Խմբագրի կողմից․ Սույն լրագրողական ուսումնասիրությունը պատրաստ էր հրապարակման այն պահին, երբ այսօր առավոտյան Արցախից ստացվեց առաջին լուրը հակառակորդի կողմից սահմանի ողջ երկայնքով հարձակման վերաբերյալ։ Սակայն դրանից այս նյութը ոչ թե ժամանակավրեպ, այլ ավելի արժեքավոր դարձավ մեր լսարանի համար։ Այն մատչելի ներկայացնում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում աշխարհազորի վերաբերյալ լրացումներ անելու նախագծի նպատակներն ու տարբեր կողմերի կարծիքներն այդ մասին։ Նախագիծն առայժմ քննարկման և մշակման փուլում է, և չենք բացառում, որ ներկա պատերազմական իրավիճակում այն մասնակի կամ ամբողջությամբ խմբագրվի։ Այս պահին ներկայացնում ենք, թե ինչպես են ոլորտի պատասխանատուները պատկերացնում աշխարհազորի գոյությունը։
«Այն սպառնալիքների ու ռիսկերի պարագայում, որոնք անվտանգության պատճառով են Հայաստանի շուրջ ձևավորվում, կարծում եմ՝ մեր ռեսուրսները, միայն ակտիվ բանակի, գործող զինված ուժերի, իհարկե, կարող են բավարար չլինել»։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այս բացատրությունով, ըստ էության, սկսվեց հանրային քննարկումը մի նախագծի, որը նախատեսում է Հայաստանում ստեղծել աշխարհազոր։ Այն լինելու է բանակին կից կառույց, որը կլրացնի գործող բանակի ու պահեստազորի կարողությունները։
Աշխարհազորի նպատակները
Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ բազմաթիվ կամավորական խմբեր մեկնեցին Արցախ՝ մարտերին մասնակցելու և դիրքերում լինելու համար։ Այդ ազնիվ, բայց հախուռն գործողություններն իրային, սննդային, պարենային ապահովման և այլ խնդիրներ ստեղծեցին։
Այս մասին սեպտեմբերի 1-ին իր ասուլիսի ժամանակ նշեց պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Գաբրիել Բալայանը։ Նրա խոսքով՝ նոր նախաձեռնությունը միտված է նաև այդ գործընթացները կանոնակարգելուն։
Միևնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, հենց այս մարդիկ են նաև դիմել նախարարությանը՝ նմանատիպ մի կազմավորում հիմնելու համար։
Նախարար Դավիթ Տոնոյանը «Ազատությանը» տված մեկնաբանության մեջ աշխարհազորի համար երկու անելիք է հիշատակում․
- Սահմանամերձ գյուղերում ինքնապաշտպանության կազմակերպում,
- Որոշ գործողություններ քաղաքացիական պաշտպանության ոլորտում։
Բուն նախագծին, որի հանրային քննարկումն արդեն ավարտվել է, այս ամենին ավելի պաշտոնական ձևակերպումներ են տրվում։ Աշխարհազորի կիրառման հնարավոր տարբերակներ են դիտվում․
- մասնակցությունը ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը,
- պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ,
- մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը,
- մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը,
- մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:
Նախարարության պաշտոնյաները նշում են, որ այս գործողություններին մասնակցության ժամանակ աշխարհազորը օգնելու է գործող բանակին ու պահեստազորին։
Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ամփոփ Մեդիայի հետ զրույցում նշում է, որ այսպիսի կազմավորումներ ունենալը Հայաստանի նման երկրների համար անհրաժեշտություն է։
«Մենք, ըստ էության, սրանով մեծացնում ենք այն քաղաքացիների թիվը, որոնք հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ կարող են ներգրավվել կանոնավոր բանակի շարքերում և մասնակցել մարտական կամ թեկուզև թիկունքային գործողություններին։ Այսինքն այն, ինչ վերաբերում է մեր ռեզերվի ավելացմանը, ինքնին դրական է», – կարծում է Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ ամբողջական արդյունավետությունը կախված է նրանից, թե վերջնական ինչ մոդել կընտրվի, ինչ մեխանիզմներ կներդրվեն, և ինչ ձևով դա իրականություն կդառնա։
100 հազար «աշխարհականների» մոդելը
