Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որն իր մեծությամբ հանրապետության ամենախոշոր աղբավայրն է՝ 52,3 հեկտար տարածքով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։ Էրեբունու ամրոցից, ուր տարեկան այցելում է մինչեւ 15 հազար զբոսաշրջիկ, կարելի է նկատել Նուբարաշենի բլուրներին ձուլված աղբավայրից բարձրացող սպիտակ ծուխը։ Տպավորությունն այնպիսին է, կարծես, 2800 տարեկան ամրոցից քիչ հեռու կա գործող հրաբուխ, որն ամեն վայրկյան կարող է ժայթքել։ Զբոսաշրջության տեսանկյունից տեսարանը գուցեև հետաքրքրաշարժ է, մինչդեռ իրականությունը՝ զարհուրելի։ Նուբարաշենի աղբավայրը, որտեղ առնվազն 9 միլիոն տոննա աղբ է կուտակված, բնապահպանական մեծ սպառնալիք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։ Ampop.am-ը, մանրամասն ուսումնասիրություն կատարելով, ներկայացնում է խնդիրը։
թարմացվել է մայիսի 28-ին
Մրցանակակիր նյութ – Արժանացել է 1-ին մրցանակի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ամենամյա «Թվապատում 2017» լրագրողական մրցույթի «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Նյութն ընդգրկված էր Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի համայնքային խնդիրներին անդրադարձող լրագրողական ուսումնասիրությունների փաթեթում:
Իրավիճակ
Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը ձեւավորվել է 1950-ականներից, չի ստեղծվել որեւէ նախագծով, ուղղակի տվյալ տարածքն առանձնացվել է քաղաքային աղբը կուտակելու նպատակով։ Եվ, փաստացի, ավելի քան 60 տարի մայրաքաղաքի տարբեր անկյուններից հավաքված կենցաղային թափոնների մեծ մասը կուտակվում է հենց այստեղ։ Խոսքը օրական 10 կամ 20 պարկ աղբի մասին չէ, այլ տարեկան՝ 300,000 տոննա թափոնի։ Իսկ աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չի համապատասխանում աղբավայրերի համար նախատեսված որեւէ չափորոշիչի: Այն մեկուսացված չէ ցանկապատով, չունի նաեւ հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը: Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ եւ պատճառ դառնում մշտական բռնկումների։ Իսկ թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։
Պաշտոնական տեղեկության համաձայն, աղբավայրի մի փոքր հատվածում կենսագազ է օգտահանվում՝ արտանետվող մեթանի քանակը մասամբ նվազեցնելու նպատակով։ Նուբարաշենի աղբավայրը էրեբունի եւ Նուբարաշեն բնակելի թաղամասերից 2-3 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաքի կենտրոնից՝ 9-10 կմ:
Նուբարաշենի եւ Էրեբունու պոլիկլինիկաներում արված հարցումները ցույց են տալիս, որ փոքրերի եւ տարեցների շրջանում գրանցվում է ալերգիայով տառապողների թվի աճ: Որպես պատճառ՝ մասնագետները նշում են Երեւանում էկոլիոգիական վատթարացող վիճակը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Նուբարաշենի աղբավայրը, թեեւ զուտ աղբավայրի ազդեցությունը բացահայտելուն ուղղված ուսումնասիրություններ չեն իրականացվել։
