրում սպանությունների վիճակագրությունը

Յուրաքանչյուր ամիս ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակում է հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ամփոփ ցուցանիշները։ Թվերն առաջին հայացքից հստակ են, սակայն դրանց մի մասի դեպքում առանց մեթոդաբանական բացատրության հնարավոր չէ միանշանակ գնահատական տալ։ 

Օրինակ՝ ըստ Վիճկոմի՝ 2025թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է սպանության 1133 դեպք, որից առանց հանկարծամահության ելքով՝ 68 դեպք։

Այս ձևաչափով ներկայացված տվյալները կարող են շփոթմունք առաջացնել, քանի որ ստեղծվում է տպավորություն, թե նշված 10 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 1133 ակնհայտ սպանություն, ինչը սարսափեցնող ցուցանիշ է փոքր բնակչություն ունեցող երկրի համար։ Մինչդեռ իրականում այդպես չէ։

Պարզվում է՝ այս թվից միայն 68-ն է ակնհայտ կամ իրական սպանության դեպք, ինչը վիճակագրության մեջ առանձնացված է հետևյալ տողով՝ «առանց հանկարծամահության ելքով»։ Իսկ մնացած 1065 դեպքերը հանկարծամահություններ են, որոնք հաշվառվում են սպանության հոդվածի հատկանիշներով՝ մինչև դրանց քննության ավարտը։

Հանկարծամահությունները՝ քրեական վարույթ հարուցելու հիմք

2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի դրույթների համաձայն, սպանության (ՀՀ ՔՕ 155-րդ հոդված) հատկանիշներով հաշվառված դեպքերը, այդ թվում հանկարծամահերը, հանդիսանում են քրեական վարույթ հարուցելու հիմք։

«Ղազարյանս ընդ Փարթներս» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Ղազարյանն այս մոտեցումը համարում է դրական՝ ընդգծելով, որ այն թույլ է տալիս մահվան բոլոր դեպքերը ենթարկել բազմակողմանի քննության։

«Այսօրվա կառուցակարգը ավելի ճիշտ է, քանի որ քրեական վարույթ նախաձեռնելով՝ քննիչը ստանում է գործիքակազմի ամբողջ ծավալը՝ մահվան հանգամանքները լիարժեք ստուգելու համար։ Նախկինում մինչև քրեական գործ հարուցելը հնարավոր էր իրականացնել սահմանափակ գործողություններ»,— նշում է փաստաբանը։

Մինչ 2022 թվականի հուլիսի 1-ը գործում էր քրեական գործ հարուցելու առանձին փուլ, որի ընթացքում իրականացվում էր նախնական ստուգում՝ պարզելու՝ կա՞ արդյոք քրեական գործ հարուցելու հիմք։ Նոր կարգավորումները վերացրել են այդ փուլը՝ վարույթն անմիջապես տեղափոխելով քրեական դատավարական դաշտ։

Վարույթ հարուցելուց հետո քննիչը ստանում է ապացույցներ հավաքելու, դատավարական պարտադրանքի միջոցներ կիրառելու, հարցաքննություններ իրականացնելու, ինչպես նաև այլ դատավարական լիազորություններ իրականացնելու հնարավորություն, իսկ գործընթացի ընթացքում ապահովվում է դատախազական և դատական վերահսկողություն։

Երբ թվերը «շղթայական» մոլորեցնում են

Սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների «Իրավախախտումներ» բաժնի տվյալները Վիճակագրական կոմիտեն ստանում է ՀՀ ոստիկանությունից։

«Ամփոփ Մեդիայի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից տեղեկացրել են՝ քանի որ հանկարծամահության դեպքերով վարույթները նախաձեռնվում են ՔՕ 155-րդ հոդվածի հատկանիշներով, դրանք ներառվում են միաժամանակ՝

  • ընդհանուր հանցագործությունների,
  • սպանությունների,
  • առանձնապես ծանր հանցագործությունների ցուցանիշներում։

Բացի այդ, հանկարծամահության դեպքերը ներառվում են նաև «Մարդու դեմ ուղղված հանցագործությունների» քանակական տվյալներում, քանի որ «Սպանություններ» ենթաբաժինը մտնում է այդ բաժնի մեջ։

Այս դեպքում հարց է առաջանում՝ ճի՞շտ է արդյոք հանկարծամահության դեպքերը մինչև հանգամանքների պարզումը ներկայացնել որպես սպանություն կամ առանձնապես ծանր հանցագործություն։

«Օբյեկտիվությունը պետք է լինի առաջին տեղում» 

Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ վիճակագրության մեջ առաջնայինը տվյալների ճիշտ քաղաքականությունն ու օբյեկտիվ ներկայացումն է։

«Իրավախախտում ձևակերպումը պետք է կիրառվի այն ժամանակ, երբ առկա են բավարար ապացույցներ։ Օրինակ, կարելի է ներկայացնել, որ մեկ ամսում մահացության 30 դեպք է արձանագրվել, որից սպանության, ինքնասպանության, հանկարծամահության հետևանքով՝ այսքանը»,— կարծում է Սաքունցը։

Նրա կարծիքով՝ եթե կարճ ժամկետում հնարավոր չէ ամբողջությամբ բացահայտել մահվան հանգամանքները, կարելի է վիճակագրության մեջ հստակ տարանջատում տալ՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելուց։ 

