Կրթություն

Ուսանողների սեռային հավասարության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ հօգուտ կանանց

Լուսանկարը՝ Ysu.am կայքից

Այս հոդվածում իրար են բախվում կրթությունն ու սոցիալական խնդիրներից մեկը՝ սեռային հավասարությունը։

Սեռային հավասարության ցուցանիշը ներկայացնում է, թե որքանով է հավասար արական և իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում։

Երբ սեռային հավասարության ցուցանիշը մեկ է, նշանակում է արական և իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը հավասար է: 1-ից ցածր ցուցանիշը ցույց է տալիս անհավասարություն՝ հօգուտ տղաների (խմբ․ տղաները շատ են, աղջիկները՝ քիչ), 1-ից բարձր ցուցանիշի դեպքում անհավասարությունը հօգուտ աղջիկների է:

«Ամփոփ Մեդիա»-ն վերլուծել է 2013-2022թթ․ ուսանողների սեռային հավասարության ցուցանիշները կրթության երեք տարբեր աստիճաններում՝ միջին մասնագիտական կրթական համակարգում, բարձրագույն կրթության առաջին աստիճանում (բակալավրիատ) և երկրորդ աստիճանում (մագիստրատուրա) (տե՛ս առաջին գրաֆիկը)։

* Նշում․ Գրաֆիկում ներառված չեն Տավուշի բուհական 2-րդ աստիճանի տվյալները, քանի որ ՀՀ վիճակագրական կոմիտեն նշված ժամանակահատվածից մի քանի տարվա տվյալ չի ներկայացնում, ինչը խոչընդոտում է երկրում իրական պատկերը ճշգրիտ վերարտադրելուն։

Գրաֆիկից երևում է, որ միջին մասնագիտական կրթական համակարգում 2013-ից սկսած՝ սեռային հավասարության ցուցանիշը 1 միավորից բարձր է մինչև 2018թ․, հետևաբար այս համակարգում սովորող աղջիկները թվով գերազանցել են տղաներին։ 2019 թ․-ը միակ տարին է, երբ սեռային հավասարության ցուցանիշը մեկ է գրանցվել, այսինքն արական և իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը հավասարվել է։ 2020-2022-ին ցուցանիշները շարունակել են նվազել՝ հօգուտ տղաների։

Սակայն նույնը չենք կարող ասել բարձրագույն կրթության առաջին աստիճանի մասին։ 2013-2022թթ․ բակալավրիական կրթություն ստացողների շրջանում գերակշռել և տարեցտարի աճել է աղջիկների թիվը՝ 2022թ-ին հասնելով 1.49-ի։

Նույն պատկերը նկատում ենք բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի դեպքում։ 2013-2022թթ․ հավասարության ցուցանիշը մշտապես բարձր է եղել 1-ից՝ տարբեր տարիների հատելով 2 և 3 միավորի շեմը:

Ըստ մարզերի

Վերլուծելով սեռային հավասարության  ցուցանիշը մարզերի միջին մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգերում՝ նկատում ենք, որ 10 տարվա կտրվածքով՝ միջին մասնագիտական կրթական համակարգում սեռային հավասարության ցուցանիշը 1-ից ցածր է եղել Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերում։ Մնացած բոլոր մարզերում, այդ թվում մայրաքաղաքում այն բարձր է եղել 1-ից (տե՛ս ստորև գրաֆիկը)։

* Նշում․ Գրաֆիկում ներառված չեն Տավուշի բուհական 2-րդ աստիճանի տվյալները, քանի որ ՀՀ վիճակագրական կոմիտեն նշված ժամանակահատվածից մի քանի տարվա տվյալ չի ներկայացնում, ինչը խոչընդոտում է իրական պատկերը ճշգրիտ վերարտադրելուն։

** Նշում․ Արագածոտնում և Արարատում բուհեր չկան։

2013-2022թթ․ միջին մասնագիտական հաստատություններ են ընդունվել 47,150 աղջիկներ և 42,065 տղաներ (տե՛ս գրաֆիկը)։ Աղջիկները 5000-ով կամ 5.6%-ով գերազանցել են տղաներին։

