Իրավունք

Գաղթականի ծոռ եմ, բայց Մոկսի մեր տան տեղն էլ գիտեմ, տեսքն էլ

Մոկսի մեր հին տունը չեմ տեսել, բայց հիշում եմ պապիս երգերով, պատմություններով, գրքերով։

Պապս աշխատելիս քթի տակ երգում է՝ «Խիո-խիո, խանե-խանե»։ Սեղանի շուրջ ուրիշ երգ է՝ «Ջանիման, ջանիման, տուն եմ շինել գետի բերան»։

Մոկաց երգերը մեզ՝ տնեցիներիս, չեն սովորեցրել։ Ոչ էլ մենք ենք սովորել, բայց երբ պապին երգելիս մի տող բաց է թողնում, ուղղում ենք։ Երգերը մերն են դարձել։

Մերն են նաև 1915 թվականի գաղթի ճանապարհի պատմությունները, մարդիկ, հիշողության մեջ ապրող տունը։

Ես Հայոց մեծ եղեռնը վերապրած գաղթականների 4-րդ սերնդից եմ։ Պապիս՝ հայրական ընտանիքը 1915 թվականին Մոկսի մեծ շուկայի մոտ գտնվող երկհարկանի տունը թողել ու գաղթել է Հայաստան՝ Աշտարակ։ Հաստատված տեղն էլ կոչվել է գաղթականների թաղամաս։

Անցել է մի դարից ավելի, բայց գաղթականների փողոցի պատերին դեռ հիշողություններ կան։
Երբ պապս փոքր էր, իրեն ասում էին՝ հայրական տունը կապույտ սարից այն կողմ է։ Տարիներ անց պապս կապույտ սարն անցել, գտել է երկհարկանի տունը, որն արդեն թուրքական ոստիկանատուն է։ Մենք՝ տնեցիներով, միայն նրա հուշերում տեսանք տունը։

Ես տատիս Տրապիզոնի հայրական տունն էլ չեմ տեսել, բայց 1890-ականների համիդյան ջարդերից փրկվելու օրը նաև իմ հիշողությունն է դարձել։ Տատիս գերդաստանը նավակով ծովի մի ափից մյուսն է տեղափոխվել ու հաստատվել Սոչիում։ Փրկվել են համիդյան ջարդերից։

2 տարի առաջ Սոչիում տատիս բարեկամներին չգտանք, բայց մեր հանդիպած բոլոր համշենցիներին տատս բարեկամի տեղ դրեց։ Իրար նայեցին ու հիշեցին նավակը, ծովը, հայրենի տուն-տեղը, որ իրականում չեն տեսել։

Մի օր խանութում նրան ասացի՝ դուրս գանք, թանկ է։ Վաճառողուհին, որ սկզբում ռուսերեն էր խոսում, հայերենով պատասխանեց՝ թանկ չէ, սպասեք։ Համշենահայ էր։ Տատս խնդրեց, որ հայերեն խոսի, հետո բարկացավ, օգուտ չուներ․ հայերենը համարյա մոռացել էր։

Պապս ասում է, եթե երկու միլիոն հայ իր մտքում ունենա բոցկլտուն մի աստղ, մենք երկու միլիոն աստղով երկինք կունենանք։ Տանը մեզ սովորեցրել են մտքում աստղեր ունենալ։ Թուրքերին ատել չսովորեցրին, բայց հիշողությունները ստիպեցին։ Իմ ընտանիքում թուրքական ապրանք չեն գնում, թեև ոչ ոք չի արգելում։

Գաղթի հիշողություններով, պատմություններով, տխուր երգերով ու ֆիլմերով մեծացանք, կոփվեցինք։ Ուրախ ֆիլմերի ու երգերի մեջ տխրություն փնտրեցինք ու գտանք։

Մեր հիշողություններին ավելացան նորերը՝ էլի տխուր, սպասումով ու տագնապով։

Մենք աղմկոտ ընտանիք ենք, բայց 44-օրյա պատերազմը լռություն բերեց մեր տուն։ Պատերազմի մասնակից եղբորս ամեն մի զանգով ապրեցինք։ Ամեն անգամ նույն ժամին այդ զանգով հաղթեցինք։ Ամեն օր մի նոր հիշողություն գնաց արխիվ։

Մեր պապերը շուտ մեծացան՝ այդ պատմությունները լսելով, մենք էլ մեծացանք, փոխվեցինք մի օրում, մի ամսում։

Մենք կրկին ապրում ենք, հիշում ենք ու պահանջում․․․

Հեղինակ՝ Անի Ավագյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի, ինֆոգրաֆիկաների, վիզուալ նյութերի և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/04/2021