Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավելի քան 70,000 ընտրողներ քվեաթերթիկի միջոցով կորոշեն, թե որ քաղաքական ուժն է առաջիկա տարիներին ղեկավարելու իրենց համայնքը։ Այդ օրը Վաղարշապատում ժամը 08:00-20:00-ը գործելու են 47 ընտրատեղամասեր։
«Ամփոփ Մեդիան» մշակել և պատկերների է վերածել Վաղարշապատի ընտրություններին վերաբերող նախընտրական տվյալները։
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է ընդհանուր 8 քաղաքական ուժ։ Դրանցից յոթը կուսակցություններ են, մեկը՝ դաշինք: «Ամփոփ Մեդիայի» ինֆոգրաֆիկներում դրանք ներկայացված են ԿԸՀ-ում վիճակահանությամբ ստացած համարների հերթականությամբ՝
- «Հաղթանակ» կուսացությունների դաշինք («Առաջ» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները)
- «Համահայկական ճակատ» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
- «Ժառանգություն» կուսակցություն
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
- «Հայրենիք» կուսակցություն:
Համայնքի բնակիչներից ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 70,342 ընտրող։
Դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական հասարակական կազմակերպություններ և հավատարմագրված ԶԼՄ-ներ։ Ամենախոշոր դիտորդական ներգրավվածությունն ունի «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ 117 դիտորդով, ինչը կազմում է ընդհանուր դիտորդների շուրջ 70%-ը։ ԿԸՀ կայքում միջազգային դիտորդների մասին տվյալներ չկան։
Գենդերային հավասարակշռություն
Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված է 355 թեկնածու, որոնցից 123-ը կամ 35%-ը կանայք են։ Սակայն կանանց ներգրավվածությունը, ամենայն հավանականությամբ, այսքան բարձր չէր լինի, եթե նման պահանջ օրենքով սահմանված չլիներ։ Կանանց, հիմնականում, ձևական ընդգրկվածության մասին է վկայում է նաև այն հանգամանքը, որ կանայք, որպես կանոն, չեն զբաղեցնում առաջին և երկրորդ համարները։
Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ քաղաքական ուժերի ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %-ը: Այսինքն՝ ցուցակի յուրաքանչյուր եռյակում առնվազն մեկ ներկայացուցիչ պետք է լինի մի սեռից, մյուս երկուսը՝ մյուս։ Ըստ այդմ, բոլոր ուժերը բավարարել են օրենքի պահանջը։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30%-ը:
Տարիք
Թեկնածուների տարիքային տարբերությունը բավական մեծ է։ Տարիքով ամենափոքր թեկնածուն 18 տարեկան է, իսկ ամենատարեց թեկնածուն՝ 76 տարեկան։ Ավագանու թեկնածու առաջադրվելու թույլատրելի տարիքը 18-ն է։
Զբաղվածություն
Մասնակցող 8 քաղաքական ուժերից 6-ի ցուցակներում աշխատանք չունեցող թեկնածուները ավելի շատ են, քան աշխատանք ունեցողները։ Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցող 355 թեկնածուներից 200-ը կամ յուրաքանչյուր երկրորդ թեկնածուն չի աշխատում։
Որոշ ուժերի դեպքում ավագանու թեկնածուների չաշխատող հատվածը գերազանցում է ցուցակում ընդգրկվածների 80%-ը, իսկ նվազագույնը՝ հատում է 50%-ի շեմը։
Տվյալների մշակումը ու ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 12/11/2025













