5,8 տոկոս՝ ահա այն աճը, որը Հայաստանի տնտեսությունն ապահովել է 2021 թ․ ընթացքում։ Այն, որ երկնիշ տնտեսական աճի մասին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոստումներն իրականություն չէին դառնալու, պարզ էր դեռ տարին չավարտված։ Հարցն այն էր, թե որքա՞ն էր լինելու շեղումը։
Ընդ որում՝ տարվա ընթացքում կանխատեսումները փոփոխվում էին՝ կախված նաև Հայաստանում քաղաքական իրավիճակից, սահմանին տեղի ունեցող մարտերից և այլն։ Որքան տարին մոտենում էր ավարտին, այնքան կանխատեսումներն ավելի էին մոտենում այն արդյունքին, որը հրապարակվեց հունվարի 31-ին։
Հատկանշական է, որ տնտեսության 5 ճյուղերից երեքը՝ շինարարությունը, առևտուրը և ծառայությունները, գրանցել են 7-8% աճ։ Վերջին երկուսը նաև մեծ ծավալ ունեն տնտեսության մեջ։
Մյուս համեմատաբար խոշոր ճյուղը՝ արդյունաբերությունը, ավելի համեստ աճ է գրանցել՝ 3,3%։ Իսկ գյուղատնտեսությունը 2020 թ․ համեմատ -1,1% նվազում է գրանցել։
Գրաֆիկում երևում է, թե ինչպես են տնտեսության ճյուղերը վերականգնվել 2020 թ․ ծանր ճգնաժամային տարվանից հետո։ (Այստեղ հիշենք, որ գյուղատնտեսությունը ոչ թե վերականգնվել, այլ հետընթաց է ապրել)։
Ի տարբերություն տնտեսության, պետական պարտքը երկնիշ աճ է գրանցել՝ 15-16%։ Տարեսկզբի 7 մլրդ 969 մլն դոլարից տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ, այն հասել է 9 մլրդ 226 մլն դոլարի։ Պարտքի այսպիսի կտրուկ աճ Հայաստանը չէր գրանցել 2008 թ․ համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր։
ՀՀ պետական պարտքը կազմում է 9 226 000 000 ԱՄՆ դոլար
Կարդացեք նաև․ Պետական պարտքը մինչև 2016թ․
Պարտքի նման մեծ կուտակումը կապվում է 2020 թ․ ճգնաժամերից հետո վերականգնվելու մտադրության հետ։ Բայց դրա համար պարտքով վերցրած գումարը պետք է ուղղվի կապիտալ ծախսերին՝ ճանապարհաշինությանը, ենթակառուցվածքներին և այլ ուղղությունների, որոնք հետագայում տնտեսական ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն։ Մինչդեռ որպես կանոն կապիտալ ծախսերը նախատեսվում են, բայց չեն կատարվում նախատեսված ծավալով։
Պետական պարտքը, կոպիտ ասած, շատ չի տարբերվում սովորական ընտանիքի վերցրած վարկից։ Եթե մարդիկ վերցնում են նպատակային վարկ, օրինակ, բիզնես սկսելու համար, այն պետք է օգտագործվի հենց բիզնես սկսելու համար, որ դրա եկամուտը ծածկի բանկին մուծելիք տոկոսագումարն ու մի բան էլ մնա գործարարին։
Հայաստանում, սակայն, հաճախ է հանդիպում, որ մարդիկ վարկ են վերցնում, և այն ուղղակի ծախսում ընթացիկ կարիքների համար (կամ, օրինակ, թանկ հեռախոսներ, մեքենա, անվահեծեր են գնում)։ Արդյունքում փողը գնում է, մնում է վարկն ու տոկոսները փակելու բեռը։
Հայաստանի տնտեսության վրա ազդող մեկ այլ կենցաղային ֆենոմեն է խոպանը։ Նախկինում անդրադարձել ենք, որ այն ավանդաբար մեծ կշիռ է ունեցել Հայաստանի տնտեսության մեջ, բայց այդ կշիռը գնալով նվազել է։
2020 թ․ այդ կշիռն ավելի փոքր էր, քան երբևէ․ մարդկանց մի մասը չէր հասցրել մեկնել Ռուսաստան, երբ սկսվեց կորոնավիրուսային համաճարակն, ու սահմանները փակվեցին։ 2021 թ․ այս խնդիրը հիմնականում լուծվեց, շատերը մեկնեցին արտագնա աշխատանքի, ինչն արտահայտվեց նաև արտերկրից Հայաստան գումարների փոխանցման ցուցանիշներում։
Դրսից Հայաստան փող բերելու մի տարբերակ էլ զբոսաշրջությունն է։ Տարեկան ցուցանիշները դեռևս հրապարակված չեն։ Առայժմ հայտնի են հունվար- սեպտեմբեր ամիսների ցուցանիշները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կանխատեսել էր զբոսաշրջիկների թվի 319% աճ։ 9 ամսվա արդյունքներն այդպիսի ցուցանիշ չեն ապահովում։
