Հայաստանում հայհոյելն օրենքով վտանգավոր արարք է համարվում։ Ազգային ժողովը ընդունեց ««ՀՀ քրեական օրենսգրքում» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենսդիր մարմինը առաջին և երկրորդ ընթերցումներով օրենքի ուժ տվեց վերը նշված նախագծերի փաթեթին 7-րդ գումարման վերջին՝ հուլիսի 30-ի նիստին, առանց նախագծերի շուրջ հանրային նախնական քննարկումներ անցկացնելու։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելու դեպքում կիրառվելու է տուգանք՝ նվազագույնը՝ 100 հազար, առավելագույնը՝ 3 մլն դրամի չափով։
Պատժի չափն ուղիղ կապ ունի ծանր վիրավորանքի տարածման համար ընտրված ձևաչափի հետ․ այն ավելի խիստ կլինի, եթե, օրինակ, հայհոյանքը տարածվի տեղեկատվական հարթակներով և սոցիալական ցանցերով կամ եթե պարբերաբար թիրախավորվի նույն անձը՝ մասնավորապես, հանրային գործունեությամբ զբաղվող (օրինակ՝ պետական պաշտոնյան, լրագրողը, հրապարակախոսը, հասարակական կամ քաղաքական գործունեություն ծավալող այլ անձինք) քաղաքացին։
Անորոշություններ հասկացություններում
Լրագրության և իրավական ոլորտի փորձագետները կարծում են, որ հայհոյելու արատավոր երևույթը հասարակության մեջ այսկերպ վերացնելու փորձը հղի է մի շարք վիճարկելի հարցերով և խնդիրներով։
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով վերը նշված փոփոխությունների առաջին ու կարևոր խնդիրներից մեկն այն է, որ «ծանր վիրավորանք» և «հայհոյանք» հասկացությունների սահմանումները հստակ տրված չեն, մինչդեռ մարդու իրավունքներին առընչվող օրենքները ձևակերպումների մեջ անորոշություններ չպետք է ունենան։
Հայկական մի շարք բառարաններում (այդ թվում՝ 1992 թ-ին և 1968թ-ին հրատարակված Հայոց լեզվի նոր բառարաններում), հայհոյանք բառի առավել հաճախ տեղ գտած բացատրություններն են «լկտի խոսք, լուտանք, հիշոց, անարգանք, նախատինք» տարբերակները, բայց ոչ՝ «ծանր վիրավորանք»։ 1976թ-ին հրատարակված Արդի հայերենի բացատրական բառարան-ում, սակայն, ներկայացվում է բառի մեկ այլ բացատրություն ևս, այն է՝ «սուտ՝ վարկաբեկիչ խոսք»։ Ուստի, հարց է առաջանում․ հայհոյանք բառի ո՞ր բացատրությունների հիման վրա են դատավորներն իրենց որոշումները կայացնելու։
Նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը համոզված է, որ «Հայաստանի իրավապահ, դատական մարմիններն ու յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը»։
Եթե անգամ Վարդանյանի պնդումը համապատասխանում է իրականությանը, մեկ այլ, շատ ավելի նուրբ խնդիր է առաջ գալիս։ Ինչպե՞ս է որոշվելու վիրավորանքի աստիճանը, որպեսզի հասկանալի լինի՝ ինչպես զերծ մնալ գռեհիկ և անպարկեշտ արտահայտություններից։
Բացի այդ, վիրավորանքը կապված է մարդու սուբյեկտիվ գնահատականների և ընկալումների հետ։ Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի՝ մեկի համար որևէ արտահայտություն կարող է լինել վիրավորական, մյուսի համար՝ ոչ։
Նավասարդյանի կարծիքով՝ օրենքն առանց հստակ կողմնորոշիչների է տրվում դատարաններին։
«Հաշվի առնելով տարբեր քաղաքական ազդեցությունները, ճնշումները, որոնք կան դատարանների վրա, կարելի է սպասել, որ կլինեն նաև ոչ արդար կամ ոչ պրոֆեսիոնալ որոշումներ», – «Ամփոփ Մեդիային» ասում է նա։
Մեդիա փորձագետը կարծում է, որ խնդիրն ավելի լուրջ է քաղաքական առումով։ Այս օրենքով ոչ հավասար պաշտպանվածություն է նախատեսվում քաղաքացիների տարբեր խմբերի համար։
Ըստ Նավասարդյանի՝ օրենքի համատեքստից ակնհայտ է, որ ավելի պաշտպանված են լինելու հենց հանրային գործիչները և առաջին հերթին՝ պետական պաշտոնյաները, ինչը հակասում է այն սկզբունքին, որ հենց նրանք ավելի հանդուրժող պիտի լինեն սուր և սադրիչ քննադատության նկատմամբ։