Տոկոսային հարաբերակցությամբ պատկերը գրեթե նույնն է բարձրագույն կրթության 1-ին աստիճանի պարագայում այն մարզերում, որտեղ կան բուհեր։ Բացարձակ թվով կանայք այստեղ կազմել են 86,790 կամ 6.8%-ով ավելի, քան տղամարդիկ, որոնց թիվը բացարձակ թվով կազմել է 75,879 (տե՛ս գրաֆիկը)։

Բարձրագույն կրթության 2-րդ աստիճանի դեպքում ուսանողների սեռային հարաբերակցությունը զգալիորեն տարբեր է։ 2013-2022թթ․ այս համակարգում սովորող իգական սեռի ուսանողները(38,766) քանակով շուրջ 2 անգամ գերազանցել են արական սեռի  ուսանողներին (21,225)։

Այսպիսով, Հայաստանում կրթության մեջ ավելի շատ ներգրավված են կանայք, քան տղամարդիկ, և այդ ներգրավվածության աստիճանն ուղիղ համեմատական է կրթության աստիճանին։

Կանանց և տղամարդկանց ընտրությունը մասնագիտության հարցում

Ստորև ներկայացված գրաֆիկներից, որոնք վերաբերում են 2016-2022թթ․ պետական բարձրագույն կրթական հաստատություններում (բարձրագույն կրթության առաջին աստիճան) սովորող ուսանողների մասնագիտության ընտրությանը, նկատում ենք, որ նշված ժամանակահատվածում կանայք ավելի շատ նախընտրել են «Կրթություն» ու «Բանասիրական գիտություններ» մասնագիտությունները, մինչդեռ 2021 և 2022 թթ․ դրանք մեկական հորիզոնականով իջել են՝ զիջելով «Գործարարություն և վարչարարություն» մասնագիտությանը։  

Տղամարդ ուսանողների համար տրենդային համարվող մասնագիտություններն են «Գործարարություն և վարչարարությունը» «Սոցիալական և վարքաբանական գիտությունները», «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն» ու «Ճարտարագիտությունը», որոնք ժամանակ առ ժամանակ փոխվում են զբաղեցրած հորիզոնականներով։

Պատկերն այլ է բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի դեպքում։ 2016-2022թթ բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի և՛ իգական, և՛ արական սեռի ուսանողների մասնագիտական ընտրության մեջ առաջին և երկրորդ հորիզոնականները համընկնում են, դրանք են՝ «Գործարարությունն ու վարչարարությունը» և «Սոցիալական ու վարքաբանական գիտությունները»։

Ցավալի է, սակայն, որ «Առողջապահությունը» մագիստրատուրայում հետզհետե զիջել է դիրքերը և գրեթե կամ ընդհանրապես դուրս եկել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար նախընտրելի մասնագիտությունների թոփ տասնյակից։

Ցավոք, 2016-2022 թթ-ին «Սոցիալական աշխատանքը», «Քիմիան», «Անասնաբուժությունը», «Ֆիզիկական գիտությունները», «Անտառտնտեսությունն» ու «Շրջակա միջավայրը» հայտնվել են ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունների շարքում՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։ Մինչդեռ այս մասնագիտություններից յուրաքանչյուրը վճռորոշ դեր է խաղում բնակչության և երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները հաղթահարելու գործում։

Տրամաբանական է, որ բարձրագույն կրթությամբ կանայք՝ կրթական փուլն անցնելուց հետո, հայտնվեն աշխատաշուկայում՝ կուտակած գիտելիքը ներդնելու երկրի տարբեր ճյուղերի զարգացման ուղղությամբ, սակայն թե որքանով է դա այդպես, կներկայացնենք մեր հաջորդ ուսումնասիրության շրջանակներում։

Տվյալների վերլուծությունն ու գրաֆիկները՝ Ռուզաննա Քարամյանի, Կարինե Դարբինյանի
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Կարդացեք նաև

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիա»-ի և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/09/2024