Իրավունք

Մայրության, գեղեցկության և բռնությանը ո՛չ ասելու օր․ խախտելով ընտանեկան բռնության դեմ լռությունը

Լուսանկարը՝ Stopalldomesticviolenceinc.com կայքից

«Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ այսօր նա չա՞ր կլինի, թե՞ բարի, նորից կվիրավորի՞, կհարվածի՞, թե՞ կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից», – սա  հատված է երգիչ Անդրեի կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ինստագրամյան գրառումից՝ արված ապրիլի 6-ին՝ մայրության և գեղեցկության տոնի նախօրեին, ով նշում է, որ իր «գրառումը ոչ միայն հոգու աղաղակ է, այլ նաև կոչ բոլոր կանանց, ովքեր տառապում են իր նման»։

«Աղջիկնե՛ր, կանա՛յք, մայրե՛ր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս, ոչ թե խավար»,- եզրափակել է Անին։

Մեկ օրում 20,000-ից ավելի հավանության արժանացած գրառումն այս խորհրդանշական օրը դարձավ ամենաքննարկվող և լուսաբանված թեմաներից մեկը՝ կրկին առաջ քաշելով Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը՝ օրվա խորհրդին ավելացնելով կարևոր ուղերձ՝ ո՛չ բռնությանը։

Նույն օրը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես եկավ հայտարարությամբ՝ քաջություն որակելով Անի Օհանյանի քայլը՝ բացահայտելու ընտանեկան բռնության իր փորձառությունը, և կոչ արեց հասարակությանը՝ չլռել, այլ վերհանել և մերժել թյուր պատկերացումն այն մասին, որ բռնության ենթարկված անձինք իրենք են պատասխանատու կատարվածի համար։

«Մենք գնահատում ենք նրա քաջությունը՝ բարձրաձայնելու մի թեմա, որը շատ հաճախ մնում է լռության խորքում՝ շրջապատված վախով, խարանով և հասարակական անտարբերությամբ։ Ցավալի է, որ կանայք դեռևս բախվում են բռնության, որն անտեսվում կամ արդարացվում է հասարակության կողմից։ Այն միայն երկու անձանց միջև առաջացած խնդիր չէ․․․», – ասված է հայտարարությունում։

Գլխավոր դատախազությունը Factor TV-ին տեղեկացրել է, որ դեպքի առթիվ ուսումնասիրություն է սկսվել։

Հայաստանում տարվա ընթացքում նմանատիպ հարյուրավոր դեպքեր են տեղի ունենում։ Դրանցից շատերի մասին այդպես էլ ընտանիքից դուրս ոչ ոք չի իմանում՝ հենց կնոջ լռության պատճառով։ Լռում են նաև հարևանները՝ պատից այն կողմ լսվող ճիչերը, լացն ու սպառնալիքները համարելով ընտանեկան վեճ, որը մի օր կհարթվի։

Գենդերային հարցերով փորձագետ Անի Կոջոյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ տղամարդու կատարած բռնությունն արդարացվում է, թե՝ խմած է եղել, երկար ժամանակ գործերը լավ չէր, անտրամադիր էր և այլն, մինչդեռ, ըստ Կոջոյանի, դրանք բոլորն ածանցյալներ են և ամենևին ընտանեկան բռնության բուն պատճառ չեն:

«Բռնության հիմնական և միակ պատճառը կնոջ նկատմամբ վերահսկողություն, ուժ, իշխանություն սահմանելն է»,- ասում է Կոջոյանը:

Գենդերային հարցերով փորձագետն արձանագրում է, որ շատ հաճախ օգնություն տրամադրող առաջնային օղակները՝ ոստիկանություն, բժիշկ, հոգեբան, բռնության զոհի մեջ են փնտրում մեղավորությունը:

«Բռնության ենթարկված անձին հարցնում են՝ օրինակ, ի՞նչ ես ասել, որ խփել է կամ ի՞նչ է եղել, որ այդ դեպքը տեղի է ունեցել։ Նման հարցերը ոչ միայն ընտանեկան բռնության բուն անատոմիայից շեղում են, այլ ինչ-որ տեղ մեղավորության բեռն ուղղակի կամ անուղղակի դնում են կնոջ վրա, որ, ա՛յ, ինքն ինչ-որ մի բան է արել, որով ուղղակի կամ անուղղակի հրահրել է ընտանեկան բռնություն»,- ասում է Կոջոյանը:

