Տիկին Արևիկը [խմբ․՝ անունը փոխված է տիկնոջ խնդրանքով] թոշակառու է, ունի առողջական բազմաթիվ խնդիրներ։ Բժշկական մանրազնին հետազոտություններ վաղուց չի անցել։ Ասում է, որ միակ բժշկական հաստատությունը, որտեղ դիմում է սրտի աշխատանքի ծայրաստիճան վատացման դեպքում, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկան է։
Տիկին Արևիկը հաշմանդամության 3-րդ կարգ ունի արդեն ավելի քան 10 տարի։ Ըստ այդմ՝ բժշկի նշանակած որոշ դեղեր, որոնք ընդգրկված են «հիմնական դեղերի ցանկ»-ում, պետք է ստանա պոլիկլինիկայից 50% զեղչով։ Տարիներ շարունակ իր այդ իրավունքից մեր զրուցակիցն օգտվելու հնարավորություն չի ունեցել։
«Որ նոր էի կարգ ստացել, գնում էի պոլիկլինիկա, դեղս դուրս էին գրում, հաշվապահությունում դեղի արժեքի 50%-ը մուծում էի, դեղս ստանում ու գնում տուն։ Բայց վերջին մի 5-6 տարին ընդհանրապես դեղ չեմ ստացել․ երբ գնում էի, ասում էին վերջացել է կամ դեռ չենք ստացել, հետո արի։ Ես էլ տեսնելով, որ անիմաստ գնում-հասնում եմ այնտեղ ու դատարկաձեռն հետ գալիս, սկսեցի էլ չգնալ»,- «Ամփոփ Մեդիա»-ին պատմում է տիկին Արևիկը։
Մի քանի ամիս առաջ նա նորից սկսել է սրտի դեղեր ստանալ։ Ուրախացած ասում է՝ թանկարժեք դեղ է, բայց լավ է, որ նորից դուրս գրեցին։
Փոփոխությունը, որ տևական ընդմիջումից հետո գրավել էր տիկին Արևիկի ուշադրությունը, այն էր, որ ոչ թե պոլիկլինիկայից, այլ արդեն դեղատնից է ստացել բժշկի դուրս գրած դեղը՝ դարձյալ 50% զեղչով։
Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի փոխտնօրեն Մարինե Ղազարյանն «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ շահառուներն անմիջապես դեղատներից դեղեր սկսել են ստանալ 2022թ-ից։
Ղազարյանի գնահատմամբ՝ այդ փաստը բովանդակային փոփոխություն չի մտցրել գործընթացում․ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շահառու հանդիսացող ոչ բոլոր պացիենտներն են ապահովվում իրենց հասանելիք դեղորայքով․ ով հասցրեց՝ ստանում է, ով չէ՝ չի ստանում։
«Բոլոր շահառուներին ապահովել դեղորայքով անհնար է, քանի որ մենք գնումներն անում ենք Առողջապահության նախարարության հատկացրած բյուջեի սահմաններում։ Բնականաբար, այդ բյուջեով բոլոր շահառուներին պարբերաբար իրենց հասանելիք դեղորայքով ապահովել չի ստացվում»,- ասում է Ղազարյանը։
Հիմնական պատճառը, ըստ պոլիկլինիկայի տնօրինության, գնումների կազմակերպման գործընթացն է, որն իրականացվում է նախորդ տարվա շահառուների մոտավոր թվի հիման վրա։
Անվճար կամ համավճարով շահառուներին տրամադրվող դեղերը ձեռք են բերվում տենդեր հայտարարելուց հետո։ Տենդերը պացիենտների մոտավոր թվի հիման վրա է հայտարարվում, որից հետո կատարվում է գնումը։
Կառավարության 2019թ․ մայիսի 30-ին ընդունած N 642-Ն որոշմամբ՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները դեղորայքը պետք է ստանան անվճար, իսկ 3-րդ կարգի հաշմանդամը՝ 50% համավճարով։
Նույն օրենքի Հավելված 2-ով սահմանվել են այն հիվանդությունները, որոնց դեպքում դեղերը շահառուներին տրամադրվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ, այսինքն՝ անվճար։
Մեկ այլ՝ 2021թ․ հուլիսի 28-ին ընդունված որոշմամբ՝ հստակ սահմանված է հիմնական ցանկը․ այսինքն՝ այն դեղերի ցանկը, որոնք շահառուներին տրամադրվում են անվճար կամ համավճարով։ Այդ ցանկը երկու տարին մեկ հաստատվում է՝ հաշվի առնելով ԱՀԿ երաշխավորությունները, առողջապահության նախարարի կողմից հաստատված բուժման ուղեցույցները, բժշկական կազմակերպությունների և քաղաքացիների պահանջներն ու առաջարկները:
Ինչպես «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան նշել են Առողջապահության նախարարությունից՝ ցանկը համալրվել է։ Նախկինում ցանկում ներառված 435 անուն դեղի փոխարեն ներկայումս ներառված է 526 անուն դեղ:
2022 թվականին «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրում» ենթամիջոցառման տարեկան պայմանագրային գումարը կազմել է ավելի քան 1 մլրդ 181 մլն ՀՀ դրամ:
Առողջապահության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում կատարվել են վերաբաշխումներ՝ կանխատեսվող գերակատարումները 100%-ով փոխհատուցելու նպատակով:
Այդ ենթամիջոցառման շրջանակներում փոխհատուցվող գումարներից ամսական հասանելիք դեղորայքը միջինացված հաշվարկով ստանում է hաշմանդամության կարգ ունեցող անձանց 67%-ը:
Ընդհանուր առմամբ՝ 2021 թ-ին Առողջապահության նախարարության կողմից բժշկական կազմակերպություններին «Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրում» ենթամիջոցառման շրջանակներում փոխհատուցվել է շուրջ 1 մլրդ 136 մլն ՀՀ դրամ, որից վերոնշյալ շահառուների անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքային սպասարկման համար հատկացվել է շուրջ 765,6 մլն դրամ։
2019 թվականի մայիսի 30-ի որոշման մեջ վերջերս կատարվել է փոփոխություն։ Ըստ այդմ՝ ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Դա նշանակում է, որ 28․01 և ավել անապահովության միավոր ունեցող նպաստառուներին ևս դեղերը պետք է հատկացվեն անվճար՝ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով:
Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, այդ փոփոխությամբ անվճար դեղեր ստանալու իրավունք է ստանում ևս 6114 շահառու։ Բացի այդ` շուրջ 21100 շահառու, որոնք մինչ այս փոփոխությունը դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, դրանից հետո պետք է ստանային անվճար:
Տիկին Արևիկը, բացի 3-րդ կարգի հաշմանդամ լինելուց, նաև նպաստառու է։ Նրա անապահովության միավորը 28,01 է գնահատվել ամիսներ առաջ։ Այսինքն՝ այս փոփոխությունը թույլ է տալիս, որ նա դեղորայքը աոռղջության պահպանման առաջին օղակից ստանա հենց այդ կետով՝ որպես 28,01 անապահովության միավոր ունեցող շահառու։ Որոշման այդ փոփոխությունից հետո տիկին Արևիկը դեղի իր չափաբաժինը երկու անգամ ստացել է, բայց հավաստաիացնում է, որ դարձյալ դեղերի արժեքի 50%-ը վճարել է։ Ասում է` նպաստառուի թղթերը չի ներկայացրել, որ դա էլ հաշվի առնեն։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկան՝ Անուշ Բաղդասարյանի
Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/10/2022