Հայաստանի կառավարությունը որդեգրել է կրթական որակյալ ծառայությունների ապահովման ծրագրի իրականացման կամ դպրոցների օպտիմալացման քաղաքականություն, որը փաստացի կհանգեցնի հարյուրավոր մարզային, մասնավորապես՝ գյուղական դպրոցների գործունեության դադարեցմանը և փակված դպրոցներից աշակերտների տեղափոխմանը հարևան համայնքների կրթահամալիրներ:
Այս նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի N 1790-Ա/2 հրամանով հաստատված դպրոցների ցանկն ի սկզբանե ներառում էր 232 պետական հանրակրթական հաստատություն։ Հետագայում՝ 2024-ին և 2026-ին ստորագրված երկու այլ հրամաններով, ցանկից հանվեցին երեք դպրոցներ, մնացին՝ 229-ը։
Թեև իշխանություններն այս քայլը հիմնավորում են կրթության որակի բարձրացման և բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ, գործընթացն առաջացնում է սոցիալական, դեմոգրաֆիական և, ամենակարևորը, ազգային անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ։
Ավելի քան 236,000 ազատ աշակերտական տեղ. մարզերը դատարկվում են, Երևանը՝ գերբեռնվում
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի 1,399 դպրոցները նախատեսված են 661,666 աշակերտի համար, սակայն փաստացի այս դպրոցներում սովորում է ընդամենը 425,179 աշակերտ։ Սա նշանակում է, որ հանրապետության մասշտաբով դպրոցական շենքերի հզորություններն օգտագործվում են միջինում ընդամենը 64%-ով, իսկ ավելի քան 236,000 աշակերտական տեղ մնում է չզբաղեցված։
Այս թերբեռնվածությունը խիստ անհամաչափ է բաշխված։ Մինչ Երևանում դպրոցները համեմատաբար գերբեռնված են (օգտագործվում է հզորության մոտ 81%-ը), և բազմաթիվ կրթական հաստատություններ աշխատում են երկու-երեք հերթով, մարզերում պատկերը բոլորովին այլ է։ Դատարկ աթոռների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 85.6%-ը, կենտրոնացած է մարզերում։
Ծայրահեղ թերբեռնված են, օրինակ, Գեղարքունիքի դպրոցները։ Դրանք նախատեսված են 69,192 աշակերտի համար, բայց փաստացի աշխատում են իրենց հնարավորության հազիվ 42%-ով։
Նույն իրավիճակն է նաև Արագածոտնում (48%), Սյունիքում (49%), Տավուշում (50.5%) և Վայոց ձորում (52%): Այս պատկերը հստակ վկայում է տարիներ շարունակ մարզերից ու գյուղերից դեպի մայրաքաղաք առկա ներքին միգրացիայի մասին:
Անմխիթար շենքային պայմաններ. դպրոցների 60%-ը հիմնանորոգման կամ նորոգման կարիք ունի
Բացի թերբեռնվածության խնդրից, աղետալի է նաև դպրոցների շենքային պայմանների վիճակը։ 1,399 դպրոցներից միայն 553-ի շենքային պայմաններն են գնահատվում բավարար։ Սա նշանակում է, որ երկրի դպրոցների ընդամենը 39.5%-ն է ապահովված պատշաճ ենթակառուցվածքներով։
Մինչդեռ յուրաքանչյուր երրորդ դպրոցն ունի հիմնանորոգման, իսկ յուրաքանչյուր չորրորդը՝ ընթացիկ նորոգման կարիք։ Այս առումով ամենախոցելի վիճակում Գեղարքունիքի, Արարատի և Արագածոտնի մարզերն են, որտեղ բավարար վիճակում գտնվող դպրոցների թիվը չի գերազանցում 33%-ը։
Նման քայքայված ենթակառուցվածքներ ունեցող և աշակերտներ չունեցող դպրոցներում որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովելը դառնում է գրեթե անհնար և ֆինանսապես անարդյունավետ։ Եվ սա լրացուցիչ տնտեսական փաստարկ է դառնում, որպեսզի կառավարությունը հիմնավորի օպտիմալացմանն ուղղված իր քաղաքականությունը։
Ուշագրավ է, որ օպտիմալացման ծրագրի աշխարհագրությունը միշտ չէ, որ համընկնում է շենքային վատ պայմանների հետ։ Օրինակ՝ Արարատի մարզում հիմնանորոգման կարիք ունի 49 դպրոց, սակայն օպտիմալացման ցանկում ներառված է ընդամենը 3-ը։ Մինչդեռ Լոռիում և Շիրակում պատկերը հակառակն է։ Լոռիում հիմնանորոգման կարիք ունեցող 45 դպրոցների դիմաց օպտիմալացվում է 46-ը, իսկ Շիրակում՝ 39-ի դիմաց 49-ը։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պետության համար առաջնայինը ոչ թե շենքերի նորոգումն է, այլ սակավակազմ դպրոցների միավորումը՝ հանուն ծախսերի կրճատման, ինչն էլ ստեղծում է այն անվտանգային ու սոցիալական ռիսկերը, որոնց մասին ահազանգում են մասնագետները։