Աշխարհազորի մեջ չեն կարող ընդգրկվել բանակում կամ այլ զորքերում ծառայողները։ Չեն կարող անդամակցել նաև պահեստազորայինները, քանի որ անհրաժեշտության դեպքում նրանք այսպես թե այնպես զորահավաքի ենթակա են։
Աշխարհազորին անդամակցությունը լինելու է բացառապես կամավորության սկզբունքով։ Փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով՝ թիրախային խմբում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, որոնք․
- պահեստազորում չեն,
- մինչև 70 տարեկան են,
- ունեն գործողություններին մասնակցելու համար բավարար առողջություն։
Այս սկզբունքով աշխարհազորի կազմում կարող է ընդգրկվել մինչև 100 հազար մարդ։ Փոխնախարարն այս թիվն ամենաօպտիմալն է համարում մի կողմից կամավորագրվել ցանկացողների թվի, մյուս կողմից՝ նրանց հետ աշխատելու հնարավորությունների տեսանկյունից։
Բանն այն է, որ պահեստազորից տղամարդկանց մեծ մասն արձակվում է 48-50, գերակշիռ մեծամասնությունը՝ մինչև 55 տարեկան հասակը։ Այս տարիքից հետո պահեստազորում մնում են բարձր սպայական ու գեներալական կոչում ունեցողները։
ՀՀ բնակչության սեռատարիքային բաշխվածությունից երևում է, որ 55-70 տարեկան տղամարդիկ մոտ 230 հազար են։ Իսկ եթե ավելացնենք նաև 50-55 տարեկաններին, թիվը կլինի մոտ 300 հազար։ Հենց այս մարդիկ էլ լինելու են աշխարհազորի մեջ հավաքագրվելու թիրախում գտնվող հիմնական խումբը։
The Military Balance 2018 հանդեսում հրապարակված տվյալներով՝ Հայաստանի զինված ուժերն ունի 44,8 հազար զինծառայող, Արցախի պաշտպանության բանակը՝ 18-20 հազար զինծառայող, միասին շուրջ՝ 64 հազար զինծառայող։
Իսկ 2017 թ․ հունվարի դրությամբ, ըստ օրվա ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի հայտարարության, Հայաստանն ուներ 700 հազար պահեստազորային։ Նույն տարվա մարտին էլ նախարարը նշել է, որ Հայաստանում կա մոտ 500 հազար քաղաքացի, որ ծառայության կամ հավաքների ժամանակ եղել է առաջնագծում։
Այս թվերի համեմատության մեջ աշխարհազորը զգալի ճոխացնում է հայկական բանակի ներուժը։
Աշխարհազորայինները զենք կրելո՞ւ են
Հասարակության ռազմականացումն այս նախագծի հիմնական քննադատություններից մեկն է։ Հաճախ հարց է հնչում՝ աշխարհազորայինները զենք ստանալո՞ւ կամ կրելո՞ւ են։
Նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պնդում է, որ զենքի ստացման հարցերը խստորեն կանոնակարգվելու են։ Աշխարհազորայինները մարզումներ են անցնելու մինչև զենք ստանալը։ Իսկ զենքը կրելու են միայն մարտական գործողություններին ներգրավված լինելու ընթացքում։
«Ներգրավումը տեղի է ունենալու բացառապես ռազմական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։ Այսինքն` այդ զենքն ու սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում ցուցադրված քաղաքացիական անձանց միայն անմիջական վտանգի դեպքում», – նախարարի տեղակալը նշել է իր ասուլիսի ընթացքում։
Ի դեպ, հարցին՝ աշխարհազորը կարո՞ղ է ծանր սպառազինություն ստանալ, Գաբրիել Բալայանն իր ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել։
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար Էդգար Խաչատրյանը, սակայն, Ampop.am-ի հետ զրույցում նշում է, որ զենքի տրամադրման հարցերը կանոնակարգված չեն։ Որտեղի՞ց, ինչպե՞ս են աշխարհազորայինները զենք ստանալու, ինչպե՞ս է դա վերահսկվելու։ Սրանք, ըստ Խաչատրյանի, հարցեր են, որոնց պատասխանները ներկայացված նախագծում չկան։
«Եթե անգամ զինծառայողի կարգավիճակ է ստանում, այդ զենք-զինամթերքը որտեղի՞ց է ստանալու։ Այսինքն, ինչ-որ զորամասի վրա է կցվելու և գնա այդ զորամասի՞ց ստանա զենքը․ ես այդ հարցի պատասխանը չունեմ։ [Այս կարգավորումները] եթե ոչ այդ նախագծում, գոնե հարակից օրենքների փոփոխություններով պետք է արվեն, [բայց] այլ օրենքներով նման բան չի կարգավորվում։ Այսինքն, ոչ մի օրենքում կամ զինվորական կանոնադրության մեջ գրված չէ, որ կամավորը կարող է գալ ու զինանոցից զենք ստանալ։ Ո՞վ է պատասխանատու այդ մարդուն զենք տալ, որտե՞ղ, ո՞ր զորամասում՝ ես չգիտեմ», – նշում է Խաչատրյանը։