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 610 հազար մարդ։ Իսկ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցի ընթացքում ծախսել է միջինում 797 դոլար։ Բոլորը միասին Հայաստանում թողել են 486 մլն դոլար։ Սա ներառում է հյուրանոցային, տրանսպորտային, սննդի ծախսերը, գնումները և այլն։
Այդ գումարների զգալի մասը նույնպես խժռվել են գնաճի կողմից։ Տարվա ընթացքում Հայաստանում խիստ թանկացել են սպառողական ապրանքները, ինչը հավանաբար զգացել է տան առևտուրն անող յուրաքանչյուր ոք։ Պատճառն այն է, որ հատկապես զգալիորեն աճել են հենց սննդի, խմիչքի ու վառելիքի գները։
Թանկացման ռեկորդակիրներից են կարտոֆիլը, բենզինը, դիզվառելիքը, գազը, մսեղենն ու ձկնեղենը։ Սրանց դեպքում թանկացումը մի քանի տասնյակ տոկոսներով է չափվում։ Գրաֆիկում դրանք կարելի է տեսնել՝ համապատասխան կետերին սեղմելով։
Ընդ որում՝ գրաֆիկի համապատասխան բաժնում դեռ չի երևում կոմունալ ծառայությունների թանկացումը։ Բանն այն է, որ դրանց թանկացումը ուժի մեջ է մտել նոր տարում՝ 2022-ին։ Այնպես որ, հունվարի կոմունալների թվերն էլ ավելի տհաճ են լինելու։
Ջուրը թանկացել է շուրջ 20 դրամով, էլեկտրաէներգիան՝ միջինում 5,7 դրամով։ Իսկ գազի վերաբերյալ որոշումը դեռ քննարկման փուլում է, բայց առաջարկվել է գինը բարձրացնել միջինում 6%-ով։
Չնայած այս ամենին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ մարդիկ սկսել են վատ ապրել։ Նա իր վերջին ճեպազրույցում մատնացույց էր անում տնտեսական աճի այդ պահին հայտնի ցուցանիշն ու պնդում՝ Հայաստանում մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։
Դա այդպես կլիներ, եթե Հայաստանի տնտեսության աճը բաշխված լիներ հավասարաչափ։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի տնտեսական աճը մեծապես կախված է եղել պղնձի գնից, ինչից սովորական մարդիկ քիչ են շահել։ Այս պայմաններում մարդկանց լավ ապրելու մասին եզրակացություն անելու համար պետք է նրանց եկամուտները համեմատել ծախսերի հետ։
2021 թ․ ընթացքում պետական հատվածում միջին աշխատավարձերն աճել են 8,5%-ով, մասնավոր հատվածում՝ 3,2%-ով։ Բայց ինչպես հաշվարկել էինք տարվա ընթացքում, թանկացումների արագությունը 2021-ին գերազանցում էր աշխատավարձերի բարձրացման արագությանը։ Հետևաբար, սննդի այն ծավալը, որը կարելի էր գնել հունվարի համեմատաբար ցածր աշխատավարձով, նոյեմբերի բարձրացած աշխատավարձով այլևս հնարավոր չէր գնել։
Ամփոփելով՝ նշենք, որ 2021 թ․ կարող էր լինել վերականգնման տարի, սակայն որոշ դեպքերում այն ավելի խորացրեց խնդիրները։ Չնայած որոշակի տնտեսական աճին՝ գնաճն այնքան բարձր էր, որ աղքատ խավն ավելի խոր թաղվեց խնդիրների մեջ։
Ինչ վերաբերում է 2022 թ․, ապա այս տարի թանկացումը, ըստ Կենտրոնական բանկի, կսանձվի և կբերվի ընդունելի մակարդակի։ Փետրվարի 1-ին ԿԲ նախագահի տված ասուլիսում նշվեց, որ տարեվերջին այն կիջեցվի մինչև 5,0 – 5,5% սահմանին՝ 2021 թվականի 7,7%-ի փոխարեն։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գծապատկերները՝ հեղինակի
Կարդացեք նաև
- Թափուր աշխատատեղեր և թաքնված գործազրկություն
- Փխրուն տնտեսական աճ ճգնաժամային 2020-ից մեկ տարի անց
- Տրանսֆերտները վերականգնում են նախկին մակարդակը
- Գների աճ բոլոր ապրանքային խմբերում․ ինտերակտիվ գրաֆիկներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/02/2022