Հրապարակումը թարմացվում է օրվա ընթացքում
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա երկու զոհ, որոնցից մեկը՝ Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Մեկ անձ վիրավորվել է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թարմացումներ
🕛 19։30
Առանձնակի ծանր հանցագործություն կատարած անձը այս ժամի դրությամբ դեռ չի հայտնաբերվել։ Ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները։ ՀՀ Քննչական կոմիտեն որևէ կասկածյալի մասին տեղեկություն չի հայտնում։ Անհայտ է մնում նաև սպանության պատճառը։
Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
🕛 16:00
News.am -ը հրապարակել է կադրեր Փարաքարում երեկ գիշեր տեղի ունեցած առանձնակի ծանր հանցագործության դեպքի վերաբերյալ։ Տեսանյութում երևում է թե ինչպես է դիմակավորված անձը վազում և ինքնաձիգից կրակահերթ արձակում դրսում կանգնած երեք անձանց ուղղությամբ, այնուհետև հեռանալիս մի պահ վերադառնում կրկին ընկածների մոտ, ինչ-որ գործողություն կատարում և արագ հեռանում նույն ուղղությամբ։
🕛 15։30
Քրեական վարույթի շրջանակներում ուսումասիրվում և դիտարկվում է նաև որպես վարկած ամիսներ առաջ Փարաքարում տեղի ունեցած սպանության դեպքը, որ կարող է կապ ունենալ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության հետ։ «Լուրերի» լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի հատուկ գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։
«Քրեական վարույթով առաջադրվել են մի շարք վարկածներ, այդ թվում ձեր [«Լուրերի» լրագրողի] կողմից մատնանշված վարկածը։ Բոլոր վարկածների ուղղությամբ իրականացվում է քննություն դրանք հերքելու կամ հաստատելու նպատակով»,- ասել է հատուկ գործերով քննիչը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ փետրվարի 5-ին, Մերձավան բնակավայրում վարչական ղեկավար Մհեր Ախոյանի տան դիմաց մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հրազենային վիրավորումից սպանվել է ՔՊ-ական Մհեր Ախոյանի հորաքրոջ որդին։ Մերձավանում սպանություն կատարած անձի՝ Ա․Ղ.-ի և դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունները ուղարկվել են դատարան։
🕛 14։30
Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան բակում, տեղեկացրել է Փարաքարի սպանության գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ Քննչական Կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։
Քննիչ Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վարույթի համար նշանակություն ունեցող տարածքում հայտնաբերված բոլոր իրեղեն առարկաները, մնացած հետքերը և տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները զննության ժամանակ ֆիքսվել, արձանագրվել և դեպքի վայրից վերցվել են։
Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցի ընթացքում, ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ դիմակավորված և ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է փողոցում կանգնած Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և Արծրուն Գալստյանին և իր մոտ գտնվող ինքնաձիքից կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ։ Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են։ Արծրուն Գալստյանը հրազենային վիրավորումով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատվել է:
🕛 13:30
Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2025թ․–ի ապրիլի 19-ից։ Նրա ղեկավարած «Միասնություն» դաշինքը նույն թվականի մարտի 30-ին կայացած Փարաքարի համայնքային արտահերթ ընտրություններում ամենաշատ քվեն էր հավաքել՝ 57%։ Երկրորդ տեղում Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն էր՝ 31,7%։
Երևանից 12 կմ հեռավորության վրա գտնվող Փարաքար խոշորացված համայնքը բաղկացած է 9 բնակավայրից(Փարաքար, Թաիրով, Մուսալեռ, Պտղունք, Բաղրամյան, Մերձավան, Այգեկ, Արեվաշատ, Նորակերտ)՝ ընդհանուր շուրջ 30 հազար մշտական բնակչությամբ։
«Ամփոփ Մեդիայի» Փարաքարի համայնքային ընտրություններին անդրադարձն ԱՅՍՏԵՂ, իսկ պատկերներով՝ ԱՍՅՏԵՂ
🕛 12։30
ՀՀ քնչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հանձնարարությամբ, Փարաքարի սպանության դեպքով քրեական վարույթը Վաղարշապատի քննչական բաժնից նախաքննությունը շարունակելու համար տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնել է ՀՀ Քննչական Կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը։
🕛 11։30
Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան կդառնար նոյեմբերի 16-ին։ Նա ունի չորս երեխա՝ երեք աղջիկ և մեկ տղա։ Գրիգորյանը երկար տարիներ աշխատել էր Մերձավանի գյուղապետարանում։ Ուներ համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան։ 2011–ից զբաղվում էր անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ, 2016թ-2021թթ․–ին «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ հիմնադիր տնօրենն էր:
2021թ․-ից «Ապրելու Երկիր» կուսակցության անդամ էր։ 2021թ․ դեկտեմբերից Փարաքար համայնքի ավագանու անդամ էր և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավարը։ 2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
🕛 10։30
Մահացած երկրորդ անձը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանն էր, իսկ վիրավորը նույն համայնքի բնակիչ Արծրուն Գալստյանը, ով ըստ շրջանառվող տեղեկությունների համանքի ղեկավարի ընկերն է։ Ըստ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի, հարձակման հետևանքով մահացած Կարեն Աբրահամյանը ծառայության մեջ չի եղել։ «Նա ուղղակի ընկերական հարաբերություններ է ունեցել համայնքի ղեկավարի հետ և պարզապես հարձակման պահին նրա հետ է եղել»։
🕛 09։00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, անվանելով այն «լկտի զինված հարձակում»։ «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»,– նշել է վարչապետ Փաշինյանը։
🕛 07։30
Հստակ տեղեկություն չի հաղորդվում կրակոցների պատճառի մասին։
🕛 01:05 (Սեպտեմբերի 24)
ՆԳՆ-ն հաստատեց, որ զոհերից մեկը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն է։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչութան պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:
🕛 23:52 (Սեպտեմբերի 23)
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա երկու զոհ, որոնցից մեկը՝ Փարաքարի համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Մեկ անձ վիրավորվել է։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/09/2025