Հայհոյանքի հասցեատերը՝ լրագրող
Հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքում հայհոյանքի հասցեատերերի խմբում հիշատակվում են նաև լրագրողները։ Նրանց ներգրավելը Նավասարդյանն առանձին խնդիր է համարում, քանի որ նախագծի քննարկման նախորդ փուլերում լրագրողները, հասարակական գործիչները, հրապարակախոսները հատուկ պաշտպանության տակ գտնվողների ցանկում չկային։ Նրանց ընգրկեցին շատ ավելի ուշ՝ քննադատությունից խուսափելու համար, ինչը նույնպես անընդունելի է՝ կարծում է մեդիա փորձագետը։
«Ես, լինելով մասնագիտությամբ լրագրող, ղեկավարելով հասարակական կազմակերպություն, չեմ ուզում ավելի պաշտպանված լինել, քան այլ քաղաքացիներ», – ասում է ԵՄԱ-ի նախագահը։
Մելիքյանն իր հերթին շեշտում է, որ այս օրենքով հայհոյանքից պաշտպանվում է լրագրողը, սակայն ոչ նրա անկաշկանդ գործունեությունը։ Ընդունված օրենքը լրագրողին ստիպելու է ինքնագրաքննությամբ զբաղվել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Իրավաբան, մեդիա իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ հավելում է՝ այսպիսով վտանգված է լրագրողական հմտություններից մեկը՝ գնահատողական դատողությունը։
Առանձին դեպքերում օրենքը կարող է կանխել որոշ արատավոր երևույթներ, բայց լրագրողները մնում են թիրախային խմբում։
Երկու օրենք՝ մեկ խնդրի մասին
2010 թվականին Հայաստանում վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեցին։ Օրենսդրական դաշտում տեղի ունեցած այս փոփոխության հիմքը 2007թ. հոկտեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած թիվ 1577 բանաձևն էր, որտեղ, մասնավորապես, ասվում է․
- անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,
- սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,
- ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ (թարգմանությունը՝ ըստ Հայաստանի ժուռնալիստների միության):
Այսօր Հայաստանը կրկին ընտրել է վիրավորանքը քրեականացնելու ուղին՝ Քաղաքացիական օրենսգրքում արդեն իսկ ունենալով վիրավորանքին ու զրպարտությանն առընչվող 1087.1-րդ հոդվածը։ Փորձագետներն ասում են, որ սույն օրենքի կիրառման հետևանքը կլինի այն, որ նույն արարքի համար անձը կարող է պատժվել և՛ քաղաքացիական, և՛ քրեական օրենսգրքով։
«Այդ և բազմաթիվ այլ պատճառներով, կարծում եմ, որ մենք լրագրողական կազմակերպություններով կդիմենք առաջին հերթին նախագահին, որպեսզի չստորագրի օրենքը և այն ուղարկի Սահմանադրական դատարան։ Մեր կողմից կլինեն նաև այլ քայլեր, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտանք, որ այդ օրենքը կիրառվի Հայաստանում»,- ասում է Նավասարդյանը։
Ըստ նրա՝ 2010 թվականին ունեցած համեմատական հաջողություններից հետ կանգնելը Հայաստանի հեղինակության համար դրական երևույթ չէ։ Իսկ հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքն աննկատ չի մնա միջազգային հանրության ուշադրությունից, քանի որ նման քայլն ընդունելի չէ ժողովրդավարական հասարակությունում, համոզված է Բորիս Նավասարդյանը։
Հավելենք նաև, որ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» [Reporters without borders] միջազգային հասարակական կազմակերպության 2021 թ․-ի տվյալների՝ Հայաստանը վերջին երկու տարում երկու հորիզոնականով զիջել է իր դիրքերը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ ցանկում զբաղեցնելով 63-րդ տեղը։
Հեղինակ Հռիփսիմե Հայրապետյան
Ինֆոգրաֆիկան՝ հեղինակի
ՏԵՍ ՆԱԵՎ
- Չկա տեղեկատվություն, չկա խնդիր․ ՀՀ Կառավարության նոր նախագիծ
- Գների աճ բոլոր ապրանքային խմբերում․ ինտերակտիվ գրաֆիկներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/08/2021