Դրանից հետո, ըստ փորձագետի, բռնության զոհը սկսում է իրեն հարց տալ՝ հնարավո՞ր է մի բան այն չէր արել, ի վերջո:

Վերջին տարիներին ընտանեկան բռնության դեպքերի կտրուկ աճ է գրանցվել (տե՛ս գծապատկերը), աճել են նաև հարուցված քրեական գործերը։ Ներքին գործերի նախարարությունից «Ամփոփ Մեդիային» հայտնում են, որ 2023 և 2024թթ․ ընտանեկան բռնության քննված բոլոր դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել։

2024թ․-ին քննվող ընտանեկան բռնության դեպքերի թիվը 2020թ․-ի համեմատ բոլոր մարզերում ավելացել է, ընդհանուր առմամբ՝ 2.5 անգամ։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ ընտանեկան բռնության դեպքերի պաշտոնական թվերի աճը պայմանավորված է ահազանգման մակարդակի բարձրացմամբ, քանի որ կանայք առավել իրազեկված են դառնում, նաև՝ իրավական կառուցակարգերի փոփոխությամբ, որոնց շրջանակներում արձագանքման մեխանիզմներ կան:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ենթակայության տակ գտնվող երկու ապաստարանները տարեկան մոտ 300 ընտանեկան բռնության ենթարկված կին են ընդունում Հայաստանի տարբեր շրջաններից և սպասարկում նրանց: Մի մասն ապաստարան է գալիս երեխաների հետ։ Յուրաքանչյուր ապաստարան միաժամանակ ապաստան կարող է տրամադրել 12 կնոջ՝ երեխաների հետ միասին։

Ապաստարաններից մեկը հիմնադրվել է 2012 թվականին, մյուսը՝ 2019-ին:


Խրոնիկա․ Արմավիրում 28-ամյա տղամարդը բռնի ուժով կնոջը տարել է նկուղ, ծեծել, կապել, սպառնացել դանակով ու սղոցով, ապա շինարարական ներկ և սպիրտ է լցրել վրան ու հրկիզել: Տղամարդն իր արարքը բացատրել է խանդով: Քննչական կոմիտեն հարուցել է քրեական հետապնդում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, և նրա նկատմամբ կիրառվել է կալանք: Կինը նախկինում բռնության մասին հաղորդում չի ներկայացրել։


Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, ապաստարաններն այն դեպքերի համար են, երբ սպանության վտանգ կա: Վտանգի գնահատումն իրականացնում է թե՛ աջակցման կենտրոնի աշխատակիցը, թե՛ ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցը:

Յուրաքանչյուր շահառու ապաստարանում կարող է մնալ մինչև երկու ամիս: Այս ընթացքում կանայք իրենց երեխաների հետ հնարավորություն ունեն անվճար սնվել, օգտվել բժշկական, իրավաբանական և հոգեբանական աջակցությունից, երեխաները՝ հեռավար կրթությունից։

Հովհաննիսյանը նշում է, որ այդ ընթացքում փորձ է արվում վտանգի ռիսկերը նվազեցնել, օրինակ՝ դատարանի միջոցով պաշտպանական որոշումներ ստանալ կամ կնոջ կեցության վայրը փոխել և այլն: Հովհաննիսյանի խոսքով, վտանգավոր շրջանը հնարավոր է նաև այդ երկու ամսվա ընթացքում հաղթահարել։

«Իհարկե, լինում են դեպքեր, որ չի հաղթահարվում, և կանայք երեխաների հետ ստիպված լքում են երկիրը, որը ևս բավական լուրջ մարտահրավեր է: Այդ ընթացքում մենք հասկանում ենք, որ դեռևս օրենքը, օրենսդրությունը և իրավապահ համակարգը չեն կարողանում այնքան պատշաճ պաշտպանել կնոջը բռնարարից, որ նա ստիպված է լինում լքել երկիրը, որպեսզի կարողանա լուծել իր և երեխայի անվտանգության հարցը»,- ասում է Հովհաննիսյանը։

Ապաստարանները գործում են շնորհիվ տարբեր ֆինանսական աղբյուրների, այդ թվում՝ դրամաշնորհների, նվիրատվության և ինստիտուցիոնալ գործընկերների։ Պետությունը հոգում է ապաստարանների ծախսերի միայն 10 տոկոսը։