Այս աղբավայրի վտանգը կայանում է նաեւ նրանում, որ նրա «բարիքներից» օգտվում է օրական 160-200 մարդ, որոնց համար այս վայրը դարձել է հիմնական ապրուստի միջոց։ Ոչ ֆորմալ ձեւով նրանք են այս աղբավայրի տեսակավորողները, ովքեր առանձնացնում են ապակե շշերը, պլաստմասե եւ մետաղական իրերը, ջարդոնները, փաթեթավորման նյութերը, ինչպես նաեւ մթերային թափոնները, այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը, նրանց կարծիքով, հնարավոր է օգտագործել կամ հանձնել/վաճառել քաղաքի համապատասխան «աղբի» ընդունման կետերին, որոնք էլ իրենց հերթին տվյալ հումքը վերավաճառում են համապատասխան ընկերություններին։ Եվ այս ամենն արվում է՝ չպահպանելով անվտանգության կանոնները, առանց համապատասխան հագուստի, եւ հաճախ ընդունելով առողջության համար վտանգավոր մթերքի մնացորդներ կամ ժամկետանց մթերք։ Պարզ չէ նաեւ, թե հավաքված հումքը, ի վերջո, ինչ նպատակներով է օգտագործվում, եւ որ ընկերությունների միջոցով է սպառվում։ Սակայն այստեղ կարեւոր է նշել, որ այս բիզնեսով զբաղվում է հասարակության ծայրահեղ աղքատ խավը, ինչը բարդացնում է խնդիրը, քանի որ վերջիններիս աղբավայրից մեկուսացնել հնարավոր է նրանց համար նախապես եկամտի այլընտրանքային աղբյուր ստեղծելուց հետո միայն։
Քաղաքապետարանից Ampop.am-ին տեղեկացրին, որ ներկայումս Նուբարաշենի աղբավայրում կոշտ կենցաղային թափոնների ընդունումն ու մշակումն իրականացվում է «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ–ի կողմից, որին վարձակալությամբ հատկացվել է 31,1 հեկտար տարածք։ Այս կազմակերպությունում պաշտոնապես գրանցված աշխատողներն ընդամենը 6-ն են:
Պատմական ակնարկ
2014 թ-ից Երեւան քաղաքի աղբահանության կազմակերպումն իրականացնում է լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը։ Ընկերությունն իր աշխատանքերը մեկնարկել է Կենտրոն վարչական շրջանից, իսկ այսօր արդեն նույն ծառայությունը մատուցում է նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Մայրաքաղաքից հավաքված ողջ կենցաղային աղբը տեղափոխվում է հիմնականում Նուբարաշենի եւ, որոշ չափով, նաեւ Աջափնյակի եւ մայրաքաղաքից դուրս գտնվող Մասիսի աղբավայրեր: Աջափնյակի աղբավայրը Երեւանի երկրորդ քաղաքային աղբավայրն է, որն առաջացել է տարերայնորեն եւ կրկին միայն աղբի կուտակման գործառույթ է իրականացնում: Ըստ քաղաքապետարանի, Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հա տարածքը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հա-ը՝ շինաղբի կուտակման համար: Աղբավայրի շինաղբի հատվածը շահագործում է «Դավարս» ՍՊԸ, որը 1 պարկ շինաղբը 250 դրամով տեղափոխում է աղբավայր:
1985-2015թթ. տվյալների համաձայն` Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվել ընդհանուր առմամբ շուրջ 9,5 միլիոն տոննա թափոն (խմբ․՝ 1990թ․-ի տվյալ չկա)։ Սակայն բնապահպան Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ, տվյալ վիճակագրությունը չի արտահայտում աղբի ծավալների իրական պատկերը: Ampop.am-ի հետ զրույցում բնապահպանը նշում է՝ 90-ական թվականներին աղբահանությունն անկանոն է եղել եւ չի կառավարվել, իսկ 2000-ականներին Երեւան քաղաքում շինարարության ծավալների աճի արդյունքում մեծ քանակով շինարարական աղբ է արտադրվել, որն, ըստ էության, արտահայտված չէ վիճակագրական տվյալներում: Մինչդեռ վիճակագրության մեջ պետք է արտահայտիչ ձեւով երեւար այդ տարիների աղբի ծավալների աճը:
