Էկոլոգիա

Հայաստանը կլիմայական ռիսկերի առաջ․ համակարգային խնդիրներ և աճող վտանգներ

Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Վոլոդյա Մարտիրոսյանը երբեք չի մոռանա 2024-ի մայիսյան ջրհեղեղներից կրած վնասները։ Վարարած Դեբետ գետը կիսով չափ սրբել-տարել էր նրա գետափնյա այգին։

Վոլոդյայի համար այգին փոքրիկ հողակտոր չէր, այլ ընտանիքի հիմնական ապրուստի աղբյուր։ Տարիներ շարունակ նա ներդրումներ էր արել՝ ստեղծելով ոռոգման համակարգ, հողը բարելավող ենթակառուցվածքներ, ինչի շնորհիվ ամեն ամառ հողը նրան առատ բերք է տվել։ Բայց երկու օրերի հորդառատ անձրևներն ու ջրհեղեղը ոչնչացրին ոչ միայն պտղատու ծառերի մեծ մասը, այլև ենթակառուցվածքները՝ զրկելով նրան նաև այդ տարվա բերքից ստացվող եկամտից։

Վոլոդյան պատմում է, որ պետությունից ստացել է ընդամենը 250,000 դրամ աջակցություն։ Գումարը բավարար էր գուցե նոր ծառեր գնելու համար, բայց ոչ՝ տիղմը մաքրելու, ոռոգման համակարգը վերականգնելու կամ այգին նորից կյանքի կոչելու համար։

Իսկ Վոլոդյան միակը չէ։

Մայիսյան ջրհեղեղներն ավերիչ հարված հասցրին Լոռու և Տավուշի մարզերի 38 բնակավայրերին և, կարծես, կլիմայական փոփոխությունների առաջին լուրջ ահազանգը դարձան Հայաստանի համար։

Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումը մի քանի ժամում հեղեղեց տասնյակ համայնքներ, վնասեց ենթակառուցվածքներ, գետափնյա այգիներ, կամուրջներ, ճանապարհներ և խզեց համայնքների միջև հաղորդակցությունը։ Առնվազն 4 մարդ զոհվեց, հարյուրավորները մնացին անօթևան։ Հեղեղված տարածքները ՀՀ կառավարությունը հայտարարեց աղետի գոտի։

Հորդառատ անրևներն ու սելավները լուրջ վնաս հասցրին նաև գետից հեռու գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերին՝ քշելով հողատարածքների բերրի շերտը, որի վերականգնումը չափազանց դժվար և երկարատև գործընթաց է։

Հայաստանում վերջին տասը տարում (2015-2024 թթ.) ամռան և ձմռան ամիսներին տեղումների քանակը զգալիորեն նվազել է (համապատասխանաբար 9.4% և 11.5% -ով), ինչը նշանակում է ջրային ռեսուրսների հետագա նվազում։ Միևնույն ժամանակ, թեև գարնանային տեղումների ընդհանուր քանակը քիչ է փոխվել, դրանց բնույթը դարձել է ծայրահեղ անկանոն՝ նորմայից խիստ շեղումներով, ինչպես օրինակ՝ 2024 թվականի գարնանային ամիսներին, երբ տեղի ունեցան աղետալի ջրհեղեղները։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականը եղել է ռեկորդային՝ արձանագրված 101 եղանակային ծայրահեղ դրսևորումների քանակով։

Այս գծապատկերը ներկայացնում է Հայաստանում տեղումների քանակը 10 տարվա կտրվածքով։ Դրանք նորմայի նկատմամբ միջինում նվազել են 7%-ով։ Նորման հաշվարկվել է 1961–1990 թթ. միջին արժեքների հիման վրա, որոնք Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) սահմանել է որպես միջազգային ստանդարտ։

Նույն գարնանը հորդառատ անձրևները մի քանի անգամ հեղեղեցին նաև Երևանը։ Քաղաքի որոշ հատվածներ բնակիչներն արդեն համեմատում էին լճի կամ ծովի հետ։ Բայց եթե մարզերում պատճառը գետերի աննախադեպ վարարումն էր, ապա մայրաքաղաքի ջրհեղեղների պատճառը խցանված անձրևատարներն ու տարիների ընթացքում չվերանորոգված ենթակառուցվածքներն էին։

  • Երևանի հորդառատ անձրևների հետևանքները

Այս դեպքերը Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով ծառացած ավելի խորքային և համակարգային խնդրի ցուցիչներ են։

Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է խորհրդային շրջանից ժառանգած ենթակառուցվածքներով դիմագրավել նոր աղետների եղանակային վտանգավոր երևույթների աճի ֆոնին։

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է վերջին տարիներին Հայաստանի տարածքում արձանագրված կլիմայական շեղումները, դրանց հիմնական պատճառները, ինչպես նաև պետական ու տեղական կառույցների պատրաստվածության մակարդակը՝ նմանատիպ սցենարների կրկնության դեպքում։

Իրավիճակ` աճող ռիսկեր, սահմանափակ կարողություններ

Թեև Հայաստանն աշխարհում ջերմոցային գազերի ամենացածր արտանետումներով երկրներից է (0.02%), այնուամենայնիվ, կլիմայի փոփոխությունների նկատմամբ խիստ խոցելի է։

Եթե մինչև 2015 թվականը՝ Հայաստանում նախաարդյունաբերական շրջանի (1929թ.) համեմատ միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1.23°C-ով, ապա դրանից հետո այն բարձրացել է՝ հասնելով 1.6-1.7°C-ի։

Դրանով պայմանավորված՝ կլիմայական ռիսկերը՝ սելավների, ջրհեղեղների, կարկուտի, երաշտի, հրդեհների և ցրտահարության հաճախականությունն ու ինտենսիվությունը Հայաստանում զգալիորեն աճել են։ Դրանք իրենց բացասական հետևանքն են ունենում էկոհամակարգի, տնտեսության և մարդու գործունեության վրա։

ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ իրականացված հետաղետային կարիքների արագ գնահատման համաձայն՝ միայն մայիսյան ջրհեղեղներից կրած ընդհանուր տնտեսական վնասներն ու կորուստները Լոռու և Տավուշի մարզերում կազմել է ավելի քան 82 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ վերականգնման համար անհրաժեշտ գումարը գերազանցել է 117 միլիոն ԱՄՆ դոլարը։

Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասվել էին հիմնական տրանսպորտային մայրուղիները՝ ընդհանուր շուրջ 30 կմ հատված, ինչպես նաև մի քանի կամուրջներ։  Սա իր հերթին յոթ բնակավայրի մեկուսացման պատճառ էր դարձել։

Խաթարվել էր կապը, հետաձգվել էր սննդի ու բժշկական օգնության մատակարարումը։

Այս ջրհեղեղը բացահայտեց աղետների նկատմամբ Հայաստանի պատրաստվածության և արձագանքման համակարգերի խոցելիությունը՝ հատկապես ինստիտուցիոնալ կառույցների միջև համագործակցության, օգնության արագ տրամադրման և հետագա ռիսկերին դիմակայելու տեսանկյունից։

Այս իրավիճակն արձանագրել էր նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ում ղեկավարած կազմակերպությունը գործում է Ալավերդիում։ Նրա խոսքով՝ աղետի մասին լսելով՝ թե՛ իրենց կամավորները, թե՛ բազմաթիվ քաղաքացիներ անմիջապես շտապել են տուժած համայնքներ՝ առաջին օգնություն տրամադրելու։

«Արձագանքը շատ արագ էր։ Նույնը կարելի է ասել պետական և տեղական մարմինների մասին։ Տարբեր կառույցների աշխատակիցներ՝ ղեկավարից մինչև մասնագետ, բոլորն էլ աղետի գոտում էին և փորձում էին օգնել, կազմակերպել, ներգրավել կամավորներին», — «Ամփոփ Մեդիային» պատմում է Դուլգարյանը։

Բայց, ըստ նրա, կար մի մեծ բաց՝ ինստիտուցիոնալ պատրաստվածության պակաս։

«Փոխգործակցություն կար, բայց նկատվում էր, որ տեղ հասած ծառայությունները համակարգված չէին աշխատում։ Համայնքի ղեկավարը, մյուսների պես «սապոգներով» տիղմ էր մաքրում, բայց պլանավորված, համակարգված գործողություններ, ցավոք, չէին նկատվում։ Շատ խառը վիճակ էր», – ասում է Դուլգարյանը։

Դուլգարյանի համոզմամբ՝ նման բնական աղետների հետևանքները կարող են լինել շատ ավելի փոքր, եթե գործի նախապես մշակված և փորձարկված քաղպաշտպանության պլան։