Ամփոփ Մեդիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը պարզաբանում է, որ զենքի թեմայով թյուրըմբռնում կար, և բազում կարծիքներ հնչեցին, թե զենքը լինելու է մարդկանց մոտ կամ նրանք ազատ տեղաշարժվելու են քաղաքով։ Ստեփանյանը նշում է, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Զենքը տրվելու է աշխարհազորի ներկայացուցիչներին միայն բուն մարտական գործողությունների ժամանակ, այն էլ՝ այն դեպքում, եթե աշխարհազորային տվյալ ստորաբաժանումը ներգրավվի մարտական գործողություններում, օրինակ՝ վիրավորների տարհանման կամ այլ գործողություններում։ Միայն այդ դեպքում նրանց կցագրվելու է զենք, որը այնուհետև՝ գործողություններից հետո, հանձնվելու և պահվելու է ստորաբաժանման տեղակայման վայրում։ Զենքով ազատ տեղաշարժը բացառվում է», – նշում է Ստեփանյանը։
Մարդու իրավունքների հարցը և հնարավոր ռազմականացումը
Նախագծի համաձայն՝ զորակոչվելուց հետո այս մարդիկ դառնալու են զինծառայող, ունենալու են պայմանագրային պարտականություններ։ Գործողություններին մասնակցելու ընթացքում աշխարհազորայինները վարձատրվելու են այնպես, ինչպես պայմանագրային զինծառայողները, իսկ նրանց ընտանիքներն օգտվելու են զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական ապահովության ծրագրերից։
Այս ամենը կանոնակարգվելու է կամավորագրվելու ժամանակ աշխարհազորայինի հետ կնքվելիք պայմանագրով։ Դրանով սահմանվելու են աշխարհազորայինի ու պետության հարաբերությունները նաև մարդու իրավունքների տեսանկյունից։
Բայց Խաչատրյանի պնդմամբ՝ մասնավորապես հարաբերությունների և մարդու իրավունքների տեսանկյունից՝ նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։
«Եթե այդ մարդը [աշխարհազորայինը – խմբ.], թեկուզ կամավորական հիմունքներով, առաջադրանք է կատարում պաշտպանության նախարարության համար, պետք է հասկանանք, թե պաշտպանության նախարարությունը ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ տվյալ քաղաքացու առողջությունը, նրա անվտանգությունը ապահովելու տեսանկյունից։ Այս բոլոր հարցերը, համենայնդեպս այս նախագծով, որը ես տեսել եմ, պատասխան չունեն», – նշում է Խաչատրյանը։
Հասարակական կազմակերպության ղեկավարը նախագիծը դիտարկում է որպես ազգ-բանակ կոնցեպտի շարունակում և համարում է, որ դա տանում է հասարակության ռազմականացման։
Տարբեր երկրների ռազմականացվածության մակարդակի վերաբերյալ ուսումնասիրությունն ամեն տարի հրապարակում է գերմանական BICC (Bonn International Center for Conversion) կենտրոնը։ Երկրների ցուցանիշները հաշվարկվում են մի քանի գործոնների հիման վրա, որոնց թվում են նաև ռազմական ծախսերն ու զինվորական անձնակազմի քանակը։
Այս ուսումնասիրության արդյունքներով՝ Հայաստանը վերջին 15 տարվա ընթացքում գրեթե մշտապես գտնվել է ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում։
Ղեկավարումը՝ փորձառու սպաներին
Նախարարության պաշտոնյաները պնդում են, որ աշխարհազորը գործելու է տարածքային հիմունքներով։ Որոշակի մարզում, քաղաքում ու համայնքում ձևավորվող ուժերը հիմնականում գործելու են հենց իրենց բնակավայրերում։ Դա ապահովելու է տեղանքին քաջածանոթ լինելն ու սեփական տունը պաշտպանելու զգացողությունը։
«Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ ԶՈՒ ԳՇ պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»։ Այս մասին էլ ասվում է բուն նախագծում։
Իսկ արդեն բանավոր ձևով պաշտպանության նախարարի տեղակալը բացատրում ու շեշտադրում է՝ տեղային ղեկավարումն իրականացնելու են հենց բնակավայրերում հեղինակություն վայելող նախկին զինվորականները, որոնք էլ ստանալու են մարզպետի, քաղաքապետի կամ համայնքապետի տեղակալի պաշտոններ։