Օպտիմալացման տնտեսական «փաստարկները». աշակերտների պակաս և կադրային պարադոքս
Հանրապետությունում կա 413 բնակավայր, որտեղ դպրոցներում երեխաների ընդհանուր թիվը 100-ից պակաս է, իսկ 162 բնակավայրում այն չի գերազանցում 32-ը, այսինքն այս դպրոցներում հնարավոր չէ նույնիսկ 35 աշակերտից բաղկացած մեկ լիարժեք դասարան ձևավորել։
Ֆինանսական և կադրային տեսանկյունից իրավիճակը հասնում է աբսուրդի։ Օրինակ՝ Սյունիքի մարզում միավորման ենթակա 48 դպրոցների 1029 աշակերտին բաժին է ընկնում 421 ուսուցիչ և 670 օժանդակ աշխատակից։ Փաստացի՝ այս դպրոցների աշխատակազմն ավելի մեծ է (1091 մարդ), քան աշակերտների ընդհանուր թիվը (1029)։
Պետությունը հիմնավորում է, որ միավորված, նորակառույց կամ վերանորոգված խոշոր կրթահամալիրներում երեխաներին հնարավոր է շատ ավելի որակյալ և ժամանակակից կրթական ծառայություն մատուցել, քան թերբեռնված ու հնամաշ գյուղական շենքերում։
Սոցիալական, անվտանգային և հոգեբանական ռիսկեր. դպրոցի փակումը որպես գյուղը դատարկվելու պատճառ
Չնայած կառավարության կողմից մատնանշվող տնտեսական փաստարկներին, օպտիմալացումը մի շարք լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Փորձագետներն ու գյուղացիներն ահազանգում են․ «․․․եթե դպրոցը չլինի, գյուղն էլ չի լինի։ Ծնողները ստիպված կլինեն լքել գյուղը և գնալ այնտեղ, որտեղ և՛ աշխատանք կա, և՛ դպրոց․․․» Սա խիստ վտանգավոր է հատկապես սահմանամերձ գոտիների համար, ինչպիսին, օրինակ, Կապանի Դավիթբեկ գյուղն է, քանի որ բնակավայրերի դատարկվելը խաթարում է երկրի անվտանգությունը։ Դպրոցի փակումը հանգեցնում է գյուղական բնակավայրերից արտագաղթի, ինչը նշանակում է դեմոգրաֆիական վահանի կորուստ։
Մյուս խնդիրը լոգիստիկ և ենթակառուցվածքային խոչընդոտներն են։ Շատ գյուղերից երեխաները ստիպված են լինելու կտրել 10-12 կմ ճանապարհ հարևան դպրոց հասնելու համար (օրինակ՝ Դավիթբեկից դեպի Արծվանիկ)։ Լեռնային ռելիեֆի, ձմռան, մառախուղի և մերկասառույցի պայմաններում ճանապարհը ժամանակատար, դժվար և վտանգավոր է։ Սա ուղղակիորեն կխաթարի կրթության մատչելիությունն ու երեխաների անվտանգությունը։
Ավելին, դպրոցների միավորումը կհանգեցնի հարյուրավոր մանկավարժների և օժանդակ աշխատակիցների գործազրկության, ինչը գյուղական համայնքներում սոցիալական լուրջ հարված կլինի։ Չի բացառվում նաև հոգեբանական զգալի ազդեցությունը։ Աշակերտների (հատկապես 5-9-րդ դասարանցիների) տեղափոխությունը նոր, ավելի մեծ և անծանոթ միջավայր կարող է առաջացնել ինքնահաստատման, հարմարվողականության և այլ սթրեսային խնդիրներ։
Ու թեև զուտ իրավաբանական տեսանկյունից օրենքը թույլատրում է դպրոցների օպտիմալացում կամ վերակազմակերպում, սակայն օպտիմալացման իրական հետևանքները լրջագույնս հակասում են «Կրթության մասին» օրենքում ամրագրված՝ քաղաքացիների համար կրթության հասանելիության և սահմանամերձ համայնքների կրթական ենթակառուցվածքների պահպանման պետական երաշխիքներին։
Պետությունը հայտնվել է «կրթության որակ և ծախսերի կրճատում» ընդդեմ «սահմանների կենսունակություն և ժողովրդագրություն» բարդագույն երկընտրանքի առջև, քանի որ սահմանամերձ բնակավայրերի համար դպրոցը ոչ միայն կրթօջախ է, այլ նաև բնակավայրերի գոյատևման և պետության անվտանգության երաշխիք։
Հեղինակ՝ Սուրեն Դեհերյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր լուսանկարում Ստեփանավանի նոր կառուցվող թիվ 3 դպրոցն է, աղբյուրը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/03/2026