Պատկերից ակնհայտ երեւում է, որ կենցաղային աղբի 25%-ը բաղկացած է այնպիսի թափոններից, որոնք չեն ենթարկվում կենսաքայքայման՝ ձեւավորելով կայուն աղտոտում, ինչն էլ կարող է բնապահպանական աղետի պատճառ դառնալ։ Տարիների ընթացքում Նուբարաշենի աղբավայրի թափոնների կազմը փոփոխության է ենթարկվել: Ըստ «ԷկոԼուր» կայքի՝ մթերային թափոնների մասնաբաժինը կրճատվել է, մինչդեռ պլաստիկ թափոններն ավելացել են 10 անգամ։ Մյուս թափոնների մասնաբաժինը մնացել է նույնը։
2013թ-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու նախընտրական ծրագրում առկա էր աղբահանության խնդրի լուծումը։ Ծրագրով նախատեսվում էր, որ 5 տարվա ընթացքում կհիմնվի աղբի տեսակավորման եւ վերամշակման ձեռնարկություններ, ինչն այդպես էլ չիրականացվեց: Այս տարվա մարտին «ԷկոԼուր» կայքին տված հարցազրույցում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը տեղեկացնում է, որ ըստ 2014թ․ կատարված հաշվարկների՝ Նուբարաշենի աղբավայրում տեսակավորման տնտեսական արդյունավետությունը շատ ցածր է, ի տարբերություն դրա համար պահանջվող ֆինանսական միջոցների: Մինչդեռ աղբի վերամշակումը կարող է տնտեսապես շահավետ լինել՝ գրավիչ դառնալով նաեւ ներդրողների համար։ Սակայն ըստ փոխքաղաքապետի՝ միջազգային դոնոր կառույցների կարծիքով՝ այդ գործընթացը կազմակերպելու համար միայն ներդրողի կողմից ֆինանսավորումը բավարար չէ։
Լրացում․ Երեանի ավագանու ընտրություններին Նուբարաշենի ընտրողների 85,5% քվեարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին։
Հետգրություն․ Նուբարաշենի աղբավայրի թունավոր արտանետումների քանակը հնարավոր էր կրճատել 21 անգամ, եթե տարածքում իրականացվեր կենսագազի օգտահանում: Նման առաջարկով տարիներ առաջ հանդես էր եկել ճապոնական «Շիմիձու» ընկերությունը, որը պատրաստակամություն էր հայտնել ներդնել 8 մլն ԱՄՆ դոլար՝ Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման եւ էլեկտրանէներգիայի արտադրության կազմակերպման նպատակով: Նախագծի իրականացումը կողմերից յուրաքանչյուրին կապահովեր տարեկան 300 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ եւ առնվազն 30 նոր աշխատատեղ։ Սակայն նախագիծը չիրականացավ այնպես, ինչպես նախատեսվում էր։ Ներկայումս «Շիմիձու» ընկերությունն աշխատում է իր հզորության մեկ երրորդի չափով․ օգտահանում է կենսագազ, ինչը բավարար չէ էլեկտրանէներգիա ստանալու համար։ Սակայն անգամ այս հզորությամբ աշխատելու պարագայում 6 տարվա ընթացքում աղբավայրում բիոգազի այրմամբ հնարավոր է եղել կրճատել ածխաթթու գազի արտատնետումները ավելի քան 100 հազար տոննայով:
Փորձագետի կարծիք
Նախատեսվող նոր աղբավայրը չի համապատասխանում աղբի կառավարման ժամանակակից չափորոշիչներին, քանի որ տեսակավորման եւ վերամշակման բաղադրիչները ծրագրում ներառված չեն: Այն չի լուծում աղբավայրից արտանետվող թունավոր նյութերի խնդիրը: Պարզապես լինելու է ցանկապատում եւ հատակի մեկուսացում:
Ինգա Զարաֆյան
բնապահպան
Հղումների պահոց
- Գերեզմանոցներին հատկացվող տարածքի պակաս Երեւանում
- Երեւանյան տրանսպորտի անվերջ ճգնաժամը
- Երևանի քաղաքապետարանի 2014, 2015, 2016 թվականների տարեկան հաշվետվություններ
Ամփոփեց Արտակ Խուլյանը
Պատկերները՝ Կարինե Դարբինյանի
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 06/05/2017