Միջազգային Քաղաքական

Ցմահ և մինչև 20 տարի. Բաքուն հրապարակեց Արցախի ղեկավարության դատավճիռները

Փետրվարի 5-ին, Բաքվի ռազմական դատարանն ավարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս հայերի դատավարությունը։ Հրապարակված դատավճիռները ներառում են առավելագույն պատժաչափեր՝ ցմահ ազատազրկումից մինչև 15 տարվա բանտարկություն։

Ովքեր դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և ցմահ բանտարկության դատապարտել Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝

  • Արայիկ Հարությունյանին (Արցախի 4-րդ նախագահ),
  • Լևոն Մնացականյանին (ՊԲ նախկին հրամանատար),
  • Դավիթ Իշխանյանին (ԱԺ վերջին նախագահ),
  • Դավիթ Բաբայանին (նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական),
  • Դավիթ Մանուկյանին (ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ):

Տարիքային սահմանափակում և 20-ամյա պատժաչափեր

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Չնայած մեղադրանքները նախատեսում էին ցմահ պատժաչափ, Ադրբեջանի դատախազությունը նշում է, որ հաշվի է առել նրանց 65 տարեկան լինելու հանգամանքը և առաջնորդվել սեփական քրեական օրենսգրքի սահմանափակումներով։ Նույն հիմնավորմամբ 19 տարվա բանտարկության է դատապարտվել Մադաթ Բաբայանը։

Այլ դատավճիռներ

Գործով անցնող մյուս հայ գերիների նկատմամբ կիրառվել են հետևյալ պատժաչափերը.

  • 19 տարի` Մելիքսեթ Փաշայան,
  • 18 տարի` Գարիկ Մարտիրոսյան,
  • 16 տարի` Դավիթ Ալավերդյան և Լևոն Բալայան,
  • 15 տարի` Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան և Գուրգեն Ստեփանյան։

Առանձին վարույթով շարունակվում է քննվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը։

Մեղադրանքների «փաթեթը»

Ադրբեջանը 15 հայ գերիներին առաջադրել է ավելի քան երկու տասնյակ ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ ցեղասպանություն, ահաբեկչություն, ագրեսիվ պատերազմի վարում և իշխանության բռնի զավթում։ Ըստ իրավապաշտպանների՝ այս հոդվածների կիրառումը Արցախի օրինական ղեկավարության նկատմամբ կրում է բացառապես քաղաքական բնույթ։

Գերեվարման համատեքստը

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում ապօրինի պահվում են 2023 թվականի սեպտեմբերից։ Նրանք գերեվարվել են Ադրբեջանի կողմից Արցախի 9 ամիս լիակատար օկուպացիայից, այնուհետև Արցախի բնակչության էթնիկ զտման գործողություններից հետո։ Հայաստանյան և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս բարձրացրել են Բաքվում հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը՝ դատական պրոցեսները որակելով որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

Ամփոփ Մեդիա

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/02/2026