Հայաստանում անչափահաս դատապարտվածները հիմնականում տղաներ են, ովքեր դատապարտվել են հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար: Ընդ որում, նրանց մեծ մասը՝ մոտ 41 դատապարտված, մայրաքաղաք Երևանից է:
ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն, 2017թ. Հայաստանում հանցագործություն է կատարել 341 անչափահաս: Կատարած հանցագործությունների համար դատական պատասխանատվության է ենթարկվել նրանցից 96-ը: Այս ցուցանիշը գրեթե 2 անգամ պակաս է 2008թ-ի ցուցանիշից, երբ անչափահաս դատապարտվածների թիվը կազմում էր 178: Այնուամենայնիվ, 2016թ-ի տվյալների հետ համեմատած` անչափահաս դատապարտվածների թիվը 2017թ. մոտ 16%-ով աճել է:
2017թ. Հայաստանում ընդհանուր դատապարտվածների մոտ 4%-ը եղել են անչափահասներ:
Անչափահաս ասելով հասկանում ենք 14-17 տարեկան դատապարտվածներին, որոնց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում նշված է հետևյալը.
Հոդված 24… Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում 16 տարին լրացել է նախքան հանցանք կատարելը: Այն անձինք, որոնց 14 տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության …[նշված]… հանցագործությունների համար:
Հոդված 62… Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են … հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը:
ՀՀ քրեական օրենսգիրք
Դատապարտվածների քանակով Երևանին հաջորդում են Շիրակի մարզը՝ 15, և Արագածոտնը՝ 8 անչափահաս դատապարտված:
Ըստ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ անչափահաս դատապարտյալները պահվում են չափահասներից առանձին: Նրանց համար պետությունը պարտավորություն ունի ստեղծելու բարելավված կենցաղային պայմաններ: Հայաստանում անչափահասների համար է նախատեսված միայն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվում են նաև կին կալանավորներն ու դատապարտյալները: Անչափահասներն այստեղ կարող են իրենց պատիժը կրել մինչև 21 տարեկանը:
ՀՀ քրեական օրենսգրքում նշվում է նաև, որ առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե ըստ դատարանի՝ նրա ուղղվելը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ:
Սակայն 2017թ-ի տվյալների համաձայն, 96 դատապարտվածներից միայն 14-ի համար է որպես պատիժ սահմանվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցը: 62-ը դատապարտվել են ազատազրկման` 1-10 տարվա սահմաններում, իսկ 20-ը կրել են այլ պատիժներ` որոնց վերաբերյալ մանրամասներ նշված չեն:
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- Անչափահասների պատժի առանձնահատկությունները ՀՀ-ում
- Կալանավորված և դատապարտված անձանց իրավունքները Հայաստանում
Տվյալների հավաքագրողներ` Լիլիթ Գրիգորյան, Լուսինե Էքսուզյան և Մարիամ Զադոյան
Ամփոփեց Աստղիկ Գևորգյանը
Սույն հրապարակումը մաս է կազմում «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրի, որն իրականցվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում: Նախագծի գործընկեր` Եվրասիա համագործակցություն հիմնադրամ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 20/06/2018