Խրոնիկա․ Երևանի բնակիչ 28-ամյա կնոջ նախկին ընկեր՝ 39-ամյա Հ-ն նրան տուն տանելու պատրվակով նստեցրել է իր վարած ավտոմեքենան և ճանապարհից շեղվելով՝ աղջկա կամքին հակառակ տարել է Աջափնյակ վարչական շրջանի «Սասուն» հյուրանոց, որտեղ առաջացած խոսակցության ժամանակ կինը ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, սակայն տղամարդը կոշիկից հանել է դանակը և ասել է՝ 26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ, և, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով, նրա կամքին հակառակ ունեցել է սեռական հարաբերություն, որից հետո, լսելով աղջկա բազմաթիվ խնդրանքները՝ նրան բաց է թողել: 


Ապաստարանների վայրը գաղտնի է պահվում, քանի որ դրանք ծառայում են այն դեպքերի համար, երբ ամուսնու կողմից վտանգի բարձր ռիսկայնություն կա, հետապնդում և այլն։ Եթե կինը գաղտնի վայրում չմնա, կարող է նրան ծանր վնաս հասցվել։ Այդտեղ կարող են մուտք ու ելք ունենալ միայն ապաստարանի աշխատակիցները։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի աշխատակիցները, ցավոք, ապաստարանից դուրս գրանցում են նաև դեպքերի դժբախտ ավարտ, որոնց համար տարբեր պատճառներ են լինում։

Հովհաննիսյանը նշում է, որ բոլոր դեպքերում ներգրավում են իրավապահներին, հարուցվում են քրեական գործեր։ Աջակցման կենտրոնը, շարունակական բռնությունների և հետապնդումների դեպքեր արձանագրելով, բազմաթիվ նամակներ է հղում ոստիկանությանն ու քննիչներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը, սակայն Հովհաննիսյանն ասում է, որ բողոքներն ու դիմումները ոչ միշտ են պատշաճ գնահատականի արժանանում։


Խրոնիկա․ Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում 26-ամյա երիտասարդը ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը, որը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Նախկինում ևս նույն տղամարդը բազմիցս ծեծի էր ենթարկել և մարմնական վնասվածքներ հասցրել կնոջը, սակայն մնացել էր անպատիժ։


«Այնթապ գյուղի դեպքի բռնարարը (կնոջ զուգընկերն էր, ոչ թե ամուսինը) չի ձերբակալվել, չի կալանավորվել։ Միայն կինն էր ժամանակավորապես ապրել ապահով վայրում (խմբ․՝ ապաստարանում)»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Հայաստանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2018-ի հուլիսի 1-ից /հայտնի որպես Ընտանեկան բռնության մասին օրենք/։ Օրենքում փոփոխություններ են կատարվել 2024-ին։ Ոժի մեջ մտած փոփոխություններով՝ կուսության ստուգումը, հոգեբուժական միջամտությունը, ինքնագնահատականի նվաստացումը համարվում են սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության տեսակներ։

Գենդերային հարցերի փորձագետ Անի Կոջոյանը, հիշատակելով Ընտանեկան բռնության մասին օրենքը, արձանագրում է, որ գործնականում դրա կիրառումը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների: Նրա դիտարկմամբ, հաճախ ոստիկանությունը շեշտադրում է բռնարարի իրավունքները բռնության ենթարկված անձի փոխարեն:

«Ոստիկանը շատ հաճախ պաշտպանում է բռնարարին՝ արդարացնելով նրա արարքը»,- նշում է փորձագետը:

Համակարգային առումով ամենամեծ խնդիրը, ըստ Կոջոյանի, մնում է դատական համակարգում: Նրա խոսքով, բռնարարն ընդամենը 48 ժամվա ընթացքում կարող է վարչական դատարանում բողոքարկել ոստիկանության որոշումը՝ նախազգուշացումը կամ անհետաձգելի որոշումը, որը հաճախ չեղարկվում է:

«Մասնավորապես, վարչական դատարանները հակված են բեկանել ոստիկանության որոշումները՝ պնդելով, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել»,- նշում է փորձագետը:

Անի Կոջոյանն ասում է, որ բռնության ենթարկված անձն ունի իրավունք պաշտպանվելու բռնությունից ու բռնարարից։ Եվ ոստիկանության կողմից նախազգուշացում տալն ու անհետաձգելի որոշումը բռնության ենթարկվածի պաշտպանված լինելու իրավունքն է։

«Նա իրավունք ունի պաշտպանվել պետության կողմից»,- շեշտում է Կոջոյանը։

Հեղինակ՝ Էլեն Մուրադյան
Տվյալների մշակումը և գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Լուսանկարը՝ Stopalldomesticviolenceinc.com կայքից
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

բուլինգ

Այս նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/04/2025