«Պարզ է՝ կարճ ժամկետում հնարավոր չէ բացահայտել մեղավորներին, սակայն օբյեկտիվ հիմքեր կան պնդելու, որ դա իրավախախտման հետևանքով է կամ հանցավոր գործողության, որը կօգնի ունենալ օբյեկտիվ վիճակագրություն»,— ասում է իրավապաշտպանը։

Ո՞րն է իրական սպանության ցուցանիշը

«Ամփոփ Մեդիան» գրավոր հարցմամբ դիմել էր ՆԳՆ՝ պարզելու, թե ինչու «առանձնապես ծանր հանցագործությունների» վերաբերյալ հրապարակված զեկույցներում չկա զգուշացում, որ դրանց մեջ ներառված են նաև հանկարծամահության դեպքերը։

Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ անկախ այն հանգամանքից, որ դրանք կարող են հանդիսանալ ակնհայտ հանկարծամահության դեպքեր, քրեական վարույթները նախաձեռնվում են «սպանության» հոդվածի հատկանիշներով, ինչը համարվում է «առանձնապես ծանր հանցագործություն» և չի կարող չներառվել ընդհանուր և «առանձնապես ծանր հանցագործությունների» ցուցանիշներում։

Նախարարությունը նաև նշել է, որ «Սպանության» տողին հաջորդող «որից առանց հանկարծամահերի» տողը կրում է զուտ տեղեկատվական բնույթ՝ իրական սպանությունների թիվը հնարավորինս պարզ ներկայացնելու համար։

ՆԳՆ-ն իրավականորեն հիմնավորում է հանկարծամահության դեպքերի ներառումը «սպանությունների» ընդհանուր ցուցանիշում, սակայն միաժամանակ ընդունում է իրական սպանությունների առկայությունը, ինչը վկայում է, որ «սպանություն», հետևաբար «մարդու դեմ ուղղված հանցագործություն», «առանձնապես ծանր» և «ընդհանուր հանցագործություն» անվանումները վիճակագրորեն միանշանակ չեն։

Այս գրաֆիկը ցույց է տալիս, թե ինչպես է տվյալների առանձին ներկայացումը փոխում հանցագործությունների դինամիկայի ընկալումը։

Թեև ՆԳՆ-ն իրավականորեն հիմնավորում է հանկարծամահության դեպքերի ներառումը «սպանությունների» ընդհանուր ցուցանիշում, թվային համեմատությունը ցույց է տալիս, որ հանկարծամահերը և առանց դրանց գրանցված սպանություններն ունեն տարբեր աճի և նվազման տեմպեր։ Այսպես, օրինակ, 2025թ. ընդհանուր առանձնապես ծանր հանցագործությունները 2023թ. համեմատ ավելացել են 11.6%-ով, մինչդեռ առանց հանկարծամահության ցուցանիշն ավելացել է 18.5%-ով։ Առանց հանկարծամահերի սպանության ցուցանիշը 2025թ. ավելացել է 13%-ով, իսկ հանկարծամահություններով ընդհանուր ցուցանիշը՝ 8.7%-ով։

Հանկարծամահություններով համակցված տվյալները թույլ չեն տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել հանցագործությունների մասին։

Նույնը վերաբերում է ընդհանուր և մարդու դեմ ուղղված հանցագործություններին։ 2023թ. համեմատ, մարդու դեմ ուղղված հանցագործությունները, առանց հանկարծամահերի դեպքերի, 2025թ. նվազել են 17.5%-ով, իսկ հանկարծամահության ցուցանիշը ներառյալ՝ նվազել են 13%-ով։ Ընդհանուր հանցագործությունների դեպքում տոկոսային տարբերությունը քիչ է, քանի որ ընդհանուր հանցագործությունների թիվը մեծ է։

«Վիճակագրական տվյալների հիման վրա պատճառահետևանքային օրինաչափություններ են բացահայտվում․ դա է նպատակը։ Սա հետազոտական մեթոդոլոգիայի տեսակետից ենթադրում է մի քանի խաչաձև համադրում, և եթե բազային տվյալները ճիշտ չեն կամ ներկայացված են անփույթ ձևով, հետևանքները կարող են լինել շատ ծանր»,– մատնանշում է Արթուր Սաքունցը։

Այս դիտարկումը հատկապես ակտուալ է սպանությունների վիճակագրության ներկայացման փոփոխությունների համատեքստում։ Մասնավորապես, 2022 թվականի հունվար–հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար–օգոստոսը ներառյալ՝ սպանությունների թվի աճը պաշտոնապես բացատրվել է Քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումներով՝ միաժամանակ նշելով իրական սպանությունների առանձին քանակը։

Սակայն արդեն 2023 թվականի հունվար–սեպտեմբերից սպանությունների ընդհանուր ցուցանիշին զեկույցներում հաջորդել է «առանց հանկարծամահերի» տողը, որը կիրառվել է առանց որևէ բացատրության կամ մեթոդաբանական հիմնավորման։ Միևնույն ժամանակ, զեկույցներում շարունակվել է խոսվել սպանությունների թվի աճի մասին՝ առանց նշելու, որ տվյալների ներկայացման ձևը փոխվել է։

Ավելին, «առանց հանկարծամահերի» ցուցանիշը ներկայացվել է որպես սպանությունների ենթաբաժին, ինչը ևս խնդրահարույց է և խորացնում է վիճակագրական տվյալների մեկնաբանման ռիսկերը։

Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 21/12/2025