2024թ․ հունվար-հուլիս ժամանակահատվածի տվյալներով` ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալը 6,8 անգամ գերազանցում է Եվրամիության անդամ պետությունների հետ առևտրի ծավալներին։ Այս տարբերությունն ի օգուտ ԵԱՏՄ-ի ավելի է մեծացել վերջին երեք տարիներին։
Հայաստանի ռազմավարական ընտրության մասին քննարկումների և «Եվրաքվեի» ստորագրահավաքի մեկնարկի համատեքստում «Ամփոփ Մեդիա»-ն ուսումնասիրել է երկու Միությունների հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները։
Ընդամենը յոթ տարի առաջ՝ 2017թ․-ին, Հայաստանը ԵՄ-ի հետ ունեցել է 1․22 մլրդ դոլարի առևտուր, իսկ ԵԱՏՄ-ի հետ 1,89 մլրդ դոլարի։ Հետագայում տարբերությունն աճել է դանդաղ, սակայն Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո փոփոխություններն ավելի ակնառու են դարձել։
Տվյալներից պարզ է դառում, որ 2022-ին ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտուրը 2,4 անգամ գերազանցել է Հայաստան-ԵՄ առևտրի ծավալները, 2023թ․-ին տարբերությունը դարձել է 3 անգամ, իսկ դեռ չավարտված 2024 թվականին՝ 6,8 անգամ։
ԵՄ-ի հետ Հայաստանի արտաքին առևտուրը պահպանում է աճի միտումը, սակայն աճի արագությունը զիջում է այն արագությանը, որով աճում է ՀՀ-ԵԱՏՄ առևտուրը։
2023թ․-ին Հայաստանը Եվրամիության 27 երկրներից ներմուծել է 2,2 մլրդ դոլարի ապրանք։ Նույն տարվա ընթացքում արտահանումը կազմել է 612 մլն դոլար, որը վերջին տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է եղել։
Արտահանման եվրոպական ուղղություններից ամենաակտիվը Նիդեռլանդները, Բելգիան և Գերմանիան են՝ համապատասպանաբար 234 մլն դոլար, 95 մլն դոլար և 88 մլն դոլար ցուցանիշներով (2023թ․), իսկ ներմուծումները ավելի շատ արվում են Գերմանիայից (564 մլն դոլար), Իտալիայից (322 մլն դոլար) և Նիդերլանդներից (186 մլն դոլար)։
Եվրասիական տնտեսական միության դեպքում պատկերն ավելի պարզ է․ Հայաստանի հիմնական գործընկերը հենց Ռուսաստանն է, ԵԱՏՄ մյուս անդամների հետ առևտուրը չնչին է։
2023թ․-ին Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ-ի հետ 4,5 անգամ աճել է 2017թ․-ի նկատմամբ։ Այդ տարվա ընթացքում Ռուսաստանի հետ արտահանումն ու ներմուծումը կազմել է 8,1 մլրդ դոլար, իսկ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզտանի հետ միասին՝ 342 մլն դոլար։
Այս դեպքում, սակայն, պետք է հաշվի առնել, որ Հայաստան-Ռուսաստան առևտրի զգալի մասը վերջին շրջանում ակտիվացած ոսկեղենի տարանցիկ առևտուրն է․ ռուսական ոսկին բերվում է Հայաստան, այստեղից արտահանվում այլ երկրներ։ Այս թեմային «Ամփոփ Մեդիա»-ն մանրամասն կանդրադառնա հաջորդիվ։
Տեքստի և վիզուալ նյութերի հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/09/2024