«Մինչ մայիսյան աղետը տարբեր կազմակերպություններ մշտադիտարկել էին Ալավերդու կլիմայական պայմանները, գնահատել ռիսկերը, այդ թվում՝ ջրհեղեղի վտանգը, և ներկայացրել առաջարկություններ», — նշում է նա։ Նրա խոսքով՝ համայնքները պարտավոր են ունենալ քաղպաշտպանության պլաններ և դրանց հիման վրա ամեն տարի կազմակերպել վարժանքներ՝ ներգրավելով բնակչությանը։

«Պետք է հստակ գրված լինի՝ ինչպես արձագանքեն ՏԻՄ-երը, ինչպես գործեն նախապես ձևավորված խմբերը։ Բայց որպեսզի դա աշխատի, անհրաժեշտ է գոնե տարեկան մեկ անգամ իրականացնել վարժանքներ։ 2016-ից հետո ես նման վարժանքների մասին չեմ լսել», — ասում է Դուլգարյանը։

Մեկ այլ խնդիր, որի մասին հաճախ խոսում էին տուժած բնակիչները, վնասների գնահատման թերի գործընթացն էր և դրա հետևանքով տրամադրվող անհամաչափ աջակցությունը։ Շատերը նշում էին, որ աջակցության չափը հաճախ չէր արտացոլում իրական վնասը։ Օրինակ՝ ոռոգման համակարգերը, գյուղատնտեսական տեխնիկան կամ այլ ռեսուրսներ սկզբնական հաշվարկներում ընդհանրապես չէին ներառվում, իսկ շարժական գույքի համար սահմանված ֆիքսված վճարները չէին համապատասխանում կորուստների իրական արժեքին։

Աջակցության չափը վերանայվում էր միայն այն ընտանիքների համար, որոնք հրապարակային հայտնում էին իրենց դժգոհությունը կամ հայտնվում էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Ջրհեղեղից մեկուկես տարի անց կարևոր է արձանագրել, որ կարևոր ենթակառուցվածքները կամ վերականգնվել են, կամ գտնվում են վերջնական վերականգնման փուլում։

Լոռու մարզում մաքրվել է Դեբետ գետի հունը, լայնացվել է Ձորագետի հունը, բացվել են փակված թունելները, վերականգնվել են վնասված կամուրջները։ Իսկ մեկուսացած բնակավայրերի հետ կապը նոր կամուրջների միջոցով վերականգնվել էր աղետից կարճ ժամանակ անց։

Չնայած այս դրական տեղաշարժերին, ճանապարհների ամրացման և լիարժեք շինարարական աշխատանքներն առանձին հատվածներում դեռևս ավարտած չեն, ինչը վկայում է այն մասին, որ ենթակառուցվածքների դիմակայունությունն ամբողջությամբ և վերջնականապես ապահովված չէ։

Կլիմայական քաղաքականության բացթողումները

Հայաստանում կլիմայական ռիսկերը խորանում են ոչ միայն կլիմայի փոփոխության, այլ նաև ոչ կոմպետենտ կառավարման պատճառով։ Բնական ռեսուրսների չկանոնակարգված օգտագործումը, անտառային և գյուղատնտեսական հողերի նվազեցումը, թափոնների ավելացումն ու էներգետիկ ռեսուրսների ոչ արդյունավետ տնօրինումը էականորեն թուլացնում են երկրի դիմակայունությունը։

Վերջին տարիներին կլիմայական վտանգավոր երևույթների ինտենսիվությունը զգալիորեն մեծացել է, ասում է Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

«Մի տեղ ունենում ենք ջրհեղեղ, մեկ ուրիշ հատվածում՝ անտառային հրդեհներ, ինչպես այս աշնանը, մեկ այլ շրջանում՝ անապատացման ակտիվացում։ Մեր աչքի առաջ,անկախ մեր կամքից՝ կլիման փոխվում է»։

  • 1,200 rescuers took part in extinguishing Armenia’s November forest wildfires.

