Գնումների գլխավոր օրն աստիճանաբար կորցնում է իր ուժը
Վերջին տասնամյակի ընթացքում սա Ամերիկայի ամենախոշոր գնումների օրն է համարվում։ Այս օրն անվանում են «Սև ուրբաթ» (Black Friday), Գոհաբանության տոնին (Thanksgiving Day) հաջորդող օր, որը համարվում է հնարավորության կամ անկարգության խորհրդանիշ կամ էլ երկուսը միասին։ Ժամանակակից առևտրի միտումները նվազեցնում են «Սև ուրբաթի» հանդեպ սպառողների հետաքրքրվածությունը: Մանրածախ առևտրով զբաղվողներն առաջարկում են գործարքներ, որոնք գործում են հանգստյան օրերի ողջ ընթացքում՝ խուսափելու այս օրվան բնորոշ «զեղչային մրցավազքից»։
Իրավիճակ
Նախորդ տարի Գոհաբանության տոնի առթիվ՝ հանգստյան չորս օրերի ընթացքում 103 միլիոն մարդ գնումներ է կատարել առցանց, իսկ 102 միլիոնն այցելել է մանրածախ առևտրի կենտրոններ: Սա առաջին անգամն է, երբ առցանց գնորդները թվով գերազանցել են ավանդական գնորդներին։ Այս տարի Գոհաբանության տոնի կապակցությամբ առևտրի որոշ ցանցեր, ներառյալ «Ուոլ Մարթը» (Wal-Mart), «Թարգիթը» (Target) և «Բեսթ բայը» (Best Buy) բացվել են այն հույսով, որ աննախադեպ զեղչերից օգտվելու համար հաճախորդներն իրենց մոլ կմտնեն ճիշտ այն րոպեին, երբ բացվեն դռները։ Macy’s-ը բացվեց Գոհաբանության օրը՝ առավոտյան 5-ին, մեկ ժամ շուտ, քան նախորդ տարի։ Մինչդեռ առևտրի որոշ մանրածախ կենտրոններ՝ էլեկտրոնային սարքավորումների HHGregg ցանցը և Մինեսոտայի Mall of America ամենախոշոր կենտրոնը, ամբողջությամբ փոխել են իրենց մարտավարությունը և որոշել են այդ օրն ընդհանրապես չաշխատել։ «Սև ուրբաթին» թափ հաղորդող առևտրականների համար սա մի մրցակցություն է, որը նպատակ ունի համոզել հաճախորդներին գնումների սեզոնից հնարավորինս շուտ բացել դրամապանակները, քանի որ հանգստյան օրերի առևտուրը տոնական գնումների ընդամենը 10-15%-ն է կազմում։ Այն գնալով ավելի ու ավելի հիասթափեցնող է դառնում: 2015թ. Գոհաբանության տոների մանրածախ առևտուրը ԱՄՆ-ում նվազել է 10%-ով՝ կազմելով 20.4 միլիարդ դոլար։
Պատմական ակնարկ
Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես է «Սև ուրբաթը» ստացել այս անվանումը: Որոշ պատմաբաններ այս եզրույթը կապում են Ֆիլադելֆիայի ոստիկանության հետ, որը, ինչպես ասում են, կիրառել է այն 1961թ-ին` երթևեկությունից իր դժգոհությունն արտահայտելու նպատակով: Ըստ շրջանառվող միֆի՝ անվանումը խորհրդանշում է մանրածախ առևտրականների տարվա եկամտաբերության առաջին օրը: Բայց մի՛ հավատացեք. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին մանրածախ առևտրականների առևտուրը կազմում է նրանց տարեկան առևտրի շուրջ 20%-ը, ուստի ընկերություններն իրենց տարեկան եկամուտը վաստակում են նոյեմբերի վերջին ուրբաթ օրվանից շատ ավելի վաղ: Մի քանի տարի շարունակ տոնին հաջորդող գնումների ոչ պաշտոնական մեկնարկն ավելի վաղ է տրվել: 2012թ. շատ խանութներ բացվել են կեսգիշերին ու դրանից շուտ. խանութները վաղ առավոտյան բացվել են գայթակղելու այն հաճախորդներին, ովքեր փնտրել են ամենացածր գներն այնպիսի ապրանքների վրա, ինչպիսին օրինակ հեռուստացույցն է: Մարդաշատ վայրերը դրոշմված են խառնաշփոթով, կռիվներով և առնվազն մեկ մահվան դեպքով: Առցանց առևտուրը նույնպես նվազել է: 2005թ. մանրածախ առևտրականները ներմուծեցին «Կիբեր երկուշաբթի» (Cyber Monday) եզրույթը՝ նկարագրելու առցանց գնումների ալիքը, որ բարձրանում է Գոհաբանության տոնին հաջորդող առաջին աշխատանքային օրը այն մարդկանց կողմից, ովքեր տոնական օրերն անց են կացրել խանութներում շրջելով: Այժմ առցանց գնորդները, մասնավորապես նրանք, ովքեր գնումներ կատարում են հեռախոսով, և որոնց թիվը գնալով ավելանում է, ընդհանրապես չեն օգտվում խանութներից: Այլ երկրներում էլ «Սև ուրբաթի» նման ավանդույթներ կան. Ազգերի բրիտանական համագործակցության երկրների մանրածախ առևտրի բազմաթիվ կենտրոններ Նվերների օրվա կապակցությամբ՝ Սուրբ Ծննդյան տոներից անմիջապես հետո, բացվում են առավոտյան ժամը 5-ին կամ ավելի շուտ՝ մեծ զեղչեր առաջարկելով դրանց սպասող հաճախորդներին: Մինչդեռ, մանրածախ առևտրով զբաղվողները դժվարությամբ են «Սև ուրբաթի» ավանդույթը ներմուծել այլ երկրներ: Միացյալ թագավորությունում Wal-Mart’s Asda սուպերմարկետը և այլ ցանցեր 2015թ. հրաժարվեցին երկու տարի առաջ մեկնարկած «Սև ուրբաթի» տարածմանը նպաստող քայլերից, մասամբ կայքերի խափանման և հաճախորդների միջև ծեծկռտուքների պատճառով:
Փաստարկ
Մանրածախ առևտրկանները ասում են, որ այն փաստը, որ որոշ գնորդներ առանձնանում են Գոհաբանության գիշերը, ապացուցում է, որ նրանք իրենց հաճախորդներին տալիս են այն, ինչ ուզում են, չնայած դժգոհություններին, որ հարամվում է Գոհաբանության տոնը: Այսօր հաճախորդները առավել, քան երբևէ մեծ ընտրություն ունեն` երբ և ինչպես կատարեն իրենց գնումները: Պարտադիր չէ գիշերվա 2-ին հերթ կանգնեն, որ շահած դուրս գան: «Սև ուրբաթին» բնորոշ երկար հերթերի, հաճախորդների խուճապի և մոլերը հեղեղելու ժամանակներն անցնում են:
Փորձագետի կարծիք
Հղումների պահոց
- «Մենթլ ֆլոս» (Mental Floss) ամսագրի կարճ անդրադարձը «Սև ուրբաթի» մասին:
- Իլինոիսի իսթրն համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են հաճախորդների վարքագիծը «Սև ուրբաթի» գնորդների շրջանում:
- «Նյու Յորք» ամսագրի անդրադարձն այն մասին, թե ինչու է ««Սև ուրբաթը» մանրակրկիտ կերպով մշակվել այնպես, որ մարդն իրեն ապուշի պես պահի»:
- «Վաշինգտոն փոստի» անդրադարձը ««Կիբեր երկուշաբթիի» զարմանալիորեն քաղաքական ծագման» մասին:
Հեղինակ՝ Lindsey Rupp
Աղբյուր՝ Bloomberg
Հրապարակվել է` 28/11/2016