Նույն տարածքային սկզբունքով էլ աշխարհազորը բաժանվելու է զորամիավորումների, բրիգադների ու գումարտակների, որոնք ղեկավարելու են նշված պաշտոնյաները։
Արդյոք վտանգավոր չէ՞ տեղական իշխանավորներին տեղական ռազմական կազմավորումներ վստահելը։ Ի՞նչ չարաշահումներ կամ քաղաքական խարդավանքներ կարող են լինել։ Այս հարցերի պատասխանները մասամբ են տրված նախագծում։ Մասամբ էլ ներկայացված են բանավոր կերպով։
Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ եթե այդ պաշտոններում նշանակվեն քաղաքացիական անձինք, ապա աշխարհազորի մոդելն իրականում չի աշխատի։
«Բայց որքան ես եմ տեղյակ, նախատեսված է, որ այդ հաստիքներում նշանակումներ արվեն կոնկրետ զինված ուժերի գլխավոր շտաբից, որովհետև այդ ստորաբաժանումները լինելու են գլխավոր շտաբի ուղիղ ենթակայության ներքո․․․
Այսինքն, չի էլ կարող այդ դերում քաղաքացիական անձ լինել, որովհետև խոսքը ռազմական դրության պայմաններում կոնկրետ ստորաբաժանման մասին է, որի հրամանատար կարող է լինել միայն զինվորականը», – նշում է փորձագետը։
Կառույցի վերահսկողության տեսանկյունից էլ խնդիր է տեսնում Էդգար Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ անպատասխան է մնում քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողության հարցը։ Խաչատրյանը բացատրում է, որ Ազգային ժողովի համար աշխարհազորը դժվար վերահսկելի է դառնում այն մոդելով, որն առաջարկվում է։
«Երկրապահի» հետ հարաբերությունները
Եվ ՊՆ նախարար Տոնոյանը, և փոխնախարար Բալայանը «Երկրապահ կամավորականների միության» մասին հարցին նույն կերպ են պատասխանում․ երկրապահը կարևոր ծրագրեր է իրականացնում, բայց հասարակական կառույց է։ Սա նշանակում է, որ չի կարող այդ կարգավիճակով մասնակցել մարտական գործողություններին։
Աշխարհազորի ստեղծման վերաբերյալ դիրքորոշում հայտնել է նաև ԵԿՄ ներկա ղեկավար Սասուն Միքայելյանը։ Նրա բնորոշմամբ՝ «Երկրապահ կամավորականների միությունը» ստեղծվել է հենց աշխարհազորի հիման վրա՝ պատերազմով երկրի կարիքները բավարարելու համար։
Ինչ վերաբերում է նախագծային փուլում գտնվող աշխարհազորին, ապա այն, ըստ Միքայելյանի, ԵԿՄ հետ ընդհանրապես կապ չունի։
«Աշխարհազորը երբեք Երկրապահին չի խանգարի, Երկրապահն էլ աշխարհազորին երբեք չի խանգարի։ Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը․․․։
Երկրապահը կա, առաջին իսկ հրահանգի դեպքում 10 հազար մարդ, գոնե 8 հազար մարդ միշտ էդ զորավարժությունների ժամանակ, մենք դուրս ենք եկել, չէ՞։ Պատրաստի կառույց է՝ աշխարհազորին չխանգարող։ Թող աշխարհազորը ձևավորվի, ես կողմ եմ աշխարհազորին, բայց թող նորմալ ձևավորվի», – Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Միքայելյանը։
Իսկ ՊՆ պաշտոնյաները պնդում են, որ ԵԿՄ-ն կարող է փոխլրացնող դեր ունենալ։ Փոխնախարար Բալայանի խոսքով՝ ԵԿՄ անդամները կարող են հենց աշխարհազորի մեջ ընդգրկվել ու դրա հիմքը դառնալ։
Աշխարհազորի ստեղծման մասին նախագիծն այժմ ստացված առաջարկությունների քննարկման փուլում է։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ամփոփ Մեդիայի հետ զրույցում նշում է, որ ստացել են բազմաթիվ առաջարկներ, խորհուրդներ, նույնիսկ այնպիսիները, որոնք արմատական փոփոխություններ են ենթադրում։
Դրանք հիմա քննարկվում են պաշտպանության նախարարության ներքին օղակներում, և Ստեփանյանի խոսքով՝ հնարավոր են նաև վերանայումներ։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
Կարդացեք նաև
- Տավուշը թիրախում․ Հուլիսյան մարտերը հրետանու և անօդաչուների ակտիվ կիրառմամբ
- Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում․ Պատերազմ Արցախում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/09/2020