Նրա խոսքով՝ այս փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է համակարգային հարմարվողական քաղաքականություն, սակայն Հայաստանում այն գործնականում ձևավորված չէ։

Բուռնազյանը շեշտում է, որ մասնագիտական համայնքը տարիներ շարունակ բարձրաձայնում է՝ Հայաստանի տարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, տարածքային կառավարում, պետք է ունենան իրենց առանձին հարմարվողականության ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի ճշգրիտ գնահատել ռիսկերը և մշակել համապատասխան լուծումներ։

2025թ․-ի հուլիսին հրապարակված «Քաղաքացիական հասարակության կողմից ՀԸԳՀ (CEPA) իրականացման մոնիթորինգի ուժեղացում» զեկույցը, որի փորձագիտական խմբի անդամ է նաև Բուռնազյանը, արձանագրում է, որ ոլորտային բոլոր քաղաքականությունները՝ անտառից և գյուղատնտեսությունից մինչև էներգետիկա և թափոններ, հաճախ մնում են կիսատ կամ չհամակարգված։

Զեկույցում նշվում է, որ անտառածածկ տարածքների ընդլայնման ծրագրերը չեն իրականացվում։ Մինչև 2030թ.-ը անտառածածկ տարածքները նախատեսված 50,000 հա-ով ավելացնելու պլանը նախորդ երեք տարիներին իրականացվել է ընդամենը 1,64%-ով, ասել է թե դեռ տնկվել է ընդամենը 820 հա տարածք, մինչդեռ 1993-ից հետո անտառային հողերն արդեն իսկ կրճատվել են 126,200 հա-ով։

Այս գրաֆիկում ներառված չեն տվյալներ անտառի վնասատուների և հիվանդությունների, ինչպես նաև անօրինական հատումների ծավալների մասին, որոնք շարունակում են սպառնալ արդեն իսկ նոսրացած անտառային տարածքներին։

Վերջինիս պատճառներից է նաև Հայաստանի 58.6% տնտեսությունների էներգետիկ աղքատությունը։ Մինչդեռ ՀԸԳՀ-ում էներգետիկ աղքատության հաղթահարման համար առանձին քաղաքականություն չկա։ Սա հատկապես սրում է համայնքների խոցելիությունը․ օրինակ՝ գյուղական բնակավայրերում, որտեղ ընտանիքները չունեն մատչելի տաքացման այլ միջոցներ, հաճախ ռիսկային է դառնում անտառային ռեսուրսների օգտագործումը։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողերին, 2021–2023 թթ․ դրանք նվազել են մոտ 1100 հա-ով, իսկ ոլորտի (ներառյալ անտառային տնտեսությունը և ձկնորսությունը) մասնաբաժինը ՀՆԱ-ում 11,1%-ից նվազել է մինչև 7,9%։

Ոռոգման ջրի անհասանելիությունը, ջրամբարներում ջրի սակավությունը և հողերի մասնատվածությունը շարունակում են խոչընդոտել տեղական տնտեսություններին՝ մեծացնելով գյուղատնտեսական ռիսկերը։

Պակաս մտահոգիչ չէ նաև թափոնների կառավարման իրավիճակը։ Թափոնների տեսակավորման և վերամշակման ցածր մակարդակի պատճառով կոշտ թափոնների մեծ մասն ուղղվում է աղբավայրեր, իսկ տնտեսական խթանների բացակայությունը խոչընդոտում է վերամշակող բիզնեսի զարգացմանը (Տես նաև՝ Հայաստանի աղբավայրերի ծանր բեռը

Առանց կենսագազի հավաքման՝ կեղտաջրերի մաքրման կայաններում աճում է արտանետումների քանակը, իսկ 580 բնակավայրեր դեռևս չունեն կոյուղատար համակարգեր։ Հայաստանը նույնիսկ չունի կեղտաջրերի կառավարման զարգացման ծրագիր։

Այս ամենը ցույց է տալիս, որ կլիմայական ռիսկերը նվազեցնելու համար հավասարապես կարևոր է ոչ միայն աղետներին արագ ու արդյունավետ արձագանքումը, այլև դրանց կանխարգելումը՝ բնակչության կրթության, իրազեկվածության բարձրացման, համայնքային պատրաստվածության, որակյալ ու ժամանակին իրականացվող ծրագրերի, համակարգված կառավարման և ռեսուրսների պատասխանատու օգտագործման միջոցով։

Կանխարգելիչ գործողությունների և կառավարման համակարգերի անբավարար զարգացումը փաստացի համայնքները դարձնում են ավելի խոցելի։ Այս պարագայում նույնիսկ համեմատաբար փոքր կլիմայական շեղումները կարող են վերածվել մեծածավալ աղետների։

Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան
Ինտերակտիվ գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

This article was developed in the framework of the project “Digging More Deeply: Climate Investigations in EaP Countries”, supported by Journalismfund Europe and organised by n-ost